Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական թուղթ
Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական թուղթը (Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական նամակ, Կաթողիկե Բ թուղթ Պետրոսի առաքելոյն, Բ Պետրոս), Նոր Կտակարանի 27 գրքերից է, մաս է կազմում Ընդհանրական նամակների։ Սուրբ Գրքի կանոնում հաջորդում է Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թղթին։
Հեղինակը
խմբագրելԱյս նամակի հեղինակի հարցը գիտության մեջ բազմաթիվ վեճերի պատճառ է դարձել։ Համաձայն ավանդության՝ նամակի հեղինակը Պետրոս առաքյալն է։ Այս տեսակետի հեղինակները մատնանշում են հենց նամակի սկզբի վկայությունը. Սիմոն Պետրոսը՝ ծառան և առաքեալը Յիսուս Քրիստոսի... (1։1)։ Նամակում առկա ոճական տարբերությունները Պետրոսի առաջին նամակի համեմատությամբ, և նմանությունները Հուդայի նամակի հետ, ստիպում են շատ գիտնականների մերժել ավանդական տեսակետը։ Մյուս կողմից, նրանք, ովքեր նամակի հեղինակ են համարում Պետրոսին, կարծում են, որ այս նամակի՝ Նոր Կտակարանի կանոնում հայտնվելը պատահական չի կարող լինել։ Նույն հաջողությամբ գոյություն ունեն Պետրոսի անունով պահպանված պարականոն գրքեր, որոնք եկեղեցու հայրերի կողմից մերժվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գրքերի հեղինակը Պետրոս առաքյալը չէ։ Հեղինակը նշում է, որ գրել է արդեն մի նամակ՝ նկատի ունենալով Ա Պետրոսը, նա նաև տեսել է Փրկչին։ Այս բոլորը սակայն չեն հաստատում Պետրոսի հեղինակությունը։ Մերօրյա գերմանացի գիտնականներ կարծում են, որ նամակի հեղինակը հելենական կրթությամբ մի (հրեա) քրիստոնյա է։
Գրության ժամանակը և վայրը
խմբագրելԲազմաթիվ գիտնականներ ապացուցում են, որ այս նամակը Հուդայի թղթից հետո է գրվել և հաշվի առնելով նաև հեղինակի՝ Մատթեոսի Ավետարանին ծանոթ լինելու հանգամանքը (հմմտ. Բ Պետրոս 1։17-Մատթեոս 17։5), կարծում են, որ այս թուղթը գրվել է առաջին դարի վերջից մինչև երկրորդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում (ավելի հաճախ նշվում է 110 թ.)։ Իսկ այն գիտնականները, որ հակված են ընդունելու Պողոսի հեղինակությունը, նամակը թվագրում են 64-67 թթ.։ Այս վերջին տեսակետն ընդունողները գրության վայր համարում են Հռոմը, մյուս տեսակետի ջատագովների կարծիքով գրության վայրն անհայտ է, թեև հնարավոր է համարվել նաև Եգիպտոսը։
Նամակի կանոնականությունը և կապը Հուդայի նամակի հետ
խմբագրելՆամակն իբրև Ս. Գրքի կանոնի մաս, հանդիպում է Որոգինեսի մոտ, իսկ Եվսեբիոսը կասկածելիների շարքին է դասում այն։ Հերոնիմոսը, որ ծանոթ է նամակի վերաբերյալ եղած տարակարծություններին, այն համարում է Պետրոսի կողմից գրված։ Հինգերորդ դարից նամակի կանոնականությունը կասկածի տակ չի առնվել։ Հեղինակն այս թուղթը գրելիս առատորեն օգտվել է Հուդայի նամակից։ Բազմաթիվ համարներ համընկնում են իրար.
Հուդա | Բ Պետրոս |
---|---|
2 | 1։2 |
4 | 2։1-3 |
5ա | 1։12 |
6 | 2։4 |
7 | 2։6, 10ա |
8 | 2։10բ |
9 | 2։11 |
10 | 2։12 |
11 | 2։15 |
12 | 2։13 |
12ֆ | 2։17 |
16 | 2։18 |
17 | 3։2 |
18 | 3։3 |
Հետաքրքիր է, որ Հուդայի նամակից օգտվելով հանդերձ՝ հեղինակը դուրս է թողնում այն հատվածները, որոնք պարականոն են, բայց տեղ են գտել Հուդայի նամակում։
Բովանդակությունը
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996։
- Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003։
- Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005։