Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին
Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին (Ա Թուղթ առ Տիմոթեոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը։
Հասցեատերը
խմբագրել18-րդ դարում Սուրբ Գրքի ուսումնասիրողները Պողոս առաքյալի երեք նամակներին տվեցին «Հովվական» անվանումը, քանի որ այս նամակները ուղղված են եկեղեցու հովիվների։ Դրանցից երկուսը Պողոսը հղել է Եփեսոսի եպիսկոպոս իր աշակերտ Տիմոթեոսին։ Տիմոթեոսը Փոքր Ասիայից մի երիտասարդ քրիստոնյա էր, հրեա մոր և հույն հոր զավակ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին առաջին անգամ հանդիպեց Լյուստրայում՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում։ Այնուհետև Տիմոթեոսը Պողոսի սերտ օգնականը, գործակիցը և գրեթե մնայուն ընկերակիցը դարձավ նրա առաքելական ճանապարհորդությունների ժամանակ։ Տիմոթեոսի անունը բազմիցս հիշատակվել է «Առաքյալների գործերը» գրքում և Պողոսի նամակներում։ Բազմաթիվ առիթներով Պողոսը նրան էր վստահում նորահաստատ քրիստոնեական համայնքներում ծագած նուրբ ու դժվարին խնդիրների լուծումը։
Գրության վայրը և ժամանակը
խմբագրելՏիմոթեոսին ուղղված առաջին նամակը հեղինակը գրել է 63-64 թվականների միջև, Մակեդոնիայում։
Նամակի բովանդակությունը
խմբագրելՏիմոթեոսին ուղղված Պողոսի առաջին նամակն ունի երեք մտահոգություն։
- Այն ազդարարություն է եկեղեցում սկսված սխալ մի ուսուցման դեմ։ Հրեական և հեթանոսական գաղափարների խառնուրդ այդ ուսուցումը հիմնված էր այն հավատալիքի վրա, թե նյութեղեն այս աշխարհը չար է, և որ մարդ կարող է փրկության հասնել միայն հատուկ և գաղտնի գիտությամբ ու կենցաղով, ինչպես նաև հեռու մնալով մի շարք կերակուրներից և ամուսնությունից։
- Նամակում ցուցումներ են տրվում եկեղեցու կարգ ու կանոնի և պաշտամունքի մասին, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի նկարագիր և վարք պետք է ունենան եկեղեցու առաջնորդները, երեցներն ու սարկավագները։
- Առաքյալը հորդորում է Տիմոթեոսին, թե նա ինչպես պետք է Քրիստոսի բարի և օրինակելի ծառա լինի, և հիշեցնում է նրա ունենալիք պատասխանատվությունները հավատացյալների զանազան խմբավորումների հանդեպ։
Նամակի կառուցվածքը
խմբագրել- Նախաբան (1.1-2)
- Եկեղեցուն և նրա պաշտոնյաներին վերաբերող ցուցումներ(1.3-3.16)
- Տիմոթեոսի առաքելությանը վերաբերող ցուցումներ (4.1-6.21)