Պատարագ (եկեղեցական)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պատարագ (նվեր, ընծա), քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողություն։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը։
Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ։ Այն Քրիստոսի ինքնազոհաբերման խորհուրդն է, որի ժամանակ Անմահ Գառն Աստծու՝ որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ Սեղանի վրա՝ բաշխելով մեզ իր Սուրբ մարմինն ու արյունը, որով վերականգնվում է ի սկզբանե հաստատված հաղորդակցական կապը։ Կա Պատարագամատույց, որում գրված պատարագի սաղմոսները կատարումը և այլն։
Բովանդակություն և ընթացակարգ
խմբագրելՊատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր փրկագործության տնօրինությունները՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, որոնք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով՝ Աստվածաշնչյան ընթերցումներով, սաղմոսների և շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։
Պատարագը բաղկացած է չորս հիմնական մասերից.
- Պատրաստություն, որի նպատակն է սրբագործել խորհրդակատար քահանային և հավատացյալ ժողովրդին՝ պատրաստ լինելով Ս. Պատարագի արարողությանը։ Խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը։
- Երախայից կամ ճաշու պատարագ։ Խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը։
- Հավատացելոց կամ Սրբեցելոց պատարագ։ Խորհրդանշում է Վերջին ընթրիքը և Ավագ Շաբաթը։
- Վերջին օրհնություն և Արձակում։ Խորհրդանշում է Համբարձումն ու Սուրբ Հոգու գալուստը։
Պատարագի ժամանակ կատարվում է հաղորդություն՝ հավատացյալները ճաշակում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սրբազան հաց և գինի։ Դարերի ընթացքում պատարագը կրել է ծիսական փոփոխություններ։ Քրիստոնեական տարբեր դավանանքներում ընթանում է տարբեր ձևերով։ Սովորաբար Հայկական Առաքելական եկեղեցին պատարագը կատարում է կիրակի, սրբոց և տերունական օրերին։ Պատարագի լեզուն հին հայերենն է՝ գրաբարը։
Ծագում
խմբագրելՊատարագի առաջին կազմողը եղել է Հակոբոս առաքյալը՝ Եդեսիայի առաջին եպիսկոպոսը։ Առաջին պատարագամատյանը կամ խորհրդատետրը Կեսարիայից Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը։