Նորաշեն (Տավուշի մարզ)

գյուղ ՀՀ Տավուշի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)

Նորաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Հարևան է Չորաթան, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր և Մովսեսգյուղ գյուղերին, իսկ Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով գտնվում է 4 կմ հեռավորության վրա[3]։

Գյուղ
Նորաշեն
Նորաշենը հարավից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԳոռ Աբրահամյան
Հիմնադրված է1835 թ.
Մակերես10.9[1] կմ²
ԲԾՄ1030[1] մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1677[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2114
Նորաշեն (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Նորաշեն (Տավուշի մարզ) (Հայաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Նորաշենի հարևան գյուղերն են Վերին Կարմիրաղբյուրը, Արծվաբերդը, Մովսեսգյուղը և Չորաթանը։ Գյուղամիջում գտնվում է կիկլոպյան ամրոց։

Նորաշեն համայնքը զբաղեցնում է 1089 հա տարածք[1], որից՝ 53 հա արոտներ, 623 հա վարելահողեր, 103 հա անտառ։

Գյուղը գտնվում է Ղմշկուտ և Շլորկուտ վայրերից հյուսիս, այստեղից սկիզբ առնող առվակի ձախ գոգավորության վրա[4]։

Հեռավորությունը Երևանից կազմում է 214 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 74 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ[1]։

Գյուղը հարուստ է հնագիտական հուշարձաններով՝ հարավային մասում գտնվում են մ.թ.ա. 2-րդ հզմ «Պիլուր պատ», Ձորաբերդ և «Սև լեռ» ամրոցները, իսկ 1 կմ արևմուտք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Ահագնի» ամրոցը (տես՝ Նորաշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը

Կլիմա խմբագրել

Նորաշենը գտնվում է բարեխառն գոտում, ամռանը՝ + 29 C, ձմռանը՝ - 30 C[1]։

Պատմություն խմբագրել

 
Գյուղի կիկլոպյան ամրոցներից՝ Պիլոր պատը

Հնուց գյուղի տարածքը մտնում է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառի մեջ։

Պարսկական կայսրության կազմի մեջ խմբագրել

Նորաշենի ներկայիս բնակիչների առաջին նախնիներն այստեղ են գաղթել 18-րդ դարի առաջին կեսին, մյուս մասն էլ՝ 18-րդ դարի վերջին քառորդում։ Ի սկզբանե նրանք հաստատվել են Ղարա ղզով (Մութ ծմակ) կոչվող վայրում (Օքյուզլու գյուղի մոտ), ապա փոխադրվել են Գյունաշ (թյուրքերենից թարգմանաբար նշանակում է «Արևը շուռ եկավ», այսինքն՝ արևոտ վայր է) վայրը և այնտեղից տարածվել դեպի Տավուշ գետի ափը, որտեղ հիմնադրել են Նոր Շեն անունով գյուղ (ներկայիս պահածոների գործարանի մոտակայքում, որտեղ կա նաև նրանց հայրական գերեզմանոցը)։ Այդ Նոր Շենում ապրելով հարյուր տարուց ավելի, բնակիչներն զբաղվել են գլխավորապես անասնապահությամբ, երկրագործությամբ և այգեգործությամբ։ Այդտեղ գյուղացիները հաճախ ենթարկվում էին լեզգի և լեռնական այլ ցեղերի հարձակումներին։ Հարձակումներից խուսափելու նպատակով գյուղացիները հաճախ մնում էին սարերում։

Հատկանշական է, որ, ըստ որոշ աղբյուրների, գյուղի անվանումը առաջացել այն բանից հետո, երբ մի խումբ լեզգիներ անցնելով այստեղով, ծաղրել են տեղացի հայերին ասելով. «Ձեռք չտաք սրանց, նոր շեն է, կքանդվի»[5]։

Նորաշենցիները մասնակցել են 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմներին։ Աչքի են ընկել Գրիգոր Մանուչարյանի աշխարհազորային ու կամավորական հեծյալ ջոկատի լավագույն մարտիկ հրամանատարներ Հակոբ Փայտյանը և Գրիգոր Լուլասազյանը[4]։

Ռուսական կայսրության կազմի մեջ (1828-1918) խմբագրել

 
Գայլի բներ (Կիլի պներ)

Այս տարածքեները Ռուսական կայսրության կողմից գրավելուց հետո չեզոքանում է լեռնական ցեղերի հարձակումների վտանգը, սակայն հողակլիմայական պայմանները մնում էին անբարենպաստ, իսկ ջուրը՝ վատորակ։ Այդ և մի շարք այլ պատճառներով Նոր Շենի բնակչությունը 1850-ականներին (այլ վարկածով՝ 1835 թվականին) տեղափոխվում է իրենց ամառանոցը՝ Քյամալ, որը վաղեմի ամայացած բնակատեղի էր և նորից հիմնադրում այդտեղ Նոր Շեն անունով գյուղ, որն էլ 20-րդ դարի սկզբից սկսում են անվանել Նորաշեն[4]։

Նախկին Նոր Շենը, որն անվանում էին Գյունաշի Նոր Շեն, սկսեցին կոչել Հին շենատեղ կամ ուղղակի Գյունաշ։ Հին շենատեղի տարածքները մինչև 1925 թվականը պատկանում էին նորաշենցիներին, ապա Տավուշի շրջանի գործադիր կոմիտեի որոշմամբ փոխանցվեցին Ներքին Կարմիրաղբյուր գյուղին, որը կից էր նրանց հողերին։ Շուրջ 30 հեկտար էլ զավթեցին ադրբեջանական Այբայլու (Ալիբեյլի) գյուղի բնակիչները, որը ցայսօր մնում է նրանց ձեռքին[4]։

Գյունաշի հին շենատեղի գերեզմանոցում կան մի քանի արձանագրություն ունեցող տապանաքարեր, որոնց վրա կան 1814 և 1828 թվականները, իսկ մյուսների վրայի քանդականախշերը և գրվածները քայքայվել ու եղծվել են։ Ընթեռնելի տապանաքարերից են. «Այս է տապան Աթոյան Կարապետի վախճանվեցավ 1814 ամի», «Այս է տապան Նազարանց Հոսեփի որդի Բաբին նահատակ... ցկեանս վերին ԹՌՄՀԷ» (1828 թ.)[4]:

Մեզ են հասել 20-րդ դարի առաջին կեսին ապրած նորաշենցի Սարգիս Փայտյանի գրառումները գյուղի պատմության մասին։ Նրա փոխանցմամբ, 1760 թվականին Խանաղ անունով մի հայ Թիֆլիսի կողմերից (Շուլավերի այն բնակիչներից, որոնք 1700-ականներին սկզբներին այդտեղ էին գաղթել Տավուշ գավառից) եկել է Տավուշ և ճորտագրվել Տավուշի հողերին տիրացած Օքյուզլուի բեկ Նասիբ սուլթանի մոտ, որը նրան բնակվելու տեղ է հատկացրել Տավուշ գետի աջ կողմին՝ Ղարա ղզով (Մութ ծմակ) կոչվող վայրում։ Շուտով Խանաղի շուրջն են հավաքվել Գարդմանից եկած մի տանի ծուխ։ Իսկ երբ 1788 թվականին Արցախի Ջրաբերդի մելիքությունից մեծաթով բնակչություն է գաղթել մելիք Մեժլումի գլխավորությամբ դեպի Տավուշ, Խանաղը իր նոր համագյուղացիների հետ միանում է ջրաբերդցիներին և միասին բնակվում են նոր վայրում՝ Գյունաշում։ Խանաղի որդի Հակոբը վախճանվել է Գյունաշից Քյամալ տեղափոխվելուց հետո՝ առաջին տարում, որի մասին վկայում է նաև Հակոբի տապանաքարի արձանագրությունը՝ վախճանվել է 1858 թվականին[4]։

Գյունաշից Նոր Շեն են տեղափոխվել մոտ 20 տոհմեր և տոհմաճյուղեր՝ Լուլասազանք, կամ Սոյուղդոյանանք, Փետունք, Խանաղանք, Եսայունք, Գյուլինանք, Մանգասարանք, Աբրահամանք, Մխիթարանք, Դիլանանք, Մոսեսանք, Ավագանք, Աթոյանք, Խաչատրյանները, Քոչարանք, Ակոփանք, Տերզիկանք, Սայամանք[4]։

Գյունաշից Նորաշեն տեղափոխվելու ժամանակաշրջանում էլ մի քանի այլ տոհմեր՝ Դանիելանք, Մադնանք, կամ Հենցանք (Մարտիրոսյաններ), Ղազարանք, Նազարանք, Մակրտումանք և ուրիշներ տեղափոխվում են Շամքորի մելիքության Խաչիսար (Չարդախլու), Գառնակեր և Ջագիր (Ջահակիր) գյուղեր։ (Գյունաշից առաջին անգամ Խաչիսար տեղափոխվածները եղել են եղբայրներ Գրիգոր, Սարգիս և Սահակ Դանիելյանները, իսկ սրանց հայր Դանիելը և պապ Մակրտումը Խանաղի հետ միասին են առաջինը հիմնադրվել Գյունաշում:) Խաչիսար տեղափոխվածներն իրենց հետ փոխանցել են նախկին Գյունաշ գյուղի անունը և այնտեղ իրենց զվաղեցրած թաղամասը անվանակոչել են Գյունաշի թաղ[4]։

19-րդ դարի վերջին գյուղը այցելած եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» գրում էր.

  Հիմնուած Չորաթանի արևմտեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 19 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 45 սանթիմ. քահանայ մի։

Ծուխ 38. ար. 351, իգ. 262. Միդասեան ծխական ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 35, տարեկան ռոճիկ վարժապետի 300 րուբլի[6]։

 

Հայաստանի Հանրապետության կազմի մեջ (1918-1920) խմբագրել

1920 թվականին Կուր գետի ափին գտնվող Կրզեն գյուղից ևս 15 ընտանիք (Թարխանանց, Մակրտումանց և Այվազանց տոհմերը) տեղափոխվել է Նորաշենին պատկանող մի վայր՝ Ալաթալա (Լորուտ), հիմնադրելով այնտեղ համանուն գյուղ։ Այդ գյուղը գտնվում էր Խնձորուտ գետի ափից մոտ չորս կիլոմետր դեպի արևմուտք, մի գեղատեսիլ անտառի բացատում։ Սակայն ենթակառուցվածքներից կտրված լինելու պատճառաով Ալաթալայի բնակիչները 1935 թվականին թողնում են այդ բնակավայրը՝ մի մասը տեղափոխվում է Նորաշեն, մյուս մասն էլ վերադառնում է Կրզեն[4]։

Խորհրդային Հայաստանի կազմի մեջ (1920-1991) խմբագրել

Խորհրդային տարիներին բնակավայրը մտնում էր Հայկական ԽՍՀՇամշադինի շրջանի կազմի մեջ։

1951 թվականին Նորաշենից 12 ընտանիք, այդ թվում կրզնեցիներ, տեղափոխվել է Էջմիածնի շրջանի Նեջրլու գյուղ[4]։

Հայաստանի Հանրապետության կազմի մեջ (1991-ից) խմբագրել

Նորաշենը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին. գյուղը տվել է 32 ազատամարտիկ, որոնցից հինգը զոհվել են և մեկը դարձել է հաշմանդամ[3]։

2000-ականներին Նորաշենում կատարվել են որոշ աշխատանքներ՝ նորոգվել է միջնակարգ դպրոցի շենքը (Հայ-ամերիկյան կրթական ծրագրով), վերակառուցվել է խմելու ջրագիծը (ՀՊԾ-ՍԱԴ-ի կողմից), վերանորոգվել է տնամերձերի ոռոգման համակարգը (ՀՍՆՀ-ի կողմից)։ Այժմ Նորաշենի գլխավոր խնդիրներն են մշակույթի տան և գյուղապետարանի շենքերի նորոգումն ու համայնքային ճանապարհների նորոգումը[3]։

Բնակչություն խմբագրել

1831 թվականի մարդահամարով Նորաշենում բնակվում էր 147 շունչ, 1930-ականներին՝ 1302 շունչ, իսկ 1966 թվականին՝ 2141 բնակիչ և 408 տնտեսություն[4]։

1890 թվականին Նորաշենում եղել է 38 տնտեսություն, գործելիս է եղել ծխական դպրոց 40 աշակերտով, ուսուցչի տարեկան ռոճիկը եղել է 300 ռուբլի[4]։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորաշենի մշտական բնակչությունը կազմել է 1677, առկա բնակչությունը՝ 1602 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 147 մարդ [7]
1873 349 մարդ [8]
1897 615 մարդ [7]
1926 1174 մարդ [7]
1939 1490 մարդ [7]
1959 1743 մարդ [7]
1970 2196 մարդ [7]
1979 2002 մարդ [7]
1989 1760 մարդ [7]
2001 1792 մարդ [7]
2011 1677 մարդ [9]


Տնտեսություն խմբագրել

Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է դաշտավարությունը և անասնապահությունը[3]։ Գյուղը մասնակի ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է[1]։

Մշակույթ խմբագրել

Դպրոց խմբագրել

 
Նորաշենի միջնակարգ դպրոցը

Նորաշենն ունի 750[1] աշակերտական տեղով միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է շուրջ 202 աշակերտ, տիպային մշակույթի տուն՝ 340 տեղանոց, գրադարան, մանկապարտեզ, ինչպես նաև առևտրի ու կենցաղային օբյեկտներ[3]։ Նորաշենի տարրական դպրոցը կառուցվել 1921 թվականին (ունեցել է 4 դասարան), իսկ 7-ամյա դպրոցը՝ 1937-ին (մշակույթի տան մոտ, դեպի արևելք)։ Միջնակարգ դպրոցի կառուցվել է 1961 թվականին և աշխատել է 1962-ից։ Փաշո Կարապետի Ավագյանը Թբիլիսիում մանկավարժական կրթություն ստանալուց հետո 1924-1935 թթ. աշխատել է շրջանի տարբեր դպրոցներում։ 7 տարի Նորաշենի դպրոցում աշխատել է որպես ուսուիցչ, ուսումնավար և տնօրեն։

Եկեղեցի խմբագրել

Գյուղը ուներ Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել էր 1874 թվականին[4], վերանորոգվել է 1903-1907 թվականներին նախիջևանցի վարպետների կողմից։ Քանդվել է 1935 թվականին, իսկ եկեղեցու տեղը կառուցվել է հանրախանութ։

19-րդ դարի վերջին գյուղը այցելած եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի վկայությամբ, Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին «հոյակապ կառույց» էր, կանգնած էր չորս սյուների վրա։ Երկարությունը կազմում էր 19 մետր 75 սանտիմետր, լայնությունը՝ 10 մետր 45 սանտիմետր։ Եկեղեցին մեկ քահանա ուներ[6]։

Տուրիզմ խմբագրել

Գյուղում գործում է «B&B The edge of the world / Աշխարհի ծայրը» հյուրատունը:

Հայտնի նորաշենցիներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Նորաշենը հարավարևելյան ծայրամասից


Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսանյութեր խմբագրել

  • Ֆիլմ Նորաշենի մասին «Երկիր Մեդիա»-ի «Հայի ուժը» ֆիլմաշարից (մաս 1, մաս 2)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Տավուշի մարզպետարան. Նորաշեն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Տավուշի մարզի պաշտոնական կայքը՝ Նորաշեն գյուղ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Արտակ Տեր-Գրիգորյան, Տավուշ (Շամշադին), Երևան, «Եգեա», 2013 — 196-201, էջեր 196-201 — 264 էջ։
  5. «Հայկական ավանդապատումներ. գյուղեր, գավառներ, քաղաքներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  6. 6,0 6,1 եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, «Արօր» — 329, էջեր 329 — 405 էջ։
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 152. — 184 p.
  8. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  9. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  10. Ավագյան Արտավազդ Արշակի (Ռուսերեն)