Բացել գլխավոր ցանկը

Մակար Բարխուդարյան

հայ արձակագիր, պատմաբան
(Վերահղված է Մակար Բարխուդարյանցից)


Մակար Բարխուդարյան (1823, Խնածախ - փետրվարի 6 (19), 1906), 19-րդ դարի հայազգի գրող, հնագետ, ազգագրագետ, հոգևորական (եպիսկոպոս)։ Անգնահատելի ավանդ ունի Արցախի և շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման բնագավառում։ Մակար վարդապետը բնակվել և ստեղծագործել է Շուշի քաղաքում։ Սակայն նա նաև շրջել է Անդրկովկասի, հատկապես այն ժամանակվա Ելիզավետպոլի նահանգի գրեթե բոլոր վայրերում, Երասխի ափերից մինչև Դերբենդ և Հնարակերտից մինչև Մուխանք գավառը։ Հավաքել է հարյուրավոր վիմագրական արձանագրություններ, արտագրել ձեռագիր հիշատակարաններ, նկարագրել համարյա բոլոր բերդերը, վանական շինությունները, շեն կամ ավերակ ու լքված բնակավայրերը և այս ամենի հիման վրա գրել է ուսումնասիրություններ, որոնք առաջինն էին իրենց տեսակի մեջ։

Մակար Բարխուդարյան
Bishop Makar Barkhudaryants.jpg
Ծնվել է1823
ԾննդավայրԽնածախ
Մահացել էփետրվարի 6 (19), 1906
Մահվան վայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԵրուսաղեմի ժառանգավորաց վարժարան
ԵրկերԱրցախ
Մասնագիտությունպատմաբան, արձակագիր և սարկավագ
Զբաղեցրած պաշտոններarchimandrite

Բովանդակություն

Գրական ստեղծագործություններԽմբագրել

Մակար վարդապետի առաջին ստեղծագործությունները վիպական բնույթ ունեին և գրված էին Արցախական բարբառով։ Դրանցից են օրինակ. «Արազը տարին կատարի», «Պըլը-Պուղի», «Չոբանն ու նշանածը», «Բարոյական առածներ»։

Սակայն նա առաջին անգամ հայտնի դարձավ «Գաղտնիք Ղարաբաղի» կես-պատմական, կես-գրական ծավալուն գրքով։ Այն ընթերցողին է ներկայացնում հայ ժողովրդի մի խոշոր հատվածը՝ իր ուրույն կյանքով և անկախության ու ազգային ինքնուրույնության համար մղած պայքարի հերոսական դրվագներով։ Արցախի լեռնային իշխողների կյանքն ու գործողությունները այստեղ ստացել են արկածային վեպի գույներ, խիստ ընդգծված հերոսականությամբ, որն երբեմն հասնում է հեքիաթաբանության։ Այս առիթով այն իր վրա է հրավիրել ականավոր պատմաբանների (Լեո, Րաֆֆի) քննադատությունը, սակայն շարքային ընթերցողին (այն ժամանակվա ընթերցողին՝ հատկապես) այսպիսի գրքերն ավելի էին գրավում, քան կյանքի դաժան ճշմարտությունների արտացոլումը։

Պատմահնագիտական աշխատանքներԽմբագրել

Մակար Բարխուդարյանը հետագայում ավելի շատ զբաղվել է հնագիտական և ազգագրական աշխատություններ հրատարակելով։ Նրան հատկապես մտահոգում էր մարդկանց անտարբերությունը պատմամշակութային հուշարձանների նկատմամբ, որից օգուտ են քաղում օտարները։ Այս բնագավառում նրա առաջին կարևոր աշխատություն էր «Աղվանից երկիր և դրացիք» երկհատորյակը (Թիֆլիս, 1893), որը կազմում էր Հայաստանի արևելյան գավառների (պատմական Ուտիք և Արցախ նահանգների) պատմությունը, ազգագրությունը, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները։

Երկրորդ և առավել բարձրարժեք հրապարակումն էր «Արցախ» գիրքը (1895), որն այսօր էլ դեռ աղբյուրագիտական անգնահատելի նշանակություն ունի (մասնավորապես այն պատճառով, որ շատ արժեքավոր հուշարձաններ չեն պահպանվել)։ Մակար Բարխուդարյանը ներշնչում է իր ընթերցողին տեր կանգնել սեփական հայրենիքին, ճանաչել նրա պատմական ժառանգությունը, բնությունը և բնակիչներին։

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996.
  • Մակար Բարխուտարեանց, Աղվանից երկիր և դրացիք, հատոր Ա, Վաղարշապատ 1903.
  • Մակար Բարխուտարեանց, Աղվանից երկիր և դրացիք, հատոր Բ, Թիֆլիս 1907.
  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975.}}