Տուչքատակ

Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառ
(Վերահղված է Տավուշ գավառից)

Տուչքատակ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]՝ համաձայն Աշխարհացույցի։ Աղբյուրներում Տուչքատակի բնակավայրերից հիշատակվում է Վարագավանք և Խորանաշատ եկեղեցիները, Երգեվանք և Տավուշ (Տուս) բերդերը։ Վերջինս հանդիսանում էր գավառի վարչական կենտրոնը։

Տուչքատակ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՈւտիք
ՎարչկենտրոնՏավուշի բերդ
Հիմնական լեզուգրաբար, ուտիերեն
Ազգային կազմհայեր, ուտիներ, սևորդիներ
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի, զրադաշտականություն

Անվանում

խմբագրել

Հնում գավառի տարածքում էր բնակվում տուհ ցեղը, որից էլ շրջանը ժամանակին կոչվում էր Տուհաց գավառ[2]։ Տարբեր ժամանակ և տարբեր աղբյուրներում գավառը կոչվում էր Տուչկատակ, Տուզքատակ, Տուչքուստակ, Տուչ Կատակ, Տուզ Քուստակ, Տուզ Քստակ կամ Տավուշ[3]։

Աշխարհագրություն

խմբագրել

Տուչքատակը եղել է Ուտիքի ութ գավառներից մեկը, հանդիսացել է սահմանային ծայրագավառ։ Արևելքում և հարավ-արևելքում սահմանակցել է Գարդման, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Աղվե գավառներին։ Հարավում և հարավ-արևմուտքում սահմանակցել է Այրարատ նահանգին (Վարաժնունիք գավառ)։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր գետից այն կողմ, Աղվանքն էր։ Տարածքով է անցել մեկ ճանապարհ՝ Վիրքը և Աղվանքին կապող ուղիները։ Երբեմն որոշ հեղինակներ Տուչքատակ գավառը սխալմամբ վերագրում էին Արցախ նահանգին[3]։

Տարածքով հոսում էին Վարագաջուր և Տավուշ (ժամանակակից անվանումներով), որոնք թափվում էինք Կուր։ Ունի հիմնականում լեռնային ռելիեֆ (Հախում, Տավուշ և Խնձորուտ լեռնաշղթաներ), անտառապատ է[3]։ Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներ և շոգ ամառներ, լեռնային գագաթները։ Հարմար է երկրագործության (այգեգործություն, դաշտավարություն և խաղողագործություն), ինչպես նաև անասնապահության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Հայաստանի Տավուշի մարզին (առավել լեռնային հատվածը, Շամշադինի շրջան) և Ադրբեջանի Թովուզի շրջանին (դաշտային հատվածը, որը հասնում է մինչև Կուր գետ) շրջաններին[3]։

Պատմություն

խմբագրել
 
Տավուշի բերդ

Գավառը Ուտիք նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ՝ համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապության՝ երկիրը կորցրել է որոշ ծայրագավառներ։ Հետագայում Տուչքատակը մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Արցախի մի շարք գավառների և ամբողջ Ուտիքի հետ միասին, հաշվի առնելով Ուտիքում հայ բնակչության սակավությունը և աղվանական ցեղերի բազմաքանակությունը, անցել է Աղվանից մարզպանությանը (Սասանյան Պարսկաստան)։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց աղվանների արքա Ուռնայրը ևս ընդունում է քրիստոնեություն և հիմնում աղվանից եկեղեցին։ Վերջինս 552 թվականին վերածվում է կաթողիկոսության, որի կենտրոնը Կապաղակն էր, իսկ միջնադարում մուսուլմանների նվաճումներից հետո՝ զարգացած միջնադարում տեղափոխվում է Արցախի Գանձասարի վանք։ Մոտ լինելով գավառին՝ դրա բնակչությունը շարունակում է ապրել Տուչքատակում ցայսօր։

Տավուշի բերդը 9-10-րդ դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատունի թագավորների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրում է նրանց դիմադրությունը և գրավում Տավուշի բերդը։ 11-րդ դարում Տավուշի բերդը և գավառը գրավվում է Կորիկյան թագավորության, իսկ 12-րդ դարում Զաքարյանների կողմից[3]։ Տուչքատակը Գարդմանի (Գետաբեկի և Շամքորի շրջաններ), Շակաշենի (Գյոյգյոլի շրջանի դաշտային հատված) և Աղվեի (Ղազախի և Իջևանի շրջան) հետ միասին կազմել է Ուտիքի հայաբնակ հատվածը՝ հաճախ նույնացվելով հյուսիսային Արցախին։

Ինչպես գավառը, այնպես էլ Ուտիք նահանգի հյուսիսային հատվածը, մշտապես հայկական պետությունների (Բագրատունիների թագավորություն, Զաքարյան իշխանապետություն) մեջ են մտել (Նոր Բերդի, Մածնաբերդի իշխանություններ)։ Դրանում բնակվող քրիստոնեադավան ուտիները Աղվանքի թագավորության կործանումից և արաբական նվաճումներից հետո աստիճանաբար տեղափոխվել են Շամախիի և Արցախի լեռնային շրջաններ, հաճախ ձուլվել հայ բնակչությանը։ Տարածաշրջանի բնիկ բնակչությունն ուշ միջնադարում գերազանցապես կենտրոնացած էր գավառի լեռնային մասի մի քանի գյուղերում՝ այստեղ հաստատված կիսաքոչվոր և քոչվոր անսասնապահ ցեղերի՝ կարակոյունլու և ակկույունլու թուրքմենների, օղուզների և զանազան թյուրքալեզու գերդաստանների զանգվածային թափանցման պատճառով։ Հայերի՝ այստեղ և Աղվեում մնալը, կապված էր Վրաց, ապա՝ Քարթլիի (ավելի ուշ՝ Քարթլի-Կախեթի) թագավորությունների կազմում գտնվելու հանքամանքով՝ ի տարբերություն Գարդմանի և Շակաշենի, որոնք զգալիորեն հայաթափվել էին՝ լինելով Գանձակի խանության կազմում։

 
Խորանաշատ

Մշակույթ

խմբագրել

Տավուշ գավառում գտնվում է Երգեվանքը, Խորանաշատ վանքը, Կալերի կամուրջը, Տավուշի բերդը, Աղջկաբերդը, Տանձուտի ամրոցը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  2. Պարույր Մուրադյան «Տուհաց գավառի» տեղորոշման հարցի շուրջ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 245-250..
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 244, էջեր 244 — 520 էջ. — 500 հատ։

Գրականություն

խմբագրել
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
  • Մեծ Հայքի վարչական բաժանումը Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 700