Նորագույն շրջանի հայկական ճարտարապետություն

XX դարի և XXI դարի սկզբի ճարտարապետություն, XX դարի 2-րդ տասնամյակից սկսվել է հայկական ճարտարապետության նոր փուլը, որը կարևորվել է քաղաքաշինական նշանակալի աշխատանքներով, քաղաքների և գյուղերի վերակառուցումներով և բարեփոխումներով։ 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանն իր կազմած Երևանի գլխավոր հատակագծում առաջին անգամ կիրառել է քաղաքաշինական նոր սկզբունքներ (բնակավայրի բոլոր մասերի միասնություն, կենտրոնի և ծայրամասերի հակադրության վերացում, ներդաշնակություն միջավայրի հետ և այլն), որոնք հետագայում դրվել են Հայաստանի բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիմքում։ 1924-1925 թվականներին Երևանում կառուցվել են 1-3-հարկանի երկսեկցիոն բնակելի տներ՝ 2-4-սենյականոց բնակարաններով (ճարտ.՝ Նիկողայոս Բունիաթյան)։ 2-3-հարկանի բնակելի տներ կառուցվել են նաև Գյումրիում, Վանաձորում։ 1920-1930-ական թվականներին արվել են շենքերի տիպայնացման առաջին փորձերը. 1-2-հարկանի տիպային բնակելի տներ կառուցվել են Լուկաշին ավանում (1925, ճարտարապետ՝ Ա. Թամանյան), մշակվել են բնակելի տների սեկցիաներ (1929-1930, ճարտարապետներ՝ Հովհաննես Մարգարյան, Արսեն Ահարոնյան), քաղաքային բնակելի տան նոր տիպեր, միջանցքային տներ և առանձնատներ։ Ուշագրավ են Երևանի Նալբանդյան և Թումանյան փողոցների հանգույցում (1927, ճարտ.՝ Ն. Բունիաթյան), Պուշկինի (1926-1927, ճարտ.՝ Ա. Թամանյան), Պարոնյան փողոցի (ջրէկի՝ «Շախմատաձև», 1930-1932, ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան), Աբովյան («Պրոֆեսորների», 1932-1934, ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան) փողոցների բնակելի տները։ 1930- ական թվականներին նախագծվել են նաև բազմասեկցիոն բնակելի տներ, որոնցով կառուցապատվել են ամբողջ թաղամասեր։ 1920-ական թվականներին միաժամանակ ծավալվել է հասարակական շենքերի շինությունները (Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը, Կառավարական տունը, երկուսն էլ՝ ճարտ.՝ Ա. Թամանյան)։ 1920-1930-ական թվականների 1-ին կեսին Հայաստանում ճարտարապետությունը զարգացել է 2 ուղղությամբ. առաջինը Ա. Թամանյանի և նրա դպրոցի դավանած ազգային ճարտարապետական ժառանգության ստեղծագործ, վերամշակումն էր, երկրորդը՝ կոնստրուկտիվիստ ուղղությունը, որի հետևորդներն էին ճարտարապետներ Կ. Հալաբյանը, Մ. Մազմանյանը, Գևորգ Քոչարը, նրանց գործերում կառույցի ձևը ճշտորեն համապատասխանում էր նրա գործառնական նշանակությանը։ Իրագործվել են արդյունաբերական կառույցների, ջրէկների շինարարության, բարեկարգման աշխատանքներ Երևանում, Գյումրիում և այլուր։ 1930-1950-ական թվականներին ծավալվել է ֆաբրիկաների, գործարանների, բնակելի տների, դպրոցների, մանկական և բուժական հիմնարկների, ակումբների, գրադարանների շինությունը, կարևորվել է քաղաքաշինական խնդիրների լուծումը։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին արդյունաբերական կարևոր օբյեկտների շինարարությանը զուգընթաց գյուղերում և շրջկենտրոններում կառուցվել են նաև բնակելի տներ, ակումբներ և հասարակական շենքեր։ Տարածվել է պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանների կառուցումը։

Ճարտարապետությունը 1930-1950-ական թվականներին խմբագրել

 
Երևանի 1924 թ. գլխավոր հատակագիծը

1930-ական թվականների 2–րդ կեսը նշանավորվել է սովետահայ ճարտարապետության նոր առաջընթացով։ Հնգամյա պլանների իրականացման շնորհիվ բուռն աճ է ապրել հանրապետության տնտեսությունն ու մշակույթը։ Ծավալվել է ֆաբրիկաների, գործարանների, բնակելի տների, դպրոցների, մանկապարտեզների և բժշկական հիմնարկների, ակումբների, գրադարանների շինարարությունը։ Քաղաքաշինական խնդիրներն առաջնահերթ և կարևոր նշանակություն են ստացել։ Երևանի տեխնիկատնտեսական ինժեներական հաշվարկներով հիմնավորված նոր գլխավոր հատակագիծը հաստատվել է 1939 թվականին («Լենգիպրոգոր», ճարտարապետներ՝ Ի․ Մալոգեմով, Ն․ Զարգարյան, Ս․ Կլևիցկի, 350 հազար բնակչի համար)։

Պահպանելով Ա․ Թամանյանի կազմած գլխավոր հատակագծի հիմնական սկզբունքները, նախատեսվում էր ընդարձակել քաղաքի սահմանները։ Աճող քաղաքն ընդգրկելու էր Նորք արվարձանն ու Քանաքեռի բարձրավանդակը (ներկայիս Արաբկիրը և Նոր Զեյթունը), ուր ստեղծվել էր արդ․ տեղաբաշխման նոր շրջան (ներկայիս Շենգավիթը և Էրեբունին)։ Նախագծվել էին մայրաքաղաքի շրջանային կենտրոններ, որոնք կապվում էին Լենինի հրապարակին՝ որպես գլխավոր կենտրոնի։ Մեծ ուշադրություն էր դարձվել կանաչապատմանը։ Նախատեսվել էր կառուցապատման հարկայնությունը՝ հիմնականում 4-5 հարկ։ Առանձնացվել էին անհատական շինարարության շրջաններ։ Տրանզիտային (տարանցիկ) շարժումը դուրս էր բերվել քաղաքից։ Լենինականի (Գյումրու) գլխավոր հատակագիծը (1932-1937, ճարտարտարապետներ՝ Մ․ Մազմանյան, Փ․ Մանուկյան, Գ․ Մուրզա) ուներ քաղաքաշինական առաջադիմական լուծումներ, նախատեսված էր բնակչության սպասարկման բազմաստիճան սիստեմ, թաղամասերում՝ բնակելի տների ու հասարակական շենքերի համալիրներ։ Հետագա հատակագծում (1940, ճարտարտարապետներ՝ Հ․ Դավթյան, Ս․ Կարապետյան, Փ․ Մանուկյան, Դ․ Մուրզա, կոնսուլտանտ՝ Լ․ Իլյին) հաշվի էր առնված նաև քաղաքի ընդլայնումը, կապը երկաթուղային կայարանի ու հս․ շրջանի միջև, ուր գտնվում է Լենինականի հիմնական քաղաքաստեղծ գործոնը՝ տեքստիլ կոմբինատը։

Կիրովականը ըստ նոր գլխավոր հատակագծի խմբագրել

Կիրովականը ըստ նոր գլխավոր հատակագծի (1939, ճարտարապետներ՝ Ն․ Զարգարյան, Ա․ Մինասյան) նախատեսվում էր զարգացնել որպես արդյունաբերական կենտրոն և ամառանոցային քաղաք։ Կազմվել են նաև Էջմիածին (1939, ճարտարապետ՝ Ս․ Մանուկյան, կոնսուլտանտ՝ Լ․ Իլյին), Դիլիջան (1939), Ալավերդի (1947, երկուսն էլ՝ ճարտարապետ Հ․ Իսաբեկյան) քաղաքների վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագծերը։ 1930-ական թթ․ 2-րդ կեսին գյուղերի և շրջկենտրոնների հատակագծման ծավալուն աշխատանք է տարվել։ Կազմվել են Փարաքարի, Նորագյուղի (ճարտարապետ՝ Մ․ Մազմանյան), Դյոդակլուի, Վերին Արտաշատի (ճարտարապետներ՝ Գ․ Քոչար, Տ․ Մարության), Ֆանտանի (ճարտարապետ Ռ․ Գրիգորյան), Արմավիրի (ճարտարապետ Ս․ Ասոյան) գլխավոր հատակագծերը։ Մշակվել են գյուղական տան մի քանի տիպեր, ակումբի նախագծեր, որոնցից լավագույնները՝ Կոշի (ճարտ․ Ռ․ Իսրայելյան), Վերին Սասունաշենի (ճարտ․ Հ․ Մարգարյան), Կամոյի (ճարտ․ Հ․ Իսաբեկյան) ակումբները կարևոր դեր են կատարել բնակավայրերի ճարտ․ կերպարի ձևավորման գործում։

Սովետահայ ճարտարապետներ խմբագրել

 
Երևան, կոնյակի գործարանը (1944-1952, ճարտարապետ Հ․ Մարգարյան)
 
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը (1937, ճարտարապետներ՝ Տ․ Երկանյան, Գ․ Քոչար)

Սովետահայ ճարտարապետները, լայնորեն կիրառելով բնական քարերի անսպառ հարստությունը, երևան են բերել նրանց պլաստիկ և գեղանկարչական հատկությունները։ Ուսումնասիրելով ժողովրդական ճարտարապետությունը, քարի զարդաքանդակման վարպետությունը, 1930-ական թվականների 2-րդ կեսին ազգային նոր ձևերի ստեղծման փորձեր են արվել։ Կառուցվել են Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը (1937, ճարտարապետներ՝ Տ․ Երկանյան, Գ․ Քոչար), կենտրոնական հանրախանութը (1936-1937, ճարտարապետներ՝ Ա․ Ահարոնյան, Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան, Գ․ Քոչար), բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտները (1934-1955, ճարտարապետ Ս․ Սաֆարյան), ծննդատունը (1938, ճարտարապետ Մ․ Գրիգորյան, այժմ՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ), Գրքի պալատը (1935-1940, շինարարությունը ավարտվել է 1960 թվականին, ճարտարապետներ՝ Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան, Ս․ Ներսիսյան), որոնք արտացոլում են սովետահայ ճարտարապետության ոճի որոնումները, ազգային ժառանգության ձևերի օգտագործումը։ Այս կառույցները նոր փուլ են նշանավորել սոցիալիստ, ռեալիզմին տիրապետելու ճանապարհին։ Այս առումով նշանակալի է հատկապես «Արարատ» տրեստի գինու գործարանի մառանների շենքը (1938, ճարտարապետներ՝ Ռ․ Իսրայելյան, Գ․ Քոչար, 1945-1963, ճարտարապետ Ռ․ Իսրայելյան), որն արժեքավոր ավանդ է սովետահայ ճարտարապետության մեջ։ Այդ տարիներին է կառուցվել նաև Հայկական ԽՍՀ տաղավարը Մոսկվայի Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում (1939, ճարտարապետներ՝ Կ․ Հալաբյան, Ս․ Սաֆարյան), ուր անցյալի հայկական ճարտարապետության ձևերը օգտագործված են նորովի ու արդիական։ Մինչպատերազմյան տարիներին կառուցված ուշագրավ հասարակական շենքերից են նաև Լենինականի քաղսովետի գործկոմի շենքը (1931-1934), կինոթատրոններ Կիրովականում (1935), Դիլիջանում (1937, բոլորը՝ ճարտարապետ Գ․ Քոչար), Կոտայքի շրջսովետի գործկոմի շենքը (1935, ճարտարապետ Զ․ Բախշինյան), «Դինամո» մարզադաշտը (այժմ՝ «Հանրապետական», 1939-1948, ճարտարապետ Կ․ Հակոբյան)։

Երևանում թաղամասերի ներքին խիտ կառուցապատումը խմբագրել

 
«Արարատ» տրեստի բնակելի տների համալիր

Չնայած նախագծային աշխատանքների աշխուժացմանը, 1930-1940-ական թվականների Հայաստանի քաղաքների հատակագծման գործը դարձյալ ետ էր մնում զանգվածային բնակարանային շինարարությունից։ Երևանում թաղամասերի ներքին խիտ կառուցապատումը դժվարացնում էր քաղաքաշինական առաջադիմական հնարների կիրառումը, թելադրելով «փողոց-միջանցք» հնացած սիստեմի իրագործումը։ Կառուցապատման մասշտաբի խոշորացումը իր արտացոլումն է գտել 1930-1940-ական թվականների իրականացված բնակելի համալիրներում՝ Լենինի պողոտա (ճարտարապետ՝ Ն․ Բունիաթյան), Հոկտեմբերյան պողոտա (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան և Սամվել Սաֆարյան, Վ․ Աբովյան և Գևորգ Մուշեղյան), որոնց ճակատային լուծումները արտահայտում են մայրուղուն հարող բնակելի տան ճարտարապետության երկակի ֆունկցիաների միասնությունը՝ իբրև խոշոր անսամբլի բաղկացուցիչ և իբրև բնակելի տան ներքին կառուցվածքի մարդկային մասշտաբի ճշմարտացի արտացոլում։ Բնակելի տան ճարտտարապետությանյան այս սկզբունքը ունեցել է իր նախորդները Հայաստանում, այն զարգացել է արտահայտչամիջոցների հարստացման պայմաններում, 1930-ական թվականների մի շարք շենքերում (ճարտարապետներ՝ Ա․ Ահարոնյան, Հովհաննես Մարգարյան, Ս․ Սաֆարյան)։ Հայրենական մեծ և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակաշրջանում արդիական կարևոր օբյեկտների շինարարությանը զուգընթաց Հայաստանի գյուղերում ու շրջկենտրոններում կառուցվել են նաև բնակելի տներ, ակումբային և հասարակական շենքեր։ Առանձնահատուկ տեղ է գրավում աղբյուր–հուշարձանների կառուցումը՝ ի հիշատակ հայրենիքի համար զոհված մարտիկների։ Հայ ճարտարապետները, օգտագործելով ազգային ճարտարապետության ավանդույթները, ստեղծել են ըստ էության նոր հորինվածքով հուշարձանի տիպ, ուր երևան են հանված քարի զարդաքանդակման ժող․ արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ։ Լավագույններից են՝ Բուրաստան, Կաթնաղբյուր, Ստեփանավան, Կարբի (ճարտ․ Ռաֆայել Իսրայելյան), Վերին Արտաշատ (ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան), Ժդանով (ճարտ․ Տիրան Մարության) բնակավայրերում կառուցվածները։

1951 թվականին հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագիծը (ճարտարապետ Ն․ Զարգարյան և ուրիշներ), ուր նախատեսված էր բնակչության աճը մինչև 450 հազար։

Հետպատերազմյան շրջան խմբագրել

 
Երևանի կենտրոնական ծածկած շուկան (1957, ճարտարապետ Գ․ Աղաբաբյան, ինժեներ Հ․ Առաքելյան)

Հետպատերազմյան շրջանում կառուցվել են հասարակական շենքերի համալիրներ, որոնք արժեքավոր ներդրում են սովետահայ ճարտարապետության մեջ։ Լավագույնը Երևանի Լենինի հրապարակի ճարտարապետ անսամբլն է (կառուցապատումը հիմնականում ավարտվել է 1958 թվականին), ուր հայկական ճարտարապետության նվաճումները մարմնացած են մոնումենտալ շենքերի կերպարներում։ Կառավարական տունը (ճարտ․ Ա․ Թամանյան), Կառավարական 2-րդ տունը (ճարտ․ Ս․ Սաֆարյան, Վ․ Արևշատյանի և Ռ․ Իսրայելյանի մասնակցությամբ), «Արմենիա» հյուրանոցը, Արհեստակցական միությունների ու Կապի մինիստրության միացյալ շենքը, թանգարանների շենքը (ճարտարապետներ՝ Մ․ Գրիգորյան, Է․ Սարապյան) ակներև վկայում են ճարտ․ ժառանգության նկատմամբ եղած վերաբերմունքը 1930-1950-ական թվականներ։ Կառավարական տունը, որը հրապարակի առաջին կառույցն էր (1926–1941) կանխորոշել է ապագա շենքերի ծավալատարածական հորինվածքն ու ոճական կերպարը։ Պատի, իբրև շենքի կոնստրուկտիվ և գեղարվեստական տարրի, պահպանումը Կառավարական տան ճարտարապետության ազգային բնույթի կարևոր հատկությունն է։ Ձևերի անկրկնելիության ու գեղարվեստական բազմազանության սկզբունքը, որ բնորոշ է հայկական ճարտարապետությանը, ակնհայտ է ճակատների առանձին հատվածների լուծումներում, խոյակների ու ռելիեֆների նկարվածքներում։ Կառավարական 2-րդ շենքը, ինչպես և հրապարակի մյուս շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքերի չափերով ներդաշնակ են Կառավարական տանը, որով և պայմանավորվում է հրապարակի կոմպոզիցիոն և ոճական միասնությունը։ Մայրաքաղաքի հասարակական կենտրոնի ճարտարապետական-գեղարվեստական կերպարը հարստացնում և միասնականացնում է Վ․ Ի․Լենինի բարձրարվեստ արձանը (1940, քանդակագործ Ս․ Մերկուրով, ճարտարապետներ՝ Ն․ Փարեմուզովա և Լ․ Վարդանյան)։ 1950-ական թվականների հասարակական կենտրոններ ստեղծվել են նաև Լենինականում՝ Լենինի հրապարակի ճարտ․ անսամբլը՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի (ճարտ․ Զ․ Բախշինյան), հանրախանութի (ճարտարապետ Ս․ Ասոյան), Գուլպայագործների մշակույթի պալատի, փոստի և բնակելի շենքերով, Կիրովականում՝ Կիրովի անվան հրապարակը՝ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի (ճարտ․ Զ․ Բախշինյան), քաղսովետի, հյուրանոցի (ճարտարապետներ՝ Բ․ Արզումանյան, Հ․ Մարգարյան) և 2 բնակելի շենքերով (ճարտ․ Հ․ Մարգարյան)։ Հետպատերազմյան շրջանի ճարտարապետական նվաճումները մարմնավորվել են նաև մի շարք այլ հասարակական շենքերում․ Երևանում՝ ՀԿԿ Կենտկոմի շենքը (1946-1950, ճարտարապետ՝ Մ․ Գրիգորյան), Կենտրոնական ծածկած շուկան (1952, ճարտարապետ Գ․ Աղաբաբյան, կոնստրուկտոր Հ․ Առաքելյան), ՀԱԱՀ ԳԱ նախագահության շենքը (1954, ճարտ․ Ա․ Սաֆարյան), երկաթուղային կայարանի շենքը (1949-1955, ճարտարապետ՝ է․ Տիգրանյան), Մատենադարանը (1957, ճարտարապետ Մ․ Գրիգորյան), «ԿանԱԶ» գործարանի մշակույթի պալատը (1953-1954, ճարտարապետ՝ Ա․ Մանուկյան), Արզնիում՝ առողջարանի լոգանքների շենքը (1951, ճարտարապետ՝ Հ․ Մարգարյան, մասնակցությամբ Ն․ Բաժբեուկի), Բյուրականում՝ աստղադիտարանի համալիրը (1947-1956, ճարտարապետ Ս․ Սաֆարյան), Ջերմուկում՝ առողջարան (1952-1962, ճարտարապետ է․ Տիգրանյան), ցայտաղբյուրների սրահ (1950-1956, ճարտարապետ՝ Գ․ Թամանյան), էջմիածնում՝ մշակույթի պալատ (1945-1946, ճարտարապետ՝ Ս․ Մանուկյան)։ Այս ստեղծագործությունները բնորոշում են սովետահայ ճարտարապետության 1940-1950-ական թթ․ ոճական ուղղությունը, որ հենվում էր ազգային ժառանգության քննադատական յուրացման վրա։ Այդ ուղղության ամենավառ մարմնացումն է Հաղթանակի մոնումենտը Երևանում (1950, ճարտարապետ Ռ․ Իսրայելյան, քանդակագործ Ս․ Մերկուրով, «Մայր Հայաստան» քանդակը՝ 1967, քանդակագործ՝ Ա․ Հարությունյան)։

1940-1950-ական թվականներ խմբագրել

 
Կիրովականում՝ քիմիական կոմբինատի ազոտային արտադրամասերի խումբը (1951, ճարտարապետ Վ․ Բարանով)

1940-1950-ական թվականների կառուցված արտադրական շենքերին բնորոշ է ազգային ճարտարապետության ձևերի օգտագործումը, երեսպատման համար բնական քարերի կիրառումը։ Ուշագրավ են․ Կիրովականում՝ քիմիական կոմբինատի ազոտային արտադրամասերի խումբը (1951, ճարտարապետ Վ․ Բարանով), «Ավտոմատիկա» գործարանը (1956, ճարտարապետներ՝ Կ․ Խուդաբաշյան, Կ․ Անանյան), Գյումուշի հէկի գեներատորի տեղակայման շենքը (1953, ճարտարապետ՝ Տ․ Մարության, կոնստրուկտորներ՝ Հ․ Սարգսյան, Ս․ Կուզանյան), Աշտարակի գինու գործարանը (1948, ճարտարապետ Ռ․ Իսրայելյան), Երևանի կոնյակի գործարանը (1952, ճարտարապետ՝ Հ․ Մարգարյան), Սառցակոմբինատը (1950, ճարտ․ Գ․ Աղաբաբյան), էլեկտրաապարատների գործարանը (1953, ճարտարապետ՝ Կ․ Խուդաբաշյան), Հացի № 2 (1950, ճարտարապետ՝ Հ․ Պողոսյան) և 5 (1954, ճարտարապետներ՝ Կ․ Անանյան, Հ․Պողոսյան) գործարանները։

 
1950, ճարտարապետ Ռ․ Իսրայելյան, «Մայր Հայաստան» քանդակը՝ 1967, քանդակագործ՝ Ա․ Հարությունյան

Զանգվածային բնակարանային շինությունները խմբագրել

 
Կիևյան փողոցը
 
Ազատության պողոտա

Զանգվածային բնակարանային շինության աճը 1950-ական թվականներին պահանջում էր ծավալել քաղաքների ազատ տարածությունների քաղաքաշինական յուրացում։ Այս իմաստով բնորոշ է Երևանում՝ Բաղրամյան, Ազատության (սկզբնական հատվածը ճարտարապետ Տ․ Մարության), Կիևյան (ճարտարապետներ՝ Գ․ Թամանյան, Ֆ․ Մայե) փողոցների կառուցապատումը, ինչպես նաև «Աջափնյակ» շրջանը (ճարտարապետ՝ Մ․ Մազմանյան), Կիրովականի «Դիմաց» թաղամասը (սկսվել է 1958 թվականին, ճարտարապետ Մ․ Գնունի), Ալավերդիում կենտրոնի համալիրը (ճարտարապետ՝ Հ․ Իսաբեկյան) ևն։ Բնակելի տների, դպրոցների, մանկական հիմնարկների, ակումբների շինության ծավալի աննախընթաց աճը պայմանավորել է տիպային նախագծման անհրաժեշտությունը։ 1951 թվականին լավագույն բնակելի սեկցիաների մրցույթով շահած նախագիծը (ճարտարապետներ՝ Մ․ Սաֆարյան, Լ․ Բաբայան) հաստատվել է կառավարության որոշմամբ, սկիզբ դնելով Հայաստանում տիպային նախագծմանը։ Կառուցվել են փորձարարական բնակելի տների համալիրներ Երևանի Բաղրամյան փողոցում (1949-1951, ճարտարապետ՝ Լ․ Բաբայան) և այլուր։

1950-ական թվականների 1-ին կեսը նշանավորվել է սովետահայ ճարտարապետության նոր վերելքով, որը հող նախապատրաստեց զանգվածային շինարարությունը ինդուստրիալ հիմունքների վրա փոխադրելու մասին սովետական կառավարության որոշումների իրականացման համար։

Ճարտարապետությունը 1950-1990 թվականներին խմբագրել

 
Մայր Աթոռից տեսարժան վայրեր
 
Մայր Հայաստան (քանդակագործ Արա Հարությունյան)

1955 թվականից սովետահայ ճարտարապետությունը թևակոխել է նոր, ստեղծագործական ու ոճական առանձնահատկություններով նախորդներից զգալիորեն տարբերվող մի փուլ։ Շինարարության հարցերին նվիրված համամիութենական խորհրդակցությունը (1954), ՍՄԿԿ ԿԿ և Մինիստրների խորհրդի «Նախագծման և շինարարության մեջ ավելորդությունների վերացման մասին» (1955) և «ԽՍՀՄ–ում բնակարանային շինարարության զարգացման մասին» (1957) որոշումները նոր խթան են դարձել ճարտարապետության և շինարարության զարգացման ճանապարհին։ Անհրաժեշտ էր հրաժարվել ավելորդ ձևամոլությունից և ճարտարապետությանը վերադարձնել մարդկային գործունեության զանազան միջավայրերը բարձր արվեստով կազմակերպելու ֆունկցիան։

1971 թվականին Երևանի հատակագիծը խմբագրել

Այդ տարիներից էլ սկսվել են շրջանային հատակագծման, քաղաքների գլխավոր հատակագծերի և առանձին շրջանների կառուցապատման նախագծերի համալիր աշխատանքները։ 1960-ական թվականների սկզբին մշակվել է հանրապետության բնակեցման կարգավորման սխեման (ղեկավար՝ Պ․ Թումանյան), որտեղ տրված են արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման հիմնական գոտիները, բնակավայրերի զարգացման հեռանկարները։ 1971 թվականին հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագիծը (ճարտարապետներ՝ Մ․ Մազմանյան, է․ Պապյան, Գ․ Մուրզա, Յ․ Չախալյան, 1 մլն 100 հազար բնակչի համար մինչև 2000 թվականը ժամկետով), կենտրոնի մանրամասն հատակագծման, պատմական հուշարձանների տարածքի գոտորման և լանդշաֆտի կազմակերպման նախագծերը։

Քաղաքաշինական նոր խնդիրների խմբագրել

Քաղաքաշինական նոր խնդիրների ու սկզբունքների ներդրումն ակնհայտ է հանրապետության քաղաքների կառուցապատման պրակտիկայում։ 1960-ական թվականների վերջերից նախագծվում են Լենինականի, Կիրովականի, Հրազդանի, Ղափանի, Գորիսի, Էջմիածնի, Աբովյանի, Ջերմուկի, Սևանի, Մեծամորի, Ստեփանավանի, Կամոյի, Աշտարակի, Չարենցավանի, Հոկտեմբերյանի, Իջևանի, Արթիկի, Արզնիի, Դիլիջանի և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերը։

 
Գարեգին Նժդեհի հրապարակ

Շրջանների և միկրոշրջանների հատակագծերը խմբագրել

Քաղաքների գլխավոր հատակագծերի հիման վրա կատարվել են բազմաթիվ բնակելի շրջանների ու միկրոշրջանների մանրամասն հատակագծման նախագծեր, որոնցից են․ մայրաքաղաքում՝ Աջափնյակ (1958), Նորք–1 (1965), Ավան–3 (1974), Ավան–Առինջ (1978), Արևմտյան (1979), «Նորաշեն» (1980), Լենինականում՝ «Երևանյան» (1975) և «Եռանկյունի» (1980), Կիրովականում՝ «Դիմաց» (1960) և «Բազում» (1973), Հրազդանի բնակելի հասարակական կենտրոնը (1978), Ղափանի կենտրոնը (1976), Էջմիածնում՝ «Վաղարշապատ» (1978), Դիլիջանում՝ «Կաղնի խաչ» (1974), Գորիսում N 5 թաղամասը (1975–1986) ևն։ Չնայած մի շարք առաջատար սկզբունքների առկայության, 1950–1960-ական թվականներին թաղամասերի ու բնակելի շրջանների հատակագծերի հիմքում ընկած էր սխեմատիզմը, որն ավելի էր ընդգծվում պարզունակ տիպային նախագծերի կիրառման հետևանքով։ Այդ սխեմատիզմի հաղթահարման նշաններն սկսել են երևան գալ 1970-ական թվականների սկզբին, երբ կատարվել են ճարտարա-գեղարվեստական ավելի բարձր մակարդակի որոնումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։