Ֆեթհիյե Չեթին (մայիսի 4, 1950(1950-05-04)[1], Մադեն, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), թուրք իրավաբան, գրող և մարդու իրավունքների պաշտպան։

Ֆեթհիյե Չեթին
Fethiye Çetin
Ծնվել էմայիսի 4, 1950(1950-05-04)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԹուրքիա Մադեն, Թուրքիա
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ
Ազդվել էՀրանտ Դինք
Երկեր«Մեծ Մայրս»
Մասնագիտությունիրավապաշտպան, գրող, լրագրող և փաստաբան

ԿենսագրությունԽմբագրել

Ֆեթհիյե Չեթինը ծնվել է Մադենում։ Տարրական, միջնակարգ կրթություն ստացել է Մահմուդիյեում, Մադենում և Էլյազիգում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի, Մարդու իրավունքների պաշտպանության գործադիր կոմիտեի անդամ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի խոսնակը։ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է։

Չեթինը ունի հաջող իրավաբանական պրակտիկա Ստամբուլում և մյուսների թվում, պաշտպանն է եղել 301 հոդվածով մեղադրվող Հրանտ Դինքի դատավարությանը։

Լայն ճանաչում Չեթինը գտավ իր ինքնակենսագրական վիպակի 2004 թ. հրատարակումից հետո՝ «Մեծ Մայրս» (թուրք.՝ Anneannem) անվանմամբ[2]։ Վիպակը պատմում է Ֆեթհիյեի մայրական տատիկ Հրանուշի մասին, որը մազապուրծ լինելով 1915 թվականի եղեռնից, իր փրկումն է գտնում մի թուրք զինվորականի տանը որպես խորթ դուստր՝ ստանալով Սեհեր անունը, սակայն և արժանանում է աղախինի վերաբերմունքի խորթ մոր կողմից։ Հետագայում թուրք ամուսնու կնության գնալով և դառնալով իսլամադավան ընտանիքի հարգված մայր` Հրանուշը երբեք չի մոռանում իր հայ արմատները և կյանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքն է բացում թոռանը՝ Ֆեթհիյեին, խնդրելով գտնել Միացյալ Նահանգներում բնակվող իր հարազատներին՝ փրկված եղբորն ու եղեռնից հետո ծնված քրոջը, որոնց Չեթինը հանդիպում է Նյու Ջերսիում տատիկի մահից հետո։

Վիպակը առաջին գրական գործերից է, որը լուսաբանում է Մեծ Եղեռնի տարիներին թուրքացված հայազգի նախնիներից սերած ժամանակակից թուրքերի գոյության փաստը, որոնց թիվը տարբեր գնահատումներով հասնում է գրեթե երկու միլիոն անձի արդի Թուրքիայում։

Վիպակը թարգմանվել և հրատարակվել է մի քանի լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Հայերեն թարգմանությունը կատարվել է բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանի կողմից[3][4][5]։

Ֆեթհիյե Չեթինը և Այշեգյուլ Ալթնայը գրել են «Թոռներ» գիրքը, որը «Մեծ մայրս» գրքի նման, ներկայացնում է 1915 թվականի ողբերգության ընթացքում իսլամ ընդունած, թրքացած հայ կանանց այսօրվա թոռների պատմությունները[6]։ Հեղինակները գրքում բարձրաձայնում են կարևորագույն հարցեր, թե ինչու տատիկների ու պապիկների հայ լինելու մասին 100 տարի անց լսելն այդքան դաժան և ցավոտ է թոռների համար[7]։

ՄրցանակԽմբագրել

  • Ամերիկայի հայ ազգային կոմիտեի «Ազատության մրցանակ», 2015[8]

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել