Հայ միջնադարյան պատմագրություն

Հայ մշակույթի ոսկեդարը (5-րդ) նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։ Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։

Ագաթանգեղոսի պատկերը Մոսկվայի ՀԱԵ առաջնորդարանի Սուրբ Պայծառակերպության եկեղեցու պատին
1793 թ. Վենետիկում տպագրված Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» շապիկը
Մովսես Խորենացի
Մեսրոպ Մաշտոցի կողքին ծնկած Կորյունը (Մատենադարանի հարակից հրապարակում գտնվող հուշարձանի հատված, 1962 թ., քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)

Պատմագիտության նոր մեթոդներըԽմբագրել

Օգտագործելով աստվածաշնչյան և հունա-հռոմեական պատմափիլիսոփայական միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին (անվանվել է Պատմահայր) «Պատմութիւն Հայոց»-ում գրում է, որ «առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ։ Նա բարձր է գնահատել նախորդ մատենագիրների (հայ և օտար) երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի 5-րդ դարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյանին։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ Եւ Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծական շարադրանքի միահյուսմամբ։

«Պատմութիւն Հայոց»-ը՝ հայ դասական պատմագիտության հիմնասյունԽմբագրել

Հայ դասական պատմագիտության հիմնասյունը Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ն է, որը Հայաստանի առաջին համակարգված պատմությունն է։ Սկսվում է հայ ժողովրդի ծննդաբանությունից և հասցվում մինչև 5-րդ դարի 40-ական թվականներ։ Մովսես Խորենացին քննադատաբար է վերաբերվել իր օգտագործած բազմաթիվ աղբյուրներին (Աստվածաշունչ, հայկական, հունական, ասորական աղբյուրներ, ժողովրդական ավանդություններ և այլն), արել հայոց պատմության ժամանակագրության մշակման առաջին փորձը։

6-7-րդ դարերԽմբագրել

6-7-րդ դարերի (մինչև 661 թվականը) իրադարձությունների մասին կարևոր սկզբնաղբյուր է Սեբեոս Եպիսկոպոսի «Պատմութիւն»-ը, որտեղ Հայաստանի պատմությունը շարադրված է համաշխարհային նշանակության իրադարձությունների ծիրում։ Սեբեոսը մերկացնում է Բյուզանդիայի ու Սասանյան Պարսկաստանի վարած հայահալած քաղաքականությունը։

7-8-րդ դարերԽմբագրել

7-8-րդ դարերի պատմիչ Մովսես Կաղաևկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկում, չնայած ժամանակի ավատատիրական մասնատվածությունից բխող անջատողական տրամադրությանը, Արցախ և Ուտիք նահանգների պատմությունը ներկայացրել է Հայաստանի պատմությանը միահյուսված։ Նույն ժամանակաշրջանի մատենագիր Հովհան Մամիկոնյանը «Պատմութիւն Տարօնոյ» երկում կարևոր տեղեկություններ է հաղորդում վաղմիջնադարյան Հայաստանի պատմության մասին։ 8-րդ դարի հեղինակ Ղևոնդ Վարդապետի «Պատմութիւնը» արաբական արշավանքների, հայ նախարարական տների ոչնչացման, հայրենասեր ուժերի ապստամբության և պարտության մասին պատմող ճշմարտացի սկզբնաղբյուր է։ 9-րդ դարի վերջից սկսվել է հայ պատմագրության նոր վերելքը՝ պայմանավորված հայկական պետականության վերականգնմամբ։

5-րդ դարի մատենագիրների ավանդույթների շարունակումըԽմբագրել

9-12-րդ դարերում շարունակվել են 5-րդ դարի մատենագիրների, հատկապես Մովսես Խորենացու ավանդույթները։ Հովհաննես Ե Դրասխանակերտցին (9-րդ դարի 2-րդ կես-929, Ամենայն հայոց կաթողիկոս՝ 898 թվականից) դատապարտել է երկիրը պառակտող իշխաններին և պաշտպանել միասնական պետության պահպանման անհրաժեշտությունը։Ուխտանես եպիսկոպոսը (մոտ 935-1000) շարադրել է Հայոց Աբգար թագավորի՝ քրիստոնեություն ընդունելու, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Տրդատ Գ Մեծ թագավորի, Սուրբ Հռիփսիմյաևց կույսերի, Հայ եկեղեցուց Վրաց եկեղեցու պառակտման ու քաղկեդոնականությունը հարելու պատմությունը։ Միաժամանակ ստեղծվել են նշանավոր ավատատիրական տոհմերի տեղական շահերն արտահայտող պատմական երկեր։ Թովմա Արծրունին (9-րդ դարի 2-րդ կես-10-րդ դարի սկիզբ) և նրան շարունակող Անանուն պատմիչը գրել են Արծրունիների և Վասպուրականի, Մովսես Դասխուրանցին (10-րդ դար)՝ Արցախի և Ուտիքի պատմությունները։

Հայ պատմագիտության ուժեղացումըԽմբագրել

Բագրատունյաց թագավորության հզորացման ժամանակաշրջանում (10-րդ դարի կես-11-րդ դարի 1-ին քառորդ) հայ պատմագրության մեջ վերստին ուժեղացել է համայն Հայաստանի և նույնիսկ հարևան Երկրների պատմությունն ընդգրկող երկեր ստեղծելու միտումը, որի վկայությունն է Ստեփանոս Ասողիկի Տարոնեցի (10-րդ դարի վերջ-11-րդ դարի սկիզբ) «Պատմութիւն Տիեզերականը»։ Արիստակես Լաստիվերցու (11-րդ դար) «Պատմութիւնը», որն ստեղծվել է սելջուկ թուրքերի ավերիչ արշավանքների ժամանակ, ունի ողբի բնույթ։ Պատմիչն անդրադարձել է նաև երկրում բռնկված սոցիալական շարժումներին։ Ընդհանրապես 9-13-րդ դարերի հայ պատմագրությունը համեմատաբար հաճախ է անդրադարձել երկրի ներքին կյանքին (տնտեսական վիճակ, քաղաքների զարգացում և այլն)։

Ժամանակագրական ժանրի տարածումըԽմբագրել

Սելջուկ թուրքերի տիրապետության հաստատմամբ, սկսված տնտեսական և մշակութային անկման պայմաններում 12-րդ դարի հայ պատմագրության մեջ տարածվել է ժամանակագրության ժանրը (Մատթեոս Ուռհայեցի, Սամուել Անեցի, Մխիթար Անեցի և ուրիշներ)։ 13-րդ դարում Հայաստանի հյուսիսարևելյան նահանգների ագատագրմամբ և, ի դեմս Զաքարյանների ավատատիրական իշխանապետության, հայ պետականության վերականգնմամբ, հայ պատմագրությունն ապրել է նոր առաջընթաց, որը բնորոշվում է պատմական հարցերի ավելի խոր ու բազմաբովանդակ ընդգրկումով, աշխարհիկ մտածողությամբ, նյութի մատուցման ավելի պարզ ու դյուրըմբռնելի եղանակով։

Վանական Վարդապետը՝ հայ պատմագրության նոր դպրոցի հիմնադիրԽմբագրել

Հայ պատմագրության այդ նոր դպրոցի հիմնադիր համարվում է Վանական Վարդապետը, որի «Պատմութիւնը» թեև մեգ չի հասել, բայց մեծ ազդեցություն է թողել նրա հաջորդների՝ Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Ակներցու երկերի վրա։Կիրակոս Գանձակեցին իր «Պատմութիւն Հայոց»-ում, օգտագործած աղբյուրներին ցուցաբերելով քննական-վերլուծական մոտեցում, շարադրել է 4-13-րդ դարերի Հայաստանի քաղաքական, տնտեսական, հոգևոր և մշակութային պատմությունը՝ այն կապակցելով հարևան երկրների առավել կարևոր իրադարձությունների հետ։ Ի թիվս այլ իշխանական տների՝ մեծ տեղ է հատկացրել Խաչենի իշխանական տան պատմությանը։ Վարդան Արևելցին իր «Հաւաքումն պատմութեան» երկում բացահայտում է հայ ժողովրդի նկատմամբ Արևմուտքի երկրների և Հռոմի պապի վարած նենգ քաղաքականությունը և հանգում այն կարևոր եզրակացության, որ քաղաքական կողմնորոշման համար անհրաժեշտ է 2 գործոն՝ դաշնակցի աշխարհայացքային-կրոնական ընդհանրությունը և աշխարհագրական մերձավորությունը։ Ստեփանոս Օրբելյանի (1250-ական թվականներ-1305) «Պատմութիւն նահանգին Սիսական» երկը շարադրված է վավերագրական աղբյուրների հմուտ օգտագործմամբ։ Տալով Սյունյաց նահանգի աշխարհագրական նկարագիրը՝ նա պատմությունը կապել է որոշակի տարածքի հետ՝ հաստատելով, որ տարածքից դուրս չկա պատմություն։

Կիլիկյան Հայաստանի պատմագրության խոշոր ներկայացուցիչներըԽմբագրել

Կիլիկյան Հայաստանի պատմագրության խոշոր ներկայացուցիչներն են Սմբատ Սպարապետը և Հեթում պատմիչը։ Վերջինիս «Պատմութիւն թաթարաց» երկը Արևելքի ընդհանուր պատմությունը շարադրելու փորձ է (ներկայացված է ասիական 14 երկրի պատմա-աշխարհագրական տեսությունը)։ Այն միջնադարյան Եվրոպայում օգտագործվել է որպես Արևելքի երկրների աշխարհագրության, տնտեսության և քաղաքական կյանքի տեղեկատու ձեռնարկ։ 14-16-րդ դարերի հայ պատմագրության անկումը հետևանք էր Հայաստանի նվաճման, նրա տարածքում մղված արյունահեղ պատերազմների և հայկական խոշոր ավատատիրական տների ու իշխանապետությունների վերացման։ Այդ ժամանակաշրջանի պատմագրությունը ներկայացված է հիմնականում մանր ժամանակագրություններով (բացառություն է Թովմա Մեծոփեցու «Պատմութիւն Լանկ-Թամուրաեւ յաջորդաց իւրոց» երկը)։

Պատմագրությունը՝ ազգապահպանման համար պայքարի զարթոնքի շրջանումԽմբագրել

17-րդ դարում՝ ազգապահպանման համար պայքարի զարթոնքի շրջանում, վերելք է ապրել նաև հայ պատմագրությունը։ Պատմությունը կրկին դարձել է ազգային ինքնաճանաչման և արժանապատվության բարձրացման, հայրենիքի ու դավանանքի նկատմամբ սեր ու նվիրվածություն դաստիարակելու միջոց։ Ի տարբերություն նախորդների՝ 17-18-րդ դարերի պատմագիրներ Գրիգոր Դարանաղցին, Առաքել Դաիժեցին, Զաքարիա Սարկավագ Քանաքեռցին, Զաքարիա Ագուլեցին, Աբրահամ Գ Կրետացին, Խաչատուր Ջուղայեցին, Սիմեոն Ա Երևանցին, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը, Ստեփանոս Շահումյանը, Եսայի Հասան-Ջալալյանը, Աբրահամ Երևանցին իրենց երկերում զգալիորեն անդրադարձել են ժողովրդի նիստ ու կացին, ավանդույթներին ու սովորություններին, հայկական գաղթավայրերին, հետևողականորեն զարգացրել լուսավորության, քաղաքական ու մշակութային վերածնության, ազատության գաղափարը, ներբողել նորն ու առաջավորը։ Հայ պատմագրությունը հարստացել է օրագրության և ուղեգրության ժանրերով (Զաքարիա Ագուլեցի, Երեմիա Չելեպի Քյոմուրճյան)։ Ընդհանուր առմամբ, 17-18-րդ դարերի հայ պատմագրությունը կրում է նոր շրջանին բնորոշ զարգացող բուրժուական հարաբերությունների ազդեցությունը, որով Էլ պայմանավորված էր նրա աշխարհականացումը։ 18-19-րդ դարերում է ստեղծագործել նաև Միքայել Չամչյանը (1738-1823), որի եռահատոր «Պատմութիւն Հայոց...»-ը Հայաստանի և հայ ժողովրդի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ։ Այն էականորեն տարբերվում է հայ ավանդ, պատմական երկերից՝ իրավամբ համարվելով հայ նոր պատմագիտության նախակարապետը։ Արժեքավոր են նաև Ղուկաս Ինճիճյանի, Հովսեփ Գաթըրճյանի ու մյուս Մխիթարյանների հայագիտական գործերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։