Հովսեփ Գաթըրճյան

հայ լեզվաբան, թարգմանիչ, պատմաբան

Հովսեփ Գաթըրճյան (Ավետիք) (փետրվարի 19, 1820(1820-02-19) կամ 1820[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 9, 1882(1882-01-09) կամ 1882[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն, հայ պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան։

Հովսեփ Գաթըրճյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1820(1820-02-19) կամ 1820[1][2][3]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 9, 1882(1882-01-09) կամ 1882[1][2][3]
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ և լեզվաբան

Կենսագրություն

խմբագրել

Հովսեփ Գաթըրճյանը սկզբնական կրթությունն ստացել է Ղալաթիայի Մխիթարյան վարժարանում 1828 թվականից և ավարտել է վարժարանը 1833 թվականին։ Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վիեննայի Մխիթարյան դպրոցում և սովորել է մինչև 1838 թվականը։ 1838 թվականից Գաթըրճյանը, արդեն, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ էր։ Գաթըրճյանը 1841 թվականին ձեռնադրվում է քահանա[4]։ Նա զբաղեցրել է բազմաթիվ վարչական պաշտոններ։ Հռոմում եղել է ընդհանուր գործակալ, Վիեննայում զբաղեցրել է փոխառաջնորդի պաշտոնը, իսկ Կ․Պոլսում եղել է Մխիթարյան դպրոցների վերատեսուչ[4]։ Վիեննայում և Կ. Պոլսում դասավանդել է փիլիսոփայություն, կրոն, երկրաչափություն։ Գաթըրճյանը կատարել է բազմաթիվ թարգմանություններ, որոնք վերաբերում էին երկրաչափությանը, փիլիսոփայությանը, կենդանաբանությանը, բուսաբանությանը և այդ թարգմանությունների հիման վրա ստեղծել է առանձին դասագրքեր։ Մեծ է նրա դերը դասական հայերենի կանոնակարգման և շտկման աշխատանքներում։ Գաթըրճյանը հայերենը մաքրել է օտարաբանություններից, որոնք թարգմանությունների ժամանակ էին ներթափանցել լեզու[4]։ Գաթըրճյանը 1861 թվականին նշանակվել է Կ. Պոլսի Մխիթարյան դպրոցի վարիչ[4]։

Գաթըրճյանը 1849 թվականին Վիեննայում հրատարակում է «Տիեզերական պատմության» առաջին հատորը, իսկ 1852 թվականին՝ նույն տեղում, հրատարակում է գրքի երկրորդ հատորը։ Գաթըրճյանը եղավ այն անհատը, ում ջանքերով՝ հայերենով, առաջին անգամ, գրվեց համաշխահային պատմության ձեռնարկ[4]։ Գաթըրճյանի այս աշխատությունը հայ իրականության մեջ եվրոպական պատմագիտական մտքի չափանիշներով ստեղծված առաջին գործն էր։ Համաշխարհային պատմություն ասելով նա հասկանում էր, ոչ թե բոլոր երկրների ամբողջական պատմության շարադրանքը, այլև այն իրադարձությունների շարադրանքը, որոնք հեղափոխիչ նշանակություն են ունեցել պատմության մեջ։ Նա համաշխարհային պատմությունը համեմատում է մի հորդառատ գետի հետ, որը սնվում էր իր վտակներից, իսկ վտակները տվյալ պարագայում առանձին երկրների պատմություններն են և հետևաբար հայոց պատմությունն էլ, ինքնին, մի վտակ էր համաշխարհային պատմության համար։ «Տիեզերական պատմութիւն» աշխատությունում, համաշխարհային պատմությանը զուգընթաց, ժամանակագրական կարգով, համառոտակի շարադրել է նաև Հայաստանի պատմությունը (դեպքերի շարադրանքը հասցվել է մինչև 480 թ.)։ Հայաստանի նախաքրիստոնեական ժամանակաշրջանի պատմության, հայ ժողովրդի կազմավորման հարցերի մասին խոսելիս, հիմնականում կրկնել է Մ. Չամչյանին։ Գաթըրճյանը իր աշխատությունը սկսում է Արարչագործությունից և ողջ շարադրանքի ընթացքում միշտ անդրադառնում է հայոց պատմության համապատասխան ժամանակարշրջաններին, քանզի հեղինակը շարադրում է Եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի, Փյունիկիայի, Մարաստանի, Աքեմենյան Պարսկաստանի, Մակեդոնիայի պատմությունը։ Գաթըրճյանի աշխատության ամենամեծ արժեքն այն է, որ հայոց պատմությունը շարադրել է որպես համաշխարհային պատմության բաղկացուցիչ մաս։

Ըստ նրա պատմությունը պետք է բաժանել 3 բնագավառի` ըստ նյութի, ձևի և ժամանակի։ Պատմությունը կարող է լինել հոգևոր, քաղաքական, մշակութային, մատենագրության, զինվորականության և այլն։ Ինչ վերաբերում է ձևի տեսանկյունին, ապա պատմությունը կարող է լինել ընդհանուր ժամանակագրական սկզբից մինչև վերջ, կամ ինչ որ մի ժամակաշրջան ընդգրկել։ Գաթըրճյանի կարծիքով սխալ է պատմությունը դասակարգել ըստ թագավորական դինաստիաների կամ տիրապետությունների ժամանակաշրջանի, այլ հեղինակի կարծիքով այն պետք է, ըստ համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցած մեծ պատմաշրջանների բաժանել, իսկ այդ պատմաշրջաններն էլ նոր բաժանել փուլերի։ Համաձայն դրա նա համաշխարհային պատմությունը բաժանում էր 3 փուլի.

Հին, որն ընդգրկում էր Աշխարհաստեղծումից մինչև Հռոմեական կայսրության ստեղծումը, Միջին, սկսած Հռոմեկան կայսրության անկումից մինչև Ամերիկայի հայտնագործումը, Նոր, սկսած Ամերիկայի գյուտից մինչև եվրոպական հեղափոխությունները։ Գաթըրճյանը գրել է նաև եկեղեցական կյանքին վերաբերող մի շարք աշխատություններ։ Նա 1864 թվականին լույս է ընծայել «Հիմնական տարբերութիւն կաթողիկէ և Էջմիածնական դաւանութեանց» աշխատությունը։ Հեղինակը այստեղ ներկայացրել է երկու եկեղեցիների դավանաբանական տարբերությունները։ Նա նախապատվությունը տվել է կաթոլիկ ուղղությանը և փառաբանել նրա գաղափարները[4]։ 1873 թվականին հրատարակում է «Իրաւախոհի կեղծիք և իրաց ճշմարտութիւնք» երկասիրությունը, որը աստվածաբանական ուղղվածություն ունի և այստեղ ներկայացված են հայագիտական և կրոնաբանական բազում հարցեր[4]։ 1897 թվականին հրատարակում է «Սրբազան Պատարագամատոյցք Հայոց» աշխատությունը։ 1877 թվականին հայերեն ու լատիներեն տարբերակներով լույս է ընծայել «Հանգիստ երանելւոյն Յովհաննու» անվավերականը։ Գաթըրճյանի մահից հետո՝ 1891 թվականին լույս է տեսնում «Հանգանակ հաւատոյ, որով վարի Հայաստանեայց եկեղեցի» աշխատությունը, իսկ թարգմանված տարբերակը լույս տեսավ 1893 թվականին[4]։

1891 թվականին՝ «Հանգանակ հաւատոյ...» աշխատությունները, թարգմանել Քսենոփոնի, Կիկերոնի և ուրիշ անտիկ հեղինակների երկեր։ Գաթըրճյանը, հետաքրքրվելով դասական հայերենով, նկատել է, որ առաջին թարգմանիչների լեզուն զգալիորեն տարբերվում է հետագա թարգմանիչների լեզվից։ Ա. Գարագաշյանի և Ղևոնդ Հովնանյանի հետ Գաթըրճյանի կատարած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) թարգմանության մեջ կյանքի է կոչել դասական հայերենը՝ մաքրելով այն օտարաբանություններից, ոչ հարազատ ձևերից ու բառերից, որոնք մուտք էին գործել նրա մեջ՝ սկսած երկրորդ թարգմանիչներից[3]։ Ըստ Գաթըրճյանի, հայերենը ապրել է զարգացման երկու ժամանակաշրջան՝ նախաքրիստոնեական և հետքրիստոնեական, որոնք իրենց հերթին ապրել են մի քանի տարբեր փուլեր։ Նախաքրիստոնեական հայ գրականության հարցերն արծարծել է «Պատմութիւն մատենագրութեան հայոց» արժեքավոր աշխատության մեջ, որը լույս է տեսել 1851 թվականին։ Աշխատությունը ընդգրկում է հեթանոսական շրջանի բանաստեղծությունները։ Ստեղծագործության մեջ վերլուծված են լեզվաոճական, տաղաչափական և գեղարվեստական առանձնահատկությունները[4]։ Նշելով հնդեվրոպական լեզուների հետ հայերենի ցեղակցությունը և նրա ծագումը հնդեվրոպական նախալեզվից՝ Գաթըրճյանը հայերենը համարել է հնդ-իրանական լեզվախմբի իրանական մի ճյուղ[4][5][6][7]։

Աշխատություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.)ÖAW. — doi:10.1553/0X00282774
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «Գաթըրճյան Հովսեփ | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  6. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
  7. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 580։

Գրականություն

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Գաթըրճյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 648