Կարա-Կոյունլուների պետություն
Կարա-Կոյունլուների պետություն, թուրքմենական ցեղապետություն, պետական կազմավորում Մերձավոր Արևելքում (1375-1468)։ Իշխանությունը հաստատվում էր գլխավորապես Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում ու Իրանի հյուսիսում։ Պետության կազմում էին նաև Կովկասյան որոշ շրջաններ։ Թարգմանաբար նշանակում է սև ոչխար արածեցնողներ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Լեզու | օղուզերեն, պարսկերեն, արաբերեն, հայերեն, քրդերեն | |||
Կրոն | Շիա Իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Կարա-Կոյունլուներ | |||
Պետության գլուխ | սուլթան |
Կարա-Կոյունլուների ցեղապետության առաջացում
խմբագրել14-րդ դարի վերջին Միջին Ասիայում զորահրամանատար Թեմուր-Լանը կամ Լենկթեմուրը («Կաղ Թեմուր») ստեղծել էր մի ընդարձակ պետություն՝ Սամարղանդ (այժմ՝ Ուզբեկստան) մայրաքաղաքով։ Նրա զորքերը գրավեցին Պարսկաստանը, 1386 թվականին անցան Երասխ գետը և մտան Սյունիք ու Այրարատյան դաշտ։ Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը չկարողացան ընկճել Սասունի լեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։
1402 թվականին Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթան Բայազիդ I-ին (1389-1402) Անգորայի (այժմ՝ Անկարա, Թուրքիայի մայրաքաղաք) ճակատամարտում։ Զորավարը 1405 թվականին մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել[1]։
Լենկթեմուրի հետ Առաջավոր Ասիա էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռ սելջուկ-թուրքական արշավանքների ժամանակ՝ 11–րդ դարում։ Զորավարի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-Կոյունլու և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ 13-րդ դարի վերջին Միջին Ասիայից ներգաղթել էր Փոքր Ասիա և Հայաստան։ Դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներից և ծագել են այդ ցեղերի անունները։ Նրանց իշխանությունները ուժեղացան 15-րդ դարի սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-Կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-Կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468)։ Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում Հայաստանը, Ատրպատականը, Իրանի արևմուտքը և Վրաստանը։
Պետության հիմնում
խմբագրելԿարա-Կոյունլու ցեղապետ Կարա Յուսուֆը հարազատ մնաց իր քոչվորական կենցաղին։ Նա գահն անվանապես հանձնեց որդուն, իսկ ինքը Թավրիզից տեղափոխվեց Բագրևանդ գավառի Վաղարշակերտ (Ալաշկերտ) ամրոցն ու այն դարձրեց իր նստավայրը։ Նրա իշխանության տարիները՝ համեմատած Լենկթեմուրի և նրա հաջորդների հաճախակի կրկնվող արշավանքների ժամանակաշրջանի հետ, հայերին թվում էին խաղաղ։ Թովմա Մեծոփեցի պատմիչի խոսքերով այդ տարիներին Հայաստան աշխարհում խաղաղություն և շենություն էր տիրում։
Հարաբերական խաղաղության այս կարճ շրջանում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Ծավալվեցին շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վերաշինվեց Կարս քաղաքը։ Կարա Յուսուֆի մահից հետո (1420) վերսկսվեցին կռիվներն ակ-Կոյունլուների և Լենկթեմուրի հաջորդների դեմ[2]։
Կարա-Կոյունլուները Հայաստանում
խմբագրել15-րդ դարի սկզբին, հայ բնակչության նվազմանը զուգահեռ, քրդական ու թյուրքական մի շարք ցեղեր հաստատվեցին Հայաստանի արոտավայրերով հարուստ լեռնային գավառներում։ Այդուհանդերձ, Կարա-Կոյունլու գահակալները երբեմն հենվում էին հայերի վրա և անգամ իրենց կոչում էին Հայաստանի թագավորներ («շահ-ի Արման»)։ Նրանք հաճախ պետական բարձր պաշտոնների էին նշանակում հայ իշխանների, իսկ բանակում ներգրավում հայ զինվորականների։
Ջհանշահին (1437-1467) հաջողվում է ճնշել ըմբոստ ցեղապետերին ու ամրապնդել իր իշխանությունը տերության ամբողջ տարածքում։ Նա իր պետության կենտրոն դարձրեց Ատրպատականի խոշորագույն քաղաք Թավրիզը։ Նրա իշխանության տարիներին երկիրը խաղաղվեց, և ժողովուրդը շունչ քաշեց անընդմեջ կռիվներից ու ասպատակություններից։ Ջհանշահի օրոք առևտրական կապեր հաստատվեցին միջինասիական երկրների և Արևմուտքի հետ։ Փորձ արվեց նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության աշխուժացման համար։
Հայ ազնվականություն
խմբագրելԱրևելյան Հայաստանից և այսրկովկասյան երկրներից կազմեց առանձին կուսակալություն, որի կուսակալը նստում էր Նախիջևանում։ Կուսակալությունն իր հերթին բաժանվեց մի քանի վարչական շրջանների։ Հյուսիսարևելյան Հայաստանի վարչական կենտրոն դարձավ Երևանը։ Շարունակում էին ինքնավար մնալ Սյունյաց, Արցախի և մասամբ Վասպուրականի հայ իշխանական տները։ Թեև իսլամադավան իշխանությունների բռնաճնշումների հետևանքով Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանն իր ավելի քան 6.000 տուն հպատակներով ստիպված տեղափոխվել էր Լոռի, որոշ ժամանակ անց նրա որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի Ռուստամ Օրբելյանը, նշանակվեց Այրարատյան երկրի կառավարիչ՝ նստավայր ունենալով Երևանը։ Գործելով հույժ ճկուն՝ Ռուստամը Էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։ Ջհանշահի իշխանության տարիներին Գեղամա երկրի, Վայոց ձորի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի և մի քանի այլ վայրերի իշխանական տները կարողացան վերականգնել իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։
Կարա-Կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ Նրանք ոչ միայն նպաստում էին եկեղեցիների կառուցմանը, այլև պայմաններ ստեղծում այլ շինարարական աշխատանքների համար։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ Աղթամարի Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները՝ ներկայանալով որպես Գագիկ Արծրունու սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Զաքարիա կաթողիկոսը պարտության մատնեց քրդական ռոժոկ ցեղին՝ գրավելով նրանց լաստանավերն ու ազատելով Աղթամարը կողոպուտի ենթարկվելուց։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող իսլամադավան իշխողներին հաշտեցնողի դերում։ Հայկական իշխանությունների վիճակն ավելի ծանր էր Արևմտյան Հայաստանում։ Այդուհանդերձ, շարունակում էին գոյատևել Համշենի, Սասունի, Խութի, Տարոնի, Մոկսի, Շատախի և մի քանի այլ հայկական իշխանություններ[3]։
Հայ հոգևորականություն
խմբագրելՀայկական վերջին պետությունը՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը (1198-1375), գրավվել էր Եգիպտոսի մամլուքների կողմից։ 1426 թվականին Կիլիկիայի Կոստանդին իշխանն իր հազարավոր հպատակներով Կիլիկիայից տեղափոխվեց Կիպրոս։ Բուն Հայաստանում պահպանվում էին Զաքարյան իշխանապետության ժամանակաշրջանում վերականգնված հայկական իշխանությունների մի մասը։
Սիս քաղաքում գտնվող Հայոց կաթողիկոսությունը ոչ միայն հայտնվել էր անպաշտպան վիճակում, այլև Հայաստանի տարածքում գտնվող իշխանությունները ու բնակչությունը համախմբված չէր։ Կիլիկիայի հոգևոր գործիչների մեծ մասը տրամադիր էր միաբանվելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ՝ ակնկալելով նրա օժանդակությունը։ Ստեղծված պայմաններում հայ բնակչության և հոգևորականության մեծ մասի մոտ առաջացավ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը կրկին Սուրբ Էջմիածին տեղափոխելու խնդիրը։ Երևանը դարձել էր Արևելյան Հայաստանի քաղաքական ու վարչական կենտրոնը, դրանով իսկ անհրաժեշտ դարձնելով կաթողիկոսության վերահաստատումն Էջմիածնում։ Էջմիածնում «թագավորական աթոռն ու կաթողիկոսական գավազանը» վերականգնելու խնդիրը բարձրացվել էր Սյունյաց մետրոպոլիտ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Նման ծրագիր են ունեցել Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։
Հայաստանի հոգևորականությունը հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Սիսից Էջմիածին տեղափոխելու պահանջով։ Կաթողիկոսության տեղափոխման գործը ղեկավարեցին Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին։ Նրանք ստացան հայ աշխարհիկ և հոգևոր գործիչների, այդ թվում նաև Աղթամարի կաթողիկոսի, ինչպես նաև Կիլիկիայի կրոնավորների մի մասի համաձայնությունը։ 1440 թվականին նրանք Գրիգոր կաթողիկոսից պահանջեցին Սիսից տեղափոխվել Էջմիածին։ Մերժում ստանալով՝ Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին 1441 թվականին հայ բարձրաստիճան հոգևորականների և աշխարհիկ իշխանների մասնակցությամբ՝ թվով շուրջ 300 մարդ, ժողով հրավիրեցին նախ Երևանում, ապա Էջմիածնում կաթողիկոսության հարցը վճռելու համար։
Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը ուներ ոչ միայն քաղաքական կարևոր նշանակություն, այլև պապականության և եվրոպական քաղաքական ազդեցությունից հայերին հեռու պահելն էր։ Հայաստանին տիրող իսլամադավան տիրակալներն անհանգստություն չէին ունենա հայերի արևմտամետությունից։ Ուստի Էջմիածնի ժողովի մասնակիցները ստանում են Այրարատյան նահանգի կուսակալի համաձայնությունը։ Ժողովը որոշեց Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրել Կիրակոս Վիրապեցուն։ Շուրջ մեկ հազարամյակի ընդմիջումից հետո սուրբ Էջմիածնում վերահաստատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսությունը[4]։
Պետության կործանում
խմբագրելՋհանշահի իշխանության տարիների հարաբերական խաղաղ շրջանը երկար չտևեց։ Ակ-Կոյունլուները, որ հաստատվել էին Աղձնիքում, Ծոփքում ու Տուրուբերանում, Ջհանշահի ժամանակ հարկատու դարձան կարա-Կոյունլուներին։ Սակայն Ջհանշահի մահից հետո ակ-Կոյունլու Ուզուն-Հասան սուլթանը պատերազմ սկսեց կարա-Կոյունլուների դեմ և հաղթելով տիրացավ նրանց տերությանը։ Հիմք դրվեց ակ-Կոյունլուների տերությանը (1468-1502), որի մեջ մտավ նաև Հայաստանը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Լենկթեմուրի արշավանքները Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Քաղաքական և տնտեսական կացությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Ամենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրորդ կեսին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |