Մելիք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք (այլ կիրառումներ)
Մելիք (արաբ․՝ malik — արքա, տեր, տիրակալ), Հարավային Կովկասի և որոշ ասիական երկրների տիրակալների ազնվական տիտղոս։
Հայաստանում տարածվել է ուշ միջնադարում՝ սկսած 16-րդ դարից։ Իրանական տիրապետության ժամանակաշրջանում Մելիք էին կոչվում բնիկ հայ իշխանական տոհմերից սերած և իրենց ենթակա տիրույթներում վարչական արտոնություն ունեցող տոհմիկ ազնվականները, որոնք նաև պատասխանատու էին պետվարկերի ու տուրքերի գանձման համար։ Այդպիսի Մելիքներից էին Մելիք-Դավիթը և նրա օգնական Գյոզալ-բեկը (17-րդ դարի սկզբին)՝ Կոտայքում և Ամբերդում, Մելիք-Օվին և Մանվելը (17-րդ դարի 80-ական թվականներին)՝ Ագուլիսում, Մկրտումը, Հակոբջանը և Մելիք-Աղամալյանները՝ Երևանում։ Սյունիքում, Արցախում, Գարդմանում և Ղարադաղում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահական հրովարտակով, ուներ ժառանգական բնույթ։ Մելիքը միանձնյա իշխանապետական իրավունքներ ուներ իր տիրույթում (մահալում), անձամբ լսում էր հպատակների միջև ծագած վեճերը և կայացնում վճիռ։ Մելիքները ունեին ամրոցներ, որոնք նրանց ինքնավարության ռազմական հենակետերն էին։ Մելիքները նաև ունեին մելիքական զորքեր. 17-18-րդ դարերում, Սյունիքի և Արցախի հայ մելիքների բանակնի ընդհանուր թվաքանակը հասնում էր մոտ 30.000-ի։ Վերջին հայկական մելիքությունները պահպանվել են ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսերը (օրինակ, Աթաբեկյանները պահպանեցին իրենց մելիքությունը Ջրաբերդի տարածքում մինչև 1854 թիվը)։
Մերձավոր Արևելքի տիտղոսներ |
---|
Միապետներ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 385)։ |