Խաչմաչ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Խաչմաչ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի շրջան
ԲԾՄ1177 մետր
Բնակչություն202[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Խաչմաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խաչմաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Ներկայիս գյուղի ծագման վերաբերյալ տարբեր ավանդազրույցներ են մեզ հասել։ Պատմում են, որ Շահ Աբասի ժամանակ պարսկահպատակ հայկական գավառներից երեք եղբայրներ` Խաչին, Սարոն և Սարգիսը, չդիմանալով Իրանի տիրակալի ոտնձգություններին, ընտանիքներով տեղափոխվում են Արցախ՝ նախընտրելով այն որպես ապահով վայր։ Սարոյի կառուցած գյուղը ստացել է Սարուշեն, Սարգսինը՝ Սարգսաշեն, իսկ Խաչունը՝ Խաչմաչ անունները։ Ըստ ավանդության, գյուղը հիմնադրվել է 17-րդ դարի կեսին Կապանից գաղթաց Խաչիկի կողմից և գյուղի անվանումը կապվում է Խաչիկի անվան հետ։ Ասում են՝ երեք գյուղերի բնակիչները միասնաբար որոշում են իրենց բնակավայրերի արանքում կառուցել Սբ. Ամենափրկիչ եկեղեցին[2]։

Խաչմաչի տարեցների մոտ պահպանված մեկ այլ ավանդության համաձայն, քանի որ այդ տարածքներում դարերի ընթացքում միայն հայեր են ապրել, հետևաբար աստծո ողորմությամբ հրեշտակը գյուղի չորս կողմերում խաչեր է կառուցել և բնակավարը թողել խաչերի արանքում՝ ըստ Արցախի բարբառի` «խաչերեն մաչեն»։ Այդտեղից էլ գյուղը ստացել է Խաչմաչ անունը[2]։

Նախկինում անվանվել է Խաչմազ, վերանվանվել Խաչմաչ։

Աշխարհագրություն խմբագրել

Խաչմաչ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում՝ Մարտունի և Ասկերան շրջանների սահմանամերձ լեռնաճյուղերից մեկի հարավահայաց անտառածածկ լանջին[2]։

Խաչմաչը Վարանդայի հին գյուղերից մեկն է։ Դրա վառ վկայությունն է Խաչմաչ գյուղի շրջակայքում միջնադարյան գյուղատեղիներից պահպանված մնացորդները։ Մասնավորապես տների հետքեր են պահպանվել Թղուփ, Թալար, Նավավըղ տեղամասերում։

Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի Մեծ Քիրս լեռնագագաթից[3][4] դեպի արևելք ձգվող լեռնաճյուղերի հարավահայաց բլրապատ հարթավայրային մասում, Ստեփանակերտ քաղաքից 25 կմ, Ասկերան քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևելք։

Խաչմաչ գյուղի հողային տարածությունը կազմում է 1169,49 հա։

Համայնքը լեռնային է, ունի 1169,49 հա տարածք, որից 519,54 հա գյուղատնտեսական նշանակության, 603,03 հա անտառային հողեր։ Խաչմաչ համայնքի սահմանային գոտով է հոսում Վարանդա գետի վտակը։

Պատմություն խմբագրել

Խաչմաչ գյուղը հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։

Իրականում ներկայիս բնակավայրից 1-2 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերից բնակիչները տեղափոխվել և հաստատվել են ավելի բարենպաստ միջավայրում։ Հետագայում որոշ ընտանիքներ այստեղ են տեղափոխվել Բարգուշատից, Քյաթուկից, Բերդաշենից և Հարավից։

Խաչմաչի երիտասարդները 1905-1907 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայ կամավորականների շարքերում պաշտպանել են Վարանդայի գյուղերը։ Առանձնապես տպավորիչ է նրանց 1918-1920 թվականներին պայքարը։ Խաչմաչեցի Հարություն Մկրտչյանը և ցարական բանակի նախկին սպա, պորուչիկ Խաչատուր Հայրումյանը գյուղում կազմակերպում են ինքնապաշտպանական ջոկատ և Թևան Ստեփանյանի օգնությամբ զինվում ու պաշտպանում հայկական գյուղերի անդորրը[2]։

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո գյուղը մտցվել է Ստեփանակերտի շրջանի կազմի մեջ, իսկ 1978 թվականին այն դառնում է նոր կազմավորված Ասկերանի շրջանի բնակավայրերից մեկը։

1930 թվականին Խաչմաչում կազմակերպվում է կոլտնտեսություն։ 1951 թվականին կատարվում է կոլտնտեսությունների խոշորացում։ Խաչմաչի, Վերին ու Ներքին Սզնեքների և Կարմիր գյուղի տնտեսությունների հիման վրա ստեղծվում է «Կոմունիզմ» կոլտնտեսությունը։ 1988 թվականին կատարվում է կոլտնտեսությունների ապախոշորացում։ Խաչմաչի կոլտնտեսությունը առանձնանում է և կրում Նադեժդա Կրուպսկայայի անունը։ 1998 թվականին կազմալուծվում են կոլտնտեսությունները, և ստեղծվում են մենատնտեսություններ։ Խորհրդային տարիներին կոլտնտեսությունը ղեկավարել են Գերասիմ Դանիելյանը, Մելիք Հայրապետյանը, Վարդան Պողոսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գրիշա Համբարձումյանը, Ջալալ Առուշանյանը, Ժորա Պետրոսյանը, Սուրեն Մելիքսեթյանը, Օղուլ Քարամյանը, Հենրիխ Խաչատրյանը, Արարատ Պետրոսյանը[2]։

Խաչմաչի հին ազգատոհմերից են՝ Ղըզարանք, Ղահրունք, Ափունք, Բախշունք, Մընըցկանանք, Գյուլունք, Համբարձումանք, Հըրըվեցեք, Թյունունք, Քյասունք, Մրսելանք, Զարգարանք, Կըրըբեդանք, Ըղամանք, Դալլաքանք, Ըփըրհամանք, Տընյելանք, Հիրումանք, Վիտիսանք[2]։

Խաչմաչը Արցախյան ազատամարտին խմբագրել

Խաչմաչ գյուղում 1989 թվականին կազմավորված ինքնապաշտպանական ջոկատը, հետագայում՝ վաշտը, 1992 թվականին միացել է Ակնաղբյուր, Սարուշեն, Սղնախ, Ջրաղացներ, Մադաթաշեն և Մոշխմհատ գյուղերի վաշտերին և կազմավորել 35-րդ գումարտակը՝ Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ։ 1992 թվականի Շուշիի ազատագրումից հետո գումարտակը, Արցախի պաշտպանության բանակի կազմում, մասնակցել է Մաճկալաշեն, Ճարտար, Շուշի, Լաչին, Կիչան, Չլդրան, Գյուլիբերդ, Թոփաղաջ բարձունք,Գևորգունդաղ բարձունք, Քսապատ, Ակնաբերդ, Մաղավուզ, Ներքին Հոռաթաղ, Պուշկինյան բարձրունք, Փառուխ, Մեծ և Փոքչ Ջիննի, Բուզդաղ բարձունք, Բաղրլու, և մի շարք այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատգրական մարտերին, թշնամուն ետ շպրտելով Օմարի բարձունքից։

Բնակչություն խմբագրել

Խաչմաչ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 227 մարդ, կա 52 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 231 227 200

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Կլիմա խմբագրել

Կլիման մեղմ է, տաք, կիսախոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է +16 աստիճանից +20 աստիճանի, առավելագույն ջերմաստիճանը կազմում է +36 աստիճան։ Ձմեռները մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 աստիճանից հասնում է -10 աստիճանի, նվազագույն ջերմաստիճանը կազմում է -15 աստիճան։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600 մմ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (1651 թ.), գերեզմանոց (17-րդ դ.), «Շոշկավանք» եկեղեցի (18-րդ դ.), խաչքար (13-րդ դ.), հաշվառված է 10 հուշարձան։ Գյուղում և նրա ողջ շրջակայքում պահպանվել են՝ գյուղի մեջ՝ 17-րդ դարի «սբ.Վանես» մատուռը, 17-րդ դարի «սբ.Վանես» խաչքարը, 1651 թվականին «սբ. Ստեփանոս» եկեղեցին, 12-13-րդ դարերի խաչքարը, 1726 թվականի տապանաքարը, 1 կմ դեպի հարավ-արևելք՝ միջնադարի գյուղատեղի, 2 կմ դեպի հարավ՝ միջնադարի «Թղուփի» գյուղատեղի, 19-րդ դարի «Թղուպվա» աղբյուրը, 4 կմ դեպի հարավ «1914 թվականի» կամուրջը, գյուղի եզրին՝ 19-21-րդ դարերի գերեզմանոցը, գյուղատեղիների, 17-րդ դարի գերեզմանոցների, խաչքարերի մնացորդները։ Հնում եկեղեցում պահպանվել են 2 ձեռագիր սաղմոսների ժողովածու և Ավետարան՝ մագաղաթի վրա։ Տեղանքի մանրամասն ուսումնասիրություններից պարզվել է, որ այստեղ դեռ վաղ միջնադարում եղել է քրիստոնեական կառույց։

1651 թվականին Խաչմաչի բնակիչները կառուցել են Սբ. Ստեփանոս եկեղեցին։ Ըստ պահպանված արձանագրության եկեղեցին կառուցել են «… ուստա Յուսեփ և Գևորգ» քարագործ վարպետները։ Թադևոս քահանայի խնդրանքով Աղեքսանդր եպիսկոպոսի օրինակած վերոհիշյալ եկեղեցու Ավետարանը պահվել է Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում[2]։

Խաչմաչի Սբ. Ստեփանոս եկեղեցու քահանայի մոտ եղել է երկու գրագիր սաղմոս։ Նրանցից մեկը՝ մագաղաթյա և գեղագիր, ունեցել է նաև Աթանաս եպիսկոպոսի, Դավիթ մարգարեի մեկնությունը։ Վերջին չորս ձեռագրերի ճակատագրերը հայտնի չեն[2]։

Նույն եկեղեցու` 100 կգ քաշ ունեցած զանգը տեղափոխել են Բաքու և որպես ադրբեջանական ժողովրդի «պատմական հնություն»` ցուցադրվում է պտմության թանգարանում։ 2007 թվականին. բարերար Սեյրան Կարապետյանի միջոցներով եկեղեցին վերանորոգվել է։

Խաչմաչում նշանավոր են Թղուփ, Կույրաղբյուր, Ծլլոկ, Ղազախյուրդ, Քարեն, Երե Ճյուր, Ցորտ, Թոխ, Կյարմուր, Նադար, Կենե, Սարգիսին, Կետե ձյուր, Քարե ձյուր աղբյուրները[2]։

Գյուղի բնակիչնեչը մասնակցել են 1941-1945 թվականների պատերազմին, որի զոհվածների հիշատակին կառուցվել է հուշարձան։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 39 աշակերտներ[6]։

Վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար։ Գյուղը գազաֆիկացվել է, կառուցվել են նոր ջրագիծ, համայնքային կենտրոն, որտեղ գործում են գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակը և 150 հոգու համար նախատեսված միջոցառումների դահլիճը Սալահատակվել են գյուղամիջյան ճանապարհները։

2009 թվականին ստեղծվել է «Խաչմաչ» հիմնադրամը, որը գյուղում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք խթանում են ինչպես ծնելիության աճին, այնպես էլ գյուղի հետ կապված հարցերի լուծմանը։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի Հանրապետության մարդահաշիվ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 564–566.
  3. Մանուկյան, Մարտին (2020). ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ),ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ, ՔԱՂԱՔՆԵՐ, ԳՅՈՒՂԵՐԸ. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 100–101.
  4. ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՄԱՐՏԻԿ (2020). ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ) ՀԱՆՐԱԽԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ, ՔԱՂԱՔՆԵՐԸ, ԳՅՈՒՂԵՐԸ. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 100–101.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 48.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)