Խաչեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
Խաչեն, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում (1979 թվականի ԼՂԻՄ-ում)։ 9-13-րդ դարերում Խաչենի անունով է կոչվել ամբողջ Արցախ նահանգը, երբ նրա նախարարական իշխանական տան հիմնական նստավայր էր դարձել Խաչենի բերդը։ Կոստանդին Ծիրանածինի վկայությամբ (X դար), բյուզանդական արքունիքը գրագրություն է վարել Խաչենի իշխանի հետ՝ այն դիտելով որպես Հայաստանի վարչական միավոր։ Մինչև 12-13-րդ դարերը գրաված տարածքով համապատասխանում էր Արցախին։ Սելջուկ-թուրքերի, ապա մոնղոլների նվաճումների ժամանակ Մուխանք գավառի (Մուղանի դաշտ) մեծ մասն անցավ Գանձակում բնակված քրդական Շադդադյան ամիրայությանն ու նրա ժառանգորդներին։ Խաչենը զբաղեցնում էր Արցախի լեռնային ու նախալեռնային մասերը՝ առանց Մյուս Հաբանդ գավառի հարավային կեսի, որին տիրում էր Արցախի Առանշահիկ իշխանական հարստության Դիզակի (Աբու-Մուսեի ժառանգներից սերված) ճյուղը։
Խաչենի նահանգի սահմաններն անցնում էին արևմուտքում Սևանա լճի արևելյան ափերով (ընդգրկելով Սոդք և Գեղամա գավառները), հարավ-արևմուտքում՝ Դարաբաղյան լեռնաշղթայի հարավային լանջերով և Աղավնո (Հագարի) գետի հոսանքով, հյուսիսում՝ Մռավ սարի հյուսիսային լանջերով, իսկ արևելքում ընդգրկում էին Մուխանքի արևմտյան մասը։
12-րդ դարի 2-րդ կեսին Խաչենի իշխանությունը բաժանված էր երեք ճյուղի, որոնցից յուրաքանչյուրի զբաղեցրած տարածքն ստացել էր իր հատուկ անունը.
- Ներքին Խաչեն (խոխանաբերդցիների իշխանության տիրույթները՝ Մեծիրանք, Բերդաձոր գավառները, Մյուս Հաբանդի հյուսիսային մասը),
- Կենտրոնական Խաչեն կամ Հաթերք (Մեծ Կուանք կամ Մեծ Կվենք գավառի մեծ մասը, Փառիսոսն ու Կողթը),
- Վերին Խաչեն կամ Ծար, որն ընդգրկում էր Սևանի արևելյան ափերը և Թարթառ (Տրտու) գետի ավազանը՝ Գեղամա, Սոդք և Ծար գավառները։
Ուշ միջնադարյան աղբյուրներում Խաչեն անվան տակ հասկացվում էր հիմնականում Խաչենի մելիքության բռնած տարածքը Խաչենագետի ավազանում, քանի որ նախկին նահանգի տարբեր մասերը, 16-րդ դարի սկզբից սկսած, զբաղեցնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Ծարի, Սողքի, Վարանդայի մելիքությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 25)։ |