Ի Բոմ Սոգ (կորեերեն՝ 이범석, չինարեն՝ 李範奭, 1900 թվական, հոկտեմբերի 20-1972 թվական, մայիսի 11), բարձրաստիճան քաղաքական գործիչ, Հարավային Կորեայի առաջին վարչապետ։

Ի Բոմ Սոգ
 
Կրթություն՝ Yunnan Military Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, ռազմական գործիչ և Դիմադրության մարտիկ
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1900(1900-10-20)
Ծննդավայր Սեուլ, Կորեական կայսրություն
Վախճանի օր մայիսի 11, 1972(1972-05-11) (71 տարեկան)
Վախճանի վայր Սեուլ, Հարավային Կորեա
Թաղված Seoul National Cemetery
Քաղաքացիություն  Հարավային Կորեա
Հայր Q12611419?
Ամուսին Maria Kim?

Ընդհանուր նկարագիր խմբագրել

Ավագ դպրոցում սովորելու տարիներին անկախության շարժմանը մասնակցելու պատճառով աքսորվել է Չինաստանի Հանրապետություն։ 1919 թվականին Մանջուրիայում գտնվող Շինհընգ ռազմական ակադեմիայում, Բունգնո Գունջոնգսոյում (բառացի՝ Հյուսիսային ճանապարհի ռազմական կառավարման գրասենյակ) և այլ վայրերում մասնակցել է ոչ միայն ճապոնական լուծը թոթափելուն ուղղված անկախության շարժումներին, այլ նաև Չոնգսաննիի ճակատամարտին` իբրև Բունգնո զինված խմբավորման գերագույն հրամանատար։ Այնուհետև գործունեություն է ծավալել Խորհրդային Միությունում և Մանջուրիայում, մեկնել Չինաստան և դարձել Հարավային Կորեայի Ժամանակավոր կառավարության կողմից ստեղծված Ազատագրական բանակի և Երկրորդ դիվիզիայի հրամանատար։ 1945 թվականին Չոսոնի ազատագրումից անմիջապես հետո Ին փորձել է հայրենիք վերադառնալ, սակայն աքսորվել է Շանհայ։ Վերջինիս հաջողվել է հայրենիք վերադառնալ հաջորդ տարի՝ 1946 թվականին։ Կորեա վերադառնալուց հետո Ան Հո Սանգի հետ հիմնել է Կորեայի ազգային երիտասարդական կազմակերպությունը, ինչպես նաև զբաղվել հակակոմունիստական քաղաքական գործունեությամբ։

Հակառակ Քիմ Գուի միջկորեական բանակցություններին՝ Ի Բոմ Սոգը համագործակցել է Ի Սընգ Մանի հետ, մասնակցել միասնական կառավարության ստեղծմանը և 1948 թվականի հուլիսի 31-ից մինչև 1950 թվականի ապրիլի 20-ը զբաղեցրել Հարավային Կորեայի Հանրապետության առաջին վարչապետի պաշտոնը, իսկ օգոստոսի 15-ից սկսած՝ Ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այնուհետև ստանձնել է Ներքին գործերի նախարարի և Չինաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանի պաշտոնը։ 1952 թվականին երկրորդ անգամ, 1956-ին երրորդ անգամ առաջադրվել է փոխնախագահի պաշտոնին, սակայն Ի Սընգ Մանի միջամտությամբ ձախողվել է։ 1960 թվականից հետո գործունեություն է ծավալել իբրև ընդդիմադիր քաղաքական գործիչ, ապա լքել ընդդիմությունը և ստանձնել Ազգային միավորման վարչության խորհրդականի պաշտոնը։

Կորեայի Հանրապետության վաղ շրջանում Ին զբաղվել է նաև ֆաշիզմի ուսումնասիրությամբ։ Վերջինս Չոսոն դինաստիայի թագավոր Սեջոնգ Մեծի 5-րդ որդու՝ Գվանգփյոնգ արքայազնի 17-րդ հետնորդն է և Ի Մուն Հայի որդին։

Կենսագրություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

 
Ի Բոմ Սոգի հայրը՝ Ի Մուն Հան

Ծնունդ և ընտանիք խմբագրել

Ի Բոմ Սոգը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 20-ին Կորեական կայսրության Հանսոնգբու վարչական կենտրոնի Յոնգդոնգ շրջանում, Ի Մուն Հայի և Ի Յոն Անի ընտանիքում։ Իի ընտանիքը սերում էր Չոսոնի թագավորական ընտանիքից․ վերջինս Սեջոնգի հինգերորդ որդու՝ Գվանգփյոնգ արքայազնի հետնորդն է, այլ բառերով ասած` Գվանգփյոնգ արքայազնի երրորդ թոռան՝ Չոնգանգուի երրորդ որդի Ի Չոն Սուի տասնհինգերորդ հետնորդը։

Պապը՝ Ի Ին Չոնը (կորեերեն՝ 이인천, չինարեն՝ 李寅天) գրագիր էր։ Աշխատել է ակադեմիայում։

Գյոչոննիում կա մի տուն, որտեղ ապրել են և շարունակում են ապրել Ի ընտանիքի տարբեր սերունդներ։

Հայրը՝ Ի Մուն Հան, Չոսոնի ուշ շրջանում ստանձնում է գյուղատնտեսության ու առևտրի նախարարության խորհդրդականի և պալատական խորհրդականի պաշտոնը։ Այն ժամանակ, երբ որդին պետք է լույս աշխարհ գար, Ի Մուն Հան Կորեական կայսրության պաշտոնյա էր, ուստի հաճախ էր գործուղումների գնում։ Մայրը՝ Ի Յոն Անը, սրտի հիվանդությամբ էր տառապում։ Ընտանիքում երեխաները հինգն էին՝ ավագ եղբայր Ի Բոմ Հոնգը, ավագ քույրեր Ի Բոմ Հոն և Ի Բոմ Սուգը, Ի Բոմ Սոգը (չորրորդ երեխա) և կրտսեր եղբայր Ի Բոմ Հյոգը (մայր՝ Քիմ Հե Քիմ

Ի Բոմ Սոգը ծնվել է Հանսոնգբուում, սակայն մանկության վաղ շրջանը անց է կացրել Գյոնգիդոյում։ Նա մեծացել է հարուստ և առողջամիտ ընտանիքում, սակայն, դժբախտաբար, վաղ հասակում կորցրել է մորը։

1911 թվականին Ի Մուն Հային նշանակում են Իչոնի նահանգապետ։ Հոր աշխատանքի բերմամբ Ի Բոմ Սոգը մանկությունն անց է կացնում Իչոնում[1]։

Մանկություն խմբագրել

Հայրը՝ Ի Մուն Հան, իր վրա կրելով լուսավորական գաղափարախոսության ազդեցությունը, ազատ է արձակում տան բոլոր ստրուկներին։ Սակայն այդ ժամանակ Ջոնգ Թե Գյու (կորեերեն՝ 정태규, չինարեն՝ 丁太圭) անունով ստրուկը, ով մոտ քսան տարեկան էր, չի լքում Ի Բոմ Սոգի տունը և շարունակում է այդտեղ ապրել։ Ասում են՝ Ջոնգ Թե Գյուն վարանում էր լքել իր երիտասարդ տիրոջ տունը, քանզի հասցրել էր մտերմանալ տան տիրոջ որդու՝ Ի Բոմ Սոգի հետ։ Ի Մուն Հային սկսում են քննադատել նրա համար, որ Ջոնգ Թե Գյուին թողել էր իր տանը (թեև նա այլևս ստրուկի կարգավիճակում չէր), ուստի Մուն Հան, Թե Գյուին տալով Օ ազգանունը, վերջինիս ուղարկում է ծառայության Կորեայի կայսերական բանակի գումարտակում։ Ավելի ուշ Ջոնգ Թե Գյուն՝ որպես մարտական հենակետի զինվոր, ծառայության է անցնում Փաք Սընգ Հվանի ղեկավարության տակ գտնվող գումարտակում և զինվորական համազգեստով հաճախ է այցելում Ի Բոմ Սոգի տունը։

Երբ Ջոնգ Թե Գյուն, որն այնպես էր հոգ տանում Ի Բոմ Սոգի մասին, ասես նա իր հարազատ կրտսեր եղբայրը լիներ, 1907 թվականին գլխատվում է ճապոնա-կորեական համագործակցության նոր պայմանագրով պարտադրված բանակային լուծարմանը դիմակայելիս, Ի Բոմ Սոգը որոշում է միանալ հակաճապոնական դիմադրությանը, սակայն 1915 թվականին Ի Բոմ Սոգն իր ծավալած գործունեության արդյունքում 16 տարեկան հասակում աքսորվում է Չինաստան[2]։ 1907 թվականի օգոստոսի 1-ին Հիրոբումի Իտոն արձակում է կորեական բանակը ցրելու հրամանը։ Գումարտակի հրամանատար Փաք Սընգ Հվանը, չենթարկվելով կորեական բանակը ցրելու հրամանին, ինքնասպան է լինում. գումարտակը հարձակում է գործում Սեուլի կենտրոնում տեղակայված ճապոնական զորքի վրա, սակայն կռվի արդյունքում բոլոր կորեացի զինվորները սպանվում են։ Ճապոնական զորքը առանց խոչընդոտի ներխուժում է Գյոնգսոնգում գտնվող առանձնատներ, այդ թվում նաև Ի Բոմ Սոգի տուն, և սկսում փնտրել կորեացի զինվորներին։ Այդ օրը վաղ երեկոյան, լսելով գյուղացիների բղավոցները այն մասին, որ գետնին մահացած զինվոր է ընկած, Ի Բոմ Սոգը ավագ քրոջ հետ գնում է գյուղի մուտքի մոտ և այդտեղ բացահայտում Ջոնգ Թե Գյուի դին՝ հագին զինվորական համազգեստ՝ արյան մեջ թաթախված։ Տեսնելով Ջոնգ Թե Գյուի աղավաղված մարմինը՝ Ի Բոմ Սոգը որդեգրում է հակաճապոնական գաղափարախոսությունը (կորեերեն՝ 배일사상, չինարեն՝ 排日思想) և սկսում է վրեժխնդիր լինել։ Հետագայում Ի Բոմ Սոգը հանգում է այն մտքին, որ հնարավոր է Չինաստան աքսորվելը Աստծու կողմից նշան էր։ Նախքան տարրական դպրոց ընդունվելը նա անհատական դասեր էր ստացել գյուղի ուսուցչից և չինարեն սովորել։

Ի Բոմ Սոգի հայրը՝ Ի Մուն Հան, նորից է ամուսնանում և տիկին Քիմ Հեն դառնում է իր խորթ մայրը։ Այնուհետև ծնվում է Ի Բոմ Սոգի կրտսեր եղբայրը՝ Ի Բոմ Հյոգը, որն իրենից քսան տարով փոքր էր։ Սկզբում Ի Բոմ Սոգը չափազանց չարաճճի տղա էր, բայց նա, ով իրեն մեծացնում է իբրև անկախության շարժման ակտիվիստ, խորթ մայրն էր[1]։

 
Ի Բոմ Սոգի խորթ մայրը՝ տիկին Քիմ Հեն

Պատանեկություն խմբագրել

Ի Բոմ Սոգը այնքան ժիր և չարաճճի տղա էր, որ հարևան տների երեխաները իր գլխավորությամբ էին բոլոր չարությունները անում։ Մի անգամ գյուղը հսկելու նպատակով ձի հեծած ճապոնացի ոստիկանի վրա ռետինե պարսատիկով քար է նետում, և վերջինս ձիու վրայից վայր է ընկնում[1]։ Ձիուց ընկած ճապոնացի ոստիկանը այցելում է Ի Բոմ Սոգի հորը և բողոքում նրան, սակայն Ի Մուն Հային հաջողվում է ոստիկանին հանգստացնել։ Հացահատիկով լի պարկը քաշելը, ջրի մեջ գցելը և փախուստի դիմելը. այս ամենը Ի Բոմ Սոգի տանեցիների համար սովորական տեսարան էր դարձել։ Մի օր էլ մի քանի կովեր սատկում են, քանի որ կատակասեր Բոմ Սոգը մերկ ձեռքերով օձ էր բռնել և այնպես արել, որ այդ օձը կծի նրանց[1]։ Կովերի տերը անմիջապես այցելում է Ի Մուն Հային և բողոքում նրան։ Ի Մուն Հան, որ բացարձակապես չէր զարմացել և ոչ էլ զայրացել այն ժամանակ, երբ իմացել էր, որ Բոմ Սոգի պատճառով ճապոնացի ոստիկանը ձիու վրայից վայր էր ընկել, այս անգամ կացին է շպրտում որդու ուղղությամբ[1]։

Տեսնելով ամուսնու կացինը՝ Բոմ Սոգի խորթ մայրը որդուն պաշտպանելու համար նետվում է նրա ուղղությամբ, ինչի արդյունքում կացնի հարվածից վնասվում է Քիմ Հեի ծունկը։ Այս դեպքից հետո խորթ մայրը մնացած ողջ կյանքը կաղալով է քայլում[1]։ Ասում են՝ Բոմ Սոգի խորթ մոր սերը այսքանով չէր սահմանափակվում։ Երբ գալիս էր աշունը, կպչուն բրնձով տոկ էր պատրաստում և հանուն որդու հասնում մինչև հեռավոր Մանջուրիա, քանի որ վերջինս չափազանց զբաղված էր անկախության շարժման հարցով և ոչ մի վայրկյան ազատ ժամանակ չուներ[1]։ Ասում են, որ այդ ժամանակվանից ի վեր Բոմ Սոգն է՛լ ավելի ուշադիր է դառնում իր խորթ մոր և կրտսեր եղբոր նկատմամբ։ Կյանքի վերջին տարիներին գրած «Ուդունգբուլ» (կորեերեն՝ 우둥불, թարգմանաբար նշանակում է խարույկ) գրքում Ի Բոմ Սոգը պատմել է իր խորթ մոր՝ տիկին Քիմ Հեի հանդեպ տածած խորը սիրո մասին, ով անգամ չարաճճի տարիքից սկսած մինչև վերջ հավատում և վստահում էր իրեն[1]։ Համաձայն Ի Բոմ Սոգի խոսքերի՝ իր մայր Քիմ Հեն ոչ միայն բարի ու բանիմաց կին էր, հատկապես չինարեն հիերոգլիֆների հարցում, այլ նաև բարեկիրթ։

Դեռահասություն խմբագրել

Դպրոցական տարիներ խմբագրել

1910 թվականին Ի Բոմ Սոգը ընդունվում է Ջանգսադոնգ (կորեերեն՝ 장사동, չինարեն՝ 長沙洞) շրջանում գտնվող Գյոնգսոնգ մասնավոր ռազմական դպրոցի առաջին դասարան։ Տանը գյուղական ուսուցչի փոխարեն Բոմ Սոգի քեռին՝ Ի Փիլ Սընգն (կորեերեն՝ 이필승, չինարեն՝ 李弼承) է վերջինիս չինարեն և չինական գրականություն սովորացնում։ Երբեմն-երբեմն նրանց այցելության է գալիս Ի Փիլ Սընգի սանը՝ Շին Իգ Հվին։ Ինչպես նշվում է Ի Բոմ Սոգի հուշագրերում՝ Շին Իգ Հվին ժամանակ առ ժամանակ գալիս էր իրենց տուն՝ իր հետ խաղալու և գրկում էր իրեն։ Համաձայն Ի Բոմ Սոգի՝ այդ ժամանակ Շին Իգ Հվին սովորում էր ավագ դպրոցում և չափազանց աղքատ էր։ Նույն տարվա օգոստոս ամսին, երբ Կորեական կայսրությունը անկում է ապրում, հայրը՝ Ի Մուն Հան, 3-4 օր շարունակ հացադուլ է անում և անընդհատ արտասվում։ Ավելի ուշ Ի Մուն Հան վերադառնում է Գանգվոնդո, այնուհետև ընտանիքը հետևում է նրան և նույնպես տեղափոխվում այնտեղ։ 1911 թվականին Ի Բոմ Սոգը սկսում է հաճախել Գանգվոնդոյում գտնվող Իչոնի հանրային դպրոց (կորեերեն՝ 이천공립보통학교, չինարեն՝ 伊川公立寶通學敎)[3]:

Գանգվոնդոյում եղած ժամանակ վերջինս այնտեղի լեռներում թաքնվելիս ականատես է լինում, թե ինչպես են ձերբակալում Արդարության բանակի զինվորներին։ Սակայն ոչ թե ճապոնացիները, այլ կորեական ռազմական ոստիկանության օգնականներն էին գլխավորում որոնումները և մատնում Արդարության բանակի թաքստոցքը։ Ասում էին՝ նրանցից ոմանք զենքերը վայր էին դրել և անցել թշնամու կողմը։ Ավելի ուշ Ի Բոմ Սոգը, մատնացույց անելով կորեական ռազմական ոստիկանության օգնականներին, դատապարտում է նրանց՝ ասելով. «Դուք՝ կորեական ռազմական ոստիկանության օգնականներդ, կարմիր ուսադիրներ եք կրում և հպարտանում ինքներդ ձեր գործած «սխրագործություններով», բայց նույնիսկ շունն է ձեզանից լավ աշխատում»։

1913 թվականի մարտին Ի Բոմ Սոգը բարձր գնահատականներով ավարտում է Իչոնի հանրային դպրոցը։

Ուսում միջնակարգ դպրոցում խմբագրել

1913 թվականին Ի Բոմ Սոգը լքում է տունը և տեղափոխվում Գյոնգսոնգ՝ տեղի միջնակարգ դպրոցում սովորելու նպատակով (ներկայումս ավագ դպրոց է)։ Այդ ժամանակ է, որ Ի Բոմ Սոգը հանդիպում է Փաք Հոն Յոնգին, Շիմ Հունին և այլ անձանց, ովքեր դառնում են իր դասընկերները։ Իր զվարթ բնավորության շնորհիվ Ի Բոմ Սոգը երկու տարի շարունակ Գյոնգսոնգի միջնակարգ դպրոցում զբաղեցնում է 8-րդ տեղը, ինչպես նաև հաճախում է Գյոնգսոնգի երիտասարդական կենտրոն և ձյուդո սովորում։ Միջնակարգ դպրոցում աշակերտելու երկրորդ տարում Բոմ Սոգը սովորում է չմուշկներով սահել, իսկ երրորդ տարում սկսում է հետաքրքրվել բանաստեղծություններ գրելով։ Այդ ժամանակ գրում և ներկայացնում է չինարեն բանաստեղծություններ (կորեերեն՝ 한시, չինարեն՝ 漢詩), որոնց համար գովասանքի է արժանանում չինական գրականության ուսուցչուհու՝ Յո Ջա Սոնգի կողմից։ Նա միշտ գովաբանում էր Ի Բոմ Սոգին՝ վերջինիս կոչելով հրաշամանուկ և խրախուսում ապագայում հիանալի գործիչ դառնալ։

Գյոնգսոնգի միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին Ի Բոմ Սոգի դասարանում կային նաև ճապոնացիներ։ Ճապոնացի աշակերտները հաճախ էին նրան արհամարհում։ Դեռ ավելին, երրորդ տարվա առաջին կիսամյակի սկզբում չնչին լեզվակռիվը էմոցիաների ազդեցության տակ վերածվում է խմբակային ծեծուջարդի։ Բոմ Սոգին քաշքշելով տանում են ուսուցչանոց, որտեղ ճապոնացի ուսուցիչները կշտամբում և վիրավորում են նրան՝ ասելով, որ իր անտաշ բնավորության պատճառով անգամ չգիտի դիմացինին հարգել։

Չնայած այդ ամենին՝ Ի Բոմ Սոգը ավարտում է Գյոնգսոնգի միջնակարգ դպրոցը[4], այնուհետև ընդունվում և ավարտում է Հանգջուի մարզական դպրոցը[4]։

1914 թվականից սկսած հայրը՝ Ի Մուն Հան, զբաղվում է որդու ամուսնության խնդրով։ 1915 թվականին Ի Բոմ Սոգը նշանվում է Չոնանգունի նահանգապետի՝ Քիմ Սընգ Հյոնի դստեր հետ։ Նրանք ամուսնանում են նույն տարվա աշնանը և սկսում ապրել Սեուլի իրենց տանը։ Սակայն Ի Բոմ Սոգին այդքան էլ չէին հետաքրքրում կնոջ հետ հարաբերությունները, ուստի նրանք բաժանվում են, երբ Բոմ Սոգը մեկնում է Չինաստան։

1915 թվականին՝ Գյոնգսոնգի միջնակարգ դպրոցում աշակերտելիս[4] վերջինս երազում էր ճապոնական ռազմական ակադեմիայում սովորելու մասին, բայց անհույս էր, քանի որ գնահատականները բավարար բարձր չէին։ 1915 թվականի ամռանը հանդիպում է Յո Ուն Հյոնգին, ով դպրոցական արձակուրդների ժամանակ վերադարձել էր Կորեա։ Օրերից մի օր նա այցելում է Յո Ուն Հյոնգին, ով կազմակերպում էր կորեացի ուսանողների տեղափոխումը Չինաստան, և հայտնում նրան Չինաստան մեկնելու իր ցանկության մասին. Յո Ուն Հյոնգը համաձայնվում է։ Բոմ Սոգը գնում է Իչոնի իրենց տուն և հորը հայտնում Չինաստան մեկնելու իր մտադրության մասին, սակայն Ի Մուն Հան փորձում է համոզել և հետ պահել որդուն այդ քայլից, պատճառ բերելով այն, որ նա որպես որդի հայրենիքում էլ պարտականություններ ունի կատարելու։

Մեկնում և ժամանում Շանհայ խմբագրել

1915 թվականի ամառային արձակուրդի ավարտից հետո Բոմ Սոգը վերադառնում է Գյոնգսոնգ, և հայրը՝ Ի Մուն Հան, սկսում է լրջորեն տարհամոզել նրան։ Վերջինս հանգստացնում է հորը՝ խոստանալով կենտրոնանալ ուսման վրա։ Նախքան երկիրը լքելը Ի Բոմ Սոգը համոզվում է, որ հայրը իր ունեցվածքի մի մասը ավանդադրել է Հանսոնգ բանկում, և այցելում է Հանսոնգ բանկի տնօրեն Հան Սանգ Յոնգին, ով մտերիմ էր Ի Մուն Հայի հետ։ Ի Բոմ Սոգը իր հոր հանձնարարությամբ հաճախ էր այցելում Հան Սան Յոնգի տուն, և մի օր Հան Սան Յոնգին հեռագրով տեղեկացնում են, որ շտապ հողատարածք գնելու նպատակով Ի Բոմ Սոգը հազար երեք հարյուր վոն է կանխիկացրել։ Սակայն այդ հազար երեք հարյուր վոնը Ի Բոմ Սոգը տալիս է ճանապարհածախսին և այցելում իր ավագ քրոջ տուն։ Քրոջ ամուսինը Շին Սոգ Ուն էր, ով նախքան աքսորի ենթարկվելը «Չոսոն-Իլբո» օրաթերթի գործադիր տնօրենն էր։ Երբ քույրն իմանում է, որ իր կրտսեր եղբայրը պատրաստվում է այցելության գալ իրենց տուն, վաճառում է զարդեղենը և դրանից ստացած հարյուր վոնը տալիս է Բոմ Սոգին։ Ի Բոմ Սոգը խնդրում է քրոջը հետևյալը․ «Մինչև հեռանալուցս հետո մեկ շաբաթ չանցնի, ոչինչ չասես տանեցիներին, ոչ մի դեպքում»։

1915 թվականի դեկտեմբերի վերջին Ի Բոմ Սոգը լքում է Իչոնը և մեկնում Յոնգդոնգփո։ Այդ ժամանակ իր ընկերներից միայն Շին Փիլն (կորեերեն՝ 신필, չինարեն՝ 申弼) է ճանապարհում իրեն։ Բոմ Սոգը մի քանի ընկերներ ուներ, սակայն միայն Շին Փիլը գիտեր գաղտնիքներ պահել, ուստի նա միայն Շին Փիլին է հաղորդում իր մեկնման մասին և մի նամակ է տալիս, որ փոխանցի ծնողներին։ Քողարկվելով ճապոնացի ուսանողի անվան տակ՝ գնացքով ժամանում է Շինիջու, կամրջով հատում է Յալու գետը, այնուհետև հասնում Անդունգ նահանգ և անցնում Չինաստան։

Անդունգ ժամանելուց հետո չինական հագուստ է հագնում և չինարեն խոսում, ինչը ավագ դպրոցի երրորդ դասարանում էր սովորել իր ընկեր Ի Բյոնգ Սամից (կորեերեն՝ 이병삼, չինարեն՝ 李丙三), այնուհետև չինացու քողարկման տակ գնացքով հասնում է Շանհայգվան անցում, իսկ այնտեղից՝ Փոնգթյեն։ Փոնգթյենում գտնվող կորեական պանդոկի սենյակներից մեկում վերամիավորվում է Յո Ուն Հյոնգի հետ, ով այդտեղ ժամանակավոր օթևան էր գտել։ Վերջինիս անհանգստացնում էր ճանապարհածախսը, սակայն Ի Բոմ Սոգը ասում է նրան, որ բավականաչափ գումար ունի, և նրանք միասին նստում են մեքենա ու ուղևորվում Նանջինգ։ Ի Բոմ Սոգը հայտնում է Յո Ուն Հյոնգին, որ իր քրոջ ամուսինը Շին Սոգ Ուն է, ինչին ի պատասխան Յո Ուն Հյոնգն ասում է, որ Շին Սոգ Ուն մոտ է Շին Գյու Շիգի հետ։ Շանհայ ժամանելուն պես Բոմ Սոգը այցելում է քրոջ ամուսնուն՝ Շին Սոգ Ուին։ Հանդիպում է Շանհայում բնակվող կորեացիների առաջնորդի՝ Շին Գյու Շիգի հետ, ում տանը մնալով՝ վեց ամիս անց ավարտում է Հանգջու (կորեերեն՝ 항주, չինարեն՝ 抗州) ռազմական նախապատրաստական դպրոցը։ Շին Գյու Շիգի տանը մնալու ընթացքում հանդիպում է վերջինիս այցելության եկած Սուն Վոնին։

Անկախության շարժման և Ազատագրական բանակի շարքերում ծավալած գործունեություն խմբագրել

Անկախության շարժում խմբագրել

Ռազմական ակադեմիայում ուսանելու շրջան խմբագրել

1916 թվականին Շին Գյու Շիգի աջակցությամբ Ի Բոմ Սոգը կարողանում է հանդիպել Չինաստանի Ազգային կուսակցության հիմնադիր Սուն Վոնին։ Սուն Վոնը Շին Գյու Շիգին հարցնում է, թե նրանք ինչ հարաբերություններով են կապված, և այդպես Շին Գյու Շիգի շնորհիվ տեղի է ունենում Ի Բոմ Սոգի և Սուն Վոնի ծանոթությունը։ Սուն Վոնը հետևյալ հարցն է հղում Բոմ Սոգին. «Ռազմական ակադեմիայում սովորելու հետ մեկտեղ Ճապոնիայի դեմ կռվելու քաջություն ունե՞ս»։ Եվ այդպես Սուն Վոնի խորհրդով Բոմ Սոգը ընդունվում է Ուննամ ռազմական ակադեմիա (ավելի կոնկրետ՝ հեծելազորային բաժին), որտեղ Սուն Վոնը հեղափոխական կադրեր էր պատրաստում։ Բոմ Սոգը, խուսափելով ճապոնական հյուպատոսության ոստիկանությունից, Փե Դալ Մուի (կորեերեն՝ 배달무, չինարեն՝ 裵達武), Քիմ Ջոնգի (կորեերեն՝ 김정, չինարեն՝ 金鼎), Քիմ Սե Ջունի (կորեերեն՝ 김세준, չինարեն՝ 金世晙), Չվե Ջինի (կորեերեն՝ 최진, չինարեն՝ 崔震) և այլ երիտասարդների հետ լքում է Շանհայը՝ նավով կտրել-անցնելով Հոնկոնգը, Թոնգքինգը և Հանոյը, այնուհետև գնացքով ուղևորվում է Վիննան (նույնն է, ինչ Ուննամ) և հասնում ռազմական ակադեմիա։

Բոմ Սոգը ակադեմիա է ընդունվում Գիրին նահանգից սերող ուսանողի քողարկման տակ, սակայն ինքնությունը հաստատելու ժամանակ խնդիրներ են առաջանում։ Այնուամենայնիվ, Շին Գյու Շիգի և Սուն Վոնի աջակցությամբ Բոմ Սոգը Վիննան նահանգի զորավար (կորեերեն՝ 독군, չինարեն՝ 督軍) Դանգ Գյե Յոյի կողմից բնութագիր (պաշտոնական փաստաթուղթ) է ստանում, որտեղ իր իրական տարիքին ևս երկու տարի էր ավելացված և նշված՝ իբրև թե Ի Գուգ Գըն (կորեերեն՝ 이국근, չինարեն՝ 李國根) անունով չինացի է, որ մեծացել է արտասահմանում։ Եվ այդպես Ի Բոմ Սոգին հաջողվում է կեղծ անվան տակ ընդունվել Չինաստանի Ուննամ ռազմական ակադեմիա[5]։ Այդ ժամանակ Դանգ Գյե Յոն միակն էր, որ քաջատեղյակ էր Ի Բոմ Սոգի ազգության և կուսակցության մասին։ Ավարտելով նոր ընդունվածների համար նախատեսված վեցամսյա պարապմունքները՝ Բոմ Սոգը տեղափոխվում է հեծելազորային բաժին և ևս 32-ամսյա ուսուցում անցնում։ Ռազմական ակադեմիա հաճախելիս հանդիպում է չինական բանակի գեներալ Յե Ջին Ինգին, ում հետ մտերմիկ հարաբերություններ են ձևավորվում։ Ռազմական ակադեմիայի տնօրենը՝ Ջոնգ Քայ Վոնը (կորեերեն՝ 정카이원, չինարեն՝ 鄭開文), ով ժամանակին աշակերտել էր Դանգ Գյե Յոյի մոտ, առանձնահատուկ հոգատարությամբ էր վերաբերվում Ի Բոմ Սոգին։

Ի Բոմ Սոգը չի մոռանում Շին Գյու Շիգի ցուցումները և ռազմական ակադեմիա հաճախելիս իրեն նվիրում է ուսմանը։ Երրորդ կիսամյակից սկսած Ի Բոմ Սոգը շարունակ զբաղեցնում է առաջին տեղը։

Յու Թագ Յանգը (կորեերեն՝ 유탁양, չինարեն՝ 劉卓陽), ով ավարտել էր Ճապոնիայի զինվորական ակադեմիայի ռազմական ինժեներության բաժինը, շինարարության սկզբունքների և տեխնիկայի ուսումնասիրության (կորեերեն՝ 축성학, չինարեն՝ 築城學) մասին դասախոսություն ընթերցելու ժամանակ ասում է հետևյալը. «Չոսոնը ժամանակին չինական գաղութ է եղել, իսկ հիմա գտնվում է ճապոնական վերահսկողության տակ։ Կորեացիները միայն գիտեն՝ ինչպես խմել ու տխրության գիրկն ընկնել»։ Երբ Բոմ Սոգը լսում է այս խոսքերը, զայրույթը պատում է նրան, ուստի մի փայտե աման է վերցնում ու վեր կենում տեղից, բայց իր ընկերոջ՝ Չվե Ջինի շնորհիվ հանդարտվում է և նորից նստում։ Այդ ժամանակ իր բռնած փայտե ամանը նվեր էր Շին Գյու Շիգի կողմից։ Այդ դեպքից հետո Ի Բոմ Սոգը մյուսներից հետ չմնալու վճռականությամբ անգամ լույսերը անջատելուց հետո ծածկվում է վերմակով և դաս անում։ Խմբակիցների օգնությամբ գիշերային պահակի կողմից պատիժ ստանալուց խուսափելու դեպքեր էլ են եղել։

Զինվորական սպա դառնալու փորձաշրջան խմբագրել

1919 թվականին Ի Բոմ Սոգը ավարտում է Վիննան նահանգի ռազմական ակադեմիայի հեծելազորայիններ նախապատրաստող բաժինը։ Այնուհետև որպես զինվորական սպա սկսում է փորձաշրջան անցնել չինական բանակում և ծառայության է անցնում հեծելազորային գնդում։

Ապրիլ ամսին՝ դեռ փորձաշրջան անցնելու ժամանակ Բոմ Սոգը լուր է ստանում մարտի 1-ին Կորեայում բռնկված անկախության շարժման մասին։ Առանց վերադասին տեղեկացնելու՝ Բոմ Սոգը չորս կորեացի սպաների հետ այցելում է զորավար Դանգ Գյե Յոյին և ամեն բան զեկուցում նրան։ Գլխի ընկնելով Կորեայի անկախության շարժմանը մասնակցելու նրանց մտադրության մասին՝ Դանգ Գյե Յոն վճարում է Շանհայ հասնելու համար պահանջվող ողջ ճանապարհածախսը և անգամ լուծում վիզաների հարցը։ Շուտով Բոմ Սոգը լքում է Վիննանը, հունիսին ժամանում Շանհայ և հանդիպում Շին Գյու Շիգին, Ի Շի Յոնգին և այլ անձանց։ Կորեայի Ժամանակավոր կառավարության անդամները Ի Բոմ Սոգին առաջարկում են ստանձնել Ժամանակավոր կառավարության զինվորական պաշտոնյայի պարտականությունները, սակայն Բոմ Սոգը այդ առաջարկը որպես վիրավորանք է ընկալում և հրաժարվում է։

Նրա՝ Ժամանակավոր կառավարությունում զինվորական պաշտոնյայի պարտականությունները ստանձնելու առաջարկից հրաժարվելը մասամբ պայմանավորված էր Շանհայում տեղի ունեցած միջկուսակցական երկպառակությամբ և դրանից առաջացած հիասթափությամբ։ Երկու ամիս Շանհայում անցկացնելուց և պարտիզանական մարտին նախապատրաստվելուց հետո Բոմ Սոգը բաժանվում է մյուս չորս սպաներից։ Ի Շի Յոնգի և ուրիշների խորհրդով 1919 թվականի աշնանը Բոմ Սոգը լքում է Շանհայը և ուղևորվում Մանջուրիայի Լյուհո շրջան, որտեղ գտնվում էր Շինհընգ ռազմական ակադեմիան։

Մանջուրիայի ազատագրական բանակում ծավալած գործունեություն խմբագրել

Ի Շի Յոնգի առաջարկությամբ Ի Բոմ Սոգը ժամանում է Մանջուրիայի Բոնգչոն նահանգի Յուհահյոն շրջանում գտնվող Շինհընգ ռազմական ակադեմիա, որտեղ ծանոթանում է Քիմ Գվանգ Սոյի (կորեերեն՝ 김광서, չինարեն՝ 金光瑞), Շին Փալ Գյունի (կորեերեն՝ 신팔균, չինարեն՝ 申八均), Ջի Չոնգ Չոնի (կորեերեն՝ 지청천, չինարեն՝ 申八均) և այլ անձանց հետ։ 1919 թվականի աշնանից սկսած մինչև 1920 թվականը Ի Բոմ Սոգը, ստանձնելով Մանջուրիայի Շինհընգ ռազմական ակադեմիայի հրահանգչի դերը, զբաղվում է ազատագրական բանակի վարժեցմամբ[4]՝ միաժամանակ ենթարկվելով Ճապոնիայի գործադրած անուղղակի ճնշմանը, ինչը պայմանավորված էր արվարձաններում Ջանգ Ճվո Լին զորավարի ունեցած ազդեցությամբ, ուստի է՛լ ավելի լուրջ դժվարություններ են ի հայտ գալիս։

1920 թվականին Ի Բոմ Սոգը ժամանում է Գիլլիմ նահանգի Վանգչոնգ (կորեերեն՝ 왕청현, չինարեն՝ 汪淸縣) շրջան, միանում Բունգնո Գունջոնգսոյին (բառացի՝ Հյուսիսային ճանապարհի ռազմական կառավարման գրասենյակ), որը առաջնորդվում էր գեներալ Քիմ Ջվա Ջինի կողմից, որպես վաշտի հրամանատար մասնակցում է Չոնգսաննիի ճակատամարտին և մեծապես նպաստում տարած փայլուն հաղթանակին, այնուհետև նշանակվում է զորահրամանատար[4][6]: Նույն տարվա սկզբին Ի Բոմ Սոգը պատասխանատու էր Բունգնո Գունջոնգսոյին զենք մատակարարելու համար, և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Վլադիվոստոկում տեղակայված չեխական զորքերը, որոնք պատրաստվում էին լքել Ռուսաստանը և հայրենիք վերադառնալ, տեղեկանում են, որ իրենցից յուրաքանչյուրը պարտավոր է վաճառել իր զենքը։ Ի Բոմ Սոգը իր սեփական ֆինանսական միջոցներով և գյոփոների (արտասահմանում ապրող կորեացիներ) աջակցությամբ չեխական բանակից ահռելի քանակությամբ զինամթերք, ծանրոցներ, ծանր գնդացիրներ, պարկուճներ և վառոդ է գնում։ Մեծ քանակությամբ զենք գնելուց հետո Ի Բոմ Սոգը հավաքագրում է կուրսանտների և անցնում ռազմական պատրաստության իրականացմանը։

1920 թվականի գարնանը Ի Բոմ Սոգի սակավաթիվ զորքը, ավազակախմբի հետ միավորվելով, հարձակվում է Հունչուն քաղաքում գտնվող ճապոնական հյուպատոսության վրա և կասեցնում ճապոնական զորքի հակառուսական օպերացիան։ Ճապոնական բանակի 13-րդ և 14-րդ դիվիզիաները ռուսական բանակի կողմից գերի վերցված չեխական բանակը ազատելու պատրվակով շարժվում են դեպի հարավ, իսկ 21-րդ դիվիզիան հատում է Թոմուն գետը և շարժվում դեպի հյուսիս։ Մինչ այդ Մանջուրիայի գնացքուղու պահակախումբը հատում է Սոնգհվա գետը և շարժվում դեպի արևմուտք։

Չոնգսաննիի ճակատամարտ խմբագրել

1920 թվականի մարտին Ի Բոմ Սոգին իր մոտ է կանչում Բունգնո Գունջոնգսոյի գերագույն հրամանատարը՝ Քիմ Ջվա Ջինը։ Ի Բոմ Սոգը ոտքով ճանապարհ է ընկնում Սուչոննի գյուղից, ժամանում Բունգնո Գունջոնգսո, որը գտնվում էր Վանգչոնգ շրջանում, այնուհետև նշանակվում է գնդապետ (կորեերեն՝ 연성대장, չինարեն՝ 硏成大長): Երբ Չինաստանը անհրաժեշտաբար ստիպված է լինում դիվանագիտորեն միջամտել Չինաստանի և Ճապոնիայի (կորեերեն՝ 중일, ճապ.՝ 中日) ուժերին, Գիլլիմի նահանգապետը կարգադրում է չինական բանակի հրամանատար (կորեերեն՝ 영장, չինարեն՝ 營長) Մոնգ Փու Դոյին (կորեերեն՝ 멍푸더, չինարեն՝ 孟富德) բանակցություններ վարել անկախության բանակի և հակաճապոնական ուժերի հետ, ուստի հրամայում է նրանց 1923 թվականի հոկտեմբերին հեռանալ ազգային ճանապարհից (կորեերեն՝ 국도변, չինարեն՝ 國道), ինչպես նաև գնում է փոխզիջման, այն է թե՝ թույլ է տալիս նրանց անցնել Ջանբեգսանի բարձրավանդակ (կորեերեն՝ 장백산, չինարեն՝ 長白山), որը հարմար էր ներքին տարածքներում տեղաշարժվելու համար։ Օգոստոսի 23-ին երեք հարյուր ուսանող ավարտում է Բունգնո Գունջոնգսոյի ռազմական ակադեմիան (կորեերեն՝ 사관연성소, չինարեն՝ 士官鍊成所), և կազմավորվում է Բունգնո Գունջոնգսոյի թիվ 1 հետևակազորը, որի մեջ մտնում էին ռազմական ակադեմիայի հարյուր հիսուն շրջանավարտներ, գվարդիայի անդամներ և նորակոչիկներ։

Սեպտեմբերի 7-ին Ի Բոմ Սոգը և Քիմ Ջվա Ջինը իրենց զորքերին առաջնորդում են Չոնգսաննի։ Նրանք զինված էին փամփշտակալներով ու հրացաններով և փորձում էին դիմանալ ցրտին՝ ուտելով եգիպտացորենի և լոբու ալյուրով պատրաստված տոկ։ Չոնբոսան լեռան (կորեերեն՝ 천보산, չինարեն՝ 天寶山) մոտակայքում հանդիպում են ականապատ դաշտը հսկող ճապոնացի զինվորների, սակայն ողջ են թողնում նրանց և շարունակում են շարժվել առաջ՝ ոչնչացնելու է՛լ ավելի մեծ թշնամուն։ Հունչուն քաղաքում գտնվող ճապոնական հյուպատոսության վրա հարձակում գործելու ժամանակ աջակցություն ցուցաբերած ավազակախմբի (կորեերեն՝ 마적 대엄귀, չինարեն՝ 戴嚴鬼) և հետախույզների զեկուցման շնորհիվ Ի Բոմ Սոգին և Քիմ Ջվա Ջինին հայտնի են դառնում ճապոնական զորքի գտնվելու վայրն ու հետագա տեղաշարժման ուղղությունը։

1920 թվականի հոկտեմբերի 5-ին՝ մեկ ամիս շարունակ լեռներով տեղաշարժվելուց հետո նրանք ժամանում են Գիլլիմ նահանգի Հվարյոնգ շրջանի լեռներ։ Այդ ժամանակ ճապոնական զորքը, որը տեղեկություններ էր ստացել Բունգնո Գունջոնգսոյի մասին, շրջափակում է Չոնգսաննին, այդ իսկ պատճառով էլ Բունգնո Գունջոնգսոն (անդամներից էին գերագույն հրամանատար Քիմ Ջվա Ջինը, Գունջոնգսոյի աշխատակազմի ղեկավար Նա Ջունգ Սոն (կորեերեն՝ 나중소, չինարեն՝ 羅仲昭), գեներալ-ադյուտանտ Փաք Յոնգ Հվին (կորեերեն՝ 박영희, չինարեն՝ 朴英熙) և այլք) և Կորեայի ազատագրական բանակը վերադասավորում են իրենց ժամանակավոր կազմակերպվածքը՝ Ի Բոմ Սոգին նշանակելով Բունգնո զինված խմբավորման գերագույն հրամանատար (կորեերեն՝ 연성대장, չինարեն՝ 硏成隊長). վերջինս հետևակազորին առաջնորդում է Բեգունփյոնգի (կորեերեն՝ 백운평, չինարեն՝ 白雲平) անտառածածկ տեղանք, որտեղ նրանք ճամբար են դնում։

Երբ Ի Բոմ Սոգը իր ենթակայության տակ գտնվող լրտեսից հեռագիր է ստանում, որն իրեն տեղեկացնում է ճապոնական զորքի մոտենալու մասին, բարձրանում է լեռան գագաթը և սկսում հեռադիտակով հետևել ճապոնական զորքի տեղաշարժմանը։ Իր լրտեսին այնտեղ ուղարկելով՝ Ի Բոմ Սոգը պարզում է, որ ճապոնական հետևակազորի, հրետանավորների, հեծելազորի և ռազմական ինժեներների միացյալ ուժերը հասնում են տասը հազարի՝ կազմելով հիսուն հազարանոց հսկայական բանակի առաջապահ զորքը։ Նախքան մոտակայքում բնակվող գյոփոներին (արտասահմանում մեծացած կորեացիներ) ու որսորդներին իր շուրջը հավաքելը Ի Բոմ Սոգը գյուղի կանանց և տարեցներին կարգադրում է սուտ վկայություններ տալ ճապոնական զորքի փոքրաթիվ լինելու, քիչ զենք ունենալու և սովամահ ու ուժասպառ լինելու մասին։

Ութ հարյուր հազար հրացան, ծանր գնդացիր և նռնականետ հավաքելուց հետո Ի Բոմ Սոգը հոկտեմբերի 20-ի լուսադեմին անձամբ երկու հարյուր փամփուշտ է տրամադրում աջ թևի հրամանատար Ի Մին Հվային (կորեերեն՝ 이민화, չինարեն՝ 李敏華), ձախ թևի հրամանատար Հան Գըլ Լյանգին (կորեերեն՝ 한근량, չինարեն՝ 韓根凉), ինչպես նաև կենտրոնական աջ և ձախ թևերի հրամանատարներ Քիմ Դոնգին (կորեերեն՝ 김동, չինարեն՝ 金動) և Ի Գյո Սոնգին (կորեերեն՝ 이교성, չինարեն՝ 李驕成): Հոկտեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում սկսվում է Չոնգսաննիի ճակատամարտը։ Կատաղի մարտը շարունակվում է մինչև մութն ընկնելը, երբ կորեական զորքը անակնկալի է բերում և ոչնչացնում ճապոնական զորքի առաջապահներին։

Կորեական ազատագրական բանակը այստեղ-այնտեղ ձիերի չորացած գոմաղբ է թափում, ինչը տեսնելով՝ ճապոնացի հետախույզները ենթադրում են, որ կորեական զորքն արդեն վաղուց լքել է այդ տարածքը, և հենց այն ժամանակ, երբ հիսունհազարանոց ճապոնական բանակը սկսում է մոտենալ կիրճին, կորեացիները կրակ են բացում նրանց ուղղությամբ։ Երբ ոչնչացվում են ճապոնացի առաջապահների առաջին և երկրորդ շարքերը, երրորդ շարքը խուճապահար փախուստի է դիմում, ինչի կապակցությամբ Ի Բոմ Սոգը ճառ է ասում՝ կոչ անելով կորեացի զինվորներին է՛լ ավելի համառ պայքար մղել։ Հոկտեմբերի 21-ից 23-ը Ի Բոմ Սոգն իր զորքը տեղափոխում է Չոնսուդոնգ (կորեերեն՝ 천수동, չինարեն՝ 泉水洞), որը գտնվում էր Հվարյոնգ շրջանում, այնուհետև Օռանգչոն (կորեերեն՝ 어랑촌, չինարեն՝ 漁郞村) և Մալլոկգու (կորեերեն՝ 만록구, չինարեն՝ 萬鹿溝)՝ հարձակումներ գործելով ճապոնական զորքի վրա, ինչի արդյունքում ճապոնացիները հարյուրավոր զոհեր են ունենում, մինչդեռ կորեական ազատագրական բանակի զոհերի թիվը ընդամենը քսանի էր հասնում։

Ի Սընգ Մանի հետ ծանոթություն, վարած նամակագրություն խմբագրել

Չոնգսաննիում որոշակի արդյունքների հասնելուց հետո Ի Բոմ Սոգն իր տրամադրության տակ գտնվող ուժերի հետ առանձին սկսում է շարժվել դեպի Գաբսանչոն (կորեերեն՝ 갑산촌, չինարեն՝ 甲山村): Կիսախավարին՝ ժամը 2-ին, հարձակում են գործում Չոնսուդոնգի հովտում տեղակայված 19-րդ դիվիզիայի վրա և ազատում գերի վերցված Անկախության բանակի զինվորներին։ Մարոկգուում (կորեերեն՝ 마록구, չինարեն՝ 馬麓溝) 2000-անոց զորքը դիմակայություն է ցույց տալիս ճապոնական զորքին, գյոփոները զինամթերք և պաշարներ են տեղափոխում, ինչի հետևանքով վիրավորվում են իննսուն և սպանվում հարյուրավոր ճապոնացիներ։

Չոնգսաննի ճակատամարտում հաղթանակ տանելու մասին լուրերը հասնում են նաև Ի Սընգ Մանին, և նա սկսում է ամեն տարի Ի Բոմ Սոգին նվերներ և հագուստեղեն ուղարկել՝ վերջինիս հետ պահպանելով նամակագրությունը։ 1920 թվականին Ի Սընգ Մանը «Փարքեր» ապրանքանիշի ինքնահոս գրիչ է ուղարկում Ի Բոմ Սոգին, ինչպես նաև մի երկտող, որի մեջ ասվում էր. «Այժմ ես էլ ողջ աշխարհի առջև պարծենալու առիթ ունեմ։ Չոնգսաննիի ճակատամարտում տարած փայլուն հաղթանակի շնորհիվ հնարավոր դարձավ վարել արդար դիվանագիտություն. մեր ձեռքում հիմա շատ կարևոր նյութեր կան, ինչպես նաև ազգի նոր կենսագրություն, որ բոլոր հայրենակիցներով պետք է տոնենք այստեղ՝ Կապույտ տանը»։

1921 թվականի հունվարի 26-ին մազապուրծ լինելով Գանդոյի սարսափելի կոտորածից՝ անկախության բանակի միացյալ ուժերը Հոնգ Բոմ Դոյի, Սո Իլի, Ջի Չոնգ Չոնի և Քիմ Ջվա Ջինի գլխավորությամբ ժամանում են ռուսական Իման (այժմ՝ Պրիմորեի երկրամասի Դալներեչենսկ քաղաք)[7]։ Այդ միացյալ ուժերը բաղկացած էին մի քանի ստորաբաժանումներից, որոնց մեջ էին մտնում Հոնգ Բոմ Դոյի ենթակայության տակ գտնվող կորեական անկախության բանակը, Բունգնո Գունջոնգսոն՝ Սո Իլի գլխավորությամբ, Շինհընգ ռազմական ակադեմիայի հրահանգիչ Ջի Չոնգ Չոնի ուժերը, Ազատագրական բանակը և մի քանի այլ զորագնդեր, որոնք համախմբվել էին նախքան Ռուսաստան մեկնելը[7]։ Ի Բոմ Սոգը հետևում է նրանց և նույնպես ժամանում Իման։

Փետրվարի վերջին նրանք տեղափոխվում են Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաք։ Ռուսական կողմը նոր զենքեր է խոստանում նրանց, ուստի նրանք հանձնում են իրենց բոլոր զենքերը[7]։ Քիմ Ջվա Ջինը, Քիմ Գյու Շիգը և Ի Բոմ Սոգը, ովքեր ի սկզբանե դեմ էին Ռուսաստան գնալուն, հետ են վերադառնում[7]։ Եվ հենց դրա շնորհիվ է Ի Բոմ Սոգին հաջողվում զերծ մնալ Սվոբոդնի քաղաքի ջարդերից, որոնք տեղի են ունենում 1921 թվականի հունիսին։

1921 թվականին Ի Սընգ Մանը կրկին նամակ է գրում Ի Բոմ Սոգին, որում խնդրում է Եվրոպայում և ԱՄՆ-ում միջազգային պրոպագանդա իրականացնելու և հարաբերություններ հաստատելու համար նյութեր տրամադրել իրեն։ Ի Բոմ Սոգն այդ նյութերն ուղարկում է ԱՄՆ արտաքին կապերի կոմիտե։ Ի Սընգ Մանը շարունակում է դրամական միջոցներ, կտորից և կաշվից հագուստեղեն, զանազան նվերներ ուղարկել Ի Բոմ Սոգին՝ անգամ վերջինիս տեղափոխությունից հետո։ Ի Սընգ Մանի շարունակական բնույթ կրող աջակցությունից և նամակներից տպավորված՝ Ի Բոմ Սոգը հետագայում օգնում է նրան։

Գորյոյի հեղափոխական ուժեր, Ազատագրական բանակում ծավալած գործունեություն խմբագրել

Գորյոյի հեղափոխական բանակում ծավալած գործունեություն խմբագրել
 
Կինը՝ Քիմ Մարիան

Ճապոնական բռնաճնշումներից խուսափելու նպատակով Ազատագրական բանակը Մանջուրիայի Միլսան քաղաքում համախմբվելուց հետո ճանապարհ է ընկնում դեպի Խորհրդային Միություն։ Սակայն Ի Բոմ Սոգը դեմ էր այդ գաղափարին։

1922 թվականից մինչև 1925 թվականը Ի Բոմ Սոգը ծառայում է ԽՍՀՄ ազգային միացյալ բանակում՝ որպես Պրիմորիեի երկրամասի զորքի հրամանատար[6], իսկ 1923 թվականի մայիսին Յոնգիլ շրջանի Մյոնգվոլգու (կորեերեն՝ 명월구, չինարեն՝ 明月溝) քաղաքում Քիմ Գյու Շիգի, Գո Փյոնգի (կորեերեն՝ 고평, չինարեն՝ 高平) և այլ անձանց հետ ստեղծում է Գորյոյի հեղափոխական բանակը (կորեերեն՝ 고려혁명군, չինարեն՝ 高麗革命軍)` է՛լ ավելի առաջադեմ գաղափարախոսությամբ կենտրոնացնելով և համակարգելով ցրված ուժերը, որոնք տարիների ընթացքում կորցրել էին իրենց գործնական նշանակությունը։ Բացի այդ, բարելավում է ռազմական կրթությունը։ Գորյոյի հեղափոխական բանակի ստեղծումից հետո Ի Բոմ Սոգը նշանակվում է հրամանատար հեծելազորային զորքում (կորեերեն՝ 기병사령, չինարեն՝ 騎兵司令), որը ստեղծվել էր Օ Հա Մուգի և Ջի Չոնգ Չոնի կողմից Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում։ Հատկանշական է այն, որ հեծելազորային զորքը գործում էր Գորյոյի հեղափոխական բանակից անկախ։ Այնուհետև Ի Բոմ Սոգն ուղևորվում է Մանջուրիա, ավելի ուշ՝ Նորյոնգ (կորեերեն՝ 노령, չինարեն՝ 露領) և այլ վայրեր՝ սպասելով անկախության շարժումը սկսելու հնարավորության։

Ռուսական հեղափոխությանը մասնակցելիս 1921 թվականին սկսվում են Սվոբոդնի քաղաքի ջարդերը, և Ի Բոմ Սոգը, դժգոհ լինելով Խորհրդային Միության ճապոնամետ քաղաքականությունից, կրկին վերադառնում է Հյուսիսային Մանջուրիա, մասնակցում Գորյոյի հեղափոխական ուժերի կազմակերպմանը՝ ստանձնելով քաղաքական բաժնի անդամի և զինվորական համազգեստ թողարկող գործարանի ղեկավարի պարտականությունները։ Ազգությամբ ռուս Օլերիան դառնում է Ի Բոմ Սոգի երկրորդ կինը. նրանք հանդիպել էին Սիբիրի Տոմսկ քաղաքում, որտեղ էլ և բնակություն էին հաստատել։ Այնուամենայնիվ, երբ Խորհրդային Միությունը համաձայնագիր է կնքում Ճապոնիայի հետ, կորեական անկախության բանակի նկատմամբ ճնշումները է՛լ ավելի են սաստկանում, ինչից խուսափելու նպատակով Ի Բոմ Սոգը ստիպված է լինում մեկնել Չինաստան։ Բաժանումից որոշ ժամանակ անց՝ 1925 թվականին, Ի Բոմ Սոգը տեղեկանում է Օլերիայի ինքնասպան լինելու մասին և աղիողորմ լաց է լինում։

Մյուս կողմից, 1925 թվականի օգոստոսին Ի Բոմ Սոգն ամուսնանում է և սկսում միասին ապրել Քիմ Մարիայի հետ, ով Գյոնգջուի Քիմ տոհմից սերող և Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերած Քիմ Միխայլովիչի դուստրն էր։

Ավելի ուշ սովետական Կարմիր բանակը պահանջում է կորեական անկախության բանակի զինաթափումը, սակայն Ի Բոմ Սոգը դեմ է արտահայտվում դրան։ Այդ իսկ պաճառով նա ժամանակավոր բանտարկության է ենթարկվում Խորհրդային Միության Տոմսկ քաղաքում[4]։

1926 թվականի ապրիլին՝ բանտարկությունից ութ ամիս անց Ի Բոմ Սոգն իր կնոջ՝ Քիմ Մարիայի հետ փախուստի է դիմում Տոմսկից։ Ապստամբելով Կարմիր բանակի կողմից կորեական անկախության բանակի զինաթափման դեմ՝ նրանք լքում են Խորհրդային Միությունը և ուղևորվում Հյերիմ, որը գտնվում էր Մանջուրիայում։ Սակայն Մանջուրիայի Յուգսոնգ շրջանում ճապոնական ոստիկանությունը ձերբակալում է Քիմ Մարիային, վեց օր շարունակ փակի տակ պահում նրան և նախքան ազատ արձակելը խոշտանգումների ենթարկում։ Հենց այդ տանջանքների արդյունքում էլ Քիմ Մարիան սրտի հիվանդություն է ձեռք բերում։

Փախուստ Խորհրդային Միությունից, ծառայություն չինական բանակում խմբագրել

Մանջուրիա ժամանելուց հետո անկախության բանակը մասնակիորեն զինաթափվում է Ջանգ Ջոնգ Չանգի կողմից։ Ի Բոմ Սոգը ծառայության է անցնում Ջանգ Ջոնգ Չանգի ենթակայության տակ գտնվող զորքում, այնուհետև նշանակվում չինական բանակի հրամանատար։ Երբ նա Չինաստանի սահմանամերձ շրջանում գտնվող Օջոմյույոնգի վանականն էր, Սոնգդոնգում ռազմական ակադեմիա հիմնելու մասին մի ուղերձ է ստանում, սակայն այդ հարցում որևէ արդյունքի չի կարողանում հասնել։

1927 թվականին իր շուրջը համախմբելով 77 զինակիցների՝ կազմակերպում է Գորյոյի հեղափոխական բանակը և սկսում պարտիզանական պայքար մղել։ Գորյոյի հեղափոխական բանակում ծառայելու ժամանակ Ի Բոմ Սոգին է դիմում Չինաստանի կոմունիստական կառավարության գաղտնի պատվիրակը (կորեերեն՝ 공패승, չինարեն՝ 貢沛丞)՝ աջակցություն խնդրելով Ջանգ Շվե Րյանգի ռեժիմը տապալելու հարցում։ Ի Բոմ Սոգի գլխավորած խումբը ոչնչացնում է Ջանգ Շվե Րյանգի պատժիչ գումարտակներից մեկը, ինչին ի պատասխան Ջանգ Շվե Րյանգը գլխագին է խոստանում։ Սակայն համագործակցությունը Չինաստանի կոմունիստական կուսակցության (կոմկուսակցություն) հետ տապալվում է, և նա ստիպված սկսում է թափառական կյանք վարել։

1928 թվականին Ի Բոմ Սոգը օպերացիաների ղեկավար է նշանակվում հյուսիսարևելյան Ճապոնիային դիմակայություն ցույց տվող չինական զորքում, որի առաջնորդը Մա Ջան Սանն էր։ Ավելի ուշ դառնում է չինական բանակի գեներալ-մայոր[5]։ 1929 թվականին ճապոնական ոստիկանության հետապնդումներից խույս տալու նպատակով փախուստի է դիմում՝ Մանջուրիայից գալով Արտաքին Մոնղոլիա։ 1931 թվականին Մանջուրյան պատահարից հետո Մա Ջան Սանը այցելում է Ի Բոմ Սոգին։ Դա պայմանավորված էր նրանով, որ Մա Ջան Սանը բարձր էր գնահատում Ի Բոմ Սոգի՝ Ջանգ Ջոնգ Չանգի զորքում ցուցաբերած առաջնորդի արժանիքները։ Բացի այդ, Ի Բոմ Սոգը գերազանց տիրապետում էր չինարենին և ռուսերենին։ 1932 թվականի վերջին Մա Ջան Սանը նշանակվում է Պաշտպանության նախարարության (ՊՆ) նախարար, և Ի Բոմ Սոգը Մա Ջան Սանի ու բարձրաստիճան աշխատակիցների հետ մեկնում է Խորհրդային Միություն՝ ստուգելու ռազմական տեղակայանքները։ Այդտեղ նրան կալանքի են ենթարկում, սակայն կարճ ժամանակ անց ազատ է արձակվում։

Անդամակցում Ժամանակավոր կառավարությանը, Չինաստանում տեղակայված կորեական անկախության բանակում ծավալած գործունեություն խմբագրել

Այն բանից հետո, երբ Մանջուրիայում զինված հակաճապոնական զորքերի ձախողումը հանգեցնում է կորուստների, Ի Բոմ Սոգը և Ջի Չոնգ Չոնը, առաջնորդելով մոտ հարյուր ուժեղ երիտասարդների, 1933 թվականի մայիս-հունիս ամիսներին անցնում են մայրցամաքային Չինաստան[8]։ 1933 թվականին, երբ Չինաստանի Նագյանգ ռազմական ակադեմիայում (կորեերեն՝ 낙양군관학교, չինարեն՝ 洛陽軍官學校) կազմակերպվում է կորեական հատուկ նշանակության ջոկատ՝ պատրաստելու կորեական անկախության բանակի մարտիկների, Ի Բոմ Սոգը նշանակվում է այդ ջոկատի հրամանատար[6]։

1933 թվականի վերջին Ի Բոմ Սոգը ժամանում է Հարավային Կորեայի Ժամանակավոր կառավարության նստավայր և միանում Քիմ Գուի ուժերին[8]։ 1934 թվականին դառնում է Նագյանգ ռազմական ակադեմիայի տնօրենը։ Շուտով ճապոնական հետախուզությունը բացահայտում է կորեական հատուկ նշանակության ջոկատը, որը ստեղծվել էր գաղտնի պայմաններում, և ի նշան ճապոնական կողմի ներկայացրած բողոքի իրագործման՝ կորեական հատուկ նշանակության ջոկատը ցրվում է։ Չունենալով գնալու այլ վայր՝ 1936 թվականին Ի Բոմ Սոգը կրկին միանում է Չինաստանի Հանրապետության ազգային բանակին և նշանակվում Յանգ Հո Սոնգի (կորեերեն՝ 양호성, չինարեն՝ 楊虎城) ենթակայության տակ գտնվող զորքի հեծելազորային գնդի հրամանատար, իսկ հետո Ջանգ Շվե Րյանգի միջնորդությամբ որպես ավագ սպա ծառայության է անցնում չինական բանակի երրորդ զորքում՝ Հան Բոգ Գիի գլխավորությամբ։ Ավելի ուշ նշանակվում է չինական բանակի երրորդ զորքի հրամանատար, այնուհետև՝ երրորդ կորպուսի 50-րդ և 55-րդ շտաբների պետ։

1940 թվականին Ի Բոմ Սոգը նշանակվում է Չինաստանի կենտրոնական ուսումնական կորպուսի ղեկավար[6] և կորեական հատուկ նշանակության ջոկատի վերստեղծվելուն պես դառնում է ջոկատի հրամանատար։ Այնուհետև ստանձնում է կենտրոնական ուսումնական կորպուսի հրահանգչի պարտականությունները, պատրաստում մարտիկների, իսկ 1940 թվականի սեպտեմբերի 17-ին Քիմ Գուի և Ջի Չոնգ Չոնի հետ օժանդակում է Հարավային Կորեայի Ժամանակավոր կառավարության Ազատագրական բանակի ստեղծմանը, այնուհետև նշանակվում Ազատագրական բանակի գեներալ-մայոր[5]։ 1941 թվականին նշանակվում է Ազատագրական բանակի գեներալ-լեյտենանտ, այնուհետև ստանձնում Ազատագրական բանակի կենտրոնական կայանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։

Առաջխաղացման գործողությունների իրագործում Կորեայում խմբագրել

 
Ի Բոմ Սոգը (նստած է առաջին շարքի մեջտեղում, ակնոց է կրում)՝ Ազատագրական բանակի շտաբների ղեկավարների և ԱՄՆ ռազմավարական ծառայությունների գրասենյակի (ՌԾԳ) անձնակազմի հետ միասին

Հինգերորդ գոտու հրամանատար Նա Վոլ Հվանի (կորեերեն՝ 나월환, չինարեն՝ 羅月煥) սպանությունից հետո 1942 թվականի ապրիլին տեղի է ունենում գոտիների վերակազմակերպում, և Ի Բոմ Սոգը, որ Ազատագրական բանակի կենտրոնական կայանի աշխատակազմի ղեկավարն էր, նշանակվում է երկրորդ գոտու հրամանատար։ Այնուհետև տեղափոխվում է Սիան քաղաք և մինչև անկախության համար պայքար մղելը զբաղվում է մարտիկների ռազմական կրթությամբ ու հակաճապոնական դիմադրությամբ։

Միևնույն ժամանակ, Վոննան ռազմական ակադեմիայում ունեցած խմբակիցների, սոնբեների (տարիքով ավելի մեծ և/կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձ) և հուբեների (տարիքով ավելի կրտսեր և/կամ ավելի ցածր պաշտոն զբաղեցնող անձ), ինչպես նաև կենտրոնական ուսումնական կորպուսի իր գործընկերների հետ կապ հաստատելու միջոցով Ճապոնիայի կողմից գերի վերցվածներից ընտրում է ազգությամբ կորեացիներին և նրանց ընդգրկում Ազատագրական բանակում։ Չինական բանակի գեներալ-լեյտենանտ Վոն Չաո Ջին (կորեերեն՝ 원차오지, չինարեն՝ 文朝籍), ով Սիանի վարչական ղեկավարն էր, ռազմական ստորաբաժանման կազմակերպման հարցում իր օգնությունը և աջակցությունն է ցուցաբերում Ի Բոմ Սոգին, ում հետ միասին պատրաստություն էր անցել ռազմական ակադեմիայում։ Վոն Չաո Ջինը իր օժանդակությունն է ցուցաբերում նաև ճապոնական համակենտրոնացման ճամբարից որոշ կորեացիների ընտրելու և նրանց Ազատագրական բանակում ընդգրկելու հարցում։ Այնուհետև Ի Բոմ Սոգը ճապոնական բանակի կողմից օկուպացված տարածքներ է ուղարկում իր լրտեսներին՝ Ազատագրական բանակի համար նոր զինվորներ հավաքագրելու, տեղեկություններ ձեռք բերելու և քարոզչություն իրականացնելու նպատակով, և իր հերթին չինական բանակի կորպուսի գլխավոր հրամանատար Ի Յոն Նյոնը իր աջակցությունն է ցուցաբերում կորեացի դասալիքների՝ Հուանհե գետը հատելու գործում։ Դա ոչ թե վերադասի կողմից տրված հրաման էր, այլ բարի կամքի դրսևորում, ինչը ռազմական ակադեմիայում և կենտրոնական ուսումնական կորպուսում ձևավորված հարաբերությունների արդյունք էր։ 1942 թվականի ձմռանը կազմվում է Կորեայում առաջխաղացման գործողությունների իրականացման ծրագիր, որը, սակայն, այդպես էլ կյանքի չի կոչվում։

Կարծելով, որ ավելի ձեռնտու կլինի ստանալ դաշնակից ուժերի, քան Չինաստանի օգնությունը, Ի Բոմ Սոգը փորձում է բանակցություններ վարել Չինաստանում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Վեդմեյերի հետ։ Այնուհետև Ժամանակավոր կառավարության նախագահ Քիմ Գուի և ԱՄՆ ու Եվրոպայի հարցերով Կորեայի հանձնաժողովի նախագահ Ի Սընգ Մանի աջակցությամբ Ի Բոմ Սոգը փորձում է համատեղ զորավարժություններ անցկացնել ԱՄՆ հետախուզության և ռազմավարական ծառայությունների գրասենյակի (ՌԾԳ) հետ՝ անձամբ մասնակցելով հատուկ զորավարժությունների։

1945 թվականի օգոստոսին տեղի է ունենում Քիմ Գուի և գեներալ-մայոր Դոնովանի դեմ առ դեմ հանդիպումը, որին ներկա է գտնվում նաև Ի Բոմ Սոգը։

Ազատագրական շարժում խմբագրել

1945 թվականի մայիսին Շենսի նահանգում գտնվող Սիան քաղաքի արվարձան հանդիսացող Դուգոգում (կորեերեն՝ 두곡, չինարեն՝ 杜曲) հատուկ համատեղ զորավարժություններ են անցկացվում Ի Բոմ Սոգի հրամանատարության տակ գտնվող Ազատագրական բանակի առաջատար կորպուսի և ԱՄՆ հետախուզության ու ռազմավարական ծառայությունների գրասենյակի (ՌԾԳ) համար[9]։ Տեղեկանալով Ճապոնիայի օգոստոսյան պարտության մասին՝ Ի Բոմ Սոգը օգոստոսի 18-ին ժամանում է Գիմփո օդանավակայան՝ որպես չին-ամերիկյան բանակի գերագույն հրամանատարի խորհրդական, սակայն ճապոնական կողմը ձերբակալում է նրան, այնուհետև հետ ուղարկում Շանհայ։

Ճապոնական կողմի ցուցաբերած դիմադրության պատճառով Շանհայ վերադառնալուց հետո Ի Բոմ Սոգը զբաղվում է Ազատագրական բանակի մնացյալ հարցերով․ նա համոզում է պարտություն կրած, սակայն ողջ մնացած ճապոնացի և մանջուր զինվորներին անցնել Ազատագրական բանակի շարքերը։ Մյուս կողմից, Ի Բոմ Սոգը գնում է և ընթերցում չինական հեղափոխության պատմության և ժամանակակից պետությունների կառուցման մասին գրքեր, ինչպես նաև գրքեր՝ երիտասարդական շարժման և Սուն Յաթ Սենի եռակողմ գաղափարախոսության վերաբերյալ (նացիոնալիզմ՝ մանջուրական Ցին դինաստիայի տապալում և Չինաստանի ազգային անկախության վերականգնում, ժողովրդի իշխանություն՝ հանրապետության հռչակում, ժողովրդի բարեկեցություն՝ հողի նկատմամբ իրավունքների հավասարեցում)։ 1946 թվականի սկզբին Ի Բոմ Սոգը գաղտնի կերպով Կորեա է ուղարկում Ազատագրական բանակի ամենաընդունակ և արագաշարժ անդամներին՝ ներքին իրավիճակի մասին տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։

1946 թվականի սկզբին Ի Բոմ Սոգը հանդիպում է ունենում գաղտնի պատվիրակի հետ, ում ուղարկել էր ամերիկյան ռազմական ոստիկանության հրամանատար Ջոն Հոջը։ Գեներալ-լեյտենանտ Հոջը կորեական ազգային գվարդիայի համար կորեացի ղեկավարի էր փնտրում, ուստի նա այդ հարցը լուծելու համար Շանհայ է ուղարկում ԱՄՆ բանակի գնդապետ Բեռնարդին, ով նախկինում ԱՄՆ օկուպացիոն ուժերի հրամանատարն էր։ Սակայն վերջինս չի համաձայնվում անդամակցել ռազմական կառավարությանը, ինչի արդյունքում ազգային գվարդիայի ղեկավարի տեղակալի պաշտոնն անցնում է Րյու Դոնգ Նյոլին։

Ազատագրական շարժմանը հաջորդող շրջան խմբագրել

Ազատագրական շարժումից անմիջապես հետո ծավալած քաղաքական գործունեություն խմբագրել

 
Համազգային երթ Կորեայում (ձախ կողմի չորրորդ կանգնածից սկսած՝ Ջանգ Ջուն Հա, Նո Նընգ Սո, Քիմ Ջուն Յոբ, անունը անհայտ է, Ի Բոմ Սոգ)

1946 թվականի գարնանը Ի Բոմ Սոգը վերադառնում է Կորեա՝ որպես Ազատագրական բանակի գեներալ-լեյտենանտ (հատկանշական է այն, որ ԱՄՆ ռազմական կառավարությունը թույլ է տալիս Ազատագրական բանակի զինվորներին երկիր մուտք գործել որպես անհատներ, այլ ոչ թե բանակայիններ)։ 1946 թվականի հունիսին Ի Բոմ Սոգին պաշտոնապես թույլ են տալիս վերադառնալ հայրենիք, սակայն դա ոչ թե Քիմ Գուի, այլ Ի Սընգ Մանի հրամանն էր[10]։ Հունիսի 22-ին ժամանում է Սեուլի Յոիդո օդանավակայան։ Նույն օրը Դոնամջանգում այցելում է Ի Սընգ Մանին, ով ջերմորեն ողջունում է նրան։ Ավելի ուշ Ի Սընգ Մանը ուղեկցում է Ի Բոմ Սոգին պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ և ծանոթացնում օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո Ի Բոմ Սոգը սկսում է զբաղվել երիտասարդական խմբերի հավաքագրմամբ։ Հունիսի վերջին այցելում է ամերիկյան ռազմական ոստիկանության հրամանատար Ջոն Հոջին և քարտուղար Արթուր Ռուչիին և նրանց փոխանցում հետևյալը․ «Ես երիտասարդական շարժում եմ կազմակերպելու»։ Նա Հոջին և Ռուչիին է ներկայացնում իր պլանավորած երիտասարդական շարժման նպատակը և նշանակությունը, ինչպես նաև նյութական աջակցություն է խնդրում նրանցից՝ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ի Բոմ Սոգը օգնություն է խնդրում նաև Ջանգ Ջուն Հայից[10]։ Ջանգ Ջուն Հան գնում է Քիմ Գուի մոտ, հայցում նրա ներողամտությունը, հեռանում քարտուղարի պաշտոնից, ապա միանում Ի Բոմ Սոգի Ազգային երիտասարդական կազմակերպությանը[11]։ Այնուհետև մի շարք երիտասարդների և Ազատագրական բանակի զինվորների խնդրում է միանալ Ազգային երիտասարդական կազմակերպության շարքերին։

Վերադառնալուց անմիջապես հետո Ի Բոմ Սոգը հինգ ամիս ժամկետով ստանձնում է Ազգային անվտանգության գվարդիայի խորհրդականի պարտականությունները[12], մինչև որ նոյեմբերին հրաժարական է տալիս։ Հայրենիք վերադառնալուն պես նա գալիս է այն որոշմանը, որ ամենից հրատապ խնդիրը ազատագրված նոր երկրի համար երիտասարդներից կազմված բանակ հավաքագրելն է և զորավարժություններ անցկացնելը, ուստի ստանալով ԱՄՆ ռազմական կառավարության աջակցությունը՝ ձեռնամուխ է լինում երիտասարդական խմբերի կազմակերպմանը։ 1946 թվականի հունիսի 29-ին ընտրվում է որպես Ազգային միավորման գլխավոր շտաբի (կորեերեն՝ 민족통일총본부, չինարեն՝ 民族統一總本部) խորհրդի անդամ (ընդհանուր՝ տասը անդամ)։

Բախվելով ֆինանսական դժվարությունների՝ Ի Բոմ Սոգը դիմում է ԱՄՆ ռազմական կառավարության օգնությանը։ Հաշվի առնելով Ի Բոմ Սոգի նվիրվածությունը Ազատագրական բանակին և շարունակական հակակոմունիստական գործունեությունը՝ Հոջը և Ռուչին համաձայնվում են օգնել նրան և ի նշան դրա՝ դիմում են Ճապոնիայի Տոկիո քաղաքում տեղակայված Հեռավոր Արևելքի զորքերի հրամանատար Դուգլաս Մակարթուրին՝ վերջինիս ներկայացնելով իրենց ծրագիրը։ Մակարթուրը պատրաստակամորեն ընդունում է նրանց առաջարկը, ինչի արդյունքում ԱՄՆ ռազմական կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում[13]։

Երիտասարդական շարժում խմբագրել

1946 թվականի հոկտեմբերի 9-ին Ի Բոմ Սոգը հիմնում է Կորեայի ազգային երիտասարդական կազմակերպությունը։ Դա աջակողմյան ազգային երիտասարդական շարժում էր, որը կրում էր «Ազգամետ երկիր, ժողովրդավար երկիր» կարգախոսը։ Նոյեմբերի 24-ին Գյոնգիդո նահանգի Սուվոն (կորեերեն՝ 수원부, չինարեն՝ 水原府) քաղաքի Սուվոն կայարանի մոտակայքում Ի Բոմ Սոգը հիսուն հազար փյոնգ (մեկ փյոնգը հավասար է մոտավորապես 3,3 քառակուսի մետրի) հողատարածք է նախապատրաստում, ավարտին հասցնում երկու հազար փյոնգ մակերեսով շենքի շինարարությունը և այդտեղ բնակեցնում ողջ երկրի տարբեր տարածքներից ընտրված երկու հարյուր երիտասարդների, այնուհետև սկսում զորավարժություններ անցկացնել։ Չնայած բավարար հարմարությունների բացակայությանը՝ ռազմական կառավարության լիակատար աջակցության և տեղի բնակիչների նվիրատվությունների շնորհիվ նախ և առաջ հանրակացարաններ, ուսումնական շենքեր, լսարաններ և անգամ թատրոն կառուցելու հնարավորություն է ընձեռվում։ Ի Բոմ Սոգը Ազգային երիտասարդական կազմակերպություն է հրավիրում Ան Հո Սանգին, Ջոնգ Ին Բոյին, Բե Սոնգ Նյոնգին (կորեերեն՝ 배성룡, չինարեն՝ 裵成龍), Քանգ Սե Սոնգին (կորեերեն՝ 강세성, չինարեն՝ 姜世聲) և այլ անձանց՝ երիտասարդների համար դասախոսություններ ընթերցելու, իսկ Քիմ Հվալ Լանը, Ի Չոլ Վոնը (կորեերեն՝ 이철원, չինարեն՝ 李哲源), Հյոն Սանգ Յունը, Ջո Սո Անգը և ուրիշներ հանդես են գալիս որպես հրավիրյալ դասախոսներ՝ ապահովելով հոգևոր կրթության դասավանդումը։

Բացի այդ, Ազգային երիտասարդական կազմակերպության ազգային հանձնաժողովի անդամների թիվը հասնում է 32-ի, որոնց մեջ էին մտնում Քիմ Գվան Շիգը, Քիմ Հվալ Լանը, Ի Չոլ Վոնը, Հյոն Սանգ Յունը, Ի Յոնգ Սոլը և ուրիշներ, տնօրենների խորհրդի անդամ են նշանակվում 12-ը, այդ թվում նաև՝ Չվե Գյու Դոնգը (կորեերեն՝ 최규동, չինարեն՝ 崔奎東) և Փեգ Նագ Ջունը, իսկ Քիմ Հյոնգ Վոնը (կորեերեն՝ 김형원, չինարեն՝ 金炯元), Նո Թե Ջունը, Փաք Ջու Բյոնգը (կորեերեն՝ 박주병, չինարեն՝ 朴柱秉), Սոլ Լինը (կորեերեն՝ 설린, չինարեն՝ 薛麟) և Քիմ Ունգ Գվոնը (կորեերեն՝ 김웅권, չինարեն՝ 金雄權) նշանակվում են գործադիր տնօրեններ։ Ռազմական պատրաստությունը և տեսական կրթությունը զուգահեռաբար են անցկացվում, և մեկամսյա դասընթացի ավարտից հետո յուրաքանչյուր ուսանող ոտք է դնում հասարակություն և սկսում հասարակական գործունեություն ծավալել։ Ի պատասխան աղջիկների կրթության անհրաժեշտության մասին առաջարկության՝ Ազգային երիտասարդական կազմակերպությունը 7-րդ դասարանից սկսած ընդունում է նաև աղջիկ ուսանողների։

Ավելի ուշ Ջանգ Ջուն Հան, որ նույնպես Ազգային երիտասարդական կազմակերպության անդամ էր, Ի Բոմ Սոգի և Ան Հո Սանգի դեմ է դուրս գալիս, ինչի պատճառով էլ կազմակերպությունը վռնդում է նրան։

Հետագայում Ի Բոմ Սոգը սկսում է զբաղվել հակակոմունիստական քաղաքական գործունեությամբ։ Ազգային երիտասարդական կազմակերպությունը, միավորվելով Հյուսիսարևմտյան երիտասարդական կազմակերպության և «Սպիտակ վերնաշապիկների հասարակություն» կազմակերպության (ծայրահեղ աջ, հակակոմունիստական և ֆաշիստական կազմակերպություն՝ հիմնադրված Հարավային Կորեայում 1945 թվականին, որի անդամները հյուսիսկորեացի դասալիքներն էին) հետ, է՛լ ավելի է ուժեղացնում իր ազդեցությունը։ Ձախակողմյան ճամբարը քննադատում է Ազգային երիտասարդական կազմակերպությանը՝ այն իբրև ֆաշիստական կազմակերպություն որակելով, և հեգնում է Ի Բոմ Սոգին՝ վերջինիս համեմատելով Հիդեկի Տոձիյոյի հետ։ Դեռ ավելին, ձախակողմյան ճամբարը Ի Բոմ Սոգին մեղադրում է ԱՄՆ ռազմական կառավարության համար ինֆորմանտ (տեղեկություններ հաղորդող, մատնիչ, լրտես) աշխատելու մեջ՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական կառավարության աջակցությունը Կորեայի ազգային երիտասարդական կազմակերպությանը։

1948 թվականի մարտին, երբ աջակողմյանների և ձախակողմյանների միջև առճակատումը դեռ շարունակվում էր, Քիմ Դու Հանը, որին մահապատժի էին դատապարտել ԱՄՆ ռազմական կառավարության հրամանագիրը խախտելու համար, դիմում է Ջի Չոնգ Չոնին և Ջոն Հոջին՝ խնդրելով մեղմացնել իր համար սահմանված պատիժը։ Արդյունքում սկսվում է նրա կյանքը փրկելուն ուղղված շարժումը։

Կրթական ոլորտում ծավալած գործունեություն խմբագրել

1945 թվականին Ի Բոմ Սոգը ընտրվում է Կորեայի ձյուդոյի ասոցիացիայի առաջին նախագահ[14]։ Հայրենիք վերադառնալուց հետո նա պատրաստակամորեն ստանձնում է Կորեայի ձյուդոյի ասոցիացիայի նախագահի պաշտոնը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում Կորեայի ձյուդոյի դպրոցի ստեղծմանը՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով[15]։ 1950 թվականի նոյեմբերին տեղի է ունենում Կորեայի ձյուդոյի ֆեդերացիայի և ձյուդոյի ուսուցման առաջատար կենտրոն Յոնմուգվանի միավորումը, և կրկին նախագահ է ընտրվում Ի Բոմ Սոգը[14]։

1953 թվականի հունիսի 15-ին Ի Բոմ Սոգը նշանակվում է Կորեայի ձյուդոյի դպրոցի առաջին դեկան։ Հետագայում այն վերանվանվում է Յոնգ Ինի համալսարան[16]։ 1953 թվականի սեպտեմբերին Ի Սընգ Մանը սկսում է ճնշում գործադրել Ի Բոմ Սոգի վրա՝ ստիպելով նրան դադարեցնել Ազգային երիտասարդական կազմակերպության գործունեությունը, ինչը զգալիորեն խոչընդոտում է Ի Բոմ Սոգի պարտականությունների կատարմանը ինչպես Կորեայի ձյուդոյի ասոցիացիայի նախագահի, այնպես էլ Կորեայի ձյուդոյի դպրոցի դեկանի պաշտոնում[14]։ Ուստի նույն թվականի հոկտեմբերի 1-ին Ի Բոմ Սոգը թողնում է Կորեայի ձյուդոյի դպրոցի դեկանի պաշտոնը[16], իսկ 1954 թվականի դեկտեմբերին հեռանում է նաև Կորեայի ձյուդոյի ասոցիացիայի նախագահի պաշտոնից։

Կորեայի Հանրապետության կառավարության հիմնադրում խմբագրել

Մասնակցություն կառավարության հիմնադրմանը խմբագրել
 
Ի Բոմ Սոգի (ակնոց կրող անձը Ի Սընգ Մանի ձախ կողմում) մասնակցությունը 1948 թվականի հուլիսի 22-ին տեղի ունեցած Հարավային Կորեայի առաջին կառավարական նիստին

1948 թվականից հետո Քիմ Գուն, Քիմ Գյու Շիգը և Հարավային Կորեայի Ժամանակավոր կառավարության այլ անդամները բարձրացնում են Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտության հարցը, ինչին դեմ են արտահայտվում Շին Իգ Հվին, Ջի Չոնգ Չոնը և ուրիշներ՝ անցնելով Ի Սընգ Մանի կողմը։ Ավելի ուշ Ի Բոմ Սոգը հայտնում է իր համաձայնությունը միացյալ կառավարության ստեղծմանը։ 1948 թվականի մայիսի 10-ին նա մասնակցում է ընդհանուր ընտրություններին և միացյալ կառավարության ստեղծմանը։

1948 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցած համընդհանուր ընտրությունների ժամանակ Քանգ Վոն Մյոնգը այցելում է Ի Բոմ Սոգին՝ վերջինիս դիմելով Ջո Բոնգ Ամից օգնություն խնդրելու հարցով, սակայն Ի Բոմ Սոգը մերժում է նրան։ Երբ Ի Բոմ Սոգը վարչապետ է նշանակվում, անկուսակցական պատգամավորները խնդրում են նրան համագործակցել, ինչին Ջո Բոնգ Ամը սառը արձագանք է տալիս՝ Ի Բոմ Սոգին անվանելով միլիտարիստ (ռազմամոլ)[17]։

Նախքան գործադիր կառավարական մարմնի կազմավորումը Ի Բոմ Սոգից բացի վարչապետի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրում Քիմ Սոնգ Սուն, Ջո Սո Անգը, Ի Յուն Յոնգը և ուրիշներ։ Ի Բոմ Սոգը ճանաչում էր Յուն Չի Յոնգին, ով ծնունդով Սեուլից էր, ինչպես նաև նրա երկրորդ կնոջը՝ Ի Ըն Հյեին, ով իր հեռավոր ազգականն էր, և ում հետ նույն վայրում էր մեծացել։ Նա շարունակ այցելում է Կորեայի Դեմոկրատական կուսակցության անդամներին, ինչպես նաև հաճախ մասնակցում է նրանց միջոցառումներին, ինչի արդյունքում մտերմիկ հարաբերություններ են ձևավորվում։ Այդ իսկ պատճառով էլ, երբ Ի Բոմ Սոգը առաջադրվում է վարչապետի պաշտոնում, նրան հաջողվում է նվազագույնի հասցնել Կորեայի Դեմոկրատական կուսակցության ընդդիմությունը։

Նշանակում վարչապետի պաշտոնին խմբագրել

1948 թվականի հուլիսի 24-ին Ի Բոմ Սոգը մասնակցում է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված նախագահի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենում Կենտրոնական կառավարական շենքում։ Այնուամենայնիվ, Ի Սընգ Մանը չի առաջարկում կամ խոստանում առաջադրել նրան ո՛չ վարչապետի և ո՛չ էլ պաշտպանության նախարարի պաշտոնում։

Ազգային ժողովը մերժում է Ի Յուն Յոնգի թեկնածությունը, ուստի հուլիսի 29-ին դրվում է Ի Բոմ Սոգի թեկնածությունը։ Վարչապետի պաշտոնում առաջադրվելուց անմիջապես հետո Ի Բոմ Սոգն այցելում է Ի Սընգ Մանին։ Ի Սընգ Մանը հայտնում է Ի Բոմ Սոգին, որ նա է առաջադրել իրեն վարչապետի պաշտոնում, ինչի դիմաց նրանից պահանջում է զբաղվել նաև Պաշտպանության նախարարության հարցերով և լինել ավելի արագ, քան մյուսները։ Ի Բոմ Սոգի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելուն պես Կորեայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քիմ Սոնգ Սուն կապ է հաստատում նրա հետ և առաջարկում հանդիպել։

Քիմ Սոնգ Սուն Ի Բոմ Սոգին խոստանում է վարչապետի ընտրությունների ժամանակ իր և Կորեայի Դեմոկրատական կուսակցության բոլոր անդամների քվեները վերջինիս թեկնածության օգտին, ինչի դիմաց նրանից պահանջում է ութ նախարարական մանդատ կառավարության գործադիր մարմնում։ Այդ ժամանակ Ի Բոմ Սոգն ասում է, որ ութ նախարարական մանդատը չափազանց մեծ թիվ է այն դեպքում, երբ նախարարությունները թվով տասներկուսն են, բայց և այնպես շուտով ընդունում է Քիմ Սոնգ Սուի առաջարկը։

Ի Սընգ Մանը Բոմ Սոգին առաջարկում է ստանձնել Պաշտպանության նախարարի պաշտոնը, սակայն վերջինս մերժում է՝ փոխարենը առաջադրելով Կորեայի Դեմոկրատական կուսակցության անդամներից մեկի թեկնածությունը։

Կորեայի Դեմոկրատական կուսակցության անդամները հեշտությամբ համաձայնության են գալիս Ի Բոմ Սոգի թեկնածության օգտին քվեարկելու հարցի շուրջ՝ չնայած որոշ անդամների անհամաձայնությանը։ Երբ Կորեայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քիմ Սոնգ Սուին չի հաջողվում դառնալ վարչապետ, իսկ Ի Յուն Յոնգի թեկնածությունը մերժվում է, Դեմոկրատական կուսակցության մնացյալ անդամները այլևս չեն ընդդիմանում Ի Բոմ Սոգի օգտին քվեարկելուն։ Դեռ ավելին, նույնիսկ որոշ անկուսակցական պատգամավորներ են քվեարկում նրա օգտին[18]։ Այս ամենի արդյունքում էլ Ի Բոմ Սոգին հաջողվում է դառնալ Կորեայի Հանրապետության առաջին վարչապետը։

Պաշտոնավորման շրջան խմբագրել

Հուլիսի 29-ի առավոտյան Ի Բոմ Սոգը առաջադրվում է վարչապետի պաշտոնում, և նույն օրը կեսօրին լրագրողները այցելում են Ուիդոնգ, որտեղ գտնվում էր Ազգային երիտասարդական կազմակերպության ուսումնական կենտրոնը, և հարցնում, թե արդյոք եղել է նախնական պայմանավորվածություն վարչապետի պաշտոնը ստանալու համար։ Ի Բոմ Սոգը պատասխանում է. «Որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել։ Ես չէի էլ մտածում, որ Ազգային ժողովը կընդունի իմ թեկնածությունը։ Տվյալ իրավիճակում ազգային գործերը ստանձնելու համար յուրաքանչյուրիս ոչ միայն կուսակցությունների, այլ ողջ ազգի քվեարկությունն է անհրաժեշտ»։

Հուլիսի 30-ին Ի Բոմ Սոգը կրկին այցելում է Ի Սընգ Մանին և առաջարկում նախարարներ նշանակել Քիմ Սոնգ Սուի կողմից առաջադրված ութ անդամներին։ Ի Սընգ Մանը սկսում է կասկածել, որ Ի Բոմ Սոգը վարչապետի պաշտոնը ստանալու դիմաց ինչ-որ բան է խոստացել Քիմ Սոնգ Սուին, ուստի հարցնում է նրան. «Որքա՞ն ժամանակ է, ինչ ճանաչում ես նրան։ Ես կարող եմ ավելի լավ մարդկանց առաջարկել։ Ինչու՞ հենց նրանք»։

1948 թվականի օգոստոսի 2-ին 110 կողմ և 82 դեմ քվեների հարաբերակցությամբ Ի Բոմ Սոգը հաստատվում է Ազգային ժողովի կողմից և դառնում Կորեայի Հանրապետության առաջին վարչապետը։ Օգոստոսի 15-ից սկսած ստանձնում է նաև պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ասում են՝ ճապոնամետ խմբավորման սպաները, որոնք ճապոնական ռազմական ակադեմիայի շրջանավարտներն էին, կարողացել են անցնել կորեական բանակի շարքերը, քանի որ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Ի Բոմ Սոգը իր պաշտոնավարման ժամանակ պնդել է, որ նրանք պարտավոր են ծառայել կորեական բանակում՝ ի նշան ապաշխարության։

Նախագահ Ի Սընգ Մանը վարչապետին որակում է սոսկ իբրև «նախագահի աշխատակազմի ղեկավար», ուստի զարմանալի չէ, որ վերջինիս նախագահության օրոք Ի Բոմ Սոգը չի կարողանում պնդել իր կարծիքը՝ ներկայացնելով վարչապետի պաշտոնի իրական դերը և նշանակությունը[19]։ Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում հաստատվելուն պես Ի Բոմ Սոգը հետևյալ կերպ է սահմանում վարչապետի դերը. «Նախագահին սատարելով՝ կյանքի կոչել վերջինիս քաղաքական հայացքները. ահա թե որն է վարչապետի իրական դերը»[19]։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ի Բոմ Սոգը ընտրում է Բու Վան Հյոգին և վերջինիս նշանակում իր քարտուղար[20]։ Ավելի ուշ Բու Վան Հյոգը, միանալով Ջանգ Ջուն Հային, սկսում է աշխատել «Սասանգե» (բառացի՝ մտածող աշխարհ) թերթում։

Իր վարչապետության սկզբից Ի Բոմ Սոգը բախվում է նախարարների նշանակման խնդրի հետ։ Քիմ Սոնգ Սուի առաջադրած ութ թեկնածուներից ընդամենը երեքն են նշանակվում նախարարներ, իսկ մնացածը մերժվում են։ Ավելի ուշ Կորեայի Դեմոկրատական կուսակցությունը մեղադրում է Ի Բոմ Սոգին իր խոստումը դրժելու մեջ։ Օգոստոսին՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ի Բոմ Սոգն իր առաջին այցն է կատարում Ազգային ժողով՝ նախ և առաջ հանդիպելով Շին Իգ Հվիին։ Շին Իգ Հվին իր մորեղբոր՝ Ի Թե Սընգի ընկերն էր։ Այնուամենայնիվ, Չինաստանում բռնկված անկախության շարժման ժամանակ նրանց հարաբերությունները խզվել էին, ուստի վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ի Բոմ Սոգը, որ չափազանց զբաղված էր, ողջունելու է գնում Ազգային ժողովի անդամներին՝ միաժամանակ փորձելով Շին Իգ Հվիին. «Քանի որ արդեն այստեղ եմ, կլսեմ ձեր քաղաքական հայացքները»։ Ելույթի մասին նախապես տեղեկացված չլինելու պատճառով Ազգային ժողովի անդամները շփոթմունքի մեջ են ընկնում, ուստի Շին Իգ Հվին պնդում է, որ նա ելույթ չի ունենալու, քանզի նախագահական համակարգով առաջնորդվող երկրում տեղին է համարում մենաքաղաքական ելույթը, ինչին ի պատասխան՝ Ազգային ժողովի անդամները վերջինիս խոսքերը բնութագրում են իբրև ապակողմնորոշիչ։

Հուլիսի 29-ին լուրեր են տարածվում, որ պաշտոնը հաստատելու փաստաթղթերում որոշակի փոփոխություններ են արվելու։ Ի սկզբանե ներքին գործերի նախարար պետք է նշանակվեր Ջանգ Թեգ Սանգը, իսկ արտաքին գործերի նախարար` Յուն Չի Յոնգը, սակայն քննարկվում էր Յուն Չի Յոնգին ներքին, իսկ Ջանգ Թեգ Սանգին՝ արտաքին գործերի նախարար նշանակելու հարցը։ Այդ խոսակցությունները հասնում են նաև նրանց ականջին, սակայն նրանք չեն համաձայնում գնալ նման փոփոխության։ Յուն Չի Յոնգը և Ջանգ Թե Սանգը անհապաղ դեմ են գնում այդ որոշմանը, սակայն շուտով Յուն Չի Յոնգի բողոքը մարում է՝ պայմանավորված վերջինիս երկրորդ կնոջ՝ Ի Ըն Հյեի և Ի Բոմ Սոգի ազգակցական կապով։ Սակայն Ջանգ Թե Սանգը չի դադարում բողոքել։ Ի Բոմ Սոգը մի քանի անգամ դիմում է նրան՝ խնդրելով համբերատար լինել ընդամենը երեք ամիս։ Ի վերջո Ջանգ Թեգ Սանգի բողոքի ալիքը նույնպես փոքր-ինչ հանդարտվում է։

Օգոստոսի 15-ին Ի Բոմ Սոգը ստանձնում է նաև պաշտպանության նախարարի պաշտոնը, ինչը պայմանավորված էր այդ պաշտոնի համար ի սկզբանե ընտրված Կորեայի Դեմոկրատական կուսակցության անդամի մերժմամբ։ Միաժամանակ ստանձնելով և՛ վարչապետի, և՛ պաշտպանության նախարարի պաշտոնը՝ սկզբնական շրջանում Ի Բոմ Սոգը չափազանց զբաղված էր։ Բացի այդ, նա սովոր չէր գործադիր մարմնում աշխատելուն։ Ի Բոմ Սոգը վարչապետի նստավայրում զբաղվում է պաշտոնը հաստատելու փաստաթղթերով, իսկ պաշտպանության նախարարի գրասենյակում օրական երեք ժամ հատկացնում է ռազմական աշխատանքի կատարմանը։

Երկրում ԱՄՆ զորքեր տեղակայելու խնդրանքով Ի Բոմ Սոգը այցելում է ԱՄՆ ռազմական կառավարության նախկին պաշտոնյաներին։ Որպես պաշտպանության նախարար՝ Ի Բոմ Սոգն առաջարկում է ստեղծել զինված ուժերի տեղեկատվության և կրթության ստորաբաժանում, որը պատասխանատու էր լինելու մամլո հաղորդագրությունների համար։ Բացի այդ, նա առաջարկում է ստեղծել չորրորդ ստորաբաժանում՝ գաղտնի հետախուզություն իրականացնելու նպատակով։

Զինված ուժերի տեղեկատվության և կրթության ստորաբաժանում ստեղծելու մասին առաջարկը հավանության է արժանանում, սակայն չորրորդ ստորաբաժանման ստեղծումը մերժվում է՝ պայմանավորված ԱՄՆ կողմի գործադրած ճնշմամբ։ Չորրորդ ստորաբաժանումը լրտեսական գործակալություն էր, որը ստեղծվել էր Աշխատավորական կուսակցության և հյուսիսկորեացի կուսակցականների հարձակումներին ու քարոզչությանը հակազդելու նպատակով, սակայն կյանքի կոչվելու գործընթացում ԱՄՆ ռազմական խորհուրդը ճնշումներ է գործադրում։ Բայց և այնպես չորրորդ ստորաբաժանումը չի կասեցվում։ Չորրորդ ստորաբաժանման ստեղծումից հետո ԱՄՆ կողմը չի ճանաչում այն և համապատասխան կերպով ռազմական օգնություն չի տրամադրում՝ դրանով իսկ դժվարացնելով Կորեայի ազգային բանակի աշխատանքը։ Ամերիկացի զինվորականները դեմ էին հատուկ ջոկատայիններին, քանզի կարծում էին, որ նրանք նման են նացիստներին՝ պատրաստ յուրաքանչյուր հարմար պահի հեղաշրջում իրագործել[18]։ Երբ Կորեայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը չորրորդ ստորաբաժանման ստեղծման խնդրի հետ կապված իրենց մոտ են կանչում Ի Բոմ Սոգին, վերջինս բղավում է ԱՄՆ բանակի խորհրդատվական խմբի ղեկավարի վրա՝ ասելով. «Պաշտպանության նախարարը ե՛ս եմ։ Պաշտպանության նախարարությունն էլ Հարավային Կորեային է պատկանում»։

Հետագայում՝ 1950 և 1960-ական թվականներին, հաճախ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Ազգային երիտասարդական կազմակերպությունը պատրաստվում է հեղաշրջում իրականացնել[18]։ 1948 թվականի հոկտեմբերի 9-ին Սեուլի մարզադաշտում տեղի է ունենում միջոցառում՝ նվիրված Ազգային երիտասարդական կազմակերպության հիմնադրման երկրորդ տարելիցին։ Արարողությանը ներկա են գտնվում Ի Սընգ Մանը, Սո Ջե Փիլը, Քիմ Գուն, ԱՄՆ բանակի գեներալ-մայոր Բրաունը (նա հանդես էր գալիս գեներալ-լեյտենանտ Հոջի անունից) և ուրիշներ։ Ան Չուն Սենգը վարում է Ազգային երիտասարդական կազմակերպության հիմնադրման երկրորդ տարելիցին նվիրված միջոցառումը, որի ժամանակ շնորհավորական ելույթով հանդես են գալիս ԱՄն բանակի գեներալ Հելմիկը, նախագահ Ի Սընգ Մանը, Կորեայի ազատագրման կուսակցության առաջնորդ Քիմ Գուն և ուրիշներ։

Ազգային երիտասարդական կազմակերպության լուծարում, ազատում պաշտպանության նախարարի պաշտոնից խմբագրել

Ի Բոմ Սոգի հիմնած Ազգային երիտասարդական կազմակերպության անդամների թիվը օրեցօր աճում է, և ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսում հետևել նրան, ուստի վախենալով վերջինիս ազդեցությունից՝ Ի Սընգ Մանը կարգադրում է լուծարել Ազգային երիտասարդական կազմակերպությունը։ Բայց և այնպես, Ազգային երիտասարդական կազմակերպության որոշ անդամներ հրաժարվում են լքել կազմակերպության շարքերը։ Այնուհետև Ի Սընգ Մանը հիմնում է Դեդոնգ երիտասարդական միությունը՝ ղեկավար նշանակելով Ջի Չոնգ Չոնին, ով Մանջուրիայի ազատագրական բանակում Ի Բոմ Սոգի սոնբեն էր եղել, և այնպես է անում, որ յուրաքանչյուր երիտասարդական կազմակերպություն միանա Դեդոնգին։ Բայց նույնիսկ այդ ժամանակ Ազգային երիտասարդական կազմակերպության անդամները չեն համաձայնում լքել կազմակերպության շարքերը, ուստի այն որոշ ժամանակ շարունակում է գործել Դեդոնգ երիտասարդական միությունից անկախ։ 1949 թվականի հունվարի 20-ին Ի Բոմ Սոգը պաշտոնապես հայտարարում է Ազգային երիտասարդական կազմակերպության լուծարման մասին, բայց նույնիսկ այդ հայտարարությունից հետո որոշ անդամներ շարունակում են գործել Ազգային երիտասարդական կազմակերպության անվան ներքո։

Ի պատասխան 1948 թվականի ապրիլի 3-ին Ջեջու կղզում բռնկված և շարունակական բնույթ կրող ապստամբության՝ Ի Բոմ Սոգը հոկտեմբերի 19-ին Ազգային բանակին կարգադրում է ճնշել ապստամբությունը։ Հոկտեմբերի 19-ին Ջեջու կղզի է ուղարկվում հարավկորեական զորքերի զգալի մասը՝ դադարեցնելու ապստամբությունը։ Այնուհետև ապստամբություններ են սկսվում նաև Յոսու և Սունչոն քաղաքներում։ Այդ ժամանակ Ի Սընգ Մանը կենտրոնացած էր Հարավային Կորեայի կառավարության հաստատման խնդրի վրա, ուստի նա զբաղվում էր միայն ներքին գործերով և վարչարարությամբ։

1948 թվականի հոկտեմբերի 21-ին Յոսուի 14-րդ գնդի ապստամբության հետ կապված մամլո ասուլիսի ժամանակ Ի Բոմ Սոգը փաստացի մատնացույց է անում Քիմ Գուին՝ պնդելով. «Այս միջադեպը քաղաքական դավադրություն է, որ Կոմունիստական կուսակցությունն է կազմակերպել՝ օգտագործելով անկում ապրած մի ծայրահեղ աջակողմյան գործչի, որ համակված է իշխանության անհագ մոլուցքով»։ Հենց այդ ժամանակ էլ լուրեր են տարածվում այն մասին, որ Յոսուի 14-րդ գնդի ապստամբության մեջ էական դեր է խաղացել Քիմ Գուի դեմագոգիան[21]։

Ի Բոմ Սոգը մինչև վերջ առաջ է տանում չորրորդ ստորաբաժանումը։ ԱՄՆ բանակը դժկամությամբ է վերաբերվում Ի Բոմ Սոգի այդ քայլին[18]։ 1949 թվականի հունվարի 23-ին Ի Բոմ Սոգը տեղեկանում է Հվանգհե նահանգի Հեջու քաղաքի բանակում բռնկված «Հեջուի հակակոմունիստական շարժման» մասին, ուստի Պաշտպանության նախարարության չորրորդ ստորաբաժանման անդամներին ուղարկում է այնտեղ` աջակցություն ցուցաբերելու, սակայն բախումների արդյունքում երկու հարյուր երիտասարդներ են զոհվում, և չորրորդ ստորաբաժանման անդամները ստիպված են լինում նահանջի դիմել։ Կորեայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի հակազդեցության և Հարավային Կորեայի Ազգային ժողովի` համագործակցության չգնալու պատճառով այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ Պաշտպանության նախարարության չորրորդ ստորաբաժանումը լուծարման է ենթարկվում։

Հունվարի 5-ին ուժի մեջ է մտնում հակաազգայնական գործողությունները դատապարտող օրենքը (կորեերեն՝ 반민족행위자 처벌법, չինարեն՝ 反民族行爲處罰法), իսկ հունվարի 8-ին ստեղծվում է Հակաազգայնական հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը։ Փետրվարի 21-ից սկսած կառավարությունը ձերբակալում է ապազգային ակտիվիստներին։ Փետրվարին տեղի ունեցած կառավարական նիստի ժամանակ Ի Բոմ Սոգը ելույթ է ունենում Հակաազգայնական հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի դեմ։ Հարավային Կորեայի անկախության ձեռք բերումը պայմանավորված էր ոչ միայն սեփական ուժերի, այլ նաև ԱՄՆ ռազմական կառավարության ցուցաբերած աջակցությամբ, և դրա արդյունքում ձևավորված հարավկորեական կառավարության գոյության եռամյա ժամանակահատվածում հակաազգայնական ակտիվիստները, որոնք պարտավոր էին պատիժ կրել, սկսում են համագործակցել ռազմական կառավարության հետ, ինչի արդյունքում էլ կարողանում են իշխանություն ձեռք բերել։ Նրանց շարունակ հաջողվում է խուսափել պատժից, ուստի Ի Բոմ Սոգը գալիս է այն եզրակացությանը, որ Հակաազգայնական հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի կողմից ձերբակալությունները պարզապես ոչ արդյունավետ են։ Բացի այդ, նա հանգում է այն եզրակացությանը, որ եթե անգամ ստիպված լինեն համագործակցել Ճապոնական կայսրության հետ, երկիր ժամանելուն պես պատիժ սահմանելը պատմական սխալ կլինի, ինչն էլ կհանգեցնի ինքնավերլուծությանը չտիրապետող քաղաքացիների միջև բախումների՝ խափանելով ողջ ազգի միասնականությունը։

1949 թվականի փետրվարին Ի Բոմ Սոգը Ի Սընգ Մանի դեմ է դուրս գալիս, քանի որ վերջինս արձակել էր Կորեայի ազգային երիտասարդական կազմակերպությունը լուծարելու հրամանը։ Իր էմոցիաներին տիրապետել չկարողանալու պատճառով էլ նրան հեռացնում են պաշտպանության նախարարի պաշտոնից[22]։ Կորեայի Դեմոկրատական կուսակցությունը շարունակ քննադատում է Ի Բոմ Սոգին՝ իր խոստումը կատարել չկարողանալու պատճառով։ Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում՝ իբրև երկու նախագահ կա. իրական նախագահը՝ Ի Բոմ Սոգը, և ձևական նախագահը՝ Ի Սընգ Մանը։ Ի Սընգ Մանը Ի Բոմ Սոգին ասում է, որ վերջինիս՝ միաժամանակ և՛ պաշտպանության նախարարի, և՛ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը գլխացավանք է դարձել, ապա հավելում, որ նա հաճախ է Ազգային ժողովում ավելորդ հայտարարություններ իրեն թույլ տալիս, այդ իսկ պատճառով էլ Ի Բոմ Սոգից պահանջում է լքել իր զբաղեցրած պաշտոններից որևէ մեկը։ Ի վերջո Ի Բոմ Սոգը որոշում է հեռանալ պաշտպանության նախարարի պաշտոնից։ Մյուս կողմից, կասկած կար, որ ճապոնամետ խմբավորման սպաները, ովքեր ավարտել էին ճապոնական ռազմական ակադեմիան, կարողացել են անցնել կորեական բանակի շարքերը, քանի որ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Ի Բոմ Սոգն իր պաշտոնավորման ժամանակ պնդել է, որ նրանք պարտավոր են ծառայել հարավկորեական բանակում՝ ի նշան ապաշխարության։

1949 թվականի մարտին Ի Բոմ Սոգը մասնակցում է Ի Սընգ Մանի ծննդյան տոնակատարությանը։ Տոնակատարության ժամանակ Ի Բոմ Սոգն իր շնորհավորական ելույթում ասում է հետևյալը. «Պարո՛ն նախագահ, ի շնորհիվ վերջին հիսուն տարիների ընթացքում հաղթահարված դժվարությունների և քրտնաջան աշխատանքի՝ Ձեր իմաստությունը և քաղաքական գերազանց հայացքները վերջապես իրենց մարմնավորումը ստացան՝ թույլ տալով մեզ վայելել փառքը, ազատությունը և խաղաղությունը՝ որպես անկախ և դեմոկրատական երկրի քաղաքացիներ»։ Այնուհետև ավելացնում է. «Որպես երկրի ղեկավար Ձեր ցուցաբերած մշտական հանգստությունը և բոլոր ոլորտներում անմնացորդ նվիրվածությունն ու առաջնորդությունը մեծապես կնպաստեն Հարավային Կորեայի՝ համաշխարհային դիրքի ամրապնդմանը»[23][24]։

1949 թվականին, երբ քննարկվում էր Հարավային Կորեայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի դուրս բերման հարցը, Ի Բոմ Սոգը դեմ է արտահայտվում դրան՝ ասելով. «Մեզ հայտնի չէ, թե հյուսիսկորեական զորքերը երբ կփորձեն ներխուժել Հարավային Կորեա»։ Այնուամենայնիվ, չնայած Ի Բոմ Սոգի անհամաձայնությանը՝ 1949 թվականի հունիսին ԱՄՆ ռազմական խորհուրդը դուրս է բերվում Հարավային Կորեայից[25]։

Մահ խմբագրել

Ի Բոմ Սոգը մահանում է 1972 թվականի մայիսի 11-ին սրտի հիվանդության պատճառով։ Սրտի հիվանդությունից է մահացել նաև նրա մայրը՝ Ի Յոն Անը, ինչպես նաև կինը՝ Քիմ Մարիան։

Իրականում Ի Բոմ Սոգն ապրել է սաստիկ թշվառության մեջ՝ ունենալով լուրջ ֆինանսական խնդիրներ։ Իր հուշագրերում նա պատմում է, որ անգամ Չինաստանում ապրելու տարիներին չի կարողացել գեթ մի կոպեկ գումար խնայել։ Կորեայի ազգային երիտասարդական կազմակերպության ստեղծման ժամանակ ևս նրան չէին հերիքում իր ֆինանսական միջոցները, ուստի ստիպված էր ապավինել ներդրումներին և նվիրատվություններին։ Անգամ պաշտոնաթող լինելուց հետո Ի Բոմ Սոգն ապրում էր Սեուլի այս կամ այն աղքատ թաղամասերում՝ չնայած այն բանին, որ այդ ժամանակ հարավկորեացի բարձրաստիճան պաշտոնյաները երկրի վերին խավն էին կազմում։

Ազգային ժողովի անդամ Ի Չան Գուի ինքնակենսագրականում կա մի հատված, որտեղ պատմվում է այն մասին, որ 1961 թվականի մայիսի 16-ին տեղի ունեցած դեպքերից հետո քաղաքական ուժերը դադարում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ի Բոմ Սոգին, ինչի հետևանքով վերջինս չորս օր շարունակ ուտելու ոչինչ չի ունենում։ «Ես ողջ եմ մնացել անգամ գրեթե 35 տարի տևած ճապոնական բռնապետության և մղածս մարտերի ժամանակ, բայց հիմա արի ու տես, որ հայրենակիցներս սպառնում են ինձ։ Դա այնքան ամոթալի է, որ միայն մեռնել եմ ուզում»։ Սակայն, բարեբախտաբար, ճիշտ ժամանակին հաջողվում է կանխել Ի Բոմ Սոգի ինքնասպանությունը։

Կենսագրական այլ փաստեր խմբագրել

  • 1940 թվականին մասնակցում է Ազատագրական բանակի ստեղծմանը, այնուհետև դիտարկվում գեներալ-մայորի պաշտոնի համար։
  • 1942 թվականին ստանձնելով Ազատագրական բանակի երկրորդ գոտու հրամանատարությունը՝ Ի Բոմ Սոգը համատեղ օպերացիա է իրականացնում ԱՄՆ և Չինաստանի բանակի հետ, ինչպես նաև ապահովում է Անկախության բանակի սպաների հատուկ զորավարժությունները՝ անցկացված Ռազմավարական ծառայությունների գրասենյակի (ՌԾԳ) կողմից։
  • 1945 թվականին դառնում է Ազատագրական բանակի գեներալ-լեյտենանտ։
  • 1945 թվականի օգոստոսի 18-ին Ի Բոմ Սոգը ժամանում է Կորեա՝ որպես Չինաստանում տեղակայված ԱՄՆ բանակի գերագույն հրամանատար, սակայն Գիմփո օդանավակայանում վայրէջք կատարելուն պես ճապոնացի ոստիկանները ձերբակալում են նրան և հետ ուղարկում Շանհայ։
  • 1950 թվականի ապրիլին նշանակվում է Չինաստանում Կորեայի դեսպան։
  • 1950 թվականի հունիսին սկսվում է Կորեական պատերազմը, ուստի Ի Սընգ Մանը կարգադրում է Ի Բոմ Սոգին վերադառնալ հայրենիք, և նա այդպես էլ անում է։
  • 1970 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 2:15 սրտի հիվանդությունից մահանում է Ի Բոմ Սոգի կինը՝ Քիմ Մարիան։ Նրա մարմինը թաղում են Գյոնգիդո նահանգի Գվանգջու քաղաքում գտնվող գերեզմանատանը։
  • 1972 թվականի մայիսի 17-ին ժամը 2:00-ին Քիմ Մարիայի դին, որը թաղված էր Գյոնգիդո նահանգի Գվանգջու քաղաքի գերեզմանատանը, տեղափոխում են Սեուլի ազգային գերեզմանատուն և թաղում Ի Բոմ Սոգի աճյունի կողքին։

Աշխատանքներ խմբագրել

  • «Ուդունգբուլ»
  • «Դեգերող ավյուն»
  • «Կորեայի զայրույթը» (1945)
  • «Ազգ և երիտասարդություն» ժողովածու (1948)
  • «Արյունալի մարտ։ Չոնգսաննիի օպերացիա»
  • «Տոմսկի երկնքի տակ»

Ի Բոմ Սոգի դերում հանդես եկած դերասաններ խմբագրել

Հետաքրքրաշարժ փաստեր խմբագրել

  • Ազգային երիտասարդական կազմակերպությունը ի սկզբանե կոչվել է Ի Բոմ Սոգ-Յուգենդ (անվանումը կապված է Հիտլերյուգենդի հետ, որը Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության հովանու ներքո ստեղծված երիտասարդական կազմակերպություն էր)։
  • Ոստիկանական կոմիսարիատի և աջակողմյան կուսակցության անդամ հանդիսանալու տարիներին Ի Բոմ Սոգն աշխատանքի գնալիս և աշխատանքից վերադառնալիս մեքենա չէր օգտագործում։ Փոխարենը, ձի էր հեծնում։
  • Հայտնի է, որ Ի Բոմ Սոգը և Ան Հո Սանգը հիանում էին Ադոլֆ Հիտլերով[26]։ Համաձայն ամերիկացի պատմաբան Բրյուս Քամինգսի խոսքերի՝ Ի Բոմ Սոգն ուսումնասիրել է Հիտլերյուգենդը և նրա գործունեությունը։
  • Ի Բոմ Սոգի մահից հետո նրա ամենասիրելի ձին` Սոլ Հվին, որ միշտ բավական աշխույժ էր, կորցնում է ախորժակը և օրեր շարունակ լաց լինում[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 경남일보
  2. dongA.com(չաշխատող հղում)Կաղապար:깨진 링크
  3. (http://100.nate.com/dicsearch/pentry.html?i=246508Կաղապար:깨진 링크 네이트 백과사전 - 이범석)《네이트 백과사전》
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 (http://www.imbc.com/broad/radio/fm/50years/story/story_62/1568238_21997.html mbc 라디오 프로그램 격동 50년)
  5. 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20210415165627/http://www.815academy.com/htm/a-05.htm. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.opm.go.kr
  7. 7,0 7,1 7,2 7,3 박은봉, 《한국사 100 장면》 (가람기획, 1993) 315페이지
  8. 8,0 8,1 이정식, 《대한민국의 기원》(일조각, 2006) 64페이지
  9. 이원규, 《약산 김원봉》 (실천문학사, 2005) 456~457페이지
  10. 10,0 10,1 장준하(민족주의자의 길) (박경수 지음 | 돌베개 | 2006) 225페이지
  11. 장준하(민족주의자의 길) (박경수 지음 | 돌베개 | 2006) 226페이지
  12. 귀국 후~간 맡았다가: 브루스 커밍스, 김자동 옮김,《한국전쟁의 기원》(일월서각, 1986) 232쪽, 235쪽, 236쪽.
  13. 좌파 조직에 대한 공격을 위해서라도 미군정의 입장에서는 그의 청년단체 조직의 활용이 필요했다.
  14. 14,0 14,1 14,2 대한유도회 :: Korea Judo Association(չաշխատող հղում)Կաղապար:깨진 링크
  15. 무도론(김정행 외 지음 | 대한미디어 | 2009) 146
  16. 16,0 16,1 용인대학교
  17. 강준만, 《한국현대사산책》〈1940년대편 2권〉(인물과사상사, 2004) 167쪽
  18. 18,0 18,1 18,2 18,3 역사문제연구소, 《인물로보는 항일무장투쟁사》 (역사비평사, 1995) 73페이지
  19. 19,0 19,1 한국의 총리는 왜 용이 못 됐나 한겨레 21
  20. '부완혁' - 네이트 백과사전(չաշխատող հղում)Կաղապար:깨진 링크
  21. 1948년 10월~소문까지 나돌았다.: 반충남,〈"여순반란사건 인민재판은 없었다"〉《월간 말》,1998년 11월, 106쪽.
  22. 강준만, 《한국현대사산책》〈1940년대편 2권〉(인물과사상사, 2004) 168쪽
  23. 강준만 《한국현대사산책:1940년대편 2권》(강준만, 인물과사상사, 2004) 266페이지
  24. 박명림 《한국전쟁의 발발과 기원II:기원과 원인》(나남, 1996) 675페이지
  25. [주한미군 철수 小史] 닉슨때 2만명-카터때 3000명 감축 동아일보 2002년 12월 30일자 기사
  26. 서중석, 《이승만의 정치 이데올로기》 (역사비평사, 2005) 58페이지
  27. 그事件(사건) 그사람 後日譚(후일담) 鐵驥(철기)장군과 愛馬(애마)「雪姬(설희)」(չաշխատող հղում) 경향신문 1973년 5월 11일 작성

Արտաքին հղումներ խմբագրել

  • 이범석장군기념사업회, 《이범석 평전》 (이범석장군기념사업회 편, 삼육출판사, 1992)
  • 홍우출판사, 정계야화 (전2권) (홍우출판사, 1966)
  • 사실의 전부를 기술한다
  • 강준만 《한국현대사산책:1940년대편 1권》(강준만, 인물과사상사, 2004)
  • 강준만 《한국현대사산책:1940년대편 2권》(강준만, 인물과사상사, 2004)
  • 강준만 《한국현대사산책:1950년대편 1권》(강준만, 인물과사상사, 2004)
  • 한국의 분노(이범석, 김광주 역, 광장각, 1945)
  • 민족과 청년(이범석, 백수사, 1948)
  • 브루스 커밍스, 《일월총서 71 한국전쟁의 기원》 (브루스 커밍스, 김자동옮김, 최옥자펴냄, 일월서각, 2001년판)
  • 연시중, 《한국 정당정치 실록 1권》(항일 독립운동부터 김일성의 집권까지)(지와사랑, 2001.01.20)
  • 한배호, 《한국현대정치론》 (한배호, 오름, 2000)
  • 김학준, 《해방공간의 주역들》(동아일보사, 1996)
  • 서중석, 《이승만과 제1공화국》(역사비평사, 2007)
  • 한국사학회, 한국현대인물론 1, 2(을유문화사, 1987)
  • 이범석, 철기 이범석 자전 (외길사, 1991)
  • 박용만, 경무대 비화 (삼국문화사, 1965)
  • 편집부, 한국사 시민강좌:제43집 (일조각, 2008)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ի Բոմ Սոգ» հոդվածին։