Կորեական պատերազմ, կոնֆլիկտ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև։ Տևել է 1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը (չնայած պատերազմի պաշտոնական ավարտ հայտարարված չէ)։

Կորեական պատերազմ
Սառը պատերազմ

Թվական 1950 թ. հունիսի 25 — 1953 թ. հուլիսի 27
Վայր Կորեական թերակղզի
Պատճառ Կիմ Իր Սենի փորձը վերամիավորել Կորեան seminar seտիրապետության տակ
Արդյունք Կորեայի բաժանում երկու մասի՝ Հարավային և Հյուսիսային։ Համաձայնագիր և զինադադար։
Տարածքային
փոփոխություններ
Աննշան փոփոխություններ երկու Կորեաների սահմանագծում
Հակառակորդներ
Հարավային Կորեա Հարավային Կորեա

ՄԱԿ ՄԱԿ՝

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Հրամանատարներ
Հարավային Կորեա Լի Սըն Ման
ՄԱԿ Դուգլաս ՄաքԱրթուր
ՄԱԿ Մեթյու Ռիջուեյ
ՄԱԿ Մարկ Կլարկ
Հյուսիսային Կորեա Կիմ Իր Սեն
Հյուսիսային Կորեա Փակ Հոն Յոն[1]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Փենք Դեհուայ
Ռազմական կորուստներ
ՄԱԿ ՄԱԿ

մահացածներ՝ 40 670
վիրավորներ՝ 104 280
ռազմագերիներ և անհայտ կորածներ՝ 9931
Հարավային Կորեա Հարավային Կորեա
մահացածներ՝ 137 899
վիրավորներ՝ 450 742
ռազմագերիներ և անհայտ կորածներ՝ 32 838[2]

Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
(ԱՄՆ-ի գնահատական)՝

մահացածներ՝ 112 հազ.
վիրավորներ՝ 303 հազ.
ռազմագերիներ և անհայտ կորածներ՝ 120 հազ.[3]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
(ՉԺՀ-ի գնահատական)՝
մահացածներ՝ 60 հազ.
վիրավորներ՝ 383,5 հազ.
հիվանդանոց տեղափոխվածներ՝ 450 հազ.
անհայտ կորածներ՝ 4 հազ.
ռազմագերիներ՝ 21 հազ.
(ԱՄՆ-ի գնահատական):[3]
մահացածներ՝ ավելի քան 400 հազ.
վիրավորներ՝ 486 հազ.
ռազմագերիներ՝ 21 հազ.
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
մահացածներ՝ 282
Ընդհանուր՝ 1 545 822—1 648 582

Սառը պատերազմի ժամանակներից այս կոնֆլիկտը հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտին չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես կոչված «Չինական ազգային կամավորներ» միությունը), ԽՍՀՄ-ը, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծ մասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։

Ռազմական մեծաթիվ խորհրդատուներ և մասնագետներ Հյուսիսային Կորեայից հետ էին կանչվել մինչ պատերազմի սկսվելը, իսկ պատերազմի ժամանակ նորից մեկնել էին ետ՝ որպես Խորհրդային Միության հեռագրության կոմիտեի անդամներ։ Հարավից պատերազմին մասնակցություն են ունեցել Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

Անվանումներ խմբագրել

Անգլերենում կորեական կոնֆլիկտը կոչվում է «Կորեական պատերազմ» (անգլ.՝ Korean War), այն դեպքում, երբ ԱՄՆ֊ում կոնֆլիկտը պաշտոնապես չի համարվում պատերազմ, այլ «ոստիկանական օպերացիա» (անգլ.՝ Police action)։ Ռազմական դրություն ԱՄՆ֊ում հայտարարված չէր, չնայած, որ նախագահ Թրումենը այդպիսի ծրագրեր ուներ, քանի որ քաղաքացիական արտադրանքը սահմանափակելու միջոցով վերջինս կարող էր տնտեսությունը «ռազմական ռելսերի» վրա դնել։

Հարավային Կորեայում տարածված է «Հունիսի 25֊ի միջադեպ» անվանումը (կորեերեն՝ 육이오 사변, 六二五 事變), որը պայմանավորված է ռազմական գործողությունների սկսման օրով, ինչպես նաև «Կորեական պատերազմ» (կորեերեն՝ 한국전쟁, 韓國戰爭)։ Մինչ 1990֊ականների սկզբները կոնֆլիկտը հաճախ անվանում էին նաև «Հունիսի 25֊ի խռովություն» (կորեերեն՝ 육이오란, 六二五亂

Հյուսիսային Կորեայում պատերազմն անվանվում է «Հայրենական ազատագրական պատերազմ» (կորեերեն՝ 조국해방전쟁, 祖國解放戰爭

Չինաստանում օգտագործվում է «Պատերազմ Ամերիկայի դեմ՝ հանուն կորեական ժողովրդի աջակցության» (չինարեն՝ 抗美援朝) կամ ավելի մեղմ՝ «Կորեական պատերազմ» (չինարեն՝ 朝鲜战争/朝鮮戰爭) անվանումը։ Չինարենում անվան այլ տարբերակը «Կորեական պատերազմ» բառի «韩战/韓戰» համառոտագրությունն է։

 

Կորեան 1910 թվականից մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտը եղել է Ճապոնիայի գաղութը։ 1945 թվականի ապրիլի 5-ին ԽՍՀՄ-ը չեղյալ համարեց Ճապոնիայի հետ կնքած չհարձակման պայմանագիրը, իսկ օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն, պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Խորհրդային զորքերը Կորեա մտան հյուսիսից, իսկ ամերիկյան զորքերը Կորեական թերակղզում ափ իջան հարավից[4]։

Պատմական նախադրյալներ խմբագրել

1945 թվականի օգոստոսի 10-ին, Ճապոնիայի մոտակա կապիտուլյացիայի հետ կապված, ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը պայմանավորվեցին Կորեան բաժանել 38 հորիզոնականների. ենթադրվում էր, որ հյուսիսային ճապոնական զորքերը կհանձնվեն Կարմիր բանակին, իսկ հարավային զորքերը՝ ԱՄՆ-ին։ Այդ կերպ թերակղզին բաժանվեց խորհրդային և ամերիկյան մասերի։ Ենթադրվում էր, որ այդպիսի բաժանումը ժամանակավոր է։

1945 դեկտեմբերին ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համաձայնագիր կնքեցին երկրի ժամանակավոր կառավարման մասին։ Հարավային և հյուսիսային շրջաններում կազմավորվեցին կառավարական մարմիններ։ Թերակղզու ամերիկյան շրջանում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեցին ընտրություններ, որոնց արդյունքում ընտրվեց Լի Սին Մանի գլխավորած կուսակցությունը։ Ձախ կուսակցությունները բոյկոտեց ընտրությունները։ Հյուսիսում խորհրդային զորքերն իշխանությունը հանձնեցին կոմունիստական կառավարությունը՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ։ Հակահիտլերյան կոալիցիայի երկրները ենթադրում էին, որ որոշ ժամանակ անց Կորեան պետք է վերամիավորվի, սակայն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկիզբ առած սառը պատերազմի պայմաններում նրանք չկարողացան պայմանավորվել այդ միավորման շուրջ, այդ իսկ պատճառով 1947 թվականին ՄԱԿԱՄՆ-ի նախագահ Թրումենի փոխանցմամբ առանց որևէ պայմանագրերի և հանրաքվեի իր վրա վերցրեց Կորեայի ապագայի հարցը։

Ինչպես Հարավային Կորեայի նախագահ Լի Սին Մանը, այնպես էլ Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության գերագույն քարտուղար Կիմ Իր Սենը չէին թաքցնում թերակղզին իրենց կառավարության տակ վերցնելու իրենց նպատակները։ 1948 թվականին ընդունված սահմանադրությամբ կորեական 2 երկրներն էլ հայտարարեցին, որ երկու կառավարությունների նպատակն էլ իր իշխանությունը ողջ թերակղզում ծավալելն է։ Հյուսիսային Կորեայի սահմանադրության համաձայն՝ երկրի մայրաքաղաք էր համարվում Սեուլը, իսկ Փխենյանը պաշտոնապես համարվում էր երկրի ժամանակավոր մայրաքաղաքը, որտեղ երկրի գլխավոր մարմինները հաստատված էին մինչև Սեուլի ազատագրումը։ Ընդ որում, 1949 թվականին խորհրդային և ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Կորեայի տարածքից։

Չինաստանի կառավարությունը տագնապով հետևում էր Կորեայում տիրող իրավիճակին։ Մաո Ցզե Դունը համոզված էր, որ ամերիկյան միջամտությունն Ասիայում ապակայունացնող է և կարող է բացասաբար ազդել Թայվանում հաստատված Չան Կայշիի գոմինդանական ուժերը ջախջախելու իր հետագա պլանների վրա։

1950 թվականի հունվարի 12-ին ԱՄՆպետքարտուղար Դին Աչեսոնը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան զորքերը գրավում են Ալեության կղզիները, Ֆիլիպինները և ճապոնական Ռյուկյու կղզին, ինչը խոսում էր այն մասին, որ Կորեայի տարածքը չի հետաքրքրում ԱՄՆ-ին։ Այդ փաստն օգնեց կասեցնել զինված ընդհարումները, ինչպես նաև համոզել Ստալինին, որ ԱՄՆ-ի և Կորեայի միջև ռազմական ընդհարումը քիչ հավանական է[5]։

Պատերազմի ընթացքը խմբագրել

1950 թ. հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Իր Սենը եղավ Մոսկվայում և ստացավ Խորհրդային Միության օժանդակությունը։ Հարավային Կորեան Հյուսիսայինին միացնելու Կիմ Իր Սենի ծրագիրը հավանության արժանացավ նաև Չինաստանի ղեկավար Մաո Ցզե Դունի կողմից։ 1950 թ. հունիսի 25-ին Հյուսիսային Կորեայի զորքերն անցան հարձակման։ 3 օր անց նրանք արդեն Սեուլում էին։ Այնուհետև նրանց առաջխաղացումը դանդաղեց և սեպտեմբերին արդեն գրեթե ողջ թերակղզին նրանց ձեռքում էր։

Իրադրությունը փոխվեց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի որոշմամբ Հարավային Կորեային որպես օգնություն տրամադրված միջազգային զորքերը (մեծ մասամբ ամերիկյան) իջեցվեցին թերակղզու վրա։ Շուտով նրանք վերագրավեցին Սեուլը, հասան նախկին սահմանին և հարձակվեցին ԿԺԴՀ-ի վրա։ Վերջինս հայտնվել էր կործանման եզրին, երբ առանց ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելու ռազմական գործողությունների մեջ մտավ չինական բանակը։ Հոկտեմբերին մոտ մեկ միլիոնանոց բանակն անցավ սահմանը և մտավ կռվի մեջ։ Շուտով ռազմաճակատը մոտեցավ նախկին սահմաններին։ 1950 թ. ամերիկյան հարձակման ժամանակ ԽՍՀՄԿԺԴՀ-ին օգնության ուղարկեց մի քանի ավիացիոն դիվիզիա։ Չինացիները մեծ կորուստներ կրեցին, քանի որ տեխնիկապես շատ էին հետ մնում ամերիկացիներից։

Պատերազմը շարունակվեց 3 տարի և ավարտվեց հաշտությամբ։ Հյուսիսում մնաց ԽՍՀՄ-ի և Չինաստանի դաշնակից Կիմ Իր Սենի կառավարությունը։

Նախապատրաստում պատերազմին խմբագրել

Հյուսիսկորեական բանակի Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման նախկին պետ Յու Սոն Չոլի հաստատման համաձայն, Հարավային Կորեայի վրա հարձակման նախապատրաստումը սկսվել է դեռևս 1948 թվականի աշնանը, իսկ վերջնական որոշումը կայացվել է Կիմ Իր Սենի և Ստալինի 1950 թվականի գարնանը հանդիպումից հետո[6]։ 1949 թվականի սկզբից Կիմ Իր Սենը սկսեց օգնության խնդրանքներով դիմել խորհրդային կառավարությանը Հարավային Կորեա լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու համար։ Նա նշում էր, որ Լի Սին Մանի կառավարությունը համբավ չուներ, և պնդում էր, որ հյուսիսկորեական զորքերի ներխուժումը կհանգեցնի զանգվածային ապստամբությանը, որի ընթացքում Հարավային Կորեայի բնակիչները՝ փոխազդելով հյուսիսկորեական ստորաբաժանումների հետ, իրենք գահընկեց կանեն սեուլյան ռեժիմը։

Ստալինը, սակայն, հղում անելով հյուսիսկորեական բանակի պատրաստության ոչ բավարար աստիճանի և ԱՄՆ զորքերի հակամարտությանը միջամտելու հնարավորությանը և միջուկային զենքի կիրառմամբ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծմանը, նախընտրեց չբավարարել Կիմ Իր Սենի այդ խնդրանքը։ Շատ հավանական է, Ստալինը համարում էր, որ Կորեայում իրավիճակը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմին։ Չնայած դրան, ԽՍՀՄ շարունակում էր ռազմական օգնություն ցուցաբերել Հյուսիսային Կորեային, և ԿԺԴՀ շարունակում էր մեծացնել իր ռազմական հզորությունը, կազմակերպելով բանակը խորհրդային մոդելով և խորհրդային ռազմական խորհրդատուների ղեկավարության տակ։ Մեծ դեր էին խաղում նաև Չինաստանից էթնիկ կորեացիները, Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի վետերանները, ովքեր Պեկինի համաձայնությամբ ծառայության են անցել հյուսիսկորեական զինված ուժեր։ Այսպիսով, 1950 թվականի սկզբին հյուսիսկորեական զինված ուժերը գերազանցում էին հարավկորեականին բոլոր կարևոր բաղադրիչներով։ Ի վերջո, երկար տատանումից հետո և հավատալով Կիմ Իր Սենի համառ հավաստիացումներին, Ստալինը համաձայնություն է տվել ռազմական գործողություն անցկացնելու համար։ Մանրամասները համաձայնեցվել են Կիմ Իր Սենի Մոսկվա այցի ժամանակ՝ 1950 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Հարավային Կորեա հարձակում իրականացնելու ծրագրի մշակմանը մասնակցել է ԿԺԴՀ գլխավոր ռազմական խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Վասիլևը։ Մայիսի 27-ին Հյուսիսային Կորեայում խորհրդային դեսպան Տերենտի Շտիկովը Ստալինին հեռագրի մեջ հայտնեց, որ հարձակման ընդհանուր ծրագիրը պատրաստ է և հաստատվել է Կիմ Իր Սենի կողմից[7]։

Պատերազմի ընթացք խմբագրել

Պատերազմի սկիզբ (հունիսի 25, 1950) խմբագրել

 
Հյուսիսային կոալիցիայի առաջին հարձակումը (1950 թվականի հունիս-օգոստոս ամիսներին)
 
Հյուսիսկորեական Т-34-85 ԱՄՆ ավիացիայի կողմից ոչնչացված կամրջի վրա

Հունիսի 25-ին նախալուսաբացի ժամերին հյուսիսկորեական զորքերը հրետանու պաշտպանությամբ անցել են հարավային հարևանի հետ սահմանը։ Խորհրդային ռազմական խորհրդականների կողմից վարժեցված ցամաքային խմբավորման թվաքանակը կազմում էր 175 հազար մարդ[8], նրա կազմում կար T-34 տեսակի 150 տանկ, ռազմա-օդային ուժերում կար 172 ռազմական ինքնաթիռ[9]։ Հարավային Կորեայի կողմից ամերիկյան մասնագետների կողմից վարժեցված և ամերիկյան զենքով զինված ցամաքային խմբավորման թվաքանակը պատերազմի սկզբին կազմում էր 93 հազար մարդ[10]։ Հարավկորեական անակը համարյա չուներ զրահատեխնիկա և ուներ մոտ մեկ տասնյակ թեթև ուսումնա-մարտական ինքնաթիռ[9]։ Հյուսիսային Կորեայի կառավարությունը հայտնել է, որ «դավաճան» Լի Սին Մանը նենգորեն ներխուժել է ԿԺԴՀ տարածք։ Հյուսիսկորեական բանակի առաջխաղացումը պատերազմի առաջին օրերին բավականին հաջող էր։ Արդեն հունիսի 28-ին գրավված էր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ քաղաքը։ Հարվածի հիմնական ուղղություններն էին նաև Կեսոնը, Չունչոնը, Ընջոնգբուն և Օնջինը։ Ամբողջովին ավերվել էր սեուլյան Կիմպհո օդանավակայանը։ Սակայն գլխավոր նպատակին չէին հասել՝ կայծակնային հաղթանակ տեղի չէր ունեցել, Լի Սին Մանին և հարավկորեական ղեկավարության զգալի մասը հաջողացրեց փրկվել և լքել քաղաքը։ Զանգվածային ապստամբությունը, որի վրա հույս էր դնում հյուսիսկորեական կառավարությունը, նույնպես տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, օգոստոսի կեսերին Հարավային Կորեայի 90%-ը զբաղեցված էր ԿԺԴՀ բանակի կողմից։

Կորեայում պատերազմի սկիզբը անսպասելի էր ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների համար։ Դրանից ընդամենը մի շաբաթ առաջ՝ հունիսի 20-ին Պետական դեպարտամենտից Դին Աչեսոնը Կոնգրեսին ներկայացրած իր զեկույցում հայտնել է, որ պատերազմը քիչ հավանական է[11]։ Հարի Ս. Թրումանին պատերազմի սկզբի մասին հայտնել են դրա սկսվելուց մի քանի ժամ անց, այն բանի հետ կապված, որ նա հանգստյան օրերին մեկնել էր հայրենիք՝ Միսսուրի, իսկ ԱՄՆ պետքարտուղար Աչեսոնը՝ Մերիլենդ[12]։

 
Ամերիկյան C-54 Skymaster ինքնաթիռը, որն ոչնչացվել է օդանավակայանում հյուսիսկորեական կործանիչների կողմից

Չնայած ԱՄՆ բանակի հետպատերազմյան զորացրմանը, որը բավականին թուլացրել է նրանց ուժը տարածաշրջանում (բացառությամբ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի, դիվիզիայի, որոնք ուղարկվել են Կորեա, համալրվել էին 40%-ով), ԱՄՆ դեռ մեծ ռազմական զորակազմ ուներ Ճապոնիայում գեներալ Դուգլաս Մակարթուրի գլխավորության տակ։ Բացառությամբ Բրիտանական Համագործակցության, ոչ մի այլ երկիր տարածաշրջանում չուներ այդպիսի ռազմական հզորություն։ Պատերազմի սկզբում Թրումանը Մակարթուրին հրամայել է հարավկորեական բանակին մատակարարել ռազմական սպառազինություն և ավիացիայի քողի տակ անցկացնել ԱՄՆ քաղաքացիների տարհանումը։ Թրումանը ուշադրություն չդարձրեց շրջապատի՝ ԿԺԴՀ-ի դեմ օդում պատերազմ սկսելու խորհուրդներին, սակայն Յոթերորդ նավատորմին հրամայեց ապահովել Թայվանի պաշտպանությունը՝ այդպիսով վերջ դնելով չինական կոմունիստների և Չան Կայշիի պայքարին չմիջամտելու քաղաքականությանը։ Գոմինդանի կառավարությունը, որն այժմ հաստատվել է Թայվանում, ռազմական օգնություն էր խնդրում, սակայն ԱՄՆ կառավարությունը մերժեց՝ արդարացնելով իր մերժումը կոմունիստական Չինաստանի հակամարտությանը միջամտելու հնարավորությամբ։

Հունիսի 25–ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ է գումարվել, որի օրակարգում կորեական հարցն էր։ Ամերիկացիների կողմից առաջարկված բանաձևի սկզբանական տարբերակը, ընդունվել է 9 «կողմ» քվեարկած ձայներով, «դեմ» ոչ մեկ չէր քվեարկել։ Հարավսլավիայի ներկայացուցիչը ձեռնպահ մնաց, իսկ խորհրդային դեսպան Յակով Մալիկը բոյկոտեց քվեարկությունը։ Այլ տվյալներով, ԽՍՀՄ չի մասնակցել Կորեական խնդրի հարցով քվեարկությանը, քանի որ այդ պահին հետ էր կանչել իր պատվիրակությունը[13][14]։

Դրա հետ մեկտեղ սոցիալիստական հանրության որոշ երկրներ ԱՄՆ գործողությունների դեմ կտրուկ բողոքով հանդես եկան։ Չեխոսլովակյան ԱԳՆ-ի 1950 թվականի հուլիսի 11-ի նոտայում ԱՄՆ դեսպանատան հասցեին մասնավորապես ասվում էր.

  Չեխոսլովակիայի Հանրապետության կառավարությունը ս. թ. հունիսի 29-ի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված հեռագրի մեջ հայտնել է, որ Կորեայում Անվտանգության խորհրդի անդամների որոշումը, որի վրա հղում է անում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, կոպիտ խախտում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությունը և անօրինական է համարվում։ Առավել ևս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը Կորեայում Անվտանգության խորհրդի անդամների անօրինական որոշմամբ իր ագրեսիան արդարացնելու որևէ հիմքեր չունի, քանի որ նախագահ Թրումանը ամերիկյան զինված ուժերին հրամայել է հանդես գալ ԿԺԴՀ դեմ ավելի վաղ, քան Անվտանգության խորհրդում ընդունվել է այդ անօրինական որոշումը[15]։  

Այլ արևմտյան տերությունները անցել են ԱՄՆ-ի կողմը և ամերիկյան զորքերին ռազմական օգնություն ցույց տվեցին, ովքեր ուղարկվել էին Հարավային Կորեա օգնության համար։ Սակայն օգոստոսին դաշնակիցների զորքերը հետ են շպրտվել դեպի հեռու հարավ Բուսանի շրջան։ Չնայած ՄԱԿ-ի կողմից տեղ հասած օգնությանը, ամերիկյան և հարավկորեական զորքերին չէր հաջողվում դուրս գալ շրջափակումից, որը հայտնի էր «Բուսանի պարագիծ» անունով։ Նրանք կարողացան միայն կայունացնել Նակթոնգան գետի երկայնքով շփման գիծը։ Թվում էր, թե ԿԺԴՀ զորքերի համար դժվարություն չի ներկայացնի ժամանակի ընթացքում գրավել ամբողջ Կորեական թերակղզին։ Սակայն դաշնակիցների ուժերին հաջողվեց աշնանը հարձակման անցնել։

 
1-ին հեծելազորային դիվիզիայի զինվորները կրակ են վարում Հյուսիսային Կորեայի զորքերի ուղղությամբ Նակթոնգան գետը հատելու պահին

Պատերազմի առաջին ամիսների կարևորագույն ռազմական գործողություններն են համարվում Դեջոնի հարձակողական գործողությունը (հուլիսի 3-25) և Նակթոնգանի գործողությունը (հուլիսի 26-օգոստոսի 20)։ Դեջոնի գործողության ընթացքում, որում մասնակցում էին ԿԺԴՀ բանակի մի քանի հետևակային դիվիզիաներ, հրետանային գնդեր և որոշ ավելի փոքր զինված կազմավորումներ, հյուսիսային կոալիցիային հաջողվեց արագ հատել Կիմգան գետը, շրջապատել և երկու մասի բաժանել 24-րդ հետևակային դիվիզիան և գերի վերցնել դրա հրամանատար, գեներալ-մայոր Դինին։ Արդյունքում Հարավային Կորեայի և ՄԱԿ-ի զորքերը կորցրել են (խորհրդային ռազմական խորհրդատուի գնահատականով) 32 հազար զինվոր և սպա, ավելի քան 220 զենք ու ականանետ, 20 տանկ, 540 գնդացիր, 1300 ավտոմեքենա և այլն[16]։ Նակթոնգանի գործողության ընթացքում Նակթոնգան գետի շրջանում մեծ վնաս է հասցվել ամերիկացիների 25-րդ հետևակային և 1-ին հեծելազորային դիվիզիաներին, հարավարևմտյան ուղղությամբ 6-րդ հետևակային դիվիզիան և Կորեական ազգային բանակի 1-ին բանակի մոտոցիկլետային գունդը ջախջախել են հարավկորեական բանակի նահանջող հատվածները, գրավել են Կորեայի հարավարևմտյան և հարավային մասերը և դուրս են եկել Մասանի մատույցներին՝ ստիպելով ծովային հետևակի 1-ին դիվիզիային հետ նահանջել դեպի Բուսան։ Օգոստոսի 20-ին Հյուսիսային Կորեայի զորքերի հարձակումը կանգնեցվել է։ Հարավային կոալիցիան իր ազդեցության տակ էր պահպանել Բուսանի հենակետը 120 կմ ռազմաճակատի երկայնքով և մինչև 100-120 կմ խորությամբ և բավականին մեծ հաջողությամբ պաշտպանում էր այն։ ԿԺԴՀ բանակի՝ շփման գիծը խոցելու բոլոր փորձերը անհաջողությամբ են ավարտվել։

Միևնույն ժամանակ աշնան սկզբին հարավային կոալիցիայի զորքերը օգնություն են ստացել և Բուսանի պարագիծը խոցելու փորձեր են սկսել։

ՄԱԿ-ի հակահարձակում (սեպտեմբեր, 1950) խմբագրել

 
Ամերիկյան դեսանտային նավերը Ինչոնի նավահանգստում

Հակահարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Այդ պահին Բուսանի շրջանում գտնվել է 5 հարավկորեական և 5 ամերիկյան դիվիզիա, Մեծ Բրիտանիայի բանակի բրիգադը, մոտ 500 տանկ, ավելի քան 1634 տարբեր տրամանչափի հրանոթ և ականանետ, 1120 ինքնաթիռ[17]։ Ցամաքային ուժերի խմբավորմանը ծովից աջակցում էին ԱՄՆ-ն և աջակիցների ռազմածովային ուժերը՝ 230 նավ։ Դրանց դիմակայում էին ԿԺԴՀ բանակի 13 դիվիզիա, որոնք ունեին 40 տանկ և 811 հրանոթ[17]։

 
Հարավային կոալիցիայի զորքերի հակահարձակումը (1950 թվականի սեպտեմբեր — նոյեմբեր)

Ապահովելով հուսալի պաշտպանություն հարավից, սեպտեմբերի 15-ին հարավային կոալիցիան սկսել է «Խրոմիտ» գործությունը։ Դրա ընթացքում Սեուլի մոտակայքում գտնվող Ինչոն քաղաքի նավահանգստում ամերիկյան դեսանտ է իջեցվել։ Դեսանտի իջեցումը իրականացվում էր երեք էշելոններով՝ առաջին էշելոնում ծովային հետևակի 1-ին դիվիզիան էր, երկրորդում՝ 7-րդ հետևակային դիվիզիան, երրորդում՝ Մեծ Բրիտանիայի բանակի հատուկ նշանակության ջոկատը և հարավկորեական բանակի որոշ զորամասերը։ Հաջորդ օրը Ինչոնը գրավված էր, դեսանտ իջեցված զորքերը ճեղքել են հյուսիսկորեական բանակի պաշտպանությունը և հարձակումը ծավալել են Սեուլի ուղղությամբ։ Հարավային ուղղությամբ Դեգու շրջանից 2 հարավկորեական բանակային կորպուսից, 7 ամերիկյան հետևակային դիվիազիաներից և 36 հրետանային դիվիզիաներից բաղկացած խմբավորման կողմից հակահարձակում է ծավալվել։ Երկու հարձակվող խմբավորումները միավորվեցին սեպտեմբերի 27-ին Եսան գավառի մոտ՝ այդպիսով շրջապատելով ԿԺԴՀ բանակի 1-ին բանակային խումբը։ Հաջորդ օրը ՄԱԿ-ի ուժերը գրավել են Սեուլը, իսկ հոկտեմբերի 8-ին հասել են 28-րդ զուգահեռագծին։ Երկու պետությունների նախկին սահմանի շրջանում մի շարք մարտերից հետո հարավային կոալիցիայի ուժերը հոկտեմբերի 11-ին կրկին հարձակման են անցել Փենյանի ուղղությամբ։

Չնայած նրան, որ հյուսիսաբնակները մեծ արագությամբ երկու պաշտպանական բնագծեր են կառուցել 38-րդ զուգահեռագծից դեպի հյուսիս 160 և 240 կմ հեռավորության վրա, նրանց ուժերը բավարար չէին, իսկ դիվիզիաների ձևավորման գործընթացի ավարտը իրավիճակը չէր փոխում։ Հակառակորդը կարող էր անցկացնել և՛ ժամային, և՛ օրեր տևող հրետանային նախապատրաստություններ և օդային հարվածներ։ ԿԺԴՀ մայրաքաղաքի գրավման գործողությանը աջակցելու համար հոկտեմբերի 20-ին քաղաքից 40-45 կմ դեպի հյուսիս հիսուն հազարանոց օդային դեսանտ է իջեցվել։ ԿԺԴՀ մայրաքաղաքն անձնատուր եղավ։

Չինաստանի և ԽՍՀՄ-ի միջամտություն (հոկտեմբեր, 1950) խմբագրել

 
Ծովային հետևակները նահանջում են Չոսինից

Սեպտեմբերի վերջերին հայտնի է դարձել, որ հյուսիսկորեական զինված ուժերը ջախջախվել են, և այն, որ Կորեական թերակղզու տարածքների գրավումն ամերիկա-հարավկորեական զորքերի կողմից միայն ժամանակի հարց է։ Այդ պայմաններում հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ԽՍՀՄ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ակտիվ խորհրդատվություններ էին անցկացվում։ Վերջ ի վերջո որոշում է կայացվել Կորեա ուղարկել չինական բանակի զորամասերը։ Նմանատիպ տարբերակի նախապատրաստումը անց էր կացվում դեռևս 1950 թվականի գարնան վերջերից, երբ Ստալինը և Կիմ Իլ Սոնգը Մաո Ցզե-Դունին տեղյակ են պահել Հարավային Կորեայի վրա հարձակման մասին։

ԿԺՀ ղեկավարությունը հրապարակայնորեն հայտնում էր, որ Չինաստանը պատերազմի մեջ կմտնի, եթե որևէ ոչ կորեական ռազմական ուժ կհատի 38-րդ զուգահեռագիծը։ Հոկտեմբերի սկզբին համապատասխան զգուշացումը փոխանցվել է ՄԱԿ-ին Չինաստանում Հնդկաստանի դեսպանի միջոցով։ Սակայն նախագահ Թրումանը չէր հավատում չինական լայնամասշտաբ միջամտությանը՝ հայտնելով, որ չինական զգուշացումները ընդամենը համարվում են «ՄԱԿ-ին շանտաժի ենթարկելու փորձեր»։

Արդեն հաջորդ օրը այն բանից հետո, երբ 1950 թվականի հոկտեմբերի 8-ին ամերիկյան զորքերը հատել են Հյուսիսային Կորեայի սահմանը, նախագահ Մաոն չինական բանակին հրամայել է մոտենալ Յալուցզյան գետի մոտ և պատրաստ լինել մարտանցել այն։ «Եթե մենք թույլ տանք ԱՄՆ-ին օկուպացնել ամբողջ Կորեական թերակղզին […], մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ նրանք պատերազմ կհայտարարեն Չինաստանին», - ասում էր նա Ստալինին։ Վարչապետ Ժոու Էնլայը շտապ ուղարկվել է Մոսկվա` Մաոյի ենթադրությունները խորհրդային ղեկավարությանը հասցնելու համար։ Մաոն՝ սպասելով օգնություն Ստալինից, հետաձգել է պատերազմի մեջ մտնելու ամսաթիվը մի քանի օրով՝ հոկտեմբերի 13-ից տեղափոխելով հոկտեմբերի 19-ի վրա։

Սակայն ԽՍՀՄ սահմանափակվել է օդային աջակցությամբ, ընդ որում խորհրդային ՄիԳ-15 ինքնաթիռները ռազմաճակատի գծին չպետք է 100 կմ-ից ավելի մոտ թռչեին։ Խորհրդային ՄիԳ-15 ինքնաթիռները գերազանցում էին ամերիկյան F-80 ինքնաթիռներին։ Ի պատասխան դրան ԱՄՆ-ն հակամարտության գոտի է ուղարկել ավելի ժամանակակից F-86 ինքնաթիռներ։ ԽՍՀՄ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության մասին ԱՄՆ-ում լավ հայտնի էր, սակայն միջազգային միջուկային հակամարտությունից խուսափելու համար ամերիկացիների կողմից ոչ մի պատասխան միջոցառումներ չէին ձեռնարկվում։ Սակայն հունիսի 25-ին ռազմաօդային ուժերի գեներալ Վանդենբերգը հրաման է ստացել պատրաստվել Սիբիրի ռազմակայաններին միջուկային հարվածների հասցնելուն՝ Խորհրդային Միության կորեական հակամարտությանը մասնակցելու դեպքում[18]։

1950 թվականի հոկտեմբերի 15-ին Թրումանը ուղևորվել է Ուեյք ատոլը չինական միջամտությունը և Կորեական պատերազմի մասշտաբները սահմանափակելու միջոցառումները քննարկելու համար։ Այնտեղ գեներալ Մակարթուրը համոզում էր նախագահ Թրումանին, որ «եթե չինացիները կփորձեն մուտք գործել Փենյան, այնտեղ մեծ ջարդ կլինի»։

 
3-րդ հետևակային դիվիզիայի զինվորները Իմջին գետի վրա

Չինաստանը այլևս չէր կարող սպասել։ Հոկտեմբերի կեսերին չինական ուժերի պատերազմի մեջ մտնելու հարցը լուծված էր և համաձայնեցված էր Մոսկվայի հետ։ 270 հազարանոց չինական բանակի հարձակումը գեներալ Պեն Դեհուայի գլխավորությամբ սկսվել է 1950 թվականի հոկտեմբերի 25-ին։ Օգտվելով անսպասելիության էֆեկտից, չինական բանակը ճեղքել է ՄԱԿ-ի զորքերի պաշտպանությունը, սակայն այնուհետև նահանջել է դեպի լեռներ։ 8-րդ ամերիկյան բանակը ստիպված էր պաշտպանական դիրք գրավել Հանգան գետի հարավային ափի երկայնքով։ ՄԱԿ-ի զորքերը, չնայած այդ հարվածին, շարունակեցին հարձակումը Յալուցզյան գետի ուղղությամբ։ Ընդ որում, պաշտոնական հակամարտությունից խուսափելու համար, Կորեայում գործող չինական զորամասերը կոչվում էին «չինական ժողովրդական կամավորներ»։

Նոյեմբերի վերջին չինացիները սկսել են երկրորդ հարձակումը։ Ամերիկացիներին Հանգանի և Փենյանի միջև գտնվող իրենց ամուր պաշտպանական դիրքերից խորամանկությամբ դուրս բերելու համար Պենը իր ստորաբաժանումներին հրամայել է խուճապ նմանակել։ Նոյեմբերի 24-ին Մակարթուրը Հարավի դիվիզիաները ուղարկել է ծուղակի մեջ։ Շրջանցելով ՄԱԿ-ի զորքերը արևմուտքից, չինացիները շրջապատել են նրանց 420 հազարանոց բանակով և թևային հարված են հասցրել 8-րդ ամերիկյան բանակին։ Արևելքում Չոսինի ջրամբարի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ընթացքում (նոյեմբերի 26 – դեկտեմբերի 13) ջախջախվել է ԱՄՆ հետևակային դիվիզիայի 7-րդ գունդը։

 
Հյուսիսային կոալիցիայի ձմեռային հարձակումը (1950 թվականի նոյեմբեր - 1951 թվականի հունվար)

Կորեայի հյուսիս-արևելքում ՄԱԿ-ի ուժերը նահանջել են Համհընգ քաղաքի մոտ, որտեղ 1950 թվականի դեկտեմբերին՝ կառուցելով պաշտպանական գիծ, սկսել են տարհանումը։ Մոտ 100 հազար զինծառայող և նույնքան Հյուսիսային Կորեայի խաղաղ բնակիչ ռազմական և առևտրային նավերով տեղափոխվել է Հարավային Կորեա։

1951 թվականի հունվարի 4-ին ԿԺԴՀ Չինաստանի հետ գրավել են Սեուլը։ 8-րդ ամերիկյան բանակը և 10-րդ կորպուսը ստիպված էին նահանջել։ Ավտովթարում զոհված գեներալ Հարրիս Ուոլքերին փոխարինեց գեներալ-լեյտենանտ Մեթյու Ռիջուեյը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորել է օդադեսանտային զորքերը։ Ռիջուեյը անմիջապես սկսեց ամրապնդել իր զինվորների բարոյական և մարտական հոգին, սակայն ամերիկացիների համար իրավիճակը այնքան ճգնաժամային էր, որ հրամանատարությունը լրջորեն մտածում էր միջուկային զենքի կիրառման մասին։

Կանգնեցնելով Հյուսիսային Կորեայի զորքերի և չինական կամավորների հարձակումը, ամերիկյան հրամանատարությունը հակահարձակման որոշում է կայացնում։ Դրան էին նախորդում տեղական «Գայլերի որս» (հունվարի 20), «Ամպրոպ» (սկսվել է հունվարի 25-ին) և «Շրջապատում» գործողությունները։ 1951 թվականի փետրվարի 21-ին սկսված գործողության արդյունքում, ՄԱԿ-ի զորքերին հաջողվեց չինական բանակին հետ շպրտել դեպի հյուսիս, Հան գետի ետևի մասը։ Կարևոր դեր էր հատկացվում ավիացիային և հրետանուն։ Ռիջուեյի մեթոդը, որն օգտագործվում էր հակահարձակման ընթացքում, հետագայում ստացավ «մսաղաց» կամ «հակառակորդի կենդանի ուժի աղում» անվանումը[17]։

Ի վերջո, մարտի 7-ին հրաման է արձակվել «Փորոտիք թափողը» գործողության սկզբի մասին։ Ընտրվել էր ռազմաճակատի գծի կենտրոնական հատվածում գտնվող հակահարձակման երկու ուղղություն։ Գործողությունն հաջողությամբ էր ընթանում, և մարտի կեսերին հարավային կոալիցիայի զորքերը մարտանցել են Հանգան գետը և գրավել Սեուլը։ Սակայն ապրիլի 22-ին Հյուսիսի զորքերը նախաձեռնել են իրենց հակահարձակումը։ Մեկ հարված հասցվել է ռազմաճակատի արևմտյան հատվածում, իսկ երկու լրացուցիչները՝ կենտրոնում և արևելքում։ Նրանք ճեղքել են ՄԱԿ-ի զորքերի պաշտպանական գիծը, ամերիկյան ուժերը պառակտել են մեկուսացված խմբավորումների և ուղղվեցին դեպի Սեուլ։ Հիմնական հարվածի տակ էր հայտնվել Իմջինգան գետի մոտ դիրքեր զբաղեցրած 29-րդ բրիտանական բրիգադը։ Մարտի ժամանակ կորցնելով անձնակազմի ավելի քան մեկ չորրորդը, բրիգադը ստիպված էր նահանջել։ Ընդհանուր առմամբ հարձակման ընթացքում ապրիլի 22-29-ը վիրավորվել և գերի է վերցվել ամերիկյան և հարավկորեական զորքերի մինչև 20 հազար զինվոր և սպա[17]։ Չինական կողմի կորուստները կազմել են ավելի քան 70 հազար մարդ[19]։

1951 թվականի ապրիլի 11-ին Թրումանի հրամանով գեներալ Մակարթուրը հեռացվել է հրամանատարական պաշտոնից։ Դրա համար մի քանի պատճառներ կային՝ ներառյալ Մակարթուրի Չան Կայշիի հետ հանդիպումը դիվանագիտական մակարդակով և կորեական սահմանի մոտ չինական զորքերի թվաքանակի ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որը Թրումանին փոխանցվել է նրա կողմից Ուեյք ատոլում։ Բացի այդ, Մակարթուրը բացահայտորեն պնդում էր Չինաստանին միջուկային հարված հասցնելու վրա, չնայած, որ Թրումանը չէր ցանկանում տարածել պատերազմը Կորեական թերակղզու տարածքից դուրս և ԽՍՀՄ-ի հետ միջուկային հակամարտության հնարավորությանը։ Թրումանին դուր չէր գալիս, որ Մակարթուրն իր վրա վերցնում է լիազորություններ, որոնք պատկանում են գերագույն գլխավոր հրամանատարին, որը համարվում էր հենց Թրումանը։ Ռազմական էլիտան լիովին աջակցեց նախագահին։ Մակարթուրին փոխարինեց 8-րդ բանակի նախկին հրամանատար գեներալ Ռիջուեյը, 8-րդ բանակի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Վան Ֆլիտը։

Մայիսի 16-ին սկսվել է հյուսիսային կոալիցիայի հերթական, բավականին անհաջող հարձակումը։ Այն կանգնեցվել է մայիսի 21-ին, ինչից հետո ՄԱԿ-ին զորքերը լայնամասշտաբ հարձակում են նախաձեռնել ամբողջ ռազմաճակատով։ Հյուսիսի բանակը ետ է շպրտվել 38-րդ զուգահեռագիծ։ Հարավային կոալիցիան չզարգացրեց հաջողությունը՝ սահմանափակվելով մուտքով դեպի սահմաններ, որոնք գրավվել են «Փորոտիք թափողը» գործողությունից հետո։

Ամերիկյան պատմաբան և Կորեական պատերազմի վետերան Բևին Ալեքսանդերը այսպես է նկարագրում չինական զորքերի մարտավարությունը իր «Ինչպես են հաղթում պատերազմները» գրքում.

  Չինացիները չունեին ավիացիա, միայն հրացաններ, գնդացրեր, ձեռքի նռնակներ և ականանետեր։ Ավելի լավ համալրված ամերիկյան բանակի դեմ նրանք կիրառում էին նույն մարտավարությունը, որը կիրառում էին ազգայնականների դեմ մղվող 1946-1949 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Չինացիները հիմնականում հարձակվում էին գիշերը, ընդ որում ընտրում էին փոքր ռազմական կազմավորումներ՝ վաշտ կամ դասակ, ինչից հետո հարձակվում էին՝ օգտագործելով թվային գերազանցությունը։ Հարձակումները շարունակվում էին այնքան ժամանակ, մինչև պաշտպանվողները ջախջախվում կամ գերի էին վերցվում։ Այնուհետև չինացիները տեղաշարժվում էին բաց թևի վրա, որն ավելի մոտ էր հաջորդ դասակին և կրկնում էիրն իրենց մարտավարությունը։  

Ռազմական գործողությունները մտնում են փակուղի (հուլիս, 1951) խմբագրել

 
Պատերազմի վերջին ժամանակաշրջանի ռազմական գործողությունները (1951 թվականի փետրվար — 1953 թվականի հուլիս)

1951 թվականի հունիսին պատերազմը հասել էր կրիտիկական կետի։ Չնայած մեծ կորուստների՝ կողմերից յուրաքանչյուրն իր տրամադրության տակ ուներ մոտ մեկ միլիոն մարդուց բաղկացած բանակ։ Չնայած տեխնիկական միջոցներում հակակշռին՝ ԱՄՆ-ն և դաշնակիցներն ի վիճակի չէին հասնել որոշիչ առավելության։ Հակամարտության բոլոր կողմերը հասկացել էին, որ ողջամիտ գնով ռազմական հաղթանակին հասնելն անհնար է, և այն, որ անհրաժեշտ են բանակցություններ զինադադարը կնքելու համար։ Առաջին անգամ կողմերը բանակցության սեղանի շուրջ են նստել 1951 թվականի հուլիսի 8-ին, Կեսոնում, սակայն նույնիսկ բանակցությունների ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում էին։

ՄԱԿ-ի ուժերի նպատակը Հարավային Կորեայի վերականգնումն էր նախապատերազմյան սահմաններում։ Չինական հրամանատարությունը նմանատիպ պայմաններ էր առաջ քաշում։ Երկու կողմերն էլ իրենց պայմանները զորացնում էին արյունահեղ հարձակողական գործողություններով։ Չնայած ռազմական գործողությունների արյունահեղությանը՝ պատերազմի վերջնական ժամանակաշրջանը բնութագրվում էր ռազմաճակատի համեմատաբար ոչ մեծ փոփոխություններով և հակամարտության հնարավոր ավարտի մասին երկար քննարկումներով։

Ձմռան սկզբին բանակցությունների հիմնական առարկան ռազմագերիների հայրենադարձությունն էր։ Կոմունիստները համաձայնվել էին կամավոր հայրենադարձությանը այն պայմանով, որ բոլոր հյուսիսկորեական և չինական ռազմագերիները կհայրենադարձվեն։ Սակայն նրանցից շատերը չուզեցին վերադառնալ։ Բացի այդ, հյուսիսկորեական ռազմագերիների զգալի մասն իրականում հարավկորեական քաղաքացիներ էին, ովքեր հարկադրված պատերազմում էին Հյուսիսի կողմից։ «Մերժողների» մաղման գործընթացը ձախողելու նպատակով, հյուսիսային կոալիցիան հարավկորեական ռազմագերիների ճամբարներ ուղարկում էր իր գործակալներին, որոնք այնտեղ անկարգություններ էին հրահրում։

  Մենք Կորեայում պատերազմում ենք նրա համար, որպեսզի ստիպված չլինենք պատերազմել Ոիչիտայում, Չիկագոյում, Նոր Օռլեանում կամ Սան Ֆրանցիսկոյի ծովախորշում։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 이지수. «2010, 인물로 다시 보는 6·25 "이 자식아, 전쟁지면 너도 책임있어" 김일성, 박헌영에 잉크병 집어 던져» (կորեերեն). 조선일보. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15–ին-ին.
  2. «6.25 전쟁의 피해» (կորեերեն). 대한민국 국방부. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  3. 3,0 3,1 Michael Hickey. «The Korean War: An Overview». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 31 декабря 2011-ին.
  4. Dankwart A. Rustow. «The Changing Global Order and Its Implications for Korea's Reunification» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 7-ին.
  5. Канд. ист. наук В. А. Тарасов приводит объяснение последовавшего после вывода из Южной Кореи американских войск в июне 1949 г. и заявления госсекретаря 12 января 1950 г. об исключении Южной Кореи «из периметра американской обороны» резкого изменения этого курса: изменения в корейскую политику США были внесены весной 1950 г. на основе секретного доклада, который представили Трумэну в декабре 1949 г., в котором предусматривалась активизация военной политики США: замена тактики сдерживания «советской экспансии» на наступательную военную конфронтацию с Советским Союзом
  6. Ланьков А. Н. Глава 7. Хо Го И: очерк жизни и деятельности // КНДР вчера и сегодня. Неформальная история Северной Кореи. — Восток-Запад, 2005. — 448 с. — 3000 экз. — ISBN 5-478-00060-4
  7. Попов И., Лавренев С., Богданов В. Корея в огне войны. — Жуковский; М.: Кучково поле, 2005. — С. 74—75.
  8. Война в Корее, 1950—1953. — СПб.: ООО «Издательство Полигон», 2003. С. 32.
  9. 9,0 9,1 Тепсуркаев Ю. Г., Крылов Л. Е. «Сталинские соколы» против «Летающих крепостей». Хроника воздушной войны в Корее 1950—1953. — М.: Яуза, Эксмо, 2008. — С. 290.
  10. Война в Корее, 1950—1953. — СПб.: ООО «Издательство Полигон», 2003. С. 43.
  11. Paolo Enrico Coletta. The United States Navy and Defense Unification, 1947—1953. — University of Delaware Press, 1981. — P. 248.
  12. Dennis D. Wainstock. Truman, MacArthur and the Korean War: June 1950-July 1951. — Enigma Books, 2013. — P. 6.
  13. Gaddis, John Lewis. The Cold War: a new history. ISBN 1-59420-062-9. P. 43
  14. Новейшая история России 1914—2008 // Под ред. М. В. Ходякова. 3-е изд. М.: 2008. ISBN 978-5-9692-0339-6, С. 336.
  15. Труд. 1950, № 164, 12 июля.
  16. Обухов А. Записки военного советника // Интернационалисты. — Смоленск, 2001. — С. 140.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Окороков, Александр (29 ноября 2005 года). «Корейская война 1950-1953 гг». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
  18. Канд. ист. наук В. А. Тарасов
  19. Luis Camacho. Grave and Ever Present Danger
  20. Կորեական պատերազմ