Զանգիների տոհմը ունի թյուրքական ծագում։ Տոհմի հիմնադիրը Քասիմ ադ-Դաուդա Աք-Սունքուրն է ով՝ 1086 թվականին սելջուկ սուլթան՝ Մալիք-շահ I-ի կողմից նշանակվել է Հալեպի տեղապահ[3]։ 1094 թ. ադ-Դաուդան սպանվում է նրա որբացած որդի՝ Զանգիին իր խնամքի տակ է վերցնում Մոսուլի սելջուկ ամիրա` Քարաբուգան։ 1127 թվականին Զանգին սելջուկ սուլթանի կողմից նշանակվում է Հյուսիսային Իրաքի և Հյուսիսային Սիրիայի համապատասխանաբար Մոսուլ և Հալեպ կենտրոններով, տեղապահ` աթաբեկ տիտղոսով։ Հետագայում Զանգին իր որդիների հետ դառնում է ինքնուրույն և գերակա ուժ Իրաքո-Սիրիական գոտում՝ 1129 թվականից Զանգիդների տիրապետության տակ է անցնում Սինջար, Խաբուր, և Խառան քաղաքները, 1130 թվականին Համա ( 1133 թվականին Զանգին կորցնում է այն, սակայն 1135 թվականին վերանվաճում), 1132 թվականին Էրբիլ, 1135 թվականին Ռաքա, 1140 թվականին Բաալբեկ, հետո Դիարբեքիրը, Մարդինը, Նասիբինը և ողջ Քրդստանը, 1144 թվականին Անա և Ալ-Հադիսա, 1173 թվականին Մարաշ։ 1144 թվականին նույն Զանգին գրավում է Եդեսիան, 1154 թվականին նրա կրտսեր որդի՝ Նուր ադ-Դինը գրավում է Դամասկոսը։ 1146 թ. Զանգիի մահից հետո նրա տերությունը կիսվում է երկու որդիների միջև՝ Սիրիան ստանում է Նուր ադ-Դինը, իսկ Մոսուլը սկսում է կառավարել Գազի I-ը[4]։ 1183 թվականին՝ Նուր ադ-Դինի մահից հետո երկրին սկսում են տիրել տոհմի նախկին վասսալներ՝ Այուբյանները։ Մոսուլում Արսլան-շահ I ի մահից հետո՝ 1211 թվականից Զանգիդները կորցնում են իրենց դիրքը և վերջ ի վերջո 1251 թ. երկիրը։