Ֆեոդ կամ Ավատ (ուշ լատիներեն feodum, feudum), ֆիեֆ, (ֆր.՝ fief), ֆի (անգլ.՝ fee), լեն (գերմ.՝ Lehn), Արևմտյան Եվրոպայի երկրներում միջին դարերում հողատիրույթ կամ հաստատագրված եկամուտ (դրամով կամ բանաձևով), որ սյուզերենը պարգևում էր իր վասալին ժառանգաբար տիրելու համար՝ վերջինիս կողմից հօգուտ առաջինի ֆեոդալական ծառայություններ (ռազմական, մասնակցություն կառավարմանը, դատին և այլն) մատուցելու կամ սովորույթով նախատեսված դրամական վարձը մուծելու դիմաց։

Քանի որ վասալները, որպես կանոն, ստացած հողատարածության կամ եկամտի մի մասը հանձնում էին իրենց վասալներին («ենթաֆեոդացնում էին), ապա նույն հողատիրույթի նկատմամբ առաջանում էր միևնույն ֆեոդի սեփականության իրավունք ունեցողների շարք՝ ուղղահայաց դասավորված հիերարխիկ աստիճանի ձևով։ Զարգացած ֆեոդալիզմի շրջանում (XI-XV դարեր) Արևմտյան Եվրոպայում ֆեոդը եղել է տիրող դասակարգի սեփականատիրության առավել բնորոշ ձևը։

Ենթաֆեոդացման ընթացքում ֆեոդի մասնատման, ֆիեֆ-ռենտային պայմանագրերի լայն տարածման (որի դեպքում վասալը որպես ֆեոդ ստանում էր ոչ թե հողը գյուղացիներով, այլ միայն որևէ եկամտի իրավունք), վարձու զորքի անցնելու հետևանքով XV-XVI դդ․ ֆեոդի համակարգը վերածվեց իրավաբանական ֆիկցիայի։

Ընթերցե՛ք «ֆեոդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 606