Տաճարականների միաբանություն

Քրիստոսի և Սողոմոնի տաճարի աղքատ ասպետներ կամ Տաճարականների հոգևոր-ասպետական միաբանություն (լատին․՝ Pauperes commilitones Christi Templique Salomonici; ֆր.՝ Ordre du Temple կամ Templiers), նաև Տամպլիերներ (ֆր.՝ templiers «թեմփլ», տաճար, «տաճարականներ»[1]), կաթոլիկական ռազմավանական[1] (հոգևոր-ասպետական) միաբանություն է, որը հիմնվել է Սուրբ Երկրում Առաջին խաչակրաց արշավանքից հետո, 1119 թվականին, ասպետների սակավաթիվ խմբով՝ Հյուգո դը Պեյնի գլխավորությամբ[2]։ Հիվանդախնամների միաբանության հետ միասին համարվում է առաջին կրոնական ռազմական միաբանություններից մեկը։

Pauperes commilitones Christi Templique Solomonici, Քրիստոսի ասպետների միաբանություն

12-13-րդ դարերում միաբանությունը բավականին հարուստ էր. նրան էին պատկանում ընդարձակ հողատարածքները ինչպես Պաղեստինի և Սիրիայի տարածքներում, այնպես էլ Եվրոպայում։ Միաբանությունն ուներ նաև եկեղեցական և իրավաբանական արտոնություններ` շնորհված Հռոմի պապի կողմից, ում անվերապահորեն ենթարկվում էր, ինչպես նաև միապետների կողմից, ում հողերում միաբանությունն ուներ հողեր և անշարժ գույք։ Միաբանությունը հաճախ իրականացնում էր Արևելքում խաչակիրների կողմից ստեղծված պետությունների ռազմական պաշտպանության գործառնություն, թեև միաբանության առաջնային նպատակը, ինչպես հռչակվել էր հիմնադրման պահին, համարվում էր ուխտագնացների պաշտպանությունը Սուրբ Հողում[1]։

Սակայն 1291 թվականին խաչակիրները վտարվեցին Պաղեստինից եգիպտական սուլթան Խալիլ ալ-Աշրաֆի կողմից, իսկ տամպլիերներն սկսեցին զբաղվել վաշխառությամբ և առևտրով, կուտակեցին զգալի հարստություն և հայտնվեցին դժվար գույքային հարաբերությունների մեջ պապի և եվրոպական պետությունների թագավորների հետ[1]։

1307-1314 թթ. միաբանության անդամները ենթարկվեցին ձերբակալությունների, կտտանքների և մահապատիժների ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV-ի, խոշոր ֆեոդալների և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից, ինչի հետևանքով միաբանությունը լուծարվեց Կլիմենտ V պապի կողմից 1312 թվականին[1]։

Միաբանության համբավի պատճառով պատմագրության մեջ առկա է նրանց հետևորդների թվաքանակի չափազանցության միտումը։ Վիլկեն համարում էր, որ միաբանությունում կար մոտավորապես 15 000 ասպետ (այս թիվը ներկայացված է նաև «Աթեիստական բառարանում»[1]), իսկ Ցեկլերը ներկայացնում է ասպետների 20 000 թվաքանակ, Մալյար դը Շամբյուրը՝ 30 000 ասպետ։ Այս բոլոր թվերն այնքան էլ մեծ չեն և չեն համապատասխանում ասպետների թվաքանակի հետ, որոնք մասնակցել են միաբանության դեմ Ֆիլիպ IV-ի պատերազմին։ Ֆրանսիայում ձերբակալվել է 538 ասպետ, Կիպրոսում` 75, Մայորկայում կռվել են 25 ասպետ, և բոլորը պարտության են մատնվել։ Թե' Կիպրոսը, թե' Մայորկան և թե' Ֆրանսիան եղել են միաբանության ուղղորդողները։ Ակնհայտ է, որ պատմաբանները Միաբանության աշխատողներին, ծառաներին և զինակիրներին ներառում են ասպետների թվաքանակի մեջ։

Տամպլիերների միաբանության նշանավոր մագիստրոսները

խմբագրել
 
  1. Հյուգո դը Պեյն (1119մայիսի 24, 1136)
  2. Ռոբեր դը Կրաուն (1137Հունվարի 13, 1149)
  3. Էվրար դը Բար (1149—1152)
  4. Բերնարդ դը Թրեմբլ (1152 —օգոստոսի 16, 1153)
  5. Անդրե դը Մոնբար (1153—1156)
  6. Բերտրան դը Բլանշֆոր (1156—1169)
  7. Ֆիլպ դը Միլի (11691171)
  8. Օդո դը Սենտ-Աման (1171 —հոկտեմբերի 8, 1179)
  9. Արնո դը Տորոժ (1180Սեպտեմբերի 30, 1184)
  10. Ժերար դը Րիդֆոր (1185հոկտեմբերի 4, 1189)
  11. Ռոբեր դը Սաբլե (1191 —Սեպտեմբերի 23, 1193)
  12. Ժիլբեր Էրայլ (1194—1200)
  13. Ֆիլիպ դը Պլեսյե (12001209)
  14. Գիլմոն դը Շարտր (1209 —Օգոստոսի 26, 1219)
  15. Պիեր դը Մոնտեգյու (1219Հունվարի 28,1232)
  16. Արման դը Պերիգոր (1232Հոկտեմբերի 17, 1244)
  17. Րիշառ դը Բյուր (1244մայիսի 9,1247)
  18. Գիոմ դը Սոնակ (1247փետրվարի 11, 1250)
  19. Ռենո դը Վիշյե (1250 —հունվարի 20, 1256)
  20. Տոմա Բեռար (1256մարտի 25, 1273)
  21. Գիլմոն դը Բոժե (մայիսի 13, 12731291)
  22. Տիբո Գոդեն (1291—1293)
  23. Ժակ դը Մոլե (1293Մարտի 18, 1314)

Միաբանության պատմությունը

խմբագրել
 
Ալ-Ակսա մզկիթը Տաճարի լեռան հարավարևելյան մասում։ Այստեղ գտնվում էր տամպլիերների շտաբը

Մոտավորապես 1118 թվականին ֆրանսիացի ազնվական Հյուգո դը Պեյնն իր շուրջը համախմբեց ութ իր ազգական ասպետներին, այդ թվում` Գոդֆրուա դը Սենտ-Օմերին, և հիմնեց միաբանություն, որի նպատակը ուխտագնացների պաշտպանությունն էր դեպի Մերձավոր Արևելքի սրբավայրեր ճանապարհին։ Իրենց միաբանությունն անվանեցին «Աղքատ ասպետներ»։ Նրանք այնքան աղքատ էին, որ երկու մարդու համար նախատեսված էր մեկ ձի։ Այդ իսկ պատճառով երկար ժամանակ նրանց կնիքի վրա էր պատկերված ձի, որին հեծել են երկու ձիավոր[3]։ Միաբանության գործունեության և ընդհանրապես միաբանության մասին շատ քչերը գիտեին ընդհուպ մինչև Տրուայի ժողովը (1128 թ.), որի ընթացքում միաբանությունը ճանաչվեց պաշտոնապես, իսկ վանական Բերնարդ Քլերվոսացուն հանձնարարվեց մշակել միաբանության կանոնադրությունը, որտեղ կամբողջացվեին միաբանության բոլոր օրենքները։ Արքեպիսկոպոս Վիլհելմ Թիրացին` Երուսաղեմի թագավորության կանցլերը, ով միջնադարյան խոշորագույն պատմաբաններից է, իր աշխատությունում նշում է միաբանության ստեղծման գործընթացը.

  Մի քանի ազնվական ասպետներ` հավատացյալ ու աստվածավախ մարդիկ, իրենց ցանկությունը հայտնեցին ապրել խստության և հնազանդության մեջ, մեկընդմիշտ հրաժարվել իրենց կալվածքներից և իրենց հանձնելով եկեղեցու գերագույն ղեկավարի ձեռքը` դառնալ վանական միաբանության անդամ։ Նրանց թվում առաջինները և ամենահայտնիներն էին Հյուգո դը Պեյնը և Գոդֆրուա դը Սենտ-Օմերը։ Քանի որ եղբայրությունը դեռևս չուներ իր տաճարը, ոչ էլ կացարանը, թագավորը նրանց տրամադրեց ժամանակավոր կացարան իր արքունիքում, որը կառուցված էր Տաճարի լեռան հարավային լանջին։ Այնտեղ կառուցված տաճարի կանոնիկոսները պատով շրջափակված բակի մի մասը որոշակի պայմաններով զիջեցին նոր միաբանության կարիքների համար։ Ավելին, Երուսաղեմի արքա Բալդուին I-ը, նրա մերձավորները և պատրիարքը իր պրելատների հետ միասին աջակցություն ցուցաբերեցին միաբանությանը` հատկացնելով իրենց ունեցվածքի մի մասը, ոմանք` ցկյանս, մյուսները` ժամանակավոր օգտագործման համար, ինչի շնորհիվ միաբանության անդամները կկարողանային ապրուստի միջոցներ ձեռք բերել։ Առաջին հերթին նրանց կարգադրված էր, ի քավություն իրենց մեղքերի և պատրիարքի առաջնորդության ներքո, «պաշտպանել և հսկել Երուսաղեմ ուղևորվող ուխտավորներին գողերի և ավազակների հարձակումներից»։
- Վիլհելմ Թիրացի
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Նովիկով,1985, էջ 435
  2. Walter Map. De nugis curialium / ed. M. R. James, rev. C. N. L. Brooke and R. A. B. Mynors. — Oxford, 1983, էջ 54-55
  3. Ֆօ.Լոբեր, 2007, էջ 26
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաճարականների միաբանություն» հոդվածին։