Բերմուդյան եռանկյան զոհեր

Բերմուդյան եռանկյան զոհեր, նավեր, ինքնաթիռներ, որոնց՝ այս կամ այն պայմաններում խորտակվելը կամ անձնակազմերի կողմից լքվելը վերագրվում է Բերմուդյան եռանկյանը։

Բերմուդյան եռանկյունի

Բերմուդյան եռանկյան գաղտնիքը լուծելու համար շատ հիպոթեզներ են արվել։ Ժամանակի շեղումը, հակագրավիտացիոն դաշտերը և նույնիսկ կախարդանքը համարվել են անհետացումների հնարավոր պատճառներ։ Նման պատճառներ են համարվել նաև մթնոլորտային խոտորումները, մագնիսական և գրավիտացիոն անոմալիաները, անհասկանալի ուժերը, որոնք ռադիոյին ստիպել են լռել, մեկուսացրել են ռադիոլակատորերը և աղավաղել կողմնացույցի տվյալները։

Այժմ ըստ ժամանակագրության ներկայացնենք այն նավերի և ինքնաթիռների պատմությունները, որոնց, համաձայն որոշ վարկածների, կարելի է համարել Բերմուդյան եռանկյան «զոհեր»․

Ռոզալի խմբագրել

Նավը հայտնաբերվել է 1840 թ. օգոստոսին Նասաուից (Բահամյան կղզիներ) ոչ հեռու՝ անձնակազմից լքված։ Այն ոչ մի վնասվածք չի ունեցել, նավում հոսք չի նկատվել, արժեքավոր բեռները գտնվել են հիանալի վիճակում, իսկ միակ բնակիչը քաղցից կիսամեռ սոխակն է եղել։ Այս դեպքի հետ կապված հանգամանքների հետագնա քննություննը չհաջողվեց։ Լոնդոնյան «Թայմս»-ում «Ռոզալի»-ի մասին դեպքի օրից ի վեր հոդված չի տպագրվել։ Անգլիական գրադարանի և կոնգրեսի գրադարանի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում չկա ոչ մի կազմակերպություն, որտեղ հնարավոր լիներ գտնել 1840 թ. օգսոտոսին Նասաուում կամ Հավանայում լույս տեսած թերթեր։ Այս պատմության մեջ ինչ-որ խորհրդավորություն կա։

Բելա խմբագրել

Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր անհետացած առաջին նավերից մեկը «Բելա»-ն է, որը կորել է 1854 թ.: 1854 թ. ապրիլին «Բելա»-ն Ռիո-դե-Ժանեյրոյից ուղղությունվերցրեց դեպի Յամայկա։ Սակայն նավի ընթացուղին հատող մեկ այլ նավի կապիտան հանկարծ ջրում ինչ-որ բեկորներ է նկատել։ Դա շրջված մի փրկամակույկ էր, որի նավախելի վրա գրված էր «Բելա» – Լիվերպուլ։

Ինքը՝ «Բելա»-ն չկար։ Մոտերքում գտնվող անգլիական և բրազիլական մի քանի նավեր սկսեցին փնտրել նավաբեկյալներին, սակայն որոնումներն իզուր անցան։

Մերի Սելեսթ խմբագրել

103 ֆուտ երկարությամբ և 282 տ ջրատարողությամբ «Մերի Սելեսթ» առագաստանավին օվկիանոսում հայտնաբերել է «Դեի Գրատիա» բեռնանավը՝ 1872 թ. դեկտեմբերի 4-ին։ Վերջինս Մորհաուզի հրամանատարությամբ Նյու Յորքից դուրս էր եկել նոյեմբերի 15-ին, իսկ «Մերի Սելեսթ»-ը՝ նոյեմբերի 7-ին և կապիտան Բրիգսի հրամանատարությամբ ուղևորվել դեպի Ջենովա։ Մեկնելուց մեկ ամիս անց, երբ կապիտան Մորհաուզը օվկիանոսում հանդիպել է «Մերի Սելեսթ»-ին, այն քամու ուղղությամբ առաջ գնալիս է եղել, սակայն զիգզագներով, որը կապիտանին վատ նախանշան է թվացել։ Եվ միայն մոտենալուց ու ստուգելուց հետո պարզ է դառնում, որ նավը, որտեղ գտնվում էին կապիտան Բրիգսը, նրա կինը, աղջիկը և ութ մարդուց բաղկացած անձնակազմը, դատարկ է։

Տարբեր հեղինակներ տարբեր ձևով են նկարագրել լքված նավում տիրող վիճակը, բայց բոլորը միաբերեն նշել են, որ «Մերի Սելեսթ»-ի վրա ամեն բան կարգին էր, և նավը չէր տուժել վատ եղանակից, չնայած որոշ առագաստներ թեթևակի պատռված էին։ Կապիտանի անձնական իրերը լրիվ էին և անվնաս։ Անհետացել էին միայն նավամատյանները, որտեղ վերջին գրանցումը կատարվել էր նոյեմբերի 24-ին, երբ նավը գտնվում էր Ազորյան կղզիներից 100 մղոն արևմուտք, իսկ 11 օր անց նավը հայտնվել էր այդտեղից 500 մղոն դեպի հարավ։

Դատարանն այդպես էլ չկարողացավ պարզել, թե ուր էր անհետացել նավի անձնակազմը։ Փոքրիշատե հստակ և պարզ բացատրություն է համարվել այն, որ նավն ընկել է փոթորկի մեջ, և անձնակազմին թվացել է, թե սուզվում են, իջեցրել են մակույկը, որպեսզի փրկվեն, բայց բոլորը միանգամից խորտակվել են։ Կան նմանատիպ շատ վարկածներ, և մենք այսօր «Մերի Սելեսթ»-ի անձնակազմի ճակատագրի մասին գիտենք այնքան, որքան օվկիանոսում նրա հայտնաբերման օրը։

Ատլանտա խմբագրել

1880 թ. հունվարի 31-ին բրիտանական «Ատլանտա» նավը 290 կուրսանտների և սպաների հետ հեռացավ Բերմուդյան կղզիներից։ Անգլիա ուղևորվելու ճանապարհին այն անհետ կորավ։

«Երբ «Ատլանտա»-ն հեռացավ Բերմուդյան կղզիներից, վերցրել էր 109 տ ջուր և սննդամթերքի մեծ պաշար։ Նավը հրաշալի սարքավորում և կայունություն ուներ, իսկ նրա կապիտանը հայտնի էր որպես խելամիտ մարդ, ծովային գործի մեծ գիտակ»[1]։ Այդ էր պատճառը, որ երբ «Ատլանտա»-ն ժամանակին չհասավ նավահանգիստ, երկյուղ ծագեց, թե նրա հետ դժբախտություն է պատահել։ Հնարավոր է, որ նավը խորտակվել է Բերմուդյան եռանկյունուց հեռու գտնվող ինչ-որ տեղում, որովհետև նրա անցնելիք 3000 մղոնանոց ճանապարհից միայն 500-ն էր ձգվում եռանկյունու տարածքով։

Էլեն Օստին և լքված նավ խմբագրել

Լքված նավերի պատմության մեջ ամենաանհասկանալի ու խորհրդավոր դեպքերից մեկը տեղի է ունեցել 1881 թ.:

Անգլիական «Էլեն Օստին» նավը 1881 թ. Ատլանտիկայում հանդիպել է մի առագաստանավի։ Այն անձնակազմի կողմից լքված էր և հանձնված բախտի քմահաճույքին, սակայն լրիվ պահպանված էր տարողությունը։ «Էլեն Օստին»-ից առագաստանավ է բարձրանում մի փոքր փրկարար խումբ, և երկու նավերն էլ ուղղություն են վերցնում դեպի Սենթ-Ջոնս, որը գտնվում էր Նյուֆաունդլենդ կղզում։ Շուտով մառախուղ է իջնում ծովի վրա և նավերը կորցնում են իրար։ Նրանք կրկին հանդիպում են միայն մի քանի օր անց։ Եվ դարձյալ առագաստանավի վրա մարդ չկար։ Փրկարար խումբը նույնպես անհետացել էր։

«Էլեն Օստին»-ի կապիտանը փորձել է մի փրկարար խումբ էլ ուղարկել, սակայն նավաստիները հրաժարվել են ռիսկի դիմել և առագաստանավը թողել են օվկիանոսում։

Ֆրեյա խմբագրել

1902 թ. հոկտեմբերի 20-ին օվկիանոսում հայտնաբերվեց անձնակազմից լքված գերմանական «Ֆրեյա» թիանավը։ Նա հոկտեմբերի 3-ին դուրս էր եկել Մանսանիլկժյոյից՝ ուղևորվելով դեպի Չիլի, և նրա մասին ոչինչ հայտնի չի եղել մինչև այն պահը, երբ նրան գտել են առանց կայմի և անձնակազմի՝ կողքի վրա պառկած։ Նավապետի խցիկում օրացույցը շրջված է եղել հոկտեմբերի 4-ի վրա։ Դա փաստում է, որ աղետը պատահել է «Ֆրեյա»-յի՝ նավահանգիստը թողնելուց շատ չանցած։ Իսկ այդ օրերին աղետի շրջանում փչել էր միայն թեթև քամի։

Ջոշուա Սլոքամ և Սփրեյր խմբագրել

1909 թ. Բերմուդյան եռանկյունում անհետացավ նավապետ Ջոշուա Սլոքամը՝ իր ժամանակի ամենանշանավոր և ամենահմուտ ծովագնացը։ Նա համաշխարհային հռչակ էր ձեռք բերել՝ կարողանալով միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել։ Այդ ճանապարհորդությունը նա կատարել է «Սփրեյր» առագաստանավով։ Այդ դեպքից մի քանի տարի էր անցել, երբ կատարելով համեմատաբար կարճ ճանապարհորդություն Բերմուդյան եռանկյունով՝ անսպասելիորեն անհետացավ։ 1909 թ. նոյեմբերի 14-ին նա դուրս է եկել Մարթաս Վինյարդ կղզուց և ուղևորվել դեպի Հարավային Ամերիկա. այդ նույն օրվանից նրա մասին լուրեր չեն եղել։

Ոմանք ասում էին, թե Սլոքամին հանդիպել են Վեստ-Ինդիայի տարբեր շրջաններում անհետացումից ոչ շատ առաջ, մյուսները պնդում էին, որ նրան տեսել են, երբ լողում էր Օրինոկոյով դեպի վեր։ Ենթադրություններ էր արվում, թե Սլոքամը երջանիկ չէր իր կնոջ հետ և որոշել էր անհետանալ։ Ջոշուա Սլոքամի և նրա «Սփրեյ»-ի ճակատագիրն իսկապես օվկիանոսի գաղտնիքներից մեկն է։

Ցիկլոպ խմբագրել

1918 թ. մարտի 4-ին 19600 տ ջրատարողությամբ ածխատար «Ցիկլոպ» նավը, 309 ուղևորներով, բեռնված մանգանի հանքաքարով, հեռացավ Բարբադոս կղզուց։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կազմում գտնվող այդ 542 ֆուտանոց ամենախոշոր նավերից մեկը, որ ուղևորվում էր դեպի Նորֆոլկ, այդպես էլ այնտեղ չժամանեց։

Ոմանք կարծում էին, թե «Ցիկլոպ»-ը հանդիպել է ականի, բայց հետագայում պարզվեց, որ այդ շրջանում ականապատ դաշտեր չեն եղել։ Բեկորների իսպառ բացակայությունը վկայում էր, որ նավը ականի չի հանդիպել, և ոչ էլ ներսից է պայթյուն եղել։ Երկարատև հետաքննություններից հետո տարածվեց հայտարարություն. ««Ցիկլոպ»-ի անհետացումը ամենադժվար լուծվող հանելուկներից մեկն է ռազմածովային նավատորմի տարեգրության մեջ. նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով ձեռնարկված բոլոր փորձերը անհաջող ավարտվեցին։ Առաջադրված ոչ մի հիպոթեզ, թեկուզ բավարար չի բացատրում, թե ինչ հանգամանքներում և ինչպես է կորել այդ նավը»։ Իսկ նախագահ Վիլսոնն ասել է, որ «Միայն աստված և ծովը գիտեն, թե ինչ է պատահել այդ հսկայական նավին»։

Քերոլ Ա․ Դիրինգ խմբագրել

1921 թ. հունվարյան մի առավոտ Դայամոնդ Շոուլզի առափնյա ծանծաղուտում հայտնաբերվեց առագաստները պարզած հինգ կայմանի «Քերոլ Ա. Դիրինգ» առագաստանավը։

Խոհանոցում ճաշը դեռ սալօջախի վրա էր, իսկ նավում ոչ մի կենդանի շունչ չկար՝ բացի երկու կատուներից։ Անձնակազմի անդամներից ոչ մեկին չհաջողվեց գտնել։

«Երեկ երեկոյան լրացուցիչ հայտնի դարձավ, որ անձնակազմից լքված․․․․ առագաստանավը «Քերոլ Ա․ Դիրինգն» է։ Նավ է բարձրացել փրկարար խումբը․․․ սակայն ամենաթռուցիկ ստուգումից անգամ պարզվել է, որ «Քերոլ Ա․ Դիրինգ» արդեն անհնար է պահպանել։ Ալիքների հարվածից նավակարանները բացվել են և նավամբարում ջուր է հավաքովում։

Անցյալ տարվա սեպտեմբերին նավը, իր տերերից մեկի՝ նավապետ Մերիտի հրամանատարությամբ, ուղևորվեց դեպի Հարավային Ամերիկա։ Նրա մյուս տերը Ջ. Ջ. Դիրինգն էր, որն իր որդի Քերոլի պատվին առագաստանավը կոչվել էր նրա անունով։ Նավարկությունը սկսելուց մի քանի օր հետո նավապետ Մերիտը հիվանդացավ և ստիպված էր վերադառնալ տուն... Վաթսունվեցամյա նավապետ, հին «ծովագայլ» Ուորմուելը, որը երեք տարի առաջ թողել էր ծովը, ընդունեց առագաստանավի հրամանատարությունը։ Մեզ մոտ եղած տվյալներից դատելով՝ նա հաջողությամբ անցել էր մինչև Հարավային Ամերիկա և ետ եկել Դահամոնդ Շոուլզ, որտեղ «Քերոլ Ա. Դիրինգն»-ի հետ ինչ-որ անհաջողություն էր պատահել։ Բայց թե ինչու էր նավը բոլոր առագաստները պարզած և առանց որևէ վնասվածքի լքվել անձնակազմի կողմից, դա մինչև այժմ գաղտնիք է մնում։ Նավապետ Ուորմուելի կամ անձնակազմի անդամների մասին այդպես էլ ոչ մի լուր չունենք»[2]։

Ռաիֆուկու–մարու խմբագրել

«Սա դաշույնի հարված էր, շտապ հասեք օգնության,– հուսահատ ձայնը կանչում էր ռադիոյով։ – Շտապեք, մեզ փրկություն չկա»։ Հետո «Ռաիֆուկու-մարու»-ից եկող օգնության կանչերը մարել են օվկիանոսի անխռով խաղաղության մեջ։ Բերմուդյան եռանկյունում գտնվող նավերի անձնակազմերը տարակուսանքի մեջ են ընկել։ Ի՞նչը կարող էր այդպիսի հանդարտ եղանակին ստիպել, որ նավը օգնություն կանչի։ 1925 թ. ապրիլյան այդ առավոտից «Ռաիֆուկու-մարու»-ի և նրա անձնակազմի մասին այլևս ոչ ոք ոչինչ չլսեց։

Շոգենավերի ժամանակաշրջանի նավարկությունների տեղեկատուն վկայում է, որ 1925 թ. ապրիլի 18-ին ցորենով բեռնված ճապոնական «Ռաիֆուկու-մարու» շոգենավը Բոստոնից ուղևորվեց դեպի Համբուրգ։ Նավահանգստից դուրս գալուց հետո շատ չանցած՝ շոգենավը ուժեղ փոթորկի մեջ ընկավ և ապրիլի 19-ի առավոտյան աղետալի վիճակում էր։ Նա SOS ազդանշան է տվել, որն ընդունել է ճապոնական նավից 70 մղոնի վրա գտնվող Ուայթ-Սթար ընկերության «Խոմերիկ» մարդատար շոգենավը՝ նավապետ Ռոբերտսի հրամանատարությամբ։ Մինչև «Խոմերիկ»-ից կտեսնեին աղետյալ նավը, ընդունվել էր վերջին հաղորդումը. «Հիմա կարծանում, շտապիր»։ Ձգտելով որքան կարելի է մոտենալ նրան՝ «Խոմերիկ»-ը հարմար պահի էր սպասում, որ փրկեր նավը։ Բայց դա չհաջողվեց, և նավի անձնակազմը՝ թվով 48 հոգի, խեղդվեց։

Ջոն և Մերի խմբագրել

1932 թ. ապրիլին հունական «Էմբրիկոս» առագաստանավը Բերմուդյան կղզիներից հիսուն մղոն դեպի հարավ հայտնաբերեց անձնակազմից լքված, երկկայմանի «Ջոն և Մերի» առագաստանավը։

Մեքենայական բաժնում եղած ուժեղ պայթյունի պատճառով անձնակազմը լքել էր նավը՝ գտնվելով Բերմուդյան կղզիներից 600 մղոն դեպի հյուսիս-արևմուտք։ Իսկ ինչպես հաղորդում է «Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրական նավերը» տեղեկագիրը «Ջոնև Մերի»-ն ջրասույզ է եղել Քեյփ-Մեյի շրջանում նույն թվականի հուլիսի 9-ին։

Լա Դահամա խմբագրել

1935 թ. օգոստոսին Բերմուդյան կղզիներից ոչ հեռու մի նավ ուրվական էր լողում։ Դա «Լա Դահամա»-ն էր։ Ջարդված կայմերով, փշրված լուսամուտներով, անձնակազմից լքված՝ նա լողում էր, երբ մոտեցող «Ացտեկ»-ը տեսավ նրան։ Թվում էր՝ ոչ մի պատճառ չկար նավը ճակատագրի քմահաճույքին թողնելու, մանավանդ որ բավականաչափ սննդամթերքի և խմելու ջրի պաշար ուներ, իսկ 2 փրկամակույկները բոլորովին անվնաս էին։ Վերցնելով նավամատյանը՝ նավաստիները վերադարձել են «Ացտեկ» և շարունակել ճանապարհը դեպի Անգլիա, որտեղ հայտնել են անձնակազմից լքված նավի խորհրդավոր պատմությունը։ Զարմանքը մեծ եղավ, երբ իմացան, որ «Լա Դահամա»-ի հետ իրենց հանդիպումից մի քանի օր առաջ իտալական «Ռեքս» լայները փրկել է զբոսանավի անձնակազմին, որից հետո բոլորի աչքի առաջ այն դանդաղորեն սուզվել էր ծովի խորխորատներ։ Դա նշանակում էր, որ «Ացտեկ»-ը հանդիպել էր օվկիանոսի գերեզմանից դուրս ելած նավ-ուրվականի։

Գլորիա Քոլիթա խմբագրել

1940 թ. փետրվարին Մոբիլից 200 մղոն դեպի հարավ Մեքսիկական ծոցում հայտնաբերվեց հանելուկային հանգամանքներում անձնակազմից լքված Սենթ-Վենսենթ կղզու «Գլորիա Քոլիթա» առագաստանավը։ Նավից փախչելու նկատելի պատճառներ չկային, ծովը հանդարտ էր, նավը՝ սարքին։ Երբ «Գլորիա Քոլիթա» նավի վրա են բարձրացել կամավորներ, ոչ մի կենդանի շունչ չեն գտել, իսկ կիսախորասուզված նավի վրայի գերանները, նրա ճոճքին համաչափ, գլորվում էին հակառակ կողմի վրա։ Կապիտան Հալվորսենը ենթադրում էր, որ ողջ անձնակազմն ընկել է ծովը և խեղդվել հունվարի 22-ի և 23-ի փոթորկի ժամանակ։

Պրոթեուս և Ներեուս խմբագրել

Շատ տարիներ անց «Ցիկլոպ»-ի պատմությունն անսպասելիորեն շարունակվեց, երբ նույն երթուղին կատարելիս նույնատիպ 2 նավ անհետ կորան։ 1941 թ. նոյեմբերի 23-ին «Պրոթեուս»-ը, Սենթ-Թոմաս կղզու նավահանգստից դուրս գալով, ուղևորվեց դեպի Փորթլենդ (Սենի նահանգ)։ Նա Փորթլենդ չհասավ, և հետքերն այդպես էլ չհաջողվեց գտնել։ Գերմանական ռազմածովային գերատեսչության հաղորդումներից հետևում էր, որ հավանաբար «Պրոթեուս»-ը զրասույզ է արվել նոյեմբերի 25-ին։ 1941 թ. դեկտեմբերի 10-ին նույն ուղղությամբ Սենթ-Թոմասից դուրս եկավ «Ներեուս»-ը և նույնպես անհետ կորավ։ Ենթադրվում էր, որ նրան տորպեդահարել է գերմանական սուզանավը։

Ռուբիկոն խմբագրել

1944 թ. հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պահակային դիրիժաբլը[~ 1] Ֆլորիդայի ափամերձ շրջանում հայտնաբերեց անձնակազմից լքված մի նավ։ Մի քանի ժամ հետո նրան մոտեցան առափնյա պահպանության 2 մոտորանավակ։ Նավի վրա միակ կենդանի արարածը շունն էր։ Եթե չհաշվենք 2 փրկամակույկների կորուստը, ապա նավը հիանալի վիճակում էր։ Նավաստիների անձնական իրերը մնացել էին նավի վրա և միանգամայն անհասկանալի էր, թե ինչու էր «Ռուբիկոն»-ը հանկարծակի ամայացել։ Կարծես թե կրկնվում էր «Մերի Սելեսթ»-ի պատմությունը, սակայն այս անգամ Ֆլորիդայի ափի մոտ։ Այս դեպքի առթիվ վերջնական եզրակացություն չարվեց, և սա ևս դասվեց խորհրդավոր պատմությունների շարքին։

19–րդ օղակ խմբագրել

1945 թ. դեկտեմբերի 5-ին՝ 14:10-ին, ռազմածովային ուժերի Ֆորթ-Լոդերդեյլի ավտոբազայի թռիչքուղուց հռնդյունով օդբարձրացավ «Էվենջեր» տիպի հինգ տորպեդակիր-ռմբակոծիչ։ Դա համաշխարհային ավիացիայի պատմության մեջ մեծագույն գաղտնիքի նախաբանն էր, այնքան հետաքրքիր գաղտնիքի, որ հետագայում այդ դիպվածը սկսեցին անվանել «ավիացիայի Մերի Սելեսթ»։

19-րդ օղակը պետք է սովորական պարեկային թռիչք կատարեր հետևյալ երթուղով. 160 մղոն ուղիղ դեպի արևելք, 40 մղոն դեպի հյուսիս և 120 մղոն վերադարձ դեպի բազա։ Թռիչքի ժամանակը սահմանված էր 2 ժամ։ Սովորաբար «Էվենջեր»-ի անձնակազմը՝ ներառյալ օդաչուն, երեք մարդ էր, բայց այդ օրը՝ թռիչքից առաջ մեկը չներկայացավ օդանավակայան։ Գուցե դա սովորական զուգադիպություն էր, կամ էլ հնարավոր է, որ նրա մոտ ինչ-որ նախազգացում էր առաջացել. համենայն դեպս դա փրկեց նրան։ 19-րդ օղակի մնացած 14 օդաչուներին այլևս վիճակված չէր բազա վերադառնալ։

Ինչպես հետագա քննություններն են ցույց տվել, յուրաքանչյուր ինքնաթիռ անցել էր նախաթռիչքային մանրազնին ստուգում, բաքերը լիքը լցված էին վառելանյութով։ Ամբողջ սարքավորումը, շարժիչները, կողմնացույցները և սարքերը կարգին էին։ Յուրաքանչյուր ինքնաթիռում տեղադրված էին հուսալի ռադիոսարքեր՝ ներառյալ 10 ալիք ունեցող կապի ռադիոկայանը և ռադիոկողմնացույցը, որ թռիչքի ցանկացած կետում նշում էր դեպի բազա վերադարձի ուղղությունը։ Բոլոր ինքնաթիռներն ունեին ինքնաօդամուղ փրկամակույկներ, իսկ օդաչուները՝ փրկարար բաճկոններ։ Ե՛վ օդաչուները, և՛ անձնակազմի անդամները թռիչքի մեծ փորձ ունեին։ Եղանակը դրանից լավը չէր կարող լինել։

Պարեկային օղակի առաջին հաղորդումը ստացվել է 15:45-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նրանք պետք է վայրէջքի համար տվյալներ խնդրեին հրամանատարա-դիսպետչերական կետից։

Սակայն տարօրինակ հաղորդում է ստացվել.

– Մեզ մոտ վթարային վիճակ է,– լսվեց հուզված մի ձայն,– հավանորեն մենք շեղվել ենք երթուղուց։ Ցամաքը չենք տեսնում... կրկնում եմ... ցամաքը չենք տեսնում։

– Հայտնեք ձեր տեղը,– պահանջեց հրամանատարա-դիսպետչերական կետը։

– Մենք չենք կարողանում որոշել մեր տեղը,– պատասխանեց օղակի հրամանատարը:– Չգիտենք, թե հիմա որտեղ ենք գտնվում։ Կարծում ենք՝ մոլորվել ենք։

– Ինչպե՞ս կարող էր պատահել,– իրար էին հարցնում դիսպետչերները։ Թռիչքի համար պայմաններն իդեալական էին։

– Ուղղություն վերցրեք դեպի արևմուտք,– կարգադրեց հրամանատարա-դիսպետչերական կետը։

Հետևեց երկարատև լռություն։ Հետո նորից կապի մեջ մտավ օղակի հրամանատարը, նրա ձայնից պարզորոշ զգացվում էր տագնապը․

– Մենք չգիտենք արևմուտքի տեղը։ Ոչինչ չի ստացվում... տարօրինակ է... Մենք չենք կարողանում որոշել ուղղությունը։ Նույնիսկ օվկիանոսն այնպիսին չէ, ինչպես սովորաբար։

Դիսպետչերներն ապշել էին։ Եթե նույնիսկ մագնիսական մրրիկը շարքից հանել էր բոլոր կողմնացույցները, օդաչուների համար միևնույն է, դժվար չէր տունդարձի ճանապարհը գտնել՝ ուղղություն վերցնելով դեպի արևը, որն այն ժամանակ մոտենում էր հորիզոնին. նրանք կհատեին ափի գիծը բազային շատ մոտ։ Սակայն զեկույցից պարզ երևում էր, որ նրանք արևը չէին տեսնում։

Ժամանակն անցնում էր, դիսպետչերները լսում էին, թե ինչպես են օդաչուները խոսակցում իրար հետ։ Նրանք շվարած և վախեցած էին, սակայն շարունակում էին միասին մնալ։

Շուտով՝ ժամը 16-ին, օղակի հրամանատարը ակներևորեն խուճապահար հրամանատարությունը հանձնեց մեկ այլ օդաչուի, որից կարելի էր եզրակացնել դրության սպառնալի լինելը։

Ժամը 16:25-ին օղակի նոր հրամանատարը դիմել է հրամանատարա-դիսպետչերական կետին.

–Մենք չգիտենք՝ որտեղ ենք գտնվում։ Հավանաբար, 225 մղոն բազայից հյուսիս արևելքում ենք... կարծես թե մենք...

Եվ այսպես ընդհատվեց կապը։

«Մարտին Մարիներ» հսկայական թռչող նավը 13 մարդուց բաղկացած անձնակազմով անհապաղ թռավ այնտեղ, ուր ենթադրաբար պետք է գտնվեր պարեկային օղակը։ «Մարիներ»-ը ռադիոյով մի քանի սովորական հաղորդում է տվել, որոնք հայտնում էին, թե մոտենում է «Էվենջերներ»-ի գտնվելու տեղին, բայց առայժմ ոչինչ չի հայտնաբերվել։ Հետո հրամանատարական կետում չարագուշակ լռություն է տիրում, դիսպետչերները զուր սպասում էին փրկարար ինքնաթիռի հետագա հաղորդումերին, որոնք այլևս չստացվեցին։ Փրկարար ինքնաթիռը հետևեց նրանց, որոնց պետք է փրկեր։

Հայտարարվեց ընդհանուր տագնապ, սակայն բացի հանդարտ ու ամայի ծովից ոչինչ չկարողացան գտնել փրկարարները։

300 ինքնաթիռ և 21 նավ պրպտեցին երկնքի ու ջրի յուրաքանչյուր քառակուսին, սակայն այդպես էլ ոչինչ չգտան։ Փորձագետները բոլորովին մոլորվել էին։ 6 ինքնաթիռ և 27 մարդ ինչպե՞ս կարող էին անհետանալ այդ ոչ այնքան մեծ շրջանում։

Նրանց կործանման պատճառ չէր կարող լինել ո՛չ քամին, ո՛չ պտտահողմը, ո՛չ վառելիքի սպառվելը և ո՛չ էլ սուզվելը։

Սիթի Բել խմբագրել

«Էվենջերներ»-ի և փրկարար ինքնաթիռի անհետացումից ուղիղ մեկ տարի անց Բահամյան կղզիների շրջանում տեղի ունեցավ ևս մի առեղծվածային դեպք։ 1946 թ. դեկտեմբերի 5-ին բաց ծովում հայտնաբերվեց անձնակազմից լքված «Սիթի Բել» առագաստանավը, որը Նասաուից գնում էր Գրանդ-Թերք կզղի։

Նավը ոչ մի վնասվածք չուներ, ամեն ինչ լրիվ կարգին էր, և նույնիսկ փրկամակույկները կախված էին իրենց տեղերում։ Բոլորովին անհասկանալի պատճառներով ոչ մի հետաքննություն չձեռնարկվեց, և «Սիթի Բել»-ի մասին շատ շուտ մոռացան։

Թռչող ամրոց խմբագրել

1947 թ. Բերմուդյան կղզիներից  100 մղոնի վրա առեղծվածային պայմաններում անհետացավ ամերիկյան «Թռչող ամրոց» ռմբակոծիչը։ Այն բանից հետո, երբ ինքնաթիռի մասսայական որոնումները չպսակվեցին հաջողությամբ, ռազմածովային ուժերի ներկայացուցիչները ենթադրույթուն արեցին, որ ռմբակոծիչը կործանվել է բարձրացող անձրևային ամպակուտակումների շրջանում բարձրացող օդի հզոր հոսանքից։

Սթար Թայհեր խմբագրել

1948 թ. հունվարի 30-ի վաղ առավոտյան «Բրիթիշ Սաութ Էմերիքեն Էրուէյզ» ընկերությանը պատկանող «Սթար Թայհեր» ինքնաթիռի հրամանատարը Բերմուդյան կղզիների դիսպետչերական կետին տեղեկություններ հայտնեց իր գտնվելու վայրի մասին, հաստատեց, որ ինքնաթիռում ամեն բան կարգին է, և թռչում է՝ ըստ չվացուցակի։

Դա վերջին հաղորդումն էր, որ լսեցին «Սթար Թայհեր»-ից։ Լուսաբացին սկսվեցին որոնումները։ 10 նավ և ավելի քան 30 ինքնաթիռ հետախուզեցին օվկիանոսի այն շրջանը, որտեղով անցել էր թռիչքի երթուղին։ Թեև ինքնաթիռի անհետացման պահին և որոնումների առաջին փուլում հիանալի եղանակ էր, սակայն ո՛չ յուղաբծեր, ո՛չ բեկորներ և ո՛չ էլ զոհվածների մարմիններ հայտնաբերել չհաջողվեց։ Երկարատև հետաքննությունից եկան այն եզրակացության, որ «հետաքննությունը դեռ երբեք չէր հանդիպել ավելի անհասկանալի դեպքի» և որ «Սթար Թայհեր»-ի ճակատագիրը առհավետ կմնա անլուծելի առեղծված։ Վարկածների արդյունքում եկան այն եզրակացության, որ ինչ-որ մի արտաքին պատճառ ճակատագրական ազդեցություն է ունեցել թե՛ ինքաթիռի և թե՛ մարդկանց վրա։

Էլ Սնայդեր խմբագրել

Աշխարհահռչակ ձիավարժ Էլ Սնայդերն իր 2 ընկերների հետ Ֆլորիդայի հարավային ծայրամասում գտնվող Սանդի Քիի մոտերքի ծանծաղուտում իրենց զբոսանավը խարսխելուց հետո մոտորանավակով կարճատև զբոսանքի և ձկնորսության դուրս եկան։ Նրանք այդպես էլ չվերադարձան։

Ծովային առափնյա պահպանությունը որոնումներ կազմակերպեց, որոնց մասնակցում էին ավելի քան 1000 մարդ և 100 նավ ու ինքնաթիռ։ Մի քանի օր հետո մոտորանավակը գտան Սենդի-Քիից 60 մղոն դեպի հյուսիս մի փոքրիկ կղզու մոտ, բայց այն դատարկ էր։

Սնայդերի կինն ու բարեկամները բավականին դրամ էին հատկացրել որոնողափրկարարական աշխատանքների վերսկսկման համար։ Սակայն, չնայած այդպիսի կարևոր խթանին, ոչ մեկին գտնել չհոջողվեց։

Դաքոթա–3 խմբագրել

1948 թ. դեկտեմբերի 28-ի առավոտյան աղջամուղջում տեղի ունեցավ ամենաչարագուշակ անհետացումներից մեկը, որը երբևէ պատահել էր Բերմուդյան եռանկյունու սահմաններում։ Սան-Խուանից Պուերտո-Ռիկո թռչող «Դաքոթա-3» լայները Մայամիում վայրէջքից քիչ առաջ հանկարծակի կորավ։ Եղանակը հիանալի էր, օդաչուները փորձառու էին, տեխնիկան աշխատում էր գերազանց։

«Դաքոթա-3»-ի կապիտան Ռոբերտ Լինքվիսթի, երկորդ օդաչու Էռնեստ Հիլի և ուղեկցորդուհի Մերի Բերքսի հոգացողությանն էին հանձնվել 27 ուղևոր՝ ներառյալ 2 երեխաներ, որոնք տուն էին վերադառնում ծննդյան տոների կարճատև արձակուրդներից։ Ուղևորների տրամադրությունը բարձր էր, նրանք ամբողջ ձայնով երգում էին ծննդյան տոների հիմները, իսկ ինքնաթիռը քամու համընթաց ուղեկցությամբ արագորեն մոտենում էր Մայամիին: 4:13-ին, երբ հորիզոնը լուսավորվեց քաղաքի կրակների լույսերով, կապիտան Լինքվիսթը կապնվեց Մայամիի օդանավակայանի դիսպետչերական կետի հետ՝ հայտնելով, որ գտնվում է քաղաքից մոտ 55 մղոն հարավ, որ ինքնաթիռում ամեն ինչ կարգին է, և հրահանգներ խնդրեց վայրէջքի համար։

Հանկարծակի կատարվեց ինչ-որ անսպասելի և անուղղելի բան։ Դա տեղի ունեցավ այնքան արագ, որ օդաչուն չհասցրեց անգամ աղետի ազդանշան տալ։ Դիսպետչերական կետը հրահանգներ տվեց վայրէջքի համար, սակայն Լինքվիսթը չպատասխանեց։ Ճանապարհի վերջին հատվածում՝ համարյա օդանավակայանի գոտու մուտքի մոտ, ինքնաթիռն անհետացավ։

Մի քանի ժամ հետո սկսվեցին եռանդուն որոնումները։ Եղանակը իդեալական էր, ծովը՝ հանդարտ և թափանցիկ, իսկ ինքնաթիռի անհետացման շրջանում այնքան ծանծաղ, որ հատակից նկատվում էին խոշոր առարկաները։ Հարյուրավոր նավեր ու ինքնաթիռներ սանրում էին օվկիանոսը Սան-Խուանից մինչև Ֆլորիդա. նրանց տեսադաշտում էր Կարիբյան ծովը, Ֆլորիդյան և Մեքսիկական ծոցը, Ֆլորիդա-Քիս կղզիները, Կուբան, Հայիթին և Բահամները։ Ինքնաթիռի ենթադրյալ կործանման տեղում աղետի ոչ մի հետք չգտնվեց։ Ոչ մի փրկաբաճկոն, ոչ մի բեկոր, ոչ մի յուղաբիծ, կամ թեկուզ շնաձկների վտառ, որոնք անմիջապես հայտնվում են այնտեղ, որտեղ ինքնաթիռ կամ նավ է վթարի ենթարկվում, չկային։ Մինչև այսօր էլ չի հաջողվել որևէ կերպ պարզել այս մութ առեղծվածը։

Սթար էրիել խմբագրել

1949 թ. հունվարի 17-ին անհետացավ «Բրիթիշ Սաութ Էմերիքեն Էյրուեյ» (BSAA) ավիաընկերությանը պատկանող «Թյուդոր IV» տիպի ինքնաթիռը։ Այն կոչվում էր «Սթար Էրիել» և կորավ համարյա նույն հանգամանքներում, ինչպես ուղիղ մեկ տարի առաջ հավերժության մեջ սուզվեց «Սթար Թայհեր»-ը։

Քառամոտոր օդային լայները առավոտյան երկինք բարձրացավ Քայնդլի-Ֆիլգի օդանավակայանից (Բերմուդյան կղզիներ) և ուղղություն վերցրեց դեպի Յամայկա։ Մեկ ժամ անց օդային լայների կապիտան Մաքֆին սովորական թռիչքային զեկույց հաղորդեց Բերմուդներ. «Հասել ենք հածանավային բարձրության, եղանակը լավ է։ Քինգսթոն կհասնենք չվացուցակի համաձայն»։ Դրանից հետո մինչև այժմ «Սթար Էրիել»-ին այլևս ոչ ոք չտեսավ։

Երբ ինքնաթիռը վերջին անգամ կանչել է Բերմուդներին, թռչում էր նախատեսված ընթացուղով, և քանի որ ինքնաթիռի սարքավորումները գործում էին նորմալ, նա չէր կարող որևէ չափով շեղվել նշանակված ուղուց։ Եթե ինչ-որ պատճառով ինքնաթիռը օդում քայքայվեր, նրա բեկորները կցրվեին բավական մեծ տարածության վրա, որոնք վերևից հեշտությամբ կնկատվեին։ Իսկ եթե օդաչուն ստիպված լիներ նստել ջրի վրա, ապա, քանի որ ծովը խաղաղ էր, մեկնումեկին կհաջողվեր փրկվել։ Ամեն դեպքում ջրի երեսին կմնային 2 փրկամակույկ, որոնք վթարի դեպքում ավտոմատորեն դուրս են թռչում ինքնաթիռի թևերի տակից։ Բայց և այնպես, բոլոր տեսակի որոնումներն իզուր անցան, չնայած որ եղանակը գերազանց էր։ Ո՛չ ինքնաթիռից, ո՛չ էլ ուղևորներից, բառի բուն իմաստով, ոչինչ չէր մնացել։

Քաղաքացիական ավիացիայի նախարարության կատարած հետաքննությունը չկարողացավ պարզել այս տարօրինակ անհետացման իսկական պատճառը։

Գլոուբմաստեր խմբագրել

1950 թ. մարտին Բերմուդյան եռանկյունուց դեպի հյուսիս անհետացավ Իռլանդիա թռչող ամերիկյան «Գլոուբմաստեր» ինքնաթիռը։

Ռազմաօդային ուժերը որոնումները դադարեցրին ութերորդ օրվա վերջում, երբ արդեն պարզ դարձավ, որ ինքնաթիռում եղածներից ոչ մեկը ողջ չէ։ Հետաքննությունը ցույց տվեց, որ վարկածներից երևի թե հավանականը պայթյունն էր։ Երևի ինքնաթիռը պայթել էր Իռլանդիայից 600 մղոն հարավ-արևմուտքում։

Սանդրա խմբագրել

1950 թ. հունիսին ռադիոապարատներով սարքավորված և 300 տ ինսեկտիցիդ[~ 2] բեռնած 350 ֆուտ երկարությամբ «Սանդրա» նավը Սավանայից (Ջորջիայի նահանգ) դուրս եկավ դեպի Պուերտո-Քաբելյո (Վենեսուելա)։ Տառացիորեն նավերով լիքը ծովային ափամերձ ուղիներով ճանապարհվելով դեպի հարավ՝ «Սանդրա»-ն անցավ Ջեքսոնվիլը և Սան-Օգաստինը, իսկ հետո անհետացավ մերձարևադարձային անթափանց խավարում։ Որոնումներն անցան իզուր։ Ո՛չ նավահիմքը, ո՛չ բեկորները և ո՛չ էլ զոհվածաների մարմինները այդպես էլ չհաջողվեց գտնել։

Յորք խմբագրել

1953 թ. փետրվարին Բերմուդյան եռանկյունու հյուսիսում 39 մարդու հետ միասին անհետացավ Յամայկա թռչող անգլիական ռազմատրանսպորտային «Յորք» ինքնանթիռը։ Առանց որևէ բացատրության կտրուկ ընդհատված SOS ազդանշանը անգլիական «Յորք» տրանսպորտային ինքնաթիռը հաղորդեց կործանվելուց անմիջապես առաջ։ Աղետի հետքերը այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել։

Սուպեր Քոնսթելեյշն խմբագրել

1954 թ. հոկտեմբերին Բերմուդյան եռանկյունուց մի փոքր հյուսիսում 42 մարդու հետ միասին անհետացավ ամերիկյան ռազմաօդային ուժերի «Սուպեր Քոնսթելեյշն» ինքնաթիռը։ Չնայած ինքնաթիռում տեղադրված 2 հզոր ռադիոհաղորդիչներին՝ նա աղետի ազդանշան չուղարկեց։ Հարյուրավոր նավեր և ինքնաթիռներ հետախուզեցին աղետի ենթադրյալ վայրը, սակայն, այդպես էլ ոչինչ չգտան։ Ռազմաօդային ուժերի նախարարության ավիացիայի բաժնի պետ, երրորդ կարգի կապիտան Էնդրյու Բրայթը հաստատեց, որ աղետին պաշտոնական ոչ մի բացատրություն չի տրվել։

Սաութերն Դիսթրիքթս խմբագրել

1954 թ. դեկտեմբերին Ֆլորիդայի նեղուցում անհետացավ ծծումբ փոխադրելու համար որպես բեռնատար վերասարքավորված տանկադեսանտային «Սաութերն Դիսթրիքթս» մեծ նավը։ Ռադիստը եթեր չի ուղարկել SOS ազդանշան, և նավից ու 22 մարդուց բաղկացած անձնակազմից մնացել է միայն մեկ փրկօղակ։ Մի քանի ամիս քննարկելուց հետո ծովային առափնյա պահպանության պետը որոշում ընդունեց, որ «Սաութերն Դիսթրիքթս»-տ ջրասույզ է եղել անհայտ պատճառով։

Ռիվոնոկ խմբագրել

«Առագաստանավային և ավիացիոն սպորտի դարաշրջանը» ամսագրի հրատարակիչ միլիոնատեր Հարվեյ Քոնովերը իր ժամանակների ամենաանվանի արգոնավորդներից մեկն էր։ Նա իր հոյակապ «Ռիվոնոկ»-ով 3 անգամ հաղթել էր առագաստանավային մրցաշարում՝ Մայամիից մինչև Նասաու ընկած մրցուղու վրա։ Զուր չէր, որ այն աշխարհում ամենաարագընթաց և ամենահուսալի զբոսանավի համբավ էր վայելում։ Բայց և այնպես, 1958 թ. հունվարին «Ռիվոնոկ»-ը կորավ 150 մղոնանոց մերձափնյա շերտի սահմաններում՝ Քի-Ուեսթից Մայամի անցնելու ժամանակ։

Թեպետ ենթադրվող ընթացուղին պետք է իր ողջ տևողությամբ ափից տեսանելի լիներ, Քոնովերն ու նրա 4 մարդուց բաղկացած գերազանց մարզված անձնախումբը անհետ չքացան։ Բոլորը, որոնք գիտեին նավապետին և նրա զբոսանավը, համոզված էին, որ Ֆլորիդայի ափի մոտ բարձրացած փոթորիկը նրանց ոչ մի վնաս պատճառել չէր կարող, քանի որ այնքան էլ կատաղի չէր։

Չնայած լարված որոնումներին՝ ո՛չ «Ռիվոնոկ»-ը, ո՛չ նրա անձնակազմը այդպես էլ չգտնվեցին։ Դա Բերմուդյան եռանկյունում ծննդյան տոների ժամանակ կորած ևս մի նավ էր։

KB-50 խմբագրել

Ռազմական «KB-50» ինքնաթիռը, որի հրամանատարն էր մայոր Ռոբերտ Թոնին, «Լենգլի» ավիաբազայից (Վիրջինիայի նահանգ) դեպի Ազորյան կղզիներ թռիչքի դուրս գալուց շատ չանած անհետացավ։ Թեև աղետի ազդանշանը խիստ աղավաղված էր և չափազանց թույլ, որպեսզի հասկացվեր՝ համենայն դեպս օդաչուն կարողացավ հայտնել, որ ինքնաթիռի վրա ինչ-որ անսարքություններ են առաջացել։ Թե ինչպիսիք, այդպես էլ չհոջողվեց իմանալ, որովհետև լռություն տիրեց։ Չնայած 6 օր շարունակված (1700 թռիչքային ժամ) մանրազնին հետախուզությանը՝ ո՛չ ինքնաթիռը և ո՛չ էլ նրա 9 հոգանոց անձնակազմը չգտնվեցին[3]։

Փայփեր Ապաշ խմբագրել

1962 թ. ապրիլին՝ մի պարզ առավոտ, «Նասաու»-ի օդանավակայանի դիսպետչերական կետը (Բահամյան կղզիներ) երկմոտորանի «Ապաշ» տիպի ինքնաթիռից կանչ ընդունեց, որը խնդրում էր օգնել իրեն գտնելու օդանավակայանը։ Նա գտնվում էր Նասաուից դեպի հյուսիս, և չնայած հիանալի եղանակին՝ օդաչուն ոչ միայն չէր կարողանում որոշել իր տեղադրությունը, այլևս չէր հասկանում դիսպետչերական կետից ռադիոյով իրեն տրվող հրահանգները։

Դիսպետչերն ասում էր, որ այդ օդաչուն իրեն այնպես էր պահում, ասես թռչում էր թանձր մառախուղի միջով։

Մի քանի րոպեից հետո ռադիոկապն ինքնաթիռի հետ հանկարծակի ընդհատվեց։ Նույն օրը Նասաուից մոտավորապես 20 մղոն հեռու՝ օվկիանոսում, ինքնաթիռի մի թև գտան։ Բայց ամենազարմանալին այն էր, որ երբ օդաչուն հայտնել էր, թե ինքը մոլորվել է, նա քաղաքին շատ մոտ էր և հեշտությամբ կարող էր տեսնել Նասաուն։

Մարին Սալֆեր Քուին խմբագրել

1963 թ. փետրվարի 2-ին 39 մարդուց բաղկացած անձնակազմով Բոմոնտից (Տեխասի նահանգ) Նորֆոլկ (Վիջինիայի նահանգ) ուղևորվեց «Մարին Սալֆեր Քուին» բեռնանավը, որի ուղերթն այդպես էլ չավարտվեց։ Նրա բեռը՝ հալված ծծումբը, տեղավորված էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների այդ նախկին տանկերի հսկայական նավամբարում։ Այդ բեռը որևէ ցանկացած այլ բեռից ավել կամ պակաս վտանգավոր չէր։

Փետրվարի 4-ին՝ վաղ առավոտյան, երբ նավը գտնվում էր Քի-Ուեսթից մոտավորապես 270 մղոն արևմուտքում, ռադիստը սովորական հաղորդում տվեց, որ նավի վրա ամեն ինչ կարգին է։ Նավի հետ կապվելու հետագա բոլոր փորձերն անհաջողությամբ վերջացան, և 3 օր անց, երբ այն, հակառակ չվացուցակի, չհասավ Նորֆոլկ, կորած հայտարարվեց։ Լարված որոնումներից հետո հաջողվեց գտնել միայն մի քանի բեկոր և մի փրկաբաճկոն։ Ծովային առափնյա պահպանությունը գործի բոլոր հանգամանքների երկարատև հետաքննություն կատարեց, բայց վերջ ի վերջո հարկադրված էր խոստովանել, որ նավի անհետացումը բացատրել չի կարող։

2 «KC-135» խմբագրել

1963 թ. օգոստոսի 28-ին «Խոումսթեդ» (Ֆլորիդա) ավիաբազայից ինչ-որ գաղտնի առաջադրանքով Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի դուրս եկան 2 բարձրաթռիչ «KC-135» ինքնաթիռ։ «KC-135»-ը «Բոինգ-707»-ի ռազմական տարբերակն է։ Նրա հարվածային արագությունը ժամում 600 մղոն էր, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 4500 մղոն։ Օգտագործվում էր հեռավոր թռիչքների ընթացքում ուրիշ ինքնաթիռներ վեռելանյութ լցարկելու նպատակով[4]։

Կեսօրին մոտ, երբ 2 ինքնաթիռները գտնվում էին Մայամիից 800 մղոն հյուսիս-արևելքում և Բերմուդյան կղզիներից 300 մղոն արևմուտքում, ստանդարտ զեկույց ուղարկեցին, որ ինքնաթիռներում ամեն ինչ կարգին է, և ընդմիշտ լռեցին։

Այն շրջանում, որտեղից վերջին անգամ նրանք հաղորդել էին իրենց  տեղադրության մասին, շուտով բեկորներ հայտնաբերվեցին, որոնք, ինչպես հաստատվեց, «KC-135» տիպի ինքնաթիռի բեկորներն էին։ Ըստ երևույթին՝ ինքնաթիռներն իրար էին բախվել։ Սակայն 2 օր հետո այնտեղից 200 մղոն հեռավորության վրա, որտեղ առաջին անգամ բեկորներ էին գտնել, հայտնաբերել էին մի «KC-135»-ի բեկորներ ևս։ Դա չէր համապատասխանում այն եզրակացությանը, որ իբր ինքնաթիռներն օդում իրար են բախվել։ Մի քանի օր հետո ռազմաօդային ուժերը դադարեցրին որոնումներ՝ հայտարարելով, որ գտնված բեկորները իսկապես պատկանում են 2 կորած ինքնաթիռներին։

Այն փաստը, որ աղետից առաջ ինքնաթիռներից ոչ մեկը չի հասցրել ազդանշան հաղորդել, 2 բացատրություն ունի։ Ամենից առաջ կարելի է ենթադրել, որ 2 «թռչող լցավորման կայանները» ընդհարվել են ծովի մակերևույթից ավելի քան 30 հազար մղոն հածանավային բարձրության վրա։ Դա պետք է կատարված լինի այնքան արագ, որ ազդանշան ուղարկելու մասին խոսք լինել չէր կարող։ Բայց եթե ինքնաթիռների անհետանալը կապված է միմյանց ընդհարվելու հետ, ապա ինչո՞ւ են բեկորները հայտնվել օվկիանոսի 2 տարբեր շրջաններում, որոնք իրարից հեռու են գրեթե 200 մղոնով։

Իսկ եթե բացառել ընդհարումը, քանի որ բեկորների գտնված շրջանների միջև այդպիսի մեծ տարածություն է, ապա պետք է համաձայնել, որ 2 ինքնաթիռներն ընկել են տարբեր պատճառներով և իրարից բոլորովին անկախ։ Բայց դրան հավատալը ավելի դժվար էր։ 2 հսկայական ինքնաթիռների՝ տարբեր պատճառներով միաժամանակ աղետի ենթարկվելու հավանականությունը չափազանց փոքր էր։

Այսպիսով՝ կատարվածին 2 բացատրություն կա, բայց երկուսն էլ հակառակ են ամեն մի տրամաբանության։ Պաշտոնական անձինք տարակուսանքով ձեռքերն էին տարածում և ասում, որ «այնտեղ ինչ-որ շատ տարօրինակ բան է կատարվել»։ Իսկ այդ շրջանի մասին առասպելի պահապանները 2 միավոր էին գրանցում «հօգուտ սատանայի» և միմյանց հարցնում. «ի՞նչ հրեշ է թաքնվել այդ անիծյալ Բերմուդյան եռանկյունում»։

Սև շաբաթ խմբագրել

Միայն «Սև շաբաթվա» ընթացքում՝ 1967 թ. հունվարին՝ կարճ թռիչքների ժամանակ, պարզ, լավ եղանակի պայմաններում հանկարծակի անհետացան 3 ինքնաթիռ, որոնք վարում էին փորձառու, շրջահայաց օդաչուներ։ Անհետացան նաև նրանց 8 ուղևորները։

Առաջին զոհը դարձավ «Չեյս YC-122» բեռնատար ինքնաթիռը, որը չքացավ Ֆորթ-Լոդերդեյլի Բիմինի կղզի կատարած 60 մղոնանոց թռիչքի ժամանակ։ Այդ երկմոտորանի ինքնթիռը վարձված էր «Անխոցելիները» ֆիլմի նկարահանման ժամանակ։

Բիմիննից դեպի հյուսիս-արևմուտք հայտնաբերվել են բեկորներ, իսկ դրանցից մեծ հեռավորության վրա՝ նաև յուղաբիծ, սակայն չի որոշվել, թե դրանք որևէ կապ ունեն արդո՞ք կորած ինքնաթիռի հետ։

3 օր հետո Մայամիի միջազգային օդանավակայանից «Բիչքրաֆթ բոնանզա» ինքնաթիռով 2 ամուսնական զույգ թռան, որպեսզի մի փոքր օդային զբոսանք կատարեն մինչև Ֆլորիդա-Քիս կղզիներ և վերադառնան։ Իսկ 3 օր անց կրկին ամուսնական մի զույգ անհետացավ «Փայփեր Ապաշ» ինքնաթիռի հետ միասին, որը նրանք վարձով էին վերցրել Սան-Խուանից դեպի Սենթ-Թոմաս թռչելու համար։ Ամբողջ թռիչքը պետք է տևեր մեկ ժամից ոչ ավելի։

Բոլոր 3 դեպքերում եղանակը լավ էր, ոչ ոք աղետի ազդանշան չէր ուղարկել, և չէին գտնվել գոնե բեկորներ, որոնցից ճանաչվեին ինքնաթիռներից որևէ մեկի մնացորդները։

Ուիչքրաֆթ խմբագրել

1967 թ. ծննդյան տոների շաբաթը համալրում մտցրեց Բերմուդյան եռանկյունու զոհերի շարքում. հենց այդ օրերին ափից ընդամենը մեկ մղոն հեռու՝ Մայամի-Բիչի անմիջապես կողքին, 2 մարդ հանկարծակի անհետացան։ Նրանք երեկոյան ծովային զբոսանքի էին դուրս եկել շուրջ 23 ֆուտ երկարությամբ «Ուիչքրաֆթ» մոտորանավակով, որպեսզի ծովից հիանան քաղաքի տոնական հրավառությամբ։ երեկոյան՝ ժամը 21:00-ին, նրանք ռադիոյով ծովային առափնյա պահպանության 7-րդ շրջանի շտաբին հաղորդեցին, որ պտուտակը կառչում է ինչ-որ առարկայի, և շարժիչում ուժեղ ցնցումներ են առաջացել։ Սակայն նավիրանը անվնաս է, և ինչ էլ լինի, մոտորանավակը չի կարող սուզվել, քանի որ սարքավորված է օդային արկղերով։ Նրանք հայտնեցին նաև, որ իրենց անմիջական ոչ մի վտանգ չի սպառնում, բայց հարկավոր է նավակը քարշակի վերցնել դեպի նավահանգիստ։ Դրանից անմիջապես հետո ծով դուրս եկավ փրկարար մոտորանավակը։ Վթարի ենթարկվածները կարող էին 7-րդ խորհրդանշանի մոտ հանգիստ սպասել իրենց ընդառաջ եկող օգնությանը։

19 րոպեից հետո ծովային առափնյա պահպանության աշխատակիցները հասան դեպքի վայր, բայց ոչինչ չգտան՝ ո՛չ նավակը, ո՛չ մարդկանց և ո՛չ էլ փրկաբաճկոնները։ Մարդիկ չքացել էին, թեև քիչ առաջ 2 քայլի վրա էին գտնվում իրենց քաղաքից, որով նրանք այդքան ցանկանում էին հիանալ։

Մի քանի օր հետո ծովային առափնյա պահպանությունը որոնումները դադարեցեց՝ հայտարարելով, որ այդ մարդիկ, ըստ երևույթին, չքացել են և ոչ թե զոհվել ծովում։

Սկորպիոն խմբագրել

1968 թ. մայիսի 21-ի կեսգիշերին մոտ ստորջրյա ատոմային «Սկորպիոն» նավն իր տեղադրության մասին սովորական զեկույց ուղարկեց Նորֆոլկի բազա։ Այդ ժամանակ նա գտնվում էր Ազորյան կղզիներից ոչ հեռու և տուն էր վերադառնում Միջերկրական ծովից, ուր գործում էր ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի կազմում։ Երբ նրա՝ Նորֆոլկ վերադառնալու բոլոր ժամկետներն անցան, սկսվեցին կենտրոնացված որոնումները, բայց «Սկորպիոն»-ը այդպես էլ չգտնվեց։ Նա պաշտոնապես գրանցվեց «ըստ երևույթին խորտակվել է» նավերի ցուցակում։

5 ամիս հետո Ազորյան կղզիներից 400 մղոն դեպի հարավ-արևմուտք հետազոտական «Միզար» նավը օվկիանոսի հատակում հայտնաբերել և լուսանկարել էր ստորջրյա նավի այլանդակված իրանը, որը, ամեն ինչից դատելով, «Սկորպիոնն» էր։ Նա պառկած էր ավելի քան 10 հազար ֆուտ խորության վրա։ Ռազմածովային ուժերն այդպես էլ չկարողացան որոշել նրա խորտակման պատճառը, սակայն հին ծովային ավանդույթը այդ նավի դժբախտ ճակատագիրը ևս գրանցեց չարագուշակ Բերմուդյան եռանկյունու հաշվին։

5 լքված նավ խմբագրել

1969 թ. հուլիսի 10-ին Բերմուդյան և Ազորյան կղզիների միջև հայտնաբերվեց 41 ֆուտանոց եռիրան «Թինմութ էլեկտրոն» զբոսանավը, որի վրա ոչ ոք չկար։ Բավականին թվով ինքնաթիռներ ու նավեր երկար ու ապարդյուն փնտրեցին այդ զբոսանավի անձնակազմի միակ անդամին՝ մենանավերի շուրջերկրյա մրցարշավի լիդեր Դոնալդ Քրոուհերսթին։

Ընդամենը 11 օրվա ընթացքում այդ շրջանում գտնված հինգերորդ լքված նավն էր դա, որը «Լլոյդի» ներկայացուցչին ստիպեց բացականչել. «Այ թե հրաշքներ են կատարվում այսպիսի հսկայական օվկիանոսի այդքան փոքր տարածության վրա։ Այս ամենը ավելի քան տարօրինակ է»։

Այդ շրջանում, ի միջի այլոց, այն տեղին մոտ, որտեղ գրեթե 100 տարի առաջ գտան «Մերի Սելեսթ»-ը, եղանակը ամբողջ ընթացքում վատ չէր։ Արդեն երկար տարիներ Բերմուդյան եռանկյունին ուսումնասիրող մի փորձագետ հայտարարեց, որ իրեն բոլորովին չէր զարմացնի, եթե անձնակազմերը հափշտակված լինեին «Թռչող ափսեներ»-ի կողմից, քանի որ դժվար է ավելի հարմար պայմաններ գտնել այնպիսի մի գործողություն կատարելու համար, քան վիթխարի, ամայի օվկիանոսում փոքր նավերից մարդկանց առևանգելն է։

Մի քանի օր հետո հայտարարվեց, որ ամեն ինչից դատելով՝ Քրոուհերթսը ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին՝ նավից նետվելով ծովը։ Իսկ ինչ վերաբերում է մյուս 4 անհետացումներին, ապա նրանք այդպես էլ մնացին չբացահայտված։

Ջիլի Բին և Փայփեր Քոմանչ խմբագրել

1970 թ. նոյեմբերին Բերմուդյան եռանկյունին կլանեց ևս 2 զոհ։ «Ջիլլի Բին» զբոսանավը կորավ Բերմուդյան կղզիների մոտերքում, իսկ «Փայփեր Քոմանչ» ինքնաթիռը Ուեսթ-Փալմ-Բիչից Յամայկա թռչելու ժամանակ անհետ կորավ։ Ո՛չ զբոսանավը, ո՛չ էլ ինքնաթիռը աղետի ազդանշան չուղարկեցին։

Էլիզաբեթ խմբագրել

1971 թ. սկզբին Ֆորթ-Լոդերդեյլից դեպի Վենեսուելա ուղևորվեց տանկադեսանտայինից բեռնատարի վերասարքավորված և մակուլատուրայով բեռնված 191 ֆուտ երկարություն ունեցող «էլիզաբեթ» նավը։ 2000 տ ջրատարողությամբ այդ նավը պատկանում էր «Օրինոքո շիփինգ քոմփանի» ընկերությանը։ Ապրիլի 5-ին ըներությունը հաղորդում ստացավ, որ «Էլիզաբեթ»-ը անցնում է բահամյան կղզիները։ Նրանցից այլևս ոչ մի տեղեկություն չեղավ։ Չնայած որոնումներին՝ չհաջողվեց հայտնաբերել և ոչ մի հետք։

Քանի որ դա «հին տաշտակ» էր, լուրեր էին պտտվում, թե այն քայքայվել է և խորտակվել։ Սակայն այդ դեպքում որոնումների շրջանում պետք է լողային օգտագործված թղթի հարյուրավոր հակեր, որոնք չէին կարող աննկատ մնալ։

Էլ Քերիբ խմբագրել

1971 թ. հոկտեմբերի 15-ի երեկոյան Կոլումբիայից Դոմինիկյան Հանրապետություն ուղևորվող «Էլ Քերիբ» բեռնատար նավը ռադիայով հայտնեց, որ նավահանգիստ կմտնի հաջորդ առավոտյան ժամը 7-ին։

Դրանից հետո Դոմինիկյան Հանրապետության առևտրական նավատորմի այդ ամենախոշոր նավից ոչ մի տեղեկություն չի ստացվել։

Վ․ Ա․ Ֆոգգ խմբագրել

1972 թ. փետրվարի 1-ին, ավելի շուտ փետրվարի 1-ից հետո Հալվեսթոնից հյուսիս ինչ-որ տեղում անհետացավ 572 ֆուտ երկարությամբ «Վ. Ա. Ֆոգգ» տանկերը։ Նա պետք է դուրս գար Մեքսիկական ծոց, այնտեղ լվանար իր ամբարներն ու վերադառնար։ Որոնումները սկսվեցին անմիջապես, երբ նավը վերադառնալու համար նախատեսված ժամից ուշացավ։ Թեև գրեթե ամեն օր գտնվում էին ինչ-որ բեկորներ, ամբողջական նավը հայտնաբերվեց միայն փետրվարի 14-ին, երբ ջրասուզակները 90 ֆուտ խորության վրա Ֆրիփորթից հարավ հանդիպեցին նավի հիմնամասին։

Ծովային առափնյա պահպանությունը չգիտեր, թե ինչ էր պատահել անձնակազմի հետ, քանի որ 38 հոգին էլ անհետ չքացել էին։ Բայց ամենացնցողն այն էր, որ անձնակազմի 39-րդ անդամը՝ կապիտանը, գտնվեց իր խցիկում՝ սեղանի դիմաց նստած՝ սուրճի գավաթը ձեռքին։

Ինչո՞ւ էր նավն այդքան արագ խորտակվել, որ ռադիստը չէր հասցրել միացնել ավտոմատ գործող SOS ազդանշանը։ Ինչո՞ւ անձնակազմը չի կարողացել օգտվել փրկամիջոցներից։ Ինչո՞ւ է նավապետը զոհվել՝ այդպես էլ վերահաս աղետին անգիտակ։ Ըստ երևույթին՝ այս առեղծվածը ռեալ բացատրություն չունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The New York Times (1880 թ․ ապրիլի 14). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  2. The Virginian-Pilot (1921 թ․ փետրվարի 5). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  3. «KB-50 Superfortress». Авиационная энциклопедия.
  4. «KC-135 Stratotanker». Авиационная энциклопедия.

Գրականություն խմբագրել

  • Лоуренс Д. Куше, Бермудский треугольник: мифы и реальность, Москва, 1983․
  • Charles Berlitz, The Bermuda Triangle․

Մեկնաբանություններ խմբագրել

  1. Օդից թեթև թռչող ապարատ, որը մի կողմից իրենից ներկայացնում է օդապարիկի, շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակարգի կողմնորոշման (կառավարման ղեկեր) համակցություն, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել յուրաքանչյուր ուղղությամբ անկախ օդային հոսքերի ուղղությունից։
  2. Բույսերի վնասատու և անասունների մակաբույծ միջատների դեմ պայքարի քիմիական միջոց՝ փոշու ձևով։