Բերմուդյան եռանկյունի, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է։

Բերմուդյան եռանկյունու դիրքը քարտեզի վրա։

«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց՝ այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. երբեմն անհետանում են նավեր ու օդանավեր՝ առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու։ Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր։ Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն։ «Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492 թվականին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը։ Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք՝ համարժեք խորհրդավոր անհետացման։ «Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է։ Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ՝ իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ։ Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին։ Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած՝ իր հետ տանելով նավերը։ Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների։ Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները՝ ստեղծելով անհետացման պատրանք։ Իսկ ինչ վերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանով լարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում։ Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները։ Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ։ Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են։ Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում։ Բացի այդ՝ օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության։ Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ։

Բերմուդյան եռանկյունում կորածները, անթիվ քանակությամբ անհետացած նավեր և ինքնաթրռներ Ատլանտյան օվկիանոսի Բերմուդյան եռանկյունու շրջանում։ 1978թ. հոկտեմբերի 18-ին «Ֆրանկֆուրտեր ցայտունգը» հաղորդեց.Պանամայի դրոշը կրող «Սիլվա Լ. Օսա» նավը առեղծվածորեն անհետացել է այսպես կոչված Բերմուդյան եռանկյունում։ Ենթադրում են, որ նավն անձնակազմի 37 անդամների հետ ջրասույզ է եղել։ Համաձայն ամերիկյան Առափնյա պահակության տվյալների այդ 180մ երկարությամբ և 15000 տոննա ջրատարողությամբ բեռնատար նավի կործանման շրջանում հայտնաբերվել են նավթի բիծ, փրկարար նավակի բեկորներ և այրված փրկարար օղակ։ Նավը բեռնավորված էր երկաթահանքով և պետք է հասներ Ֆիլադելֆիա։ Կարծում են, որ նավը և նրա անձնակազմի անդամներին գտնելու հույս չկա։ Նավի անհետացումը դժբախտ պատահար է, և, ցավոք, ոչ այնքան հազվադեպ։ Թերթի ընթերցողների մեծ մասը այդ հաղորդագրությանը առանձնակի նշանակություն չէր տա, եթե այն տեղի ունեցած չլիներ Բերմուդյան եռանկյունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բերմուդյան կղզիների մոտ անհետացավ «Կիկլոպ» բրիտանական նավը։ 1918թ. մայիսի 24-ին անհայտ կորել է ամերիկյան «Կիկլոպ» շոգենավը։ Նրա վրա կար 390 մարդ։ Նրա անհետացումը համարվել է ամենացնցող հանելուկներից մեկը ծովային նավատորմի տարեգրքերում։ Բերմուդյան եռանկյունում անհետացել են ամենախոշոր ինքնաթիռներն ու նավերը՝ռմբակոծիչներ, լցավորողներ, բեռնատար ինքնաթիռներ, պահակային թռչող նավեր և ուղևորատար ինքնաթիռներ։ Ինքնաթիռներից մի քանիսը մինչև անհետացման պահը նորմալ ռադիոկապ էին պահպանում հենակետերի կամ օդանավակայանների հետ, իսկ մյուսներից տարօրինակ հաղորդումներ էին ստացվում ղեկավարման սարքերի անակնկալ խափանումների, կողմնացույցների անսովոր վարքի մասին, այն մասին, որ երկինքը դեղին և մառախլապատ է թվում(պարզ եղանակին), իսկ ծովը(որն ամենուր միանգամայն խաղաղ էր)տարօրինակ տեսք ունի[1]։ 1945թ. դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռմբակոծիչ-տորպեդակիրների օղակը՝բաղկացած «Էվենջըր» տիպի հինգ ինքնաթիռներից, Ֆորտ-Լոդըրդեյլ հենակետից մեկնեց ուսումնական առաջադրանք կատարելու:Երբ պարզվեց, որ նրանք, ինչպես նաև նրանց հետևից ուղարկված «Մարտին Մարիներ» որոնողական ինքնաթիռը անհետացել են, ձեռնարկվեցին լայն թափի փրկարար գործողություններ ծովում և օդում, սակայն նրանք էլ օգուտ չտվեցին։ «Մարտին Մարիներ» թռչող նավը տառացիորեն հալվել է օդում «19-րդ օղակի» ևնրա 14 մարդուց բաղկացած անձնակազմի որոնումների ժամանակ։ «Ատլանտիկայի գերեզմանոցում» անհետացավ նաև C-119 ինքնաթիռը, որի վրա 10 մարդ կար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1.Չառլս Բեռլից, Բերմուդյան եռանկյունի

Աղբյուրներ խմբագրել

  • Հելմուտ Հյոֆլինգ, Բոլոր հրաշքները մի գրքում, Երևան «Հայաստան» 1989
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։