Բացել գլխավոր ցանկը
Աշխարհում ամենամեծ մարդատար ինքնաթիռ՝ Էյրբաս Ա 380

Ինքնաթիռ (կամ հնացած՝ աերոպլան), օդից ծանր թոչող սարք՝ շարժիչների և թևերի օգնությամբ մթնոլորտում թռչելու համար։ Մեծ արագության, բեռնունակության, գործողության շառավիղի, մանևրունակության, հուսալիության շնորհիվ ունի ավելի լայն կիրառություն, քան մյուս թռչող սարքերը։ Ինքնաթիռը տարբերվում է ուղղաթիռից և օրնիտոպտերից թևերի անշարժությամբ, իսկ շարժիչի առկայությամբ տարբերվում է պլաներից։ Դիրիժաբլից և օդապարիկից ինքնաթիռները տարբերվում են նրանով, որ որպես վերամբարձ ուժ օգտագործում են աերոդինամիկ ուժեր աերոստատիկայի փոխարեն։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում։

Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով՝ ուզում էին օդ բարձրանալ։ Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով։

19-րդ դարի վերջին կատարելագործված ներքին այրման շարժիչները հնարավորություն տվեցին ստեղծել նաև թեթև և բավականաչափ հզոր ավիացիոն շարժիչ։ 1903 թվականի դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող շարժիչով՝ ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» («Սավառնակ») ինքնաթիռն ու անցավ 35 մ ճանապարհ։ Թեև մարդու առաջին թռիչքը տևեց ընդամենը 12 վ, սակայն դա արդեն իսկական թռիչք էր՝ վերասլացքով ու վայրէջքով։

1909 թվականին Լուի Բլերիոն կտրեց-անցավ Լա Մանշ նեղուցը, իսկ 10 տարի անց Էլքոկն ու Բրաունը իրականացրին առաջին անվայրէջք թռիչքն Ատլանտյան օվկիանոսի վրայով։ 1927 թվականին Չառլզ Լինդբերգը «Սենտ Լուիսի ոգին» ինքնաթիռով, առաջինն աշխարհում, միայնակ կտրեց-անցավ Ատլանտյան օվկիանոսը։ 1930 թվականին Էմմի Ջոնսոնը դարձավ Անգլիայից Ավստրալիա թռիչք կատարած առաջին կին օդաչուն, իսկ 2 տարի անց ամերիկուհի Էմիլիա Էրհարթը կանանցից առաջինը միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. նրա թռիչքը տևեց 15 ժ 18 ր։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առավել հայտնի դարձան ֆրանսիական «Ֆարման», «Վուազեն» և «Նյուպոր», անգլիական «Սոպվիչ», գերմանական «Ֆոկեր», ռուսական «Իլյա Մուրոմեց» մարտական ինքնաթիռները, որոնք զարգացնում էին ժամում 90–120 կմ արագություն և բավականաչափ ծանր բեռներ փոխադրում։

1930-ական թվականների վերջերին ստեղծվեցին ուղևորատար ինքնաթիռներ։ 1920–30-ական թվականներին Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, ԽՍՀՄ-ում և այլ երկրներում արդեն ստեղծվել էին մի քանի հարյուր տեսակի ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռներ։ 1924 թվականին օդ բարձրացավ ծանր, ամբողջովին մետաղից պատրաստված խորհրդային առաջին՝ ԱնՏ-2 ինքնաթիռը։ Արագության ռեկորդ՝ ժամում՝ 656 կմ, սահմանեց անգլիական «Սուպերմարին Մ6Գ» ինքնաթիռը, իսկ ամերիկյան «Դուգլաս» ֆիրմայի ԴՍ-3 ինքնաթիռը երկար տարիներ տարբեր երկրներում քաղաքացիական ավիացիայի հիմնական փոխադրամիջոցն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհում լավագույնն էին խորհրդային Իլ-2 հակատանկային օդանավը, անգլիական «Սփիդֆայր», ամերիկյան «էյրքոբրա» և «Մուսթանգ» կործանիչ օդանավերը և այլն։ Պատերազմի վերջին ինքնաթիռների արագությունը հասնում էր արդեն ժամում շուրջ 700 կմ-ի։ Սակայն այդ շրջանի ինքնաթիռները մխոցային շարժիչով էին, և դա խանգարում էր արագության մեծացմանը։ Անհրաժեշտ էր ստեղծել ավելի հզոր շարժիչներ։

1952 թվականին սկսվեց մարդատար ռեակտիվ ավիալայներների («Հեյվիլենդ Քոմեթ») կանոնավոր երթևեկությունը։ Այս ձեռքբերումները թույլ տվեցին ստեղծել քաղաքացիական ավիացիայի գերձայնային ինքնաթիռներ: Առաջին ուղևորատար գերձայնային ինքնաթիռը 1960 թվականին ստեղծված «Կոնկորդն» էր. այն ձայնի արագությունը գերազանցում էր 2 անգամ և Ատլանտյան օվկիանոսը կտրում-անցնում էր ընդամենը 3 ժամում։

ՊատկերասրահԽմբագրել

Նորագույն ինքնաթիռներԽմբագրել

Մեր օրերում նոր ինքնաթիռների կոնստրուկտորներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե արագությունները մեծացնելու, այլ դրանք խնայողական դարձնելու վրա։ Նորագույն օդանավերի մեծ մասի արագությունը գրեթե 2 անգամ փոքր է 1960-ական թվականներին ստեղծված հայտնի «Կոնկորդի» արագությունից։ Ներկայումս համակարգիչների օգնությամբ ճարտարագետները մշակել են ավելի մեծ շրջահոսելիություն ունեցող թևեր և ստեղծել զգալիորեն ավելի քիչ վառելանյութ օգտագործող ու ավելի քիչ աղմուկ առաջացնող շարժիչներ։ Ժամանակակից աերոբուսը, օրինակ, ծախսելով նույն քանակությամբ վառելանյութ, փոխադրում է 4 անգամ ավելի ուղևոր, քան «Կոնկորդը»: Ժամանակակից ավիալայներում կարևորագույն նշանակություն ունեն համակարգիչները։ Թռիչքի տարբեր ռեժիմներում ինքնաթիռը ղեկավարող ինքնաղեկասարքը համակարգիչն է։ Կան նույնիսկ այնպիսի ինքնաթիռներ, որտեղ օդաչուն անմիջականորեն չի ղեկավարում թռիչքը, այլ միայն հետևում է ղեկավարող սարքերին, որոնք ազդանշաններ են ուղարկում համակարգչին, իսկ վերջինս արդեն ընտրում է թռիչքի տվյալ ռեժիմին համապատասխան լավագույն լուծումը։ Այս համակարգն անվանում են կանոնակարգային ռեժիմ։

ԿառուցվածքԽմբագրել

Ինքնաթիռի կառուցվածքի հիմնական մասերն են թևը, ֆյուզելաժը, շասսին, ուղղյակները։

Թևը շարժման ժամանակ ստեղծում է վերամբարձ ուժ, ֆլյուզելաժին ամրացվում է անշարժ, բայց երբեմն կարող է պտտվել լայնական առանցքի շուրջը (օրինակ, ուղղաձիգ վերելք-վայրէջքով ինքնաթիռի մոտ), կամ փոփոխել ձևը։ Թևի վրա տեղադրում են կողաթեքման ղեկերը՝ էլերոնները։

Ֆյուզելաժը՝ ինքնաթիռի իրանը, ծառայում է անձնակազմի, ուղևորների, բեռների, սարքավորումների տեղավորման համար։ Իր վրա է կրում թևերը, ուղղյակները, երբեմն՝ շասսին և ուժային տեղակայանքը։

Շասսին թռիչքի վայրէջքի և օդանավակայանում շարժվելու համար է։ Ինքնաթիռի վրա կարող է տեղադրվել անվային, լողանային (հիդրոինքնաթիռների վրա), դահուկային և թրթուրավոր (փափուկ գետնի վրա իջնելու համար) շասսի։

Ուղղյակները ապահովում են ինքնաթիռի կայունությունը, ղեկավարելիությունը, հավասարակշռությունը։

Ինքնաթիռի ուժային տեղակայանքը կազմված է ավիացիոն շարժիչներից և տարբեր տիպի համակարգերից ու սարքավորումներից՝ օդային պտուտակ, հրդեհային սարքավորումներ, վառելիքի, օդի ներծծման, քարշի ուղղության փոփոխման համակարգեր և այլն։ Շարժիչների թիվը, տեսակը և ինքնաթիռի վրա դրանց տեղը որոշելիս հաշվի է առնվում շարժիչների ստեղծած աերոդինամիկ դիմադրությունը, շարժիչներից մեկի խափանման պատճառով առաջացող շրջման մոմենտը, օդառ սարքերի բարդությունը, շարժիչների սպասարկման և փոխման հնարավորությունները, աղմուկի չափը ուղևորների սրահում և այլն։

Ղեկավարման համակարգերը բաժանվում են հիմնականի և օժանդակի։ Հիմնական ընդունված է համարել օդային ղեկերի, իսկ օժանդակ՝ շարժիչների, շասսիի, արգելակների և այլնի ղեկավարման համակարգերը։

Ինքնաթիռի վարումը հեշտացնելու և թռիչքի անվտանգությունը մեծացնելու համար կիրառվում են ավտոպիլոտներ և համակարգիչներ։ Ղեկերի թեքման ժամանակ ղեկավարող լծակների ծանրաբեռնվածության թուլացումը իրագործվում է հիդրավլիկ, պնևմատիկ կամ էլեկտրական ուժեղացուցիչների և չեզոքացնող ուժային սարքավորումների միջոցով։ Երբ օդային ղեկերն արդյունավետ չեն (օրինակ, խիստ նոսր մթնոլորտում թռչելիս), օգտագործվում են գազային ղեկեր։

Ինքնաթիռների սարքավորումներըԽմբագրել

Ինքնաթիռը հանդերձվում է վերահսկիչ չափիչ սարքերով, ռադիո, էլեկտրահակասառցակալման, բարձունքային, կենցաղային և այլ հատուկ սարքավորումներով, իսկ ռազմական ինքնաթիռները նաև զենք-զինամթերքով։

Վերահսկիչ-չափիչ սարքերն ըստ նշանակության բաժանվում են դասերի, ինքնաթիռավարման (վարիոՎեար, ավիահորիզոն, կողմնացույց և այլան), շարժիչների աշխատանքը հսկող (մանոմետր, ծախսաչափ և այլն) և օժանդակ (ամպերմետր, վոլտմետր և այլն)։

Ռադիոսարքավորումն ընդգրկում է ռադիոկապի, ռադիողեկավարման, ռադիոլոկացիոն սարքավորումներ, ավտոմատ թռիչքի և վայրէջքի համակարգեր։ Բարձունքային սարքավորումները (օդակարգավորման, թթվածնի մատակարարման համակարգեր) ապահովում են անվտանգությունը մեծ բարձրությունների վրա թռչելիս։

Ինքնաթիռի աերոդինամիկանԽմբագրել

Ինքնաթիռի թևի վրա օդի հոսքի ազդեցությամբ առաջանում է աերոդինամիկ ուժ։ Այդ ուժի՝ հոսքի ուղղությանն ուղղահայաց բաղադրիչը կոչվում է վերամբարձ ուժ, իսկ շարժմանը հակառակ ուղղվածը՝ ճակատային դիմադրություն։ Մերձձայնային արագությամբ շարժվելիս կարող է առաջանալ թափքային դիմադրություն։ Վերամբարձ ուժի և ճակատային դիմադրության հարաբերություկոչվում է աերոդինամիկ հատկություն, ժամանակակից ինքնաթիռների մոտ այն հասնում է 10 - 20։

ԴասակարգումըԽմբագրել

 
Իրանական ավիաուղիների Բոինգ 747 մարդատար ինքնաթիռ
 
Գրոհիչ ինքնաթիռ Սու-25
 
Ռուսական բեռնատար Ան 225 ինքնաթիռը տեղափոխում է Բուրան տիեզերանավը։

Ինքնաթիռների դասակարգումը կարելի է կատարել բազմաթիվ հատկանիշներով, ըստ՝ նշանակության, կառուցվածքի, շարժիչների, արագության և այլն։

Ըստ նշանակությանԽմբագրել

Քաղաքացիական ինքնաթիռներ

Ռազմական ինքնաթիռներ

Ըստ շարժիչների տիպիԽմբագրել

Ըստ շարժիչների տիպի լինում են

Ըստ թռիչքի արագությանԽմբագրել

Ըստ թռիչքի արագության՝

Ըստ թռիչքային զանգվածիԽմբագրել

 
Թեթև ինքնաթիռ ՄԱԻ-223
  • 1-ին դաս (75 տոննա և ավելին)
  • 2-րդ դաս (30-ից մինչև 75 տոննա)
  • 3-րդ դաս (10-ից մինչև 30 տոննա)
  • 4-րդ դաս (մինչև 10 տոննա)
  • թեթև
  • գերթեթև (մինչև 495 կգ)

Այս դեպքում ինքնաթիռի դասը կապված է օդանավակայանի դասի հետ, որը կարողություն ունի ընդունելու այս տեսակի ինքնաթիռներ։

Ըստ շարժիչների տեսակի և քանակիԽմբագրել

 
Աստղաձև շարժիչը կտրվածքում
 
Տուրբոռեակտիվ շարժիչի կոմպրեսորը

Ըստ կառուցվածքի սխեմայիԽմբագրել

 
Թևերի վերին տեղաբաշխումով մոնոպլան - կանադական Բոմբարդյե Դաշ 8
 
Ամերիկյան Բ-2 թռչող թև կառուցվածքով ռմբակոծիչ
 
«Ջեներալ ատոմիքսի» նախագծած MQ-1 Predator անօդաչու սարքը։

Թևերի քանակով՝

Թևերի տեղաբաշխումով (մոնոպլանների համար)՝

  • վերին տեղաբաշխումով
  • միջին տեղաբաշխումով
  • ստորին տեղաբաշխումով
  • պարասոլ

Պոչի կառուցվածքի տեսակով՝

Ըստ վայրէջքի մասերի տեսակիԽմբագրել

  • ցամաքային
    • անիվավոր
    • դահուկավոր
    • թրթուրավոր
    • օդային բարձով
  • նավային
  • ջրային
  • սուզվող

Ըստ վերելք / վայրէջքի տեսակիԽմբագրել

Ըստ նախագծման / օգտագործման կարգավիճակիԽմբագրել

  • փորձարարական
  • փորձնական
  • սերիական

Ըստ կառավարման սկզբունքիԽմբագրել

  • օդաչուի կողմից կառավարվող
  • անօդաչու

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։