Ռնգեղջյուր (փորագրություն, Դյուրեր)

Դյուրերի փորագրություն

Ռնգեղջյուր (գերմ.՝ Rhinocerus), գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի` փայտի վրա արված փորագրություն (1515)[6]։ Այն ներկայացնում է հնդկական ռնգեղջյուր այնպես, ինչպես կենդանուն պատկերացրել է հեղինակը եղած նկարագրությունների և ուրվանկարների հիման վրա։

Ռնգեղջյուր
գերմ.՝ Rhinocerus
տեսակwoodcut print?
նկարիչԴյուրեր Ալբրեխտ
տարի1515
բարձրություն23,5
լայնություն29,8
ստեղծման վայրՆյուրնբերգ
ստեղծման երկիր Գերմանիա
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրԱնիմալիստիկա
նյութփայտ, փորագրություն
գտնվում էԲրիտանական թանգարան, Շտեդել[1], Արվեստի ազգային պատկերասրահ[2], Քլիվլենդի գեղարվեստի թանգարան[3] և Գերմանական ազգային թանգարան[4]
հավաքածուԲրիտանական թանգարան, Արվեստի ազգային պատկերասրահ[2], Շտեդել[1], Prints in the National Gallery of Art?[2], Rosenwald Collection?[2], Կուպեր Հյուիթի անվան Սմիթսոնյան դիզայնի թանգարան[5], Քլիվլենդի գեղարվեստի թանգարան[3] և Գերմանական ազգային թանգարան
https://www.wga.hu/frames-e.html?/html/d/durer/2/12/6_1520/06rhino.html, https://clevelandart.org/art/1993.9 կայք
Ծանոթագրություններ
 Dürer's Rhinoceros Վիքիպահեստում

Առաջին անգամ 3-րդ դարից ի վեր Եվրոպայում կենդանի ռնգեղջյուր է հայտնվել Պորտուգալիայում։ 1515 թվականին այն բերվել է Լիսաբոն[7]։ Ռնգեղջյուրին բերել էին Հնդկաստանից որպես նվեր Պորտուգալիայի արքա Մանուել I-ին Արևմտյան Հնդկաստանի Կանբեյ իշխանության կառավարչի կողմից։ Այնուհետև ռնգեղջյուրը ցուցադրվել է հանրությանը, ինչից հետո նվեր է ուղարկվել Հռոմի պապին։ Սակայն ռնգեղջյուրին տեղափոխող նավը խորտակվել է։

Դյուրերի ձեռքն են ընկել լիսաբոնյան ռնգեղջյուրը պատկերող նկարներ ու փորագրություններ։ Դրանց հիման վրա նկարիչը պատկերել է ռնգեղջյուր` իրականում երբեք տեսած չլինելով այդ կենդանուն։ Նրա փորագրությունում ռնգեղջյուրը ծածկված է զրահներով։ Բացի այդ` Դյուրերը կենդանու մեջքին դուրս ցցված եղջյուր է պատկերել, ոտքերին` թեփուկներ, իսկ մեջքին` սրացված կուզ։ Նշված հատկանիշները բնորոշ չեն ռնգեղջյուրին[8]։ Չնայած կենսաբանական անճշտություններին` այս փորագրությունը լայն տարածում է գտել Եվրոպայում` հետագա երեք հարյուրամյակների ընթացքում բազմիցս կրկնօրինակվելով։ Փորագրությունը մինչև 18-րդ դարի վերջերը կենդանու ճշգրիտ պատկեր էր համարվում։ Հետագայում այն փոխարինվել է առավել ճիշտ պատկերներով, մասնավորապես` Կլարա ռնգեղջյուրի պատկերով, որին 18-րդ դարի կեսերից մոտ 17 տարի ցուցադրել են ողջ Եվրոպայում։ Փորագրության մասին ասվել է, որ «կենդանու ոչ մի պատկեր արվեստի վրա չի թողել այնպիսի խոր ազդեցություն, ինչպիսին Դյուրերի ռնգեղջյուրն է»[9]։

Ռնգեղջյուր խմբագրել

 
Ռնգեղջյուրի առաջին պատկերումներից մեկը, որ Ջովանի Ջակոմո Պեննիի բանաստեղծության նկարազարդումն է եղել, 1515, Կոլումբինա գրադարան, Սևիլյա

1515 թվականի մայիսի 20-ին Հեռավոր Արևելքից Լիսաբոն է բերվել հնդկական ռնգեղջյուր։ 1514 թվականի սկզբին Պորտուգալական Հնդկաստանի նահանգապետ Աֆոնսու դ'Ալբուրեկին պատգամաբերներ է ուղարկել Կամբեյի տիրակալ Մուզաֆար II-ի մոտ՝ Դիու կղզում պաշտպանական ամրություն կառուցելու թույլտվություն խնդրելու։ Խնդրանքը մերժվում է, սակայն երկու կողմերը նվերների փոխանակում են կատարում, որոնց թվում էր ռնգեղջյուրը։ Այն ժամանակներում տիրակալների շրջանում ընդունված էր միմյանց էկզոտիկ կենդանիներ նվիրել[10]։ Աֆոնսու դ'Ալբուրեկին որոշում է Գանդա անունով ռնգեղջյուրն ուղարկել Պորտուգալիայի արքա Մանուել I-ին։ 1515 թվականի հունվարին Հնդկաստանի Գոա նահանգից ռնգեղջյուրին նավով ճանապարհում են[11]։ Ֆրանսիսկու Պերեյրա Կոուտինյուի գլխավորությամբ նավը, ամբողջովին բեռնված հազվագյուտ կենդանատեսակներով, հատում է Հնդկական օվկիանոսը, անցնում Բարեհուսո հրվանդանը, Մոզամբիկում, Սուրբ Հեղինեի կղզում, Ազորյան կղզիներում կարճատև կանգառներից հետո անցնում Ատլանտյան օվկիանոսը[12]։

 
Հաննո փղի փորագրություն, Հռոմ, 1514

Համեմատաբար կարճ ճամփորդությունից հետո (120 օր) ռնգեղջյուրը դուրս է բերվում Պորտուգալիայի ափ` Տորրի դի Բելեն աշտարակից ոչ հեռու, ինչից հետո աշտարակը շուտով զարդարում են ռնգեղջյուրի կերպարով ելուստներով[13]։ Հռոմեական շրջանից ի վեր Եվրոպայում ռնգեղջյուր չէին տեսել. դրանք արդեն սկսել էին առասպելական կենդանիներ համարել` երբեմն շփոթելով միաեղջյուրի հետ։ Կենդանի ռնգեղջյուրի մուտքը Եվրոպա ցնցող իրադարձություն էր։ Վերածննդի ֆոնին ռնգեղջյուրը անտիկ դարաշրջանի մաս էր թվում։

Ռնգեղջյուրի ամենավաղ պատկերումը ֆլորենտացի բանաստեղծ Ջովանի Ջակոմո Պեննիի բանաստեղծության նկարազարդումն է եղել, որ հրապարակվել է 1515 թվականի հուլիսի 13-ին` ռնգեղջյուրը Լիսաբոն բերելուց 2 ամիս առաջ[14]։ Բանաստեղծության պահպանված միակ կրկնօրինակը պահվում է Սևիլյայի Կոլումբինա ինստիտուտում։

Էկզոտիկ կենդանուն պահում են արքա Մանուելի այգում` Լիսաբոնի Ռիբեյրա պալատի հարևանությամբ` առանձնացնելով փղերից և այլ խոշոր կենդանիներից։ Հունիսի 3-ին արքան կազմակերպում է կռիվ ռնգեղջյուրի և փղի միջև, որպեսզի հաստատի Պլինիոս Ավագի այն պնդումը, որ ռնգեղջյուրն ու փիղը ոխերիմ թշնամիներ են[15]։ Ռնգեղջյուրը անշտապ, բայց հաստատուն քայլերով մոտենում է փղին, սակայն վերջինս, ամբոխի աղմուկից վախեցած, փախչում է[16][17]։

 
«Կենդանիների արարումը», Ռաֆայել, 1518-1519. Վատիկան։ Ծառից աջ ռնգեղջյուր է պատկերված։

Արքա Մանուելը որոշում է ռնգեղջյուրը նվիրել Հռոմի պապ Լևոն X-ին։ Այդ քայլով արքան ուզում էր շահել պապի համակրանքը և բացառիկ իրավունք ձեռք բերել ծովային ելք ունեցող այն հողերի նկատմամբ, որ Հեռավոր Արևելքում ձեռք էին բերվել դեռևս Վասկո դա Գամայի ժամանակ։ Դրանից մեկ տարի առաջ Հռոմի պապին շատ էր դուր եկել սպիտակ փիղը, որին նա անվանել էր Հաննո (Hanno): Ռնգեղջյուրը ծաղիկներով զարդարված թավշե կանաչ վզնոցով թանկարժեք այլ նվերների հետ 1515 թվականի դեկտեմբերին ուղարկվում է Հռոմ։ 1516 թվականի սկզբին նավն անցնում է Մարսելով։ Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկոս I-ը, ով վերադառնում էր Պրովանսի Սեն Մաքսիմեն լա Սեն Բոմ քաղաքից, կենդանուն տեսնելու ցանկություն է հայտնում։ Պորտուգալական նավը կարճ ժամանակով կանգ է առնում Մարսելից ոչ հեռու, որտեղ ռնգեղջյուրին ցույց են տալիս արքային[18]։ Այնուհետև նավը շարունակում է ճանապարհը, սակայն Պորտովեներեին հարող նեղ շրջադարձին, հայտնվելով ուժգին փոթորկի մեջ, խորտակվում է։ Ռնգեղջյուրը, որը պարանով ամրացված էր տախտակամածին, նույնպես ջրասույզ է լինում։ Կենդանու մարմինը դուրս են բերում Վիլֆրանշ սյուր Մերից ոչ հեռու։ Նրա կաշին ուղարկում են Լիսաբոն, որտեղ դրանից խրտվիլակ են պատրաստում։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ ռնգեղջյուրի` հարդով լցոնված խրտվիլակը ուղարկվել է Հռոմ, որտեղ, սակայն, այն ազդեցությունը չի ունեցել, ինչ կենդանի ռնգեղջյուրը Լիսաբոնում, չնայած իրենց աշխատանքներում ռնգեղջյուր են պատկերել Ջովանի դա Ուդինեն և Ռաֆայելը[19]։

Եթե նույնիսկ խրտվիլակը ուղարկվել է Հռոմ, նրա հետագա ճակատագիրն անհայտ է։ Այն կարող էր տեղափոխվել Ֆլորենցիա, սակայն կարող էր և ոչնչանալ 1527 թվականի կոտորածների ժամանակ։ Ռնգեղջյուրի ճակատագրի պատմությունն ընկած է Լոուրենս Նորֆոլկի «Պապի ռնգեղջյուրը» («The Pope’s Rhinoceros») վեպի հիմքում (1996)[20]։

Դյուրերի փորագրությունը խմբագրել

 
Ռնգեղջյուրի` թանաքով նկար, Ալբրեխտ Դյուրեր, 1515: Պահպանվում է Բրիտանական թանգարանում:

Մորավիայի առևտրական, հրատարակիչ Վալենտին Ֆերնանդեսը Լիսաբոնում տեսել է ռնգեղջյուրին և ընկերոջն ուղղված նամակում նկարագրել այն։ Նամակի գեմաներեն բնօրինակը չի պահպանվել։ Ֆլորենցիայում` ազգային գրադարանում, պահպանվում է նամակի իտալերեն կրկնօրինակը։ Պահպանվել է անհայտ հեղինակի մեկ նամակ ևս, որ գրեթե նույն ժամանակաշրջանում Լիսաբոնից ուղարկվել է Նյուրնբերգ։ Նամակում եղել է ռնգեղջյուրի ուրվանկար[21]։ Դյուրերը, ով կապ է ունեցել Անտվերպենի պորտուգալացի առևտրականների հետ, տեսել է նամակն ու նկարը[22]։ Իրականում ռնգեղջյուր տեսած չլինելով` Դյուրերը փետրագրիչով ու թանաքով երկու նկար է արել[23][24]։ Երկրորդ նկարի հիման վրա էլ հետագայում ստեղծվել է փորագրությունը, որը նկարի հայելային արտացոլանքն է[25]։ Ահա ինչ տեքստ է պարունակում 1515 թվականի փորագրությունը.

  1512 թվականին՝ Քրիստոսի ծննդից հետո` մայիսի առաջին օրը, Պորտուգալիայի ամենակարող արքա Մանուելի համար Հնդկաստանից Լիսաբոն են ուղարկել մի կենդանու, որին «ռնգեղջյուր» են անվանում։ Այստեղ պատկերված է, թե ինչ տեսք ունի կենդանին։ Նրա գույնը նման է կրիայի պատյանի գույնին, նա պատված է խիտ թեփուկներով։ Մեծությամբ կենդանին նման է փղին, բայց ոտքերն ավելի կարճ են, և նա լավ պաշտպանված է։ Առջևից քթի հատվածում նա կարծր եղջյուր ունի, որը սրում է ամենուր, ուր քարեր կան` քսելով դրանց։ Այս կենդանին փղի ոխերիմ թշնամին է. փիղը նրանից շատ է վախենում։ Որտեղ որ ռնգեղջյուրը հանդիպում է փղին, գլուխը մտցնում է ոտքերի արանքը և որովայնը բացելով` սպանում նրան։ Փիղը չի կարողանում պաշտպանվել նրանից, կամ էլ այս կենդանին այնպես է պաշտպանված, որ փիղը նրան չի կարողանում վնասել։ Ասում են նաև, որ ռնգեղջյուրը արագաշարժ է, անկանխատեսելի և խորամանկ[26][27]։
- Մակագրություն փորագրանկարին, 1515
 
 
Հնդկական ռնգեղջյուրի մաշկի ծալվածքները համապատասխանում են Դյուրերի փորագրությանը

Փորագրությունը պարունակում է իրականությանն անհամապատասխան բնորոշումներ։ Այնտեղ ռնգեղջյուրը ծածկված է ամուր վահանով, պարանոցին օձիքանման ելուստ ունի, ամբողջական կրծքավանդակ։ Զրահի եզրերը, թվում է, ամրացված են գամերով։ Ռնգեղջյուրի մեջքին Դյուրերը պատկերել է կեռ ժանիք, իսկ ոտքերը պատել թեփուկներով։ Հնարավոր է, որ փղի հետ կռվի պատրաստելու համար Պորտուգալիայում իսկապես ռնգեղջյուրի համար ստեղծել են պաշտպանական զրահներ, որոնք էլ հենց պատկերված են փորագրությունում[28]։

Հնդկական ռնգեղջյուրի մաշկի ծալվածքնեը ևս կարող էին զրահի տպավորություն թողնել։ Հնարավոր է, սակայն, որ զրահն ու իրական կենդանու պատկերից շեղումները նկարչի երևակայության արդյունք են[29]։ Դյուրերը կենդանու մարմինը, ինչպես նաև «զրահները» պատկերել է ծակոտկեն նախշով։ Բացառված չէ, որ այդ ձևով նկարիչը փորձել է արտացոլել կենդանու կոպիտ, գրեթե անմազ մաշկը, ինչի վրա նկատելի են բնորոշ ելուստները, որոնցով ծածկված են ոտքերի վերին մասն ու ուսերը։ Հնարավոր է նաև, որ այդ նախշով պատկերվել է մաշկաբորբը, ինչը Հնդկաստանից Պորտուգալիա անհարմար ուղևորության հետևանք է եղել[30]։

Դյուրերի հետ գրեթե միաժամանակ ռնգեղջյուրի փորագրություն է ստեղծել Հանս Բուրգմայրը Աուգսբուրգից։ Բուրգմայրը կապեր է ունեցել Լիսաբոնի և Նյուրնբերգի առևտրականների հետ, սակայն պարզ չէ` արդյոք նա տեսել է կենդանուն իրականում կամ ունեցել է այն նամակն ու ուրվանկարները, որոնք օգտագործել է Դյուրերը։ Նրա աշխատանքն ավելի ճիշտ է արտացոլում ռնգեղջյուրի իրական պատկերը։ Այն զուրկ է ֆանտաստիկ այնպիսի ընկալումից, որն ունեցել է Դյուրերը։ Այդ նկարում նկարիչը պատկերել է կենդանու ոտքերի շղթաները, որով ամրացրել են նրան։ Ամեն դեպքում թե' գեղարվեստական և թե' հանրաճանաչ լինելու տեսանկյունից այս փորագրությունը զիջում է Դյուրերի փորագրությանը։

Պահպանվել է Բուրգմայրի փորագրության միայն մեկ կրկնօրինակ` ի տարբերություն Դյուրերի փորագրության, որ բազմաթիվ օրինակներով է մեզ հասել։ Փորագրության առաջին տարբերակը Դյուրերը ստեղծել է 1515 թվականին։ Նրա տարբերակիչ հատկանիշը հինգտողանոց տեքստն է։ 1528 թվականին Դյուրերի մահից հետո փորագրության լրացուցիչ թողարկումներ են հրապարակվել։ Ավելի ուշ կատարված այդ կրկնօրինակներում տեքստը վեց տող է[31]։ Շուտով փորագրությունը ուղարկում են Ամստերդամ` քարտեզագիր Վիլլեմ Յանսենին։ Այդ ժամանակ արդեն այն բավական վնասված էր. եզրերին կային ճաքեր, իսկ առավել ընդգծված ճաքն առաջացել էր ռնգեղջյուրի ոտքերի միջև[32]։ Յանսենը որոշում է կրկնօրինակել փորագրությունը` ընտրելով տարբեր երանգներ` մուգ կանաչ, գորշակապտավուն, շագանակագույն-կանաչավուն։ Դրա օրինակը պահվում է Բրիտանական թանգարանում[33]։ Այն տպագրված ութ տարբերակներից յոթերորդն է[34]։

 
Ալեսանդրո Մեդիչիի պատկերանշանը` ռնգեղջյուրի պատկերով

Չնայած կենդանու պատկերման սխալներին` Դյուրերի աշխատանքը հանրաճանաչ է եղել` մինչև 18-րդ դարի վերջը համարվելով ռնգեղջյուրի ճշգրիտ պատկերում։ Բացառված չէ, որ Դյուրերը, ակնկալելով նման հաջողություն, որպես պատկերման նյութ ընտրել է փայտը, ինչը ապահովել է նկարի էժան արտադրություն։ Այս փորագրության վրա են հենվել բնագիտական գրքերի շատ նկարազարդումներ, այդ թվում` Սեբաստիան Մյունստերի «Կոսմոգրաֆիա» (1544), Կոնրադ Հեսների «Կենդանիների պատմություն» («Historia animalium», 1551), Էդվարդ Թոփսելի «Չորսոտանի հրեշների պատմություն» («Histoire of Foure-footed Beastes», 1607): Ֆլորենցիայի հերցոգ Ալեսանդրո Մեդիչիի տարբերանշանում պատկերված ռնգեղջյուրը շատ ընդհանրություններ ունի Դյուրերի փորագրության հետ։ Կենդանու պատկերի վերևում` ժապավենի վրա, եղել է Մեդիչիի նշանաբանը` «Ես չեմ վերադառնա` առանց հաղթանակի» ("Non vuelvo sin vencer")[35]:

 
Ռնգեղջյուրի ճենապակե ժամանակակից աշխատանք: Նկատելի է նմանությունը Դյուրերի ռնգեղջյուրին

Փարիզում` Սեն Դենի եկեղեցու առաջ, Ֆրանսիայի նոր արքա Հենրի II-ի պատվին կանգնեցված սյան վրա պատկերված է ռնգեղջյուր, որը ևս հիշեցնում է Դյուրերի փորագրությունը։ Նման ռնգեղջյուր է պատկերվել Պիզայի տաճարի արևմտյան բրոնզե դարպասներին։ Ռնգեղջյուրները դարձել էին հանրաճանաչ մոտիվ կիրառական արվեստի և քանդակագործության մեջ։ Փորագրության հանրաճանաչության վրա չեն ազդել այն հանգամանքները, որ 1580-1588 թվականներին հնդկական կենդանի ռնգեղջյուր է ցուցադրվել Մադրիդում, 1684-86 թվականներին` Լոնդոնում, 1739 թվականին էլ` մեկ ուրիշը։

 
«Rinoceronte vestido con puntillas», Սալվադոր Դալի, 1956, Մարբելյա

Փորագրության նկատմամբ հետաքրքրությունը անկում է ապրել 18-րդ դարի վերջերին` պայմանավորված այն հանգամանքով, որ մեծ թվով ռնգեղջյուրներ են բերվել Եվրոպա։ Իրական ռնգեղջյուրների պատկերումը հանրային գիտակցությունից դուրս էր մղում կենդանիների մասին ունեցած նախկին պատկերացումները։ Այսպես` իր նկարներում ռնգեղջյուր պատկերեց Ջորջ Ստաբսը, իսկ ֆրանսիացի գեղանկարիչ Ժան-Բատիստ Ուդրին Կլարա անունով ռնգեղջյուրին պատկերեց բնական չափերով։ Նրա այդ նկարը Ժորժ-Լուի Բյուֆֆոնի «Բնական պատմություն» գրքի նկարազարդման հիմք հանդիսացավ[36]։

Մինչև 20-րդ դարի 30-ական թվականները փորագրությունը գերիշխել է գերմանական դասագրքերում որպես իրական ռնգեղջյուրի հավաստի պատկերում։ Դյուրերի փորագրության շնորհիվ` մոտ երկուսուկես դար տարածված է եղել այն կարծիքը, որ կենդանին զրահներ ունի[37]։ Փորագրությունը մեծ ազդեցություն է թողել գեղարվեստում։ Դրանով ներշնչված` Սալվադոր Դալին ստեղծել է «Rinoceronte vestido con puntillas» քանդակը, որը 2004 թվականից ցուցադրվում է իսպանական Մարբելյա քաղաքի նավամատույցում[38]։

Վաճառքի պատմություն խմբագրել

Չնայած հանրահայտ լինելուն` տպագրությունների քիչ օրինակներ են պահպանվել, ինչի պատճառով առաջին հրատարակությունների տեսքն աղոտ է փոխանցվել։ Լավ պահպանված մի օրինակ 2013 թվականին Նյու Յորքի Christie աճուրդում վաճառվել է 866.500 դոլարով, ինչը ռեկորդային արդյունք էր Դյուրերի գործերի համար[39]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://sammlung.staedelmuseum.de/de/werk/rhinocerus-das-rhinozeros
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://purl.org/nga/collection/artobject/47903
  3. 3,0 3,1 https://clevelandart.org/art/1993.9
  4. https://objektkatalog.gnm.de/objekt/H5582
  5. https://collection.cooperhewitt.org/objects/18384759/with-image-234141/
  6. Some sources erroneously say 1513, copying a typographical error made by Dürer in one of his original drawings and perpetuated in his woodcut.(Bedini, p.121.)
  7. (French) Joëlle Kuntz, "1515, l’année du rhinocéros", Le Temps, Friday 18 December 2015 (page visited on 21 December 2015)
  8. Group of History and Theory of Science. Dürer's Rhinoceros (англ.). Сайт государственного университета в Кампинас (Бразилия) (12 марта 1998 (последнее обновление)). Проверено 11 февраля 2011. Архивировано из первоисточника 27 февраля 2012
  9. Quoted in Clarke, p.20
  10. Bedini, p.112
  11. Bedini, p.113
  12. História do famoso rhinocerus de Albrecht Dürer, Projecto Lambe-Lambe (Portuguese)
  13. See Clarke, p.19, for a photograph of a gargoyle
  14. Giovanni Giacomo Penni, Forma e natura e costumi de lo rinocerote (...). See Ugo Serani, Etiopicas 2 (2006) ISSN 1698-689X [3] for the original text in Italian and a translation into Spanish
  15. Latin original and English translation of Chapter 29, Book VIII of Pliny's Naturalis Historia
  16. Bedini, p.118
  17. "Albrecht Dürer's Rhinoceros, a drawing and woodcut". Google Cultural Institute
  18. The Frioul archipelago consists of four main islands. Bedini, p.128, nominates either Pomègues or Ratonneau; the other possibilities are the small island of If, now occupied by the Château d'If, or Tiboulain.
  19. Gessner's Hyena and the Telephone Game, Manda Clair Jost, 2002 (PDF, 21 pages)
  20. Lawrence Norfolk (англ.) (2002). Проверено 9 февраля 2011. Архивировано из первоисточника 27 февраля 2012.
  21. Article (pt) by Luís Tirapicos at Instituto Camões
  22. Lach, Donald Frederick (1994). Asia in the making of Europe: A century of wonder. The literary arts. The scholarly disciplines. University of Chicago Press. p. 16. ISBN 0-226-46733-3.
  23. One later acquired by Sir Hans Sloane and now held by the British Museum
  24. The Durer Rhinoceros - Masterpieces of the British Museum
  25. The woodcut was, per Quammen, p.204, cut on the block by a specialist craftsman known as a Formschneider, for Dürer's approval. This may well have been Hieronymus Andreae, who Dürer was using on other projects at this time, especially those with inscriptions.
  26. Sturge Moore, 60
  27. Rough translation of the German original. See also a French translation in the doctoral thesis of Bruno Faidutti at l'université Paris XII: La licorne et le rhinocéros, chapter 3.2, illustration 10, November 1996. (French); and a similar translation in Clarke, p.20
  28. Suggested by Glynis Ridley (2004), Clara's Grand Tour: Travels with a Rhinoceros in Eighteenth-century Europe, Atlantic Monthly Press, ISBN 1-84354-010-X, a study of Clara the rhinoceros; however, there is no mention of this in Bedini.
  29. Dürer was living near the armourer's quarter in Nuremberg, Schmeidegasse, and was designing armour at about the same time; this aspect may therefore be a creative conceit. (Clarke, p.20.)
  30. Commentary on a plate from Conrad Gessner's Mammals, folio 131 verso, from the Humanities Media Interaction Project, Keio University, Japan.
  31. Clarke, p.23.
  32. Quammen, p.206.
  33. "Rhinocerus (Rhinoceros)". British Museum.
  34. "Sale 2778 Lot 50". Christie's.
  35. Bedini, p.192.
  36. Alperson, Philip A (1992). The Philosophy of the Visual Arts. Oxford University Press US. p. 80. ISBN 0-19-505975-1.
  37. Clarke, p. 123.
  38. "Salvador Dalí (Spanish, 1904–1989) Chair de poule
  39. "Albrecht Dürer: Masterpieces from a Private Collection". Christie's.

Գրականություն խմբագրել

  • Bedini, Silvano A. (1997). The Pope's Elephant. Manchester: Carcanet Press. ISBN 1857542770. (particularly Chapter 5, «The Ill-Fated Rhinoceros»)
  • Clarke, T. H. (1986). The Rhinoceros from Dürer to Stubbs: 1515–1799. London: Sotheby's Publications. ISBN 0856673226. (particularly Chapter 1, «The first Lisbon or 'Dürer Rhinoceros' of 1515»)
  • David Quammen (2000), The Boilerplate Rhino: Nature in the Eye of the Beholder, Scribner, ISBN 0-684-83728-5 (particularly p. 201-209, The Boilerplate Rhino, previously published in this «Natural Acts» column in Outside magazine, June 1993)
  • The Story of Süleyman. Celebrity Elephants and other exotica in Renaissance Portugal, Annemarie Jordan Gschwend, Zurich, Switzerland, 2010, ISBN 978-1-61658-821-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռնգեղջյուր (փորագրություն, Դյուրեր)» հոդվածին։