Նորագույն շրջանի հայկական երաժշտություն

Նորագույն շրջանի հայկական երաժշտությունանկախության հռչակումից (1991) հետո Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները բացասաբար են ազդել նաև երաժշտարվեստի զարգացման վրա։ Առաջին տարիներին անհատ ստեղծագործողների և երաժշտական խմբերի մի մասը, չունենալով պետական հոգածություն, լուծարվել է։ Սակայն իրավիճակն աստիճանաբար կարգավորվել է, որին նպաստել են նաև սփյուռքահայ արվեստագետները։ Առաջիններից էր դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը. 1989-2000 թվականներին ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, կազմակերպել սիմֆոնիկ երաժշտության փառատոներ («Աշխարհը և մենք», «Արամ Խաչատրյան-90», «Եղեռնից մինչև անկախություն...»), «Հոգևոր երաժշտության ժամ» համերգաշարը և այլն։ 1991 թվականին հիմնադրել է Գյումրիի մշակույթի կենտրոնը։ 2000 թվականին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր է դարձել Էդուարդ Թոփչյանը. նվագախումբը համերգներով հանդես է եկել ՀՀ-ում և արտերկրում։ Հանրաճանաչ դիրիժոր Օհան Դուրյանը 1991-1994 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1999-2002 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը և իր բարձր արվոստով մեծապես նպաստել է թատրոնի առաջընթացին։ Դիրիժոր և կոմպոզիտոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ (1997–2011) Հայաստանի կամերային նվագախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, աչքի ընկել ինքնատիպ մեկնաբանություններով։

Հաճախ են կազմակերպվում հնագույն և հոգևոր երաժշտության համերգներ («Տաղարան», 1981, 1994 թվականից գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան, «Շարական», 1991, հիմնադիր-գեղարվեստական ղեկավար՝ Դանիել Երաժիշտ)։ ՀՀ մշակույթի նախարարությանը կից ստեղծվել է Հոգևոր երաժշտության կենտրոն (2007), որի նախաձեռնությամբ կազմակերպվում են հոգևոր երաժշտության համերգաշարեր։

Նորագույն շրջանում շարունակել են ստեղծագործել ավագ սերնդի ճանաչված կոմպոզիտորները։ Էդգար Հովհաննիսյանը նոր իրականությունն իմաստավորել է իր խոհափիլիսոփայական երկերում («Գողգոթա», սիմֆոնիկ պոեմ, 1993, «Գրիգոր Նարեկացի», օրատորիա, 1995)։ Տ. Մանսուրյանի ստեղծագործությունը 20-րդ դարի եվրոպական և հայ ազգային երաժշտական մշակույթի լավագույն ավանդույթների համադրումն է։ 1990-ականների նոր գործերից են՝ «Գարնան երգեր» (1993, խոսք՝ Հ. Թումանյանի), Կոնցերտ՝ ալտի և նվագախմբի համար (1995), «Արվեստ Քերթության» (19971999, խոսք՝ Ե. Չարենցի)՝ երգչախմբի համար, «Կտակարան» (2004)՝ լարային քառյակի համար, «Ռեքվիեմ» (2011) և այլն։

Ուշագրավ են Ա. Հարությունյանի (կոնցերտ՝ տրոմբոնի և նվագախմբի համար, 1991, տրիո-սյուիտներ, 1992, 1998, և այլն), Մ. Իսրայելյանի (կվարտետ, 1991, սոնատ՝ ջութակի և դաշնամուրի համար, 2002, ևն), Ա. Խուդոյանի («Արա լեռ», սիմֆոնիա, 1994, սոնատներ և այլնն), Վ. Բաբայանի («Դեպի Լույս», 1995, «Փոքրիկ իշխան», 1998, բալետներ, և այլն), Գ. Հովունցի (Կոնցերտ՝ դաշնամուրի և նվագախմբի համար, 1997, դաշնամուրային մանրանվագներ և այլն), Յ. Հարությունյանի (խմբերգային ստեղծագործություններ), Արամ Սաթյանի («Լիլիթ», փոփ-օպերա, բեմ.՝ 2002, 2005, նաև կինոնկարը՝ 2011, ռեժ.՝ Ա. Սուքիասյան) և ուրիշների ստեղծագործություններ։

Այս շրջանի հայ երաժշտության մեջ նշանակալի ավանդ ունեն նաև կոմպոզիտորներ Ռ. Ամիրխանյանը, Ա. Զոհրաբյանը, Ռ. Սարգսյանը, Ա. Սաթյանը, Մ. Կոկժաևը, Լ. Չաուշյանը, Ե. Երկանյանը, Ս. Շաքարյանը, Վ. Աճեմյանը, Ս. Ազնաուրյանը, Ա. Կարապետյանը և ուրիշներ։

Նոր ներկայացումներ են բեմադրվել Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ Լ. Ճգնավորյանի «Օթելլո» (1993), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (1999, երկուսն էլ՝ բալետմայստեր՝ Վ. Գալստյան), Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2003, բալետմայստեր՝ Մ. Մարտիրոսյան), «Սպարտակ» (2009, բալետմայստեր՝ Յ. Գրիգորովիչ), Է. Հովհաննիսյանի «Վարդանանք» (2008), «Բախի կրքերը» (ըստ Յ. Ս. Բախի երաժշտության, 2010, երկուսն էլ՝ բալետմայստեր՝ Ռ. Խառատյան) բալետները, Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» (1993), Ռ. Լեոնկավալլոյի «Հտպիտներ» (1996), Ջ. Վերդիի «Տրավիատա» (2000), «Աիդա» (2010), Վ. Բելլինիի «Նորմա», Ժ. Բիզեի «Կարմեն» (երկուսն էլ՝ 2001), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (2007), Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» (2008), Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» (2009) օպերաները և այլն։

Կատարողական արվեստում ճանաչված են երգիչներ Գ. Գրիգորյանը, Բ. Թումանյանը, Հ. Պապյանը, Ա. Մխիթարյանը, Է. Պապիկյանը, Հ. Հացագործյանը, Արծվիկ Դեմուրճյանը, Պ. Քարազյանը, Ս. Աղամալյանը, Վ. Մարգարյանը, Հ. Տիգրանյանը, Ն. Անանիկյանը, Թ. Դադոյանը, դաշնակահարներ Հ. Մելիքյանը, Ա. Աճեմյանը, Լ. Արտեմյանը, Ա. Առուշանյանը, Շ. Հովհաննիսյանը, Ա. Ավանեսովը, Ա. Ավետյանը, ջութակահարներ Կ. Շահգալդյանը, Ս. Երիցյանը, ալտահար Վաչե Հովեյանը, թավջութակահարներ Կ. Քոչարյանը, Հ. Վարդանյանը, երգեհոնահար Հ. Մանուկյանը և ուրիշներ։

Ինքնատիպ ստեղծագործություններով ու երաժշտական կատարումներով հայտնի են Ռուբեն Հախվերդյանը, Ա. Մեսչյանը, Է. Զորիկյանը, Լիլիթ Պիպոյանը և ուրիշներ։

Նորագույն շրջանում առավել զարգացել են երաժշտական նոր ձևերն ու ոճերը (փոփ, ռոք, ջազ և այլն)։ Փոփ երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել «Արձագանք» ստուդիան (1990), Հայաստանի երգի պետական թատրոնը (1994), «Էմի-Բի» պրոդյուսերական կենտրոնը (1999), նաև երգիչներ Ֆորշը (Վահան Գևորգյան), Արամոն (Արամ Գևորգյան), Էմմա Պետրոսյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հայկոն (Հայկ Հակոբյան), ռեփերներ Միշոն (Միքայել Աբրահամյան), Հ. Տ. Հայկոն (Հայկ Մարգարյան) և ուրիշներ։

Զարգացման նոր փուլում են նաև ջազը և ռոքը։ 1990-ական թվականների սկզբին ստեղծված Արմեն (Չիկո) Թութունջյանի ջազային խումբը՝ «Չիկոն և ընկերները», էապես խթանել է ջազի զարգացումը ՀՀ-ում։ Հայտնի են էթնո-ջազ ուղղության «Թայմ Ռիփորթ» («Time Report»), «Կատուներ», «Ջեզլ» (փոփ-ջազ), «Ուլիխանյան հնգյակ», «Արտ Վոյսիս» և այլ խմբեր։ Մեծ ճանաչում ունի Ա. Թունջբոյաջյանի «Արմինիան Նեյվի Բենդ» («Armenian Navy Band») խումբը, որի ստեղծագործության հիմքը հայկական բանահյուսությունն է։ 1998 թվականից կազմակերպվել են ջազային երաժշտության մի շարք միջազգային փառատոներ։ Հայկական ռոքի ինքնատիպ կատարողներից են Վ. Արծրունին, Ս. Մանուկյանը, Գ. Սուջյանը և ուրիշներ։ Ճանաչված են «Բամբիռ», «Ոստան հայոց», «Որդան կարմիր», «Նաիրի», «Էմփիրեյ», «Դորիանս» և այլ խմբեր։

Անկախության շրջանում են ստեղծվել «Սերենադ» կամերային (1991–2011, հիմնադիր-գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Է. Թոփչյան), «Գոհար» (1997, գեղ. ղեկ.՝ Սեպուհ Աբգարյան), Երիտասարդական (2005, գեղ. ղեկ.՝ Ս. Սմբատյան) սիմֆոնիկ նվագախմբերը, «Հովեր» կամերային (1992, հիմնադիր-ղեկավար՝ Ս. Հովհաննիսյան), «Սպեղանի» մանկական (1996, հիմնադիր-ղեկավար՝ Ս. Ավթանդիլյան), «Ավետիս» (2004, հիմնադիր-ղեկավար՝ Լ. Բարդակչյան) երգչախմբերը, «Սայաթ-Նովա» աշուղական (1992, ղեկ.՝ Թ. Պողոսյան), «Վարպետներ» վոկալ (2000, հիմնադիր-ղեկ.՝ Ա. Մայիլյան), «Նազանի» ժողգործիքների (2004, հիմնադիր-ղեկ.՝ Ա. Գուլանյան) անսամբլները, «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերակցությունը» (1993, հիմնադիր-նախագահ՝ Տ. Հեքեքյան[1], կազմում է նաև համանուն մանկական երգչախումբը), «Սաղմոս» մշակութային կենտրոնը (2000, հիմնադիր-ղեկավար՝ Ա. Մայիլյան), «Նարեկացի» արվեստի միությունը (2004), «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը (2009) և այլն։

«Հայ երիտասարդ կոմպոզիտորների ու կատարողների միավորումը» (2010, հիմնադիրներ՝ Քաջիկ Գրիգորյան, Արսեն Բաբաջանյան և ուրիշներ) մայրաքաղաքի ու մարզերի կրթօջախներում կազմակերպում է համերգ-հանդիպումներ ավագ և կրտսեր սերնդի ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ՝ ներկայացնելով հիմնականում երաժշտական ուսումնական ծրագրերում չներառված ստեղծագործություններ։

Թողարկվել են Կոմիտասի ծննդյան 140-ամյակին (ֆոնդային ողջ նյութը) և Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին (կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը) նվիրված տեսասկավառակներ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տիգրան Հեքեքյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։