Վիկտորիա Մարիա Ավգուստա Լուիզա Օլգա Պաուլինա Կլոդինա Ագնեսա Թեքցի (անգլ.՝ Maria von Teck, մայիսի 26, 1867(1867-05-26)[1][2][3][…], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 24, 1953(1953-03-24)[1][2][3][…], Մալբորո հաուս), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր, Հնդկաստանի կայսր Ջորջ V-ի կինը, Էդուարդ VIII-ի և Ջորջ VI-ի մայրը և Եղիսաբեթ II թագուհու տատիկը։

Մարիա Թեքցի
անգլ.՝ Victoria Mary Augusta Louise Olga Pauline Claudine Agnes of Teck
 
Մասնագիտություն՝ ազնվական և թագավորական կոնսորտ
Ծննդյան օր մայիսի 26, 1867(1867-05-26)[1][2][3][…]
Ծննդավայր Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր մարտի 24, 1953(1953-03-24)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայր Մալբորո հաուս
Թաղված Սուրբ Գեորգի մատուռ
Դինաստիա Duke of Teck?
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Princess Victoria Mary Augusta Louise Olga Pauline Claudine Agnes of Teck
Հայր Francis, Duke of Teck?
Մայր Princess Mary Adelaide of Cambridge?
Ամուսին Գեորգ V[4]
Զավակներ Էդուարդ VIII[4], Ջորջ VI[4], Mary, Princess Royal and Countess of Harewood?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ծնունդով եղել է Վյուրթեմբերգի թագավորական տան մորգանատիկ ճյուղից։ Ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում՝ թագուհի Վիկտորիայի արքունիքում։ 1893 թվականին ամուսնացել է Ուելսի արքայազն Էդուարդի 2-րդ որդու՝ Յորքի դուքս արքայազն Ջորջի հետ, որը գահի ժառանգորդն էր դարձել ավագ եղբոր մահից հետո (որի հարսնացուն էր Մարիան)։ Մինչև 1910 թվականին ամուսնու՝ գահ բարձրանալը եղել է Ուելսի արքայադուստր և Կորնուոլի դքսուհի։ Դառնալով թագուհի, աջակցել է ամուսնուն Առաջին համաշխարհային պատերազմում և պատերազմից հետո տիրող քաղաքական անկայունության շրջանում։ 1936 թվականին այրիացել է և դարձել է իր որդու՝ թագավոր Էդուարդ VIII-ի մայր-թագուհի, սակայն որդին նույն թվականին հրաժարվել է գահից, ի մեծ ցավս թագուհի Մարիայի, հանուն ամերիկուհի Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնության։ Դրանից հետո Մարիան աջակցել է իր երկրորդ որդուն՝ Ջորջ VI թագավորին ընդհուպ մինչև նրա մահը՝ 1952 թվականին։ Մահացել է իր թոռնուհու՝ Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու հաջորդ տարում։

Վաղ տարիներ

խմբագրել
 
Նորածին արքայադուստր Վիկտորիա Մարիան ծնողների հետ

Արքայադուստր Վիկտորիա Մարիան ծնվել է 1867 թվականի մայիսի 26-ին, Լոնդոնի Քենսինգթոնյան պալատում։ Նորածնի ծնողներն էին Թեքի դուքս Ֆրենսիսը և բրիտանական արքայադուստր Մարիա Ադելաիդան։ Նրա հայրը, պատկանում էր Վյուրթեմբերգներ թագավորական տան մորգանակատիկ ճյուղին և դուքս Ալեքսանդր Վյուրթեմբերգի և հունգարացի կոմսուհի Կլաուդին Ռիդի ֆոն Քիս Ռիդեի (Countess Claudine Rhédey von Kis-Rhéde) որդին էր։ Մայրը բրիտանական թագավորական ընտանիքի անդամ էր՝ Քեմբրիջի դուքս Ադոլֆ Ֆրեդերիկի և գերմանական արքայադուստր Ավգուստա Հեսսեն Կասսելացու դուստրը։ Հորական կողմով Մարիա Ադելաիդան Ջորջ III թագավորի թոռնուհին էր և Վիկտորիա թագուհու հորեղբոր աղջիկը[10]։ Նա մկրտվել է Լոնդոնի Քենսինգթոնյան պալատի Թագավորական կապելլայում, 1867 թվականի հուլիսի 27-ին Քենթերբերի արքեպիսկոպոս Չարլզ Լոնգլիի ձեռամբ։ 

Մարիայի կնքամայր և կնքահայրերն են եղել իր երկրորդական տատիկը՝ թագուհի Վիկտորիան, Ուելսի արքայազն և ապագա թագավոր Էդուարդը, որը Մարիա Ավգուստայի ապագա սկեսրայրն էր դառնալու, և Քեմբրիջի դքսուհի արքայադուստր Ավգուստան՝ հորական տատը։ Ընտանիքում արքայադստերն անվանել են Մեյ (անգլ.՝ May)[11]։

Մարիայի ու նրա եղբայրների դաստիարակությունը բավական խիստ է եղել[12]։ Նա եղել է ընտանիքի ավագ երեխան և միակ դուստրը, որից հետո ծնվել են երեք տղաներ[13]։ Արքայադուստրը հոգ է տարել կրտսեր եղբայրների նկատմամբ, իսկ բոլորը միասին նրանք իրենց ժամանակն անցկացրել են իր զարմիկների, Ուելսի արքայազնի և արքայադստեր երեխաների հետ[14]։ Մարիան կրթություն է ստացել տանը, մոր և դայակ-դաստիարակների հսկողության տակ, ինչպես և նրա եղբայրները, որոնց ավելի ուշ ուղարկել են գիշերօթիկ դպրոց[15]։ Թեքի դքսուհին շատ ժամանակ է անցկացրել երեխաների հետ, ինչն անսովոր էր այն ժամանակվա ազնվականների համար[12]։ Աղջիկը մանկությունից մորն ուղեկցել է տարբեր բարեգործական հիմնարկներ ու աղքատների տներ այցելելիս[16]։

Թեքի դքսի և դքսուհու երեխաները համարվում էին բրիտանական թագավորական ընտանիքի անդամներ։ Թեքի դուքսը չուներ անձնական եկամուտ, քանի որ նրա հայրը մորգանատիկ ամուսնություն էր կնքել՝ զրկվելով Վյուրթեմբերգի արքայական գահը ժառանգելու իրավունքից։ Զույգի բոլոր երեխաները կրել են «Նորին Մեծություն Թեք արքայազն / արքայադուստր» տիտղոսը[17]։ Ընտանիքը հիմնականում ապրում էր Մարիա Ադելաիդայի միջոցներով։ Որպես բրիտանական թագավորական ընտանիքի անդամ, նա ստանում էր տարեկան 5000 ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև լրացուցիչ 4000 ֆունտ ստեռլինգ գումար իր մորից[18]։ Չնայած դրան, ընտանիքը մշտապես ֆինանսական կարիքի մեջ և պարտքերի մեջ է եղել։ 1883 թվականին ամուսինները երեխաների հետ միասին ապրել են արտասահմանում[19]։ Ընտանիքը ճամփորդել է Եվրոպայում, կանգ առնելով հարազատների մոտ։ Մի քանի ամիս ընտանիքը ապրել է Ֆլորենցիայում, որտեղ երեխաները հաճախել են ցուցահանդեսներ, թանգարաններ, եկեղեցիներ և պատկերասրահներ[20]։

1885 թվականին ամուսինները վերադարձել են Մեծ Բրիտանիա և բնակություն են հաստատել Ռիչմոնդ պարկի Սպիտակ տնակ (White Lodge) կալվածքում։ Մարիան մանկուց մտերիմ է եղել մոր հետ և հանդիսացել է նրա ոչ պաշտոնական քարտուղարը, օգնել է ընդունելությունների կազմակերպման գործում։ Մարիայի մորաքույր դքսուհի Մեկլեմբուրգ Ստրելիցը նրա մտերիմ ընկերուհին է եղել, որի հետ արքայադուստրը, իսկ ավելի ուշ թագուհին, ամեն շաբաթ նամակագրական կապի մեջ է եղել, ընդհուպ մինչև դքսուհու մահանալը՝ 1916 թվականին[21]։

Նշանդրեք

խմբագրել

Մարիան 1891 թվականի դեկտեմբերին նշանվել է Ուելսի արքայազնի ավագ որդու՝ Կլարենսի և Էվոյդեյլի դուքս Ալբերտ Վիկտորի հետ։ Մարիային որպես ապագա թագավորի կին ընտրել էր Վիկտորիա թագուհին, որը շատ էր հավանում երիտասարդ արքայադստերը։ Նա գրել է. «ընտանիքը սիրով էր տոգորվել Մարիայի նկատմամբ, նա ուժեղ բնավորություն և պարտքի զգացում ունի»։ Սակայն 1892 թվականի հունվարի 14-ին գրիպից անսպասելիորեն մահանում է Ալբերտ Վիկտորը[22]։

Արքայազնի մահից հետո նրա կրտսեր եղբայրը՝ Յորքի դուքս Ջորջը դարձել էր թագի ժառանգման առաջին ճյուղը։ Համատեղ սգի ընթացքում նա մտերմացել էր Մարիայի հետ, իսկ Վիկտորիա թագուհին շարունակում էր արքայադստերը դիտարկել որպես ապագա միապետի համար հարմար թեկնածու[23]։ Ջորջն առաջարկություն է արել արքայադուստր Մարիային 1893 թվականի մայիսին և ստանալով նրա համաձայնությունը ամուսնացել է։ Նրանց ամուսնությունը երջանիկ է եղել, նրանք միասին ունեցել են վեց երեխա։ Ջորջն ամեն օր նամակներ է գրել իր կնոջը ողջ կյանքի ընթացքում, և, ի տարբերություն հոր, երբեք սիրուհիներ չի ունեցել[24]։

Յորքի դքսուհի

խմբագրել
 
Արքայադուստր Վիկտորիա Մարիան հարսանիքից առաջ

Մարիան ամուսնացել է Յորքի դուքս արքայազն Ջորջի հետ 1893 թվականի հուլիսի 6-ին Լոնդոնի Սենթ Ջեյմս պալատի Թագավորական կապելլայում։ Հարսանիքին, որպես պատվավոր հյուր, ներկա են եղել Ռուսաստանի ցեսարևիչ Նիկոլայ Ալեքսանդրովիչը, որը մեկ տարի անց դարձավ նրանց առաջնեկի՝ Էդուարդի կնքահայրը[25]։ Նոր դքսուհին ամուսնու հետ միասին բնակություն է հաստատել Յորքի քոթեջում (York Cottage)՝ Սանդրինգհեմյան պալատից ոչ հեռու գտնվող Նորֆոլք կոմսության մի համեստ տնակում, ամուսիններն իրենց սենյակներն են ունեցել նաև Սենթ Ջեյմսի պալատում։ Նրանք ունեցել են վեց երեխա՝ Էդուարդ, Ալբերտ, Մարիա, Հենրի, Ջորջ և Ջոն[26]։ Մարիան սիրում էր իր երեխաներին, բայց նրանց դաստիարակությամբ զբաղվել են դայակները և դայակ-դաստիարակները, ինչպես ընդունված է եղել այն ժամանակվա բարձր հասարակության ընտանիքներում։ Նրանցից առավել հայտնին Շառլոտա Բիլլն է եղել, որը հետագայում առավել սերտորեն կապվել է կրտսեր արքայազն Ջոնի հետ, որը էպիլեպսիայով հիվանդ էր[27]։ Չնայած արքունիքում նրան բավականին սառը մայր էին համարում, Յորքի դքսուհին երեխաներին անձամբ է ուսուցանել պատմություն և երաժշտություն[28]։ Որպես թագավորական ընտանիքի անդամներ, ամուսինները հասարակական կյանքում մեծ մասնակցություն են ունեցել։ 1897 թվականին դքսուհին դարձել է Լոնդոնի ձեռագործական գիլդիայի (The London Needlework Guild)[29] հովանավոր։

1901 թվականի հունվարի 22-ին Վիկտորիա թագուհու մահանալուց հետո գահ է բարձրացել Մարիայի սկեսրայրը՝ դառնալով Էդուարդ VII թագավոր։ Միաժամանակ Ջորջն ու Մարիան ստացան Ձերդ Թագավորական մեծություն Կոննաուտի և Յորքի դուքս և դքսուհի տիտղոսները։ Թագավորը երիտասարդ զույգին ուղարկեց Բրիտանական կայսրության տարածքներով շրջագայության։ Նրանք այցելել են Ջիբրալթար, Մալթա, Եգիպտոս, Ցեյլոն, Սինգապուր, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Մավրիկիոս, Հարավային Աֆրիկա և Կանադա։ Գտնվելով Շրջագայության մեջ գտնվելու ողջ ընթացքում Մարիան անընդհատ նամակներ էր գրում տուն, անհանգստանալով երեխաների համար, որոնք մնացել էին թագավորի ու թագուհու խնամքի ներքո[30]։

Ուելսի արքայադուստր

խմբագրել

1901 թվականի նոյեմբերի 9-ին Լոնդոն ժամանելուց ինն օր անց և թագավորի վաթսունամյակի օրը, Մարիային և նրա ամուսնուն տրվել է «Ուելսի արքայազն» տիտղոսը։ Ընտանիքը տեղափոխվել է Մալբորո հաուսի Սենթ Ջեյմս պալատ։ 1904 թվականին ամուսինները ուղևորության են մեկնել Ավստրո-Հունգարիա և Վյուրթեմբերգ։ 1905 թվականին Մարիան ունենում է իր վերջին երեխային՝ արքայազն Ջոնին։ Ծննդաբերությունը ծանր ընթացք էր ունեցել և երեխան հետագայում տառապում էր էպիլեպսիայով, որից էլ մահացել է 13 տարեկանում[31]։

1905 թվականի հոկտեմբերին Մարիան և Ջորջը կրկին ուղարկվել են շրջագայության, այն անգամ Հնդկաստան[32]։ Վերադարձել են Եգիպտոսով և Հունաստանով։ Հայրենիք ժամանումից հետո նրանք մեկնել են Իսպանիա՝ թագավոր Ալֆոնսո XIII-ի հարսանիքին, ով ամուսնացել է Ջորջի զարմուհու՝ արքայադուստր Վիկտորիա Բաթենբերգի հետ։ 1906 թվականի մայիսին թագաժառանգ զույգը մեկնել է Նորվեգիա՝ Հակոն VII թագավորի և Մոդ Բրիտանացի թագուհու թագադրմանը։ Թագավորը Ջորջի զարմիկն էր, իսկ Մոդը՝ հարազատ քույրը[33]։

Մեծ Բրիտանիայի թագուհի

խմբագրել
 
Մարիա, Մեծ Բրիտանիայի թագուհի, թագադրման հագուստով. Ուիլիամ Լևելլին 1911-1912, թվականների միջև, Թագավորական հավաքածու

1910 թվականի մայիսի 6-ին թագավոր Էդուարդ VII-ի մահից հետո Ջորջը և Մարիան դարձել են Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և այլ տարածքների թագավոր ու թագուհի, Հնդկաստանի կայսրը և կայսրուհի։ Երբ Ջորջը կնոջը հարցրել է, թե թագավորական ինչ անուն է նա ընտրել՝ Վիկտորիա թե Մարիա, նա պատասխանել է, որ երկրորդը, որպեսզի իրեն չշփոթեն թագուհի Վիկտորիայի հետ[34]։ Թագադրման արարողությունը տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում 1911 թվականի հունիսի 22-ին։ Ավելի ուշ, այդ տարի նոր թագավորը և թագուհին մեկնել են Հնդկաստան, որտեղ ներկա են գտնվել Դելիի դարբարին[35]։ Որից հետո ամուսինները այցելել են մի քանի հնդկական քաղաքներ, 1912 թվականի փետրվարին վերադարձել են Լոնդոն[36]։ Կառավարման սկզբնական շրջանում Մարիան խնդիրներ էր ունենում մայ-թագուհի Ալեքսանդրայի հետ, որը չէր ցանկանում համակերպվել թագավորության երկրորդ տիկին լինելու դերի հետ։ Օրինակ, նա պահանջել էր իր առաջնայնությունը թագավոր Էդուարդ VII-ի հուղարկավորության արարողակարգում, թագուհի Ալեքսանդրան հրաժարվել էր հարսին փոխանցել ընտանեկան զարդերի մի մասը, որոնք հասնում էին իշխող թագուհուն[37]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թագուհու հանձնարարականներով արքունիքն անցել էր խիստ տնտեսման։ Սնունդը բաժանում էին որոշակի ժամանակ, թագուհին անձամբ այցելում էր հիվանդանոցներ և լազարեթներ դստեր՝ արքայադուստր Մարիայի հետ միասին, շփվում էր վիրավոր զինվորների հետ[38]։ Գերմանիայի դեմ երեք տարի պատերազմելուց հետո հակա-գերմանական տրամադրությունները Մեծ Բրիտանիայում հասել էին իրենց գագաթնակետին։ Թագավոր Ջորջ V-ը մերժել էր ռուսական կայսերական ընտանիքին քաղաքական ապաստան հատկացնել, գուցե, մասամբ այն պատճառով, որ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան գերմանական ծագում ուներ[39]։

Նիկոլայ II-ի գահից հրաժարվելու նորությունը ակտիվացրել էր Մեծ Բրիտանիայի հանրապետականների գործունեությունը, ովքեր ցանկանում էին, որ թագավորը հրաժարվի գահից իր գերմանական ծագումը հաշվի առնելով[40]։ 1917 թվականին Ջորջ V թագավորը հրաժարվեց իր բոլոր գերմանական տիտղոսներից, կոչումներից և պարգևներից, որոնք ստացել էր ինքը և իր ընտանիքը։ Այդ օրինակին հետևել են նրա բարեկամներից շատերը, այդ թվում ՝ Մարիայի եղբայրները, որոնք ընդունել են Քեմբրիջ ազգանունը։ Թագավորական Սաքսեն Կոբուրգ Գոթա ազգանունը, որի բրիտանական գահի հիմնադիրը Ջորջի հայրն էր եղել, վերանվանվեց Վինձորի դինաստիա՝ ըստ թագավորական ամրոցի անվան։

Պատերազմի ավարտից երկու ամիս անց մահացել է արքայազն Ջոնը՝  թագավորական զույգի կրտսեր որդին, ով ճգնավորի նման ապրում էր Վուդ Ֆերմում (Wood Farm)՝ Սանդրինգհեմի տարածում գտնվող մի փոքր տնակում։ Թագուհու վիշտն արտացոլվել է նրա օրագրերում, որոնք հրապարակվել են նրա մահից հետո։ Նա գրել է. «Մեր խեղճ Ջոնին հանկարծամահ եղավ... մեր ընտանիքը վշտաբեկ է, բայց մարդիկ այնքան բարի և ուշադիր էին իմ և թագավորի նկատմամբ, և դա օգնեց մեզ»[41]։ Թագուհի Մարիան կառավարման ողջ ընթացքում ամեն կերպ աջակցել է իր ամուսնուն, նրա համար խորհուրդներ է գրել հրապարակային ելույթների մասին, թագավորը միշտ ականջալուր է եղել իր կնոջ կարծիքին, որի կարծիքը նրա համար եղել է գերակայող[42]։

1920-ական թվականների վերջին թագավորը հաճախ հիվանդանում էր, թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Դա սաստկացել էր առանց ընդմիջման ծխելով։ Հիվանդությունների ժամանակ թագուհին միշտ եղել է Ջորջի կողքին։ Մի օր, 1928 թվականին, բժիշկներից մեկը հարցրել է թագավորի, թե ով է փրկել նրա կյանքը, և նա անմիջապես պատասխանել է. «Թագուհին!»[43]։ 1935 թվականին միապետերը նշել են իրենց կառավարման արծաթե տարեդարձը՝ ամբողջ կայսրության տարածքում տոնակատարություններով։

Այրիություն և ժառանգություն

խմբագրել
 
Մարիա թագուհին դստեր Մարիայի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

1936 թվականի հունվարի 20-ին թագավոր Ջորջ V-ի մահից հետո ընտանիքի ավագ որդին դարձել էր թագավոր՝ Էդուարդ VIII-ը։ Մարիան ստացել էր մայր-թագուհի պաշտոնական տիտղոսը (Queen mother), թեպետև նա չի կիրառել այն՝ մնալով «Ձերդ Գերազանցություն թագուհի Մարիա»։ Մի քանի ամիս սահմանադրական ճգնաժամ էր առաջացել երկրում Էդուարդի ընտրության՝ ամերիկուհի Ուոլլիս Սիմփսոնի երկու անգամ ամուսնալուծված լինելու պատճառով։ Անգլիկան եկեղեցին պնդում էր, որ թագավորը պետք է հրաժարվի այդ ամուսնությունից։ Վարչապետ Սթենլի Բոլդուինի և դոմինիոնների կառավարությունների ղեկավարների խորհրդատվությունը ստանալով՝ թագավորը գահից հրաժարվելու որոշում կայացրեց։ Թագուհի Մարիան աջակցում էր որդուն, չնայած նրան, որ նա չէր կարողանում հասկանալ թե ինչու է իր որդին անտեսել թագավորական պարտականություններն հանուն իր անձնական զգացմունքների[44]։ Էդուարդը հորն ու մորը նախկինում ծանոթացրել էր միսս Սիմփսոնի հետ[45], բայց գահից նրա հրաժարվելուց հետո մայրն այլևս չի ցանկացել հանդիպել նրան, և նրանք այլևս էլ երբեք չեն հանդիպել[46]։

Թագուհի Մարիան ամեն կերպ աջակցություն է ցուցաբերել իր երկրորդ որդուն՝ Ջորջին, որը տառապում էր կակազումով, և եղբոր գահը թողնելուց հետո զբաղեցրել էր բրիտանական գահը։ Մարիան ներկա էր որդու թագադրման արարողությանը, և այդպիսով, Մեծ Բրիտանիայի առաջին այրիացած թագուհին էր, որն մասնակցել է այդ միջոցառմանը[47]։ Մայրը կապը պահպանել է ավագ որդու հետ, որը գահից հրաժարվելուց հետո եղբայր թագավորից ստացել է Վինձորի դուքս տիտղոսը իր և իր կնոջ համար, բայց երբեք հավանություն չի տվել նրա ամուսնությանը[48][49]։ Թագուհի Մարիան մասնակցել է իր թոռների՝ Եղիսաբեթի և Մարգարեթի դաստիարակությանը։ Նա նրանց իր հետ տանում էր լոնդոնյան ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ[50]։

 
Թագուհի Մարիան Եղիսաբեթ և Մարգարեթ թոռնուհիների հետ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ջորջ VI թագավորի ցանկությամբ մորը տարհանել են Լոնդոնից, թեև վերջինս մայրաքաղաքը լքել չէր ցանկանում։ Թագուհին տեղափոխվել է Գլոստերշիր կոմսության Բադմինթոն հաուս նստավայր, որտեղ ապրել է ազգականուհու՝ Բոֆորի դքսուհի Մարի Սոմերսեթի (Mary Somerset, Duchess of Beaufort[47]) հետ միասին։ Նրա անձնական իրերը դուրս են բերվել Լոնդոնից յոթանասուն միավոր ուղեբեռով։ Թագուհուն տրամադրվել է հիսուն ծառա և սպասավոր, որոնք զբաղեցնում էին ամրոցի սենյակների մեծ մասը։ Պատերազմի ժամանակ թագուհին պալատից մեկնում էր զորքի մոտ, այցելում էր քաղաքներ և գործարաններ, կազմակերպում էր զինվորականների համար պարենամթերք հավաքելու գործը։

1942 թվականին ավիավթարի հետևանքով զոհվեց նրա երրորդ որդին՝ Քենթի դուքս Ջորջը, կնոջը թողնելով երեք երեխաների հետ։ Պատերազմի ավարտից հետո 1945 թվականի հունիսին Մարիան վերադարձավ Մարլբորո հաուս[47]։

Մարիա Թեքցին ամբողջ կյանքում հավաքել է արվեստի առարկաներ ու թանկարժեք իրեր, որոնք կապված են եղել այլ թագավորական ընտանիքների հետ[51]։ Նրա ջանքերի շնորհիվ բրիտանական միապետի հավաքածուում այսօր գտնվում են ռուսական կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային՝ Նիկոլայ II-ի մոր, երբեմնի պատկանած ոսկյա զարդերից[52]։ Թագուհին գնել է մեծ քանակությամբ զմրուխտ, որոնք պատկանել են իր հարսին՝ լեդի Կիլմորին (Prince Francis of Teck[53]), իր եղբայր Ֆրանցիսկ Թեքի կնոջը։ Թագուհու ղեկավարությամբ կազմվել է թագավորական ընտանիքին պատկանող արվեստի բոլոր առարկաների գույքագրում, հայտնաբերվել են մինչ այդ անհայտ գլուխգործոցներ, որոնք պատկանել են միապետին[54][55]։

1952 թվականին քաղցկեղից մահացել է կրտսեր որդին՝ Ջորջ VI թագավորը։ Գահ է բարձրացել Մարիայի ավագ թոռնուհի արքայադուստր Եղիսաբեթը։ Մարիա Թեքցին մահացել է հաջորդ տարի՝ 1953 թվականի մայիսի 24-ին։ Նա մահացել է թոքերի քաղցկեղից, թեև պաշտոնապես հայտարարվել էր, որ թագուհին մահացել է ստամոքսի խնդիրներից[56]։ Թոռնուհի Եղիսաբեթի թագուհի թագադրումը տեղի է ունեցել նրա մահից տասը շաբաթ անց։ Մահից առաջ, ծեր թագուհին խնդրել էր, որպեսզի Եղիսաբեթի թագադրումը չտեղափոխվի իր մահվան կապակցությամբ։ Թագուհու մարմինը տեղադրվել է Վեսմիսթերյան աբբայությունում, հազարավոր բնակիչներ են եկել նրան հրաժեշտ տալու։ Մարիային թաղել են ամուսնու կողքին՝ Վինձոր ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում (St George's Chapel, Windsor Castle)[57]։

Ի հիշատակ

խմբագրել

Սըր Հենրի Չանոնը (Henry Channon) թագուհի Մարիայի մասին գրել է, որ «նա վեր է քաղաքականությունից... հիասքանչ, հումորի զգացումով, աշխարհիկ, և, միևնույն ժամանակ, վեհանձն, բայց սառը ու խիստ, բայց, այնուամենայնիվ, ինչպիսի մեծ թագուհի»[58]։

Թագուհու պատվին անվանակոչվել են.

 
RMS Queen Mary Մարիա թագուհու անունը կրող մարդատար նավը Լոնգ Բիչում 2011 թվականի հունվարին

Ֆիլմագրություն

խմբագրել

Մի շարք հայտնի դերասանուհիներ խաղացել Մարիայի դերը ֆիլմերում. 

Երեխաներ

խմբագրել
 
Ջորջ V-ի և Մարիա Թեքցու երեխաները. կանգնած՝ Ալբերտ, Հենրի, Էդուարդ, նստած՝ Ջոն, Մարիա, Ջորջ, 1912 թվական

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր, Հնդկաստանի կայսր Ջորջ V-ի հետ համատեղ կյանքում Մարիա Թեքցին ունեցել է վեց երեխա՝ հինգ որդի և մեկ դուստր.

  1. Էդուարդ Ալբերտ Քրիստիան Ջորջ Անդրեյ Պատրիկ Դավիթ (23.06.1894-28.05.1972), հոր մահից հետո 1936 թվականին դարձել է թագավոր Էդուարդ VIII, հրաժարվել է գահից նույն տարում հանուն երկու անգամ բաժանված ամերիկուհի Վոլիս Սիմփսոնի հետ ամուսնության, որի հետ հետագայում ամուսնացել է և ստացել է Վինձորի դուքս տիտղոսը, ապրել է արտերկրում, երեխա չի ունեցել
  2. Ալբերտ Ֆրեդերիկ Արթուր Ջորջ (14.12.1895-6.02.1952), Յորքի դուքսը, որը եղբոր՝ թագավոր Ջորջ VI-ի՝ գահը թողնելուց հետո, ամուսնացել է տիկին Եղիսաբեթ Բոուզ Լայոնի հետ, որից ունեցել է երկու դուստր՝ ներկայիս թագուհի Եղիսաբեթը և արքայադուստր Մարգարեթը
  3. Վիկտորիա Ալեքսանդրա Ալիսա Մարիա (25.04.1897-28.03.1965), Մեծ Բրիտանիայի թագավորական արքայադուստր, Հարվուդի 6-րդ կոմս Հենրի Լասելսի (Henry Lascelles, 6th Earl of Harewood) կինը, ունեցել է երկու որդի
  4. Հենրի Ուիլյամ Ֆրեդերիկ Ալբերտ (31.03.1900-10.06.1974), Գլոստերի դուքս, ամուսնացել է տիկին Ալիսա Մոնտեքյու Դուգլաս Սքոտի հետ, ունեցել է երկու որդի
  5. Ջորջ Էդուարդ Ալեքսանդր Էդմունդ (20.12.1902-25.08.1942), Քենթի դուքս, ավիավթարից զոհվել է, ամուսնացած է եղել հունական արքայադուստր Մարինայի հետ, ունեցել է երկու որդի և մեկ դուստր՝ Ալեքսանդրա Կենտացի
  6. Ջոն Չարլզ Ֆրենսիս (12.07.1905-18.01.1919), տառապել է էպիլեպսիայով, որից մահացել է մանուկ հասակում, ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել։

Զինանշան, տիտղոսներ ու ծագումնաբանություն

խմբագրել

Զինանշան

խմբագրել
 
Մարիա Թեքի զինանշան

Մարիա Թեքի զինանշանը կազմված է Մեծ Բրիտանիայի զինանշանից ընտանեկան զինանշանների հետ միասին. 1-ին և 4-րդ քառորդներում Մարիայի պապի՝ Քեմբրիջի դուքս Ադոլֆ Ֆրեդերիկի զինանշանն է և 2-րդ և 3-րդ քառորդներում հոր՝ Թեքի դուքս Արքայազն Ֆրենսիսի զինանշանն է։ Վահանը պսակված է կայսերական թագով։ Զինանշանը պահում են Անգլիայի թագադրված առյուծը և միաեղջյուրը, Վյուրտեմբերգի թագավորության զինանշանի նմանությամբ։

Տիտղոսներ

խմբագրել
  • 1867 թվականի մայիսի 26-ից մինչև 1893 թվականի հուլիսի 6-ը - Նորին Մեծություն Թեքի արքայադուստր
  • 1893 թվականի հուլիսի 6-ից մինչև 1901 թվականի հունվարի 22-ը - Նորին Թագավորական Մեծություն Յորքի դքսուհի
  • 1901 թվականի հունվարի 22-ից մինչև 1901 թվականի նոյեմբերի 9-ը - Նորին Թագավորական Մեծություն Կորնոուլի և Յորքի դքսուհի
  • 1901 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 1910 թվականի մայիսի 6-ը - Նորին Թագավորական Մեծություն Ուելսի արքայադուստր
  • 1910 թվականի մայիսի 6-ից մինչև 1936 թվականի հունվարի 20-ը - Նորին Գերազանցություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագուհի, Հնդկաստանի կայսրուհի
  • 1936 թվականի հունվարի 29-ից մինչև 1953 թվականի մարտի 24-ը Նորին Գերազանցություն Մարիա թագուհի

Ծագումնաբանություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Kindred Britain
  5. https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
  6. https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
  7. The Edinburgh Gazette // The Edinburgh GazetteEdinburgh: 1927. — Iss. 14348. — P. 707.
  8. Acović D. Slava i čast: Odlikovanja među Srbima, Srbi među odlikovanjima — 2012. — P. 364. — ISBN 978-86-519-1750-2
  9. http://6rang.org/wp-content/uploads/2013/06/women-with-mustaches-men-without-beards.pdf
  10. «Mary of Teck (Queen Mary)» (անգլերեն) — Մարիա Թեք թագուհու նախնիները Royal List կայքում. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. Pope-Hennessy, 1959, էջ 24
  12. 12,0 12,1 Pope-Hennessy, 1959, էջ 66
  13. Pope-Hennessy, 1959, էջ 45
  14. Pope-Hennessy, 1959, էջ 55
  15. Pope-Hennessy, 1959, էջեր 68, 76, 123
  16. Pope-Hennessy, 1959, էջ 68
  17. Pope-Hennessy, 1959, էջեր 36—37
  18. Pope-Hennessy, 1959, էջ 114
  19. Pope-Hennessy, 1959, էջ 112
  20. Pope-Hennessy, 1959, էջ 133
  21. Pope-Hennessy, 1959, էջեր 503—505
  22. Pope-Hennessy, 1959, էջ 201
  23. Edwards, 1984, էջ 61
  24. «Mary of Teck» (անգլերեն) — Մարիա Թեքի Էջը Oxford Dictionary National Biography կայքում.
  25. Боханов, 2008, էջեր 235—236
  26. Pope-Hennessy, 1959, էջ 291
  27. Wheeler-Bennett, 1958, էջեր 16—17
  28. Ziegler, 1990, էջ 538
  29. «Queen Mother's Clothing Guild official website» (անգլերեն). Официальный сайт Гильдии Рукоделия.
  30. Edwards, 1984, էջ 115
  31. Edwards, 1984, էջեր 142—143
  32. Edwards, 1984, էջ 146
  33. Pope-Hennessy, 1959, էջ 407
  34. Pope-Hennessy, 1959, էջ 421
  35. Այդպես են կոչվել մեծածավալ ժողովները, որոնք կայացել են Հնդկաստանում Դելիի Թագադրման պարկում (Coronation Park, Delhi) Միացյալ Թագավորության թագավորների և թագուհիների թագադրումներ նշելու կապակցությամբ
  36. Pope-Hennessy, 1959, էջեր 452—463
  37. Edwards, 1984, էջեր 182—193
  38. Edwards, 1984, էջեր 244—245
  39. Edwards, 1984, էջ 258
  40. Edwards, 1984, էջ 262
  41. Pope-Hennessy, 1959, էջ 511
  42. Pope-Hennessy, 1959, էջ 549
  43. Gore, 1941, էջ 243
  44. Airlie, 1962, էջ 200
  45. Windsor, 1951, էջ 255
  46. Windsor, 1951, էջ 334
  47. 47,0 47,1 47,2 Pope-Hennessy, 1959, էջ 584
  48. Pope-Hennessy, 1959, էջ 575
  49. Edwards, 1984, էջ 401
  50. Edwards, 1984, էջ 349
  51. Pope-Hennessy, 1959, էջ 412
  52. Боханов, 2008, էջ 241—242
  53. «Introduction Kilmorey Papers» (PDF). Public Record Office of Northern Ireland.
  54. Pope-Hennessy, 1959, էջ 414
  55. Windsor, 1951, էջ 238
  56. «The Death of Queen Mary». The Times. 1953 թ․ մարտի 25. էջ 8.
  57. «Royal Burials in the Chapel by location». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  58. Channon, Henry, Sir (1993). Chips : the diaries of Henry Channon. Robert Rhodes James. London: Weidenfeld. ISBN 0-297-81380-3. OCLC 30809845.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  59. «История короля»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  60. «Dame Wendy Hiller». The Guardian. 2003 թ․ մայիսի 16.
  61. «Эдвард и миссис Симпсон»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  62. «Женщина, которую он любил»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  63. «Вся королевская рать»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  64. «Потерянный принц»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  65. «Уолисс и Эдуард»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  66. «Король говорит!»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  67. «МЫ. Верим в любовь»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  68. «Берти и Элизабет»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  69. «Корона»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն

խմբագրել
  • Airlie, Mabell. Thatched with Gold : (անգլ.) — London : Hutchinson, 1962. — P. 200. — 247 p
  • Бонахов А.Н. Сердечные тайны Дома Романовых : (ռուս.) — Москва : Вече, 2008. — P. 234—242. — 416 p. — ISBN 978-5-9533-2760-2
  • Edwards, Anne. Matriarch: Queen Mary and the House of Windsor : (անգլ.) — London : Hodder and Stoughton, 1984. — P. 61, 115, 142—143, 146, 182—183, 244—245, 258, 262, 311, 401, 349. — 462 p. — ISBN 0340244658
  • Gore, John. King George V: A Personal Memoir : (անգլ.) — London : John Murray, 1941. — P. 243. — 464 էջ
  • Pope-Hennessy, James. Queen Mary : (անգլ.) — London : George Allen and Unwin Ltd, 1959. — 685 p. — ISBN 1842120328
  • Rose, Kenneth. King George V : (անգլ.) — London : Weidenfeld and Nicolson, 1983. — P. 284. — 368 p. — ISBN 0297782452
  • Wheeler-Bennett, Sir John. King George VI : (անգլ.) — London : Macmillan, 1958. — P. 16—17. — 906 p. — ISBN 0333071123
  • Windsor, HRH The Duke of. A King's Story : (անգլ.) — London : Cassell and Co, 1951. — P. 24—25, 238, 255, 334. — 440 p. — ISBN 1853753033
  • Ziegler, Philip. King Edward VIII : (անգլ.) — London : Collins, 1990. — P. 538. — 654 p. — ISBN 0002157411

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Թեքցի» հոդվածին։