Լազար Սերեբրյակով
Լազար Մարկի Սերեբրյակով, Ղազար Մարկոսի Արծաթագործյան (ռուս.՝ Лазарь Маркович Серебряков), 1795[1][2], Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ[2] - փետրվարի 28, 1862, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), 1854 թվականից ռուսական ռազմածովային նավատորմի ծովակալ։
Լազար Սերեբրյակով | |
---|---|
![]() | |
1795[1][2] - փետրվարի 28, 1862 | |
Ծննդավայր | Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ[2] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Եղբայրական գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | ծովակալ[2] |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-թուրքական պատերազմ[2], Կովկասյան պատերազմ և Ղրիմի պատերազմ |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրելՍկզբնական կրթությունը Լազար Մարկևիչ Սերեբրյակովը ստացել է Ղրիմի հայաբնակ Ղարասուբազար ավանի հայկական դպրոցում։ 1815 թվականին միչմանի կոչումով ավարտել է Նիկոլաևի ռազմածովային կամավորների դպրոցը։ Անցնելով զինվորական ծառայության, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմում աչքի է ընկել Անապայի գրավման ժամանակ, իր գումարտակով առաջինն է ճեղքել ամրոցի պաշտպանությունը և թուրք փաշայից ընդունել բերդի բանալիներն ու դրոշակները։
Գործունեություն
խմբագրելԼազար Սերեբրյակովը բերդի գրավումից հետո, որպես Սևծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Դրեյգի համհարզ, մեկնել է ռուսական զորքերի գլխավոր ռազմակայան՝ Շումլա (Բուլղարիա), Նիկոլայ I ցարին զեկուցել Անապայի գրավման մանրամասները և նրան հանձնել թուրքական 29 գնդերի դրոշակները։ Վառնայի համար մարտերի ժամանակ, 1828 թվականի սեպտեմբերի 29-ին (հոկտեմբերի 11) դեսանտային զորքերի առաջին շարքերում մասնակցել է ամրոցի գրավմանը։
1830-1837 թվականներին ծառայել է Սևծովյան և Բալթյան նավատորմերում, եղել է նավերի հրամանատար` մասնակցելով մի շարք ծովային արշավների։ 1833 թվականին նշանակվել է Բոսֆորում ափ իջած ռուսական 14 հազարանոց զորքի պարետ և կարանտինային գծի պետ։ 1837-1853 թվականներին Սերեբրյակովը ծառայել է Սևծովյան առափնյա գծում որպես հերթապահ սպա, ապա՝ ամբողջ գծի (Անապայից մինչև ցար Նիկոլայի ամրոցը) պետ։
Ռազմական և դիվանագիտական պայքար մղելով Թուրքիայի և Անգլիայի ոտնձգությունների դեմ՝ նա միաժամանակ գործարար կապեր է հաստատել լեռնականների հետ, նրանց կողմնորոշել դեպի Ռուսաստան։ Կառուցել է բազմաթիվ պաշտպանական ամրություններ, նորոգել հները, նպաստել առևտրի զարգացմանը։ 1838 թվականին հիմնադրել է Նովոռոսիյսկը։ 1849-1850 թվականներին կառուցել է Կոնստանտինյան կոչված ռազմատնտեսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը, որը Նովոռոսիյսկը կապել է Սևծովյան նահանգի (Կուբան գետի ավազանում) հետ։
Սերեբյակովը մեծապես նպաստել է չերքեզահայերի ազգապահպանմանը՝ այդ գործին մասնակից դարձնելով Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն, որի հետ ունեցել է նամակագրական կապ։ Սերեբրյակովի ջանքերով Նովոռոսիյսկում ստեղծվել է հայկական հոգևոր կենտրոն, որի շուրջ համախմբվել են Չերքեզիայի, Անդրկուբանի և Տրապիզոնից գաղթած հայերը։ Սերեբրյակովը երկրամասի վիճակի մասին կազմել է զեկուցագրեր, որոնք ունեն ռազմաքաղաքական և գիտաճանաչողական նշանակություն («Ճանապարհը Սուխումից մինչև Կուբան՝ գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով» զեկուցագրի համար ընտրվել է Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ)։
Զինանշան
խմբագրելԼազար Սերեբրյակովի զինանշանի վրա պատկերված է լազուրագույն ֆոնով վահան։ Վահանն ունի մեկ դաշտ։ Նրա վրա պատկերցած է ամպերից դուրս եկող կաղնու ճյուղ բռնած բազուկ։ Վահանը աջ և ձախ կողմերից բռնած են երկու առյուծներ[3]։ Զինանշանի ներքևում Լազար Սերեբրյակովի նշանաբանն է ռուսերենով.
Прямым путем. |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Record #283686005, Record #11615672 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 336—337.
- ↑ Հայկ Դեմոյան Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան 2012, էջ 212
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազար Սերեբրյակով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 336)։ |