Պավել Նախիմով
Նախիմով Պավել Ստեպանովիչ (1802–1855), ռուս ծովապետ, ծովակալ (1855)։ Ավարտել է ծովային կադետական կորպուս (1818)։ 1822–25-ին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյսեր» նավով։ Մասնակցել է 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմին, եղել կորվետի (հետախուզական ռազմանավ) հրամանատար։ 1834-ից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ, ղեկավարելով Սևծովյան նավատորմի նավախումբ, Նախիմովը հայտնաբերել և շրջափակել է թուրքական նավատորմի գլխավոր ուժերը և, արդյունավետ օգտագործելով հրետանային միջոցները, 1853-ի (նոյեմբերի 18-ին) Սինոպի ճակատամարտում ջախջախել այն։ 1854–1855-ին, Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, ճիշտ գնահատելով Սևաստոպոլի նշանակությունը, Նախիմովը ներդրել է բոլոր հնարավոր միջոցները քաղաքի պաշտպանության ամրապնդման համար։ 1855-ից Սևաստոպոլի նավահանգստի հրամանատարն էր և ռազմական նահանգապետը, Սևաստոպոլը պաշտպանող հերոսական կայազորի ղեկավարը, երբ մեծ ընդունակություններ է ցուցաբերել ծովից և ցամաքից նավատորմի բազայի պաշտպանության կազմակերպման գործում։ Լինելով ռազմածովային արվեստի քաջ գիտակ՝ անձամբ է լուծել մարտավարության հիմնական հարցերը, ղեկավարել գլխավոր մարտերը, ծովային և ցամաքային ուժերի փոխգործողությունները։ Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրավորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում։ Սևաստոպոլում կանգնեցված է Նախիմովի հուշարձանը։
Պավել Նախիմով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23 (հուլիսի 5), 1802 |
Ծննդավայր | Khmelita, Vyazemsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 30 (հուլիսի 12), 1855 (53 տարեկան) |
Մահվան վայր | Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Սուրբ Վլադիմիրի տաճար |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ |
Մասնագիտություն | ռազմածովային սպա |
Ծնողներ | հայր՝ Q124647354? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Pavel Nakhimov Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 160)։ |
- ↑ Нахимов Павел Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.