Ջավախեցի

հայ արձակագիր
(Վերահղված է Ղազարոս Տեր-Գրիգորյանից)

Ջավախեցի, Ղազարոս Սուքիասի Տեր-Գրիգորյան (1874, Գանձա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ արձակագիր, գյուղագիր, ուսուցիչ, հայ մամուլի երկարամյա թղթակից, քահանա, մտավորական, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ջավախեցի
Ծնվել է1874
ԾննդավայրԳանձա, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Վախճանվել է1937
Վախճանի վայրԵրևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Գրական անունՋավախեցի, Ես – եմ, Ջավ․
Մասնագիտությունարձակագիր, գյուղագիր, ուսուցիչ, թղթակից
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի Ներսիսյան դպրոց
ԱզգականներՎահան Տերյան

Վահան Տերյանի ավագ եղբայրը[1]։

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, զբաղվել ուսուցչությամբ։ 1900 թվականից հանդես է եկել «Մշակ»-ում («Գյուղացու ցավերից» հոդվածաշարը և այլն)։ Լույս են տեսել «Ջավախքի աղետը» (1900), «Կրակը» (1903), «Պատկերներ» (գիրք 1-2, 1905, 1930) պատմվածքների գրքույկները։ Ջավախեցու արձակը ներկայացնում է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի հայ գյուղաշխարհի սոցիալական կյանքը[2]։

Կենսագրություն խմբագրել

Ջավախեցին ծնվել է 1874 թվականին Ջավախքի Գանձա գյուղում[3][4][5][6][7]։ Հոր՝ Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում ծնված տասներկու երեխաներից երեք աղջիկը և մեկ որդին վաղ հասակում մահացել էին, մնացյալ ութից չորսն աղջիկներ էին, չորսը՝ արու զավակներ։ Որդիներից Ղազարոսն ավագն էր, կրտսերը՝ Վանիկը՝ ապագա բանաստեղծ Վահան Տերյանը։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո պատանի Ղազարոսը շարունակում է իր ուսումը և ավարտում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Ղ. Տեր-Գրիգորյանի մանկության ու պատանեկության պատկերներն արտացոլված են նրա եղբայրների՝ Արամի և Ներսեսի[Ն 1], ինչպես նաև իր՝ Ջավախեցու՝ Վահան Տերյանին նվիրված հուշագրություններում, ուր ներկայացվում է հայրենի Գանձան, Սուքիաս Տեր-Գրիգորյանի գերդաստանը, գյուղի հասարակությունը, հայրենական բարքերն ու սովորույթները։

Հովհաննես Թումանյանին նվիրված հուշագրության մեջ Ջավախեցին ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է իր այցելությունը Թիֆլիս, ուր Ղազարոս Աղայանն իրեն ծանոթացնում է Թումանյանի հետ, իսկ ինքն էլ հայ մեծանուն բանաստեղծի հետ է ծանոթացնում այդ ժամանակ արդեն Լազարյան ճեմարանի սան իր եղբորը՝ Վահանին։ Կարդալով սկսնակ բանաստեղծի գործերը և առանձնազրույց ունենալով Վահանի հետ՝ Թումանյանը դիմում է ներկաներին.

  Դե՛հ, պարոննե՛ր, խնդրեմ ծանոթանաք, մեր Ջավախեցու եղբայրն է՝ ապագա բանաստեղծ Վահան Տերյանը։ ․․․Տե՛ս, Ղազա՛ր, հիմա Վահանին ծանոթացնելիս ասում ենք Ջավախեցու եղբայրն է, եթե չաշխատես առաջ գնալ, շատ շուտով քեզ ծանոթացնելիս պետք է ասենք՝ բանաստեղծ Վահան Տերյանի եղբայրն է․․․[10]  

Ինչպես գրում է Ջավախեցին, «Հովհաննեսի գուշակությունը բառացի կատարվեց»։ Այնուհետև նա ներկայացնում է Թումանյանի այցը Ախալքալաքի գավառ (1901 թվականի օգոստոսի երկրորդ կեսին), ուր վերջինս Ջավախեցու ուղեկցությամբ Ախալքալաքից մեկնում է Գանձա՝ նպատակ ունենալով տեսնել Փարվանա լիճն ու «կախարդական փերիներին»։ Այդ այցելության ժամանակ հենց Ղազարոսենց տանն էլ Թումանյանը գրում է իր հայտնի պոեմի նախերգանքը, որի առաջին քառատողն արտասանում է սեղանի շուրջը բոլորած գանձացիների առջև։

Ջավախեցին և Թումանյանը մինչ Գանձա ու Փարվանա ուղևորվելը 1901 թվականի հուլիս-օգոստոսին հանդիպել են նաև Ախալցխա գավառի Ուրավել առողջարանում[11]։

Մինչ այս այցելությունն Ախալցխա և հանդիպումները Հովհաննես Թումանյանի հետ, Ջավախեցին նամակ է գրել Գանձայից՝ բանաստեղծին հրավիրելով այնտեղ։ Վերջինս նամակը ստանում է հուլիսի 18-ին։ Անվանի մտավորական, հրատարակիչ, դրամատուրգ և Ջավախքի առաջադեմ գործիչներից Վարդան Շահպարոնյանը գրում է, որ Ախալցխայի գավառ են այցելել 1901 թվականի հուլիսին, ապա նշում, որ բանաստեղծը հրաժեշտ է տվել իրենց և դուրս եկել Ուրավելից[12]։ Հայտնի է, որ Հովհաննես Թումանյանը Ուրավելից մեկնել է 1901 թվականի օգոստոսի 7-ին[13]։ Այսպիսով, Ջավախեցու խումբը Ախալցխայի գավառ է այցելել հուլիսի վերջերին և այնտեղ մնացել մինչ օգոստոսի կեսերը, քանի որ Թումանյանի՝ Աբասթումանից Ախալքալաք այցի օրերին նրանք արդեն վերադարձել էին[12]։ Փաստորեն, Ջավախեցին և՛ նախօրոք գրված նամակով, և՛ Ուրավելում հանդիպման ժամանակ, և՛ Գանձայից այցելելով Ախալքալաք (երբ Թումանյանն արդեն Ախալքալաքում էր)[Ն 2]՝ բանաստեղծին հրավիրել է հայրենի Գանձա։ Ջավախեցին Թումանյանին է տվել «Հազարան բլբուլ» հեքիաթի երկու տարբերակ, որոնցից մեկը նա լսել և գրի է առել գանձացի Պատշինոնց Ավենից, մյուսը՝ սաթխացի ղուլա Կարոյից[16][Ն 3]:

Ստեղծագործական կյանք խմբագրել

Ջավախեցու առաջին ստեղծագործություններից է «Շեյխ Ջավադ (Պատկեր քրդական կյանքից)» պատմվածքը, որը 16 էջանոց առանձին գրքույկով լույս է տեսել Թիֆլիսում 1899 թվականին[Ն 4]: Նույն թվականից նա արդեն «Մշակ» թերթում հանդես էր գալիս հրապարակումներով, որոնցից առաջինը կրում է «Չարիքի արմատը (Նամակ Ախալքալաքից)» վերնագիրը[17]։ Վերոնշյալ գործերի տակ Ջավախեցին դեռևս ստորագրում էր «Ղազարոս Տեր-Գրիգորյան» կամ «Ղազարոս Տեր-Գրիգորյանց» ձևով։ «Ջավախեցի» ստորագրությանը հանդիպում է երկու ամիս անց՝ նույն թերթի էջերում[18], ուր նրա նամակները, հոդվածներն ու այլ հրապարակումները, որոնք նա իր քահանայության և ուսուցչության տարիներին գրում էր Ախալքալաքից, առավել հաճախակի տպագրվում են մինչ 1903 թվականը. հավանաբար, մինչ իր ձերբակալումն ու «հակապետական արարքների» համար Կուրսկի նահանգի Շչիգրի քաղաք հինգ տարով աքսորվելը։ Հոդվածներում Ջավախեցին անդրադառնում է այն բոլոր սուր հարցերին, որոնք այդ տարիներին հուզում էին ջավախահայությանը։ Խստագույնս քննադատում էր շահագործող բոլոր չինովնիկներին, վաշխառուներին, մանր կալվածատեր աղաներին ու հարկահավաքներին, ովքեր հասարակ գյուղացուն հասցրել էին չքավորության և անելանելի վիճակի, չէր խուսափում նաև նրանց ներկայացնել իրենց իսկական անուն-ազգանուններով։

«Մշակ» խմբագրել

«Մշակում» իրար հետևից տպագրվում են «Գյուղացու ցավերից»[19][20][21][22][23][24][25], «Երկրաշարժի տեղում (Նամակ Բարալեթ գյուղից)»[26][27][28][29] հրապարակումները և հոդվածները, որոնցում, ի թիվս ջավախքցի գյուղացուն հուզող խնդիրների, անդրադարձ կա նաև 1899 թվականի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած վնասներին։ Այցելելով երկրաշարժից տուժած գյուղերը՝ Ջավախեցին գրի էր առել այն ամենը, ինչ տեսել և զգացել է, որոնց հիման վրա էլ 1900 թվականին Թիֆլիսում հրատարակվում է նրա «Ջավախքի աղետը (դեկտեմբերի 19, 1899 թ, ականատեսի տպավորություններից)» գրքույկը։ 1903 թվականին Թիֆլիսում առանձին գրքույկով հրատարակվում է նաև «Կրակը» պատմվածքը, որը մինչ այդ տպագրվել էր «Մշակում»[30]։

Տևական ընդմիջումից հետո «Մշակում» Ջավախեցին վերստին տպագրվում է 1908 թվականին[31][32]։ Նամակ-թղթակցությունները հյուսիսկովկասյան Մոզդոկից են, ուր նա տեղի հայոց դպրոցներում աշխատում էր իբրև ավագ ուսուցիչ, այնուհետև տեսուչ։

Աքսորավայրում՝ Շչիգրի քաղաքում, Ջավախեցին, ով ապրում էր այնտեղ իր ընտանիքի հետ, 1904 և 1905 թվականների սկզբներին գրում է պատմվածքներ, իսկ հուշերում հուզիչ կերպով նկարագրում է փոքր եղբոր այդ ժամանակ Լազարյան ճեմարանի վերջին դասարանների սան՝ Վահանի այցելությունն իրեն։ Ճեմարանի դասատու Կ. Կուսիկյանն ու բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը, իմանալով Վահան Տերյանի ցանկության մասին, 60 ռուբլի են հանգանակում և Սուրբծննդյան արձակուրդներին նրան ուղարկում Շչիգրի՝ աքսորյալ եղբորը տեսակցության[33]։

Ջավախեցին աքսորավայրում հինգ տարի չի մնում, վերադառնում է ավելի շուտ, և արդեն 1905 թվականի սեպտեմբերին Ջավախեցու նամակները հրատարակվում են Թիֆլիսի «Արշալույս» թերթում։ «Արշալույսի» էջերում նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբերին տպագրված նամակները գրված են Մոզդոկ քաղաքից։ Դատելով այդ նամակներից՝ նա այդ քաղաք է տեղափոխվել, հավանաբար, 1905 թվականի ուշ աշնանը։ 1908 թվականին «Մշակում» զետեղված մի թղթակցության մեջ (հունվարի 10) Ջավախեցին նշում է, որ 1907 թվականի ապրիլի 15-ին միաձայն ընտրվել է Մոզդոկի հայոց դպրոցների ավագ ուսուցչի պաշտոնում[31]։ Թղթակցության տակ Ջավախեցին ստորագրել է որպես Մոզդոկի հայոց դպրոցների տեսուչ։

«Մշակի» մեկ այլ համարում[32] նշված է, որ Ջավախեցին նույն թվականի մարտի 6-ին Մոզդոկում նախագահել է քաղաքի հայոց եկեղեցական-ծխական դպրոցների հոգաբարձական–մանկավարժական խառը ժողովը։

«Մուրճ» և այլ թերթեր խմբագրել

1905 թվականի «Մուրճի» ապրիլյան համարում Ջավախեցին տպագրել է Գանձայի և հարևան Սաղամո գյուղի (այդ ժամանակ դեռևս թրքաբնակ) միջև գոյություն ունեցած հողային վեճի մասին ակնարկ՝ «Ընկերներս» վերնագրով։ Այս գործը, ինչպես նաև «Արշալույսի» ու «Մշակի» մեջ տեղ գտած մի քանի այլ իրապատումներ 1905 թվականին Թիֆլիսում հրատարակվել են առանձին գրքով՝ «Պատկերներ» վերնագրով։

Ջավախեցու անդրանիկ այս ժողովածուն նոր խոսք էր հայ գյուղագրության մեջ, որով հեղինակն իր արժանավոր տեղը զբաղեցրեց գյուղագիրների շարքում։ Բանաստեղծական ռիթմով կարդացվող նրա արձակ գործերը, որոնք ներկայացնում են Ջավախքի գյուղական միջավայրը, ի ցույց դրեցին ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայկական գավառների՝ 20-րդ դար թևակոխած գյուղացիության բազմաթիվ ու բազմապիսի արատավոր երևույթներ։ Ապրելով ու գործելով գյուղական միջավայրում՝ Ջավախեցին առաջնորդվում էր առաջադեմ, լուսավոր գաղափարներով։ Նա իր համարձակ մտքերով ու գործողություններով դարձել էր հայ գյուղացու իրավունքների պաշտպանն ու արդարության, իրավահավասարության քարոզիչը[34]։

1906 թվականին և հետագա տարիներին Ջավախեցին ակտիվորեն թղթակցում է Թիֆլիսում լույս տեսնող թերթերին։ Այսպես, 1906 թվականին «Աշխատանք» թերթում հրատարակվում են գյուղական միջավայրը ներկայացնող Ջավախեցու երկու պատմվածքը և երկու նամակ-մտահոգությունը[35][35][36][37], իսկ հունվար-փետրվարին «Հառաջ» թերթում[38][39] լույս է տեսնում երկու ակնարկ (հավանաբար, բոլորն էլ գրված Մոզդոկում)։ Հայ-թուրքական ընդհարումներից (նամակում ընդհարման վայրն ու թվականը չի կոնկրետացվում) տուժածներին օգնելու նպատակով կազմակերպված հանգանակության մասին Ջավախեցու մեկ թղթակցությանը՝ 1907 թվականի մարտի 10-ի թվագրությամբ, հանդիպում ենք «Ժամանակ» թերթում՝ դարձյալ գրված Մոզդոկում[40], իսկ տարվա վերջին ևս մեկ ակնարկ՝ «Գրական վաշխառուներ» վերտառությամբ, տպագրվում է «Անկախ մամուլում»[41]։ 1908 և 1910 թվականներին Ջավախեցին «Հասկեր» ամսագրում հրապարակում է չորս բանաստեղծություն[42][43][44][45], 1910 թվականին ևս մեկ բանաստեղծություն տպագրվում է «Աղբյուր» պատկերազարդ ամսագրում[46]։

«Հորիզոն» խմբագրել

1910-1917 թվականներին Ջավախեցին թղթակցում է «Հորիզոնին»։ Հենց 1910 թվականի առաջին համարներում տպագրվում է «Մոռացված գավառ» հոդվածաշարը (չորս հոդված), որոնցում հեղինակն անդրադառնում է Ախալքալաքի գավառում տիրող իրավիճակին, լայնորեն ներկայացնում ռուսաստանյան այդ ծայրագավառի տնտեսական զարգացման հարցեր՝ կրթամշակութային, սոցիալական ոչ բարվոք վիճակի համար մեղադրելով նաև հայ մեծահարուստ բարերարներին․

  Ախալքալաքը խորթ զավակի պես մոռացված է և հայ գործիչներից, բարերարներից, հայ հարուստներից․․․ Մինչդեռ Ախալքալաքն իր կաթնատնտեսական արդյունաբերութեամբ մրցակից չունի։ Ալեքսանդրապոլի Ղարաքիլիսա ամառանոցն են շտապում մեր գյուղատնտեսները դասախոսություններ կարդալու, ու մենք մեր 76 հազար հայ գյուղացիության հետ դրանցից մեկն ու մեկի երեսն էլ չտեսանք․․․ 76 հազար միայն հայ բնակչություն և ոչ մի միջնակարգ դպրոց, 72 հայ գյուղերում միայն երեք ծխական մեդասյան դպրոցներ կան, և այն էլ պահում են Բարեգործական Ընկերության նպաստներով․․․[47]:  

1910 թվականին «Հորիզոն» թերթում տպագրված Ջավախեցու բոլոր թղթակցությունները գրված են Ախալքալաքից։ Դրանցից մեկը տեղեկացնում է, որ նա եղել է քաղաքի հայոց եկեղեցական ծխական հոգաբարձության քարտուղարը[48]։ Մեկ այլ նյութից էլ պարզվում է, որ հոկտեմբերի երեքին Կովկասի հայոց բարեգործական ընկերության Ախալքալաքի վարչության անդամ Ջավախեցին հանդես է եկել ճառով, որի առիթը կազմակերպության Ախալքալաքի ճյուղի ջանքերով հիմնված կարուձևի արհեստանոց-դպրոցի բացումն էր[49]։ Որպես Ախալքալաքի ու Ծալկայի հայ գյուղացիության կողմից ընտրված ներկայացուցիչ-պատգամավոր՝ Ջավախեցին 1910 թվականի հոկտեմբերի 10-ին հրավիրվել է Թիֆլիս՝ մասնակցելու թեմական-պատգամավորական ժողովներին, ուր ընտրվելու էին Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներ[50]։

1911 թվականի հունվարի մեկին լույս տեսած «Հորիզոնի» համարում նշվում է, որ թերթը հրատարակվելու է Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Լեոյի և Շիրվանզադեի սերտ աշխատակցությամբ, իսկ մշտական աշխատակիցների ցանկում, ուր ներկայացված էր ժամանակի հայ մտավորականության գրեթե ողջ աստղաբույլը, իր պատվավոր տեղն ուներ Ջավախեցին։

Ջավախքի գյուղական ցավերի ու խնդիրների մասին է բարձրաձայնում 1911 թվականի «Հորիզոնի» ապրիլյան համարներում լույս տեսած «Գավառի ձայնը» շարքը[51][52][53]։ Նույն թվականի մարտի 26-ի նամակից երևում է, որ Ջավախեցին եղել է Ախալքալաքի հայոց եկեղեցական-ծխական երկսեռ երկդասյա դպրոցի հիսնամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամ[52]։ Մայիսի 8-ին Արսեն քահանա Բլրցյանի գրած թղթակցության մեջ նշվում է, որ նույն օրը Ախալքալաքի Ս․ Խաչ եկեղեցում տեղի ունեցած քաղաքի, համանուն գավառի և Ծալկայի շրջանի գյուղական ծխական ներկայացուցիչների ժողովում ընտրվելու են պատվիրակներ, որոնք նոյեմբերին պետք է Թիֆլիսում մասնակցեին ժողովին։ Այդ ժողովները գումարվել են 1911 թվականի դեկտեմբերի 11-ին Էջմիածնում տեղի ունենալիք կաթողիկոսական ընտրությունների առիթով, և ընտրված երկու պատվիրակներից մեկը եղել է Ջավախեցին[54][55]։

Ղ․ Աղայանի և Ա․ Արասխանյանի մահը խմբագրել

Ինչպես բոլոր գավառներում, Ջավախքում ևս մեծ ցավով ընդունվեց 1911 թվականի հունիսին վախճանված հայ մեծ գրող Ղազարոս Աղայանի մահվան լուրը։ Ախալքալաքի մտավորականությունը ժողով է գումարում, ուր որոշվում է լիազորել Ախալքալաքի հայոց եկեղեցական-ծխական դպրոցի ուսուցիչ, Կովկասի հայոց բարեգործական ընկերության Ախալքալաքի ճյուղի վարչության անդամ Ջավախեցուն՝ ներկա գտնվելու Ղազարոս Աղայանի թաղման արարողությանը[56][57]։ Մեկ տարի անց Ջավախեցին տպագրում է «Տխուր խոհեր» ակնարկաշարը՝ նվիրված Ղազարոս Աղայանին[58][59]։

1911 թվականին Ջավախեցին Թիֆլիսի «Սուրհանդակ» թերթում իրեն յուրահատուկ անկեղծությամբ ներկայացնում է իր ապրումներն ու զգացումները, որոնք ունեցել է թիֆլիսյան իր մեկ ուղևորության ընթացքում։ Ակնարկաշարքը կոչվում է «Գավառացու տպավորություններից»[60][61][62][63][64][65][66]։ Նույն թերթի էջերում մինչ այդ մեկ այլ առիթով լսվել էր «Գավառի ձայնը»՝ դարձյալ Ջավախեցու միջոցով[67]։

1912 թվականի դեկտեմբերի 3-ին Ախալքալաքում վախճանվում է տնտեսագետ, հրապարակախոս, գրականագետ և հասարակական գործիչ Ավետիք Արասխանյանը, ով, կարճ ժամանակ լինելով Ախալքալաքի ծխական դպրոցի տեսուչ, անսահմանորեն սիրվել էր տեղի հասարակության կողմից։ Ջավախեցին ցավով է հայտնում Ա․ Արասխանյանի մահվան գույժը, նրա անունով հեռագրեր են ստացվում Թիֆլիսի գրական-հասարակական հայտնի գործիչներից՝ խնդրելով իրենց անունից ներկա լինել հուղարկավորությանը կամ ծաղկեպսակ դնել։ Մինչ Ա․ Արասխանյանի աճյունը Թիֆլիս տեղափոխելը Ախալքալաքում տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն, այնուհետև՝ պատարագ, որտեղ (նաև որպես «Հորիզոնի» թերթի ներկայացուցիչ) դամբանականով հանդես է գալիս Ջավախեցին[68][69]։

Գործունեությունն Անդիժանում խմբագրել

1913 թվականին Ջավախեցին տեղափոխվում է Անդիժան քաղաք (ներկայիս Ուզբեկստանի շրջկենտրոններից է), որտեղից շարունակում է թղթակցել «Հորիզոնին»։ Նույն թերթում 1916 թվականին հրատարակում է մեկ ակնարկ, 1917 թվականին՝ մի քանի հեռագրեր, որոնցից տեղեկանում ենք Ախալքալաքում տեղի ունեցած գյուղացիական համագումարի մասին։ Համագումարը, որը նախագահում էր Ջավախեցին, որոշում է անվստահություն հայտնել գավառային կոմիսարիատին և պահանջում աշխատանքից անհապաղ հեռացնել բոլոր կոմիսարներին[70]։

1913 թվականի հունվարի 22-ին Ջավախեցին շնորհավորական նամակ է հղում հայրենի Ջավախք՝ իր ուրախությունն արտահայտելով «Ջավախք» թերթի հիմնադրման առիթով․

  Ողջույնս հայրենի պալար-վերքերին, արյուն֊խոցերին, անուշ֊խոցերին․․․ Ողջույն այդ անվերջ պալար֊դարդերին դարեր դիմացող, իր սար ուսերին անմռունչ տանող մեր չարքաշ գյուղին ու անշուք հյուղին․․․ Ողջույն, բյուր ողջույն այդ արյունլվիկ դարդ ու խոցերը սրտի մրմուռով, կրակ֊կսկիծով քրքրող, բուժող հեգ ընկերներին․․․ Ես էլ հեգ պանդուխտ, հեռո՜ւ վաթանից, անո՜ւշ վաթանի կարոտս կուլամ․․․ ու լաց֊արցունքով հայրենի հողի հուշին հիշելով հետ իրեն կուտամ՝ «Ջավախք»-ին կուտամ․․․ Հազար ծիլ֊ծաղիկ ու հաջողություն մեր մայր Ջավախքին․․․ Հազար֊բյուր բարև ու երկար արև մատաղ «Ջավախք»-ին․․․[71]:  

1915-1917 թվականներին Անդիժանից Ջավախեցին ակտիվորեն թղթակցում է Բաքվի «Արև» օրաթերթին։ 1915 թվականի երկու համարում հրատարակվում է «Տխուր խոհեր» ակնարկաշարը, որի երկրորդ մասում հեղինակի մտորումներն են հայ քաղաքական կուսակցություններից մեկի՝ Հայ հեղափոխական դաշնակցության մասին։ Չընդունելով ՀՅԴ֊ի հասցեին արված քննադատությունները՝ Ջավախեցին կուսակցությանը համեմատում է Քոռ Դավիթենց տան ծառայի՝ Կիրակոսի հետ, որին տեղի֊անտեղի ամեն բանում մեղադրում են․

  Բայց հիմա հենց որ «մի հավի քիթ արյունի» Հայաստանում թե Հայաստանից դուրս – մեղավորը «Դաշնակցությունն» է․․․ Ինչո՞ւ։ Որովհետև․․․ «Դաշնակցությունը» Կիրակոս է․․․:  

Անդիժանում ապրած տարիներին Ջավախեցին գործուն մասնակցություն է ունենում տեղի հայության կրթական ու հասարակական կյանքին։ Լինելով քաղաքի արական գիմնազիայի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի պետական դպրոցներում դասավանդվի հայոց լեզուն։ Երկար մաքառումներից հետո, ի վերջո, Ջավախեցուն հաջողվում է Անդիժանի գիմնազիաներում «կրոնի հետ մայրենի գրագիտություն դասավանդելու թույլտվությունն ստանալ Թուրքեստանի դպրոցների գլխավոր տեսչից»[72]։ Մի քանի ամիս անց՝ 1915 թվականի օգոստոսին, Հայ հեղափոխական դաշնակցության կոմիտեի (հավանաբար՝ տեղական) նախագահի միջնորդությամբ և Թուրքեստանի շրջանի դպրոցական հիմնարկությունները կառավարող հոգաբարձուների խորհրդի որոշմամբ առաջարկվեց դպրոցական բոլոր հիմնարկությունների վարիչներին՝ առաջիկա ուսումնական տարվանից իրենց տնօրինության տակ գտնվող հիմնարկություններում տեղի հասարակական միջոցներով մտցնել հայոց լեզվի պարտադիր դասավանդում։ Ջավախեցին՝ որպես առաջադեմ և ժամանակի շնչով ապրող մտավորական, չնայած ողջունում է այս իրողությունը, այդուհանդերձ, հանդես է գալիս հեղափոխական հևքով ապրող Ռուսաստանի օրենքները քննադատողի դերում․

  ․․․Ինչո՞ւ ռուս մանկանն իր մայրենի լեզուն պիտի ավանդվի պետական գանձարանի միջոցներով, իսկ հայ մանկանն «տեղական միջոցներով» և այն էլ «եթե կան այդպիսի միջոցներ»․․․[73]:  

1915 թվականին հայ ուսուցչի, մտավորականի վիճակի մասին իր մտորումներով (նաև՝ պատմաբան Լեոյի օրինակով) Անդիժանից հանդես է գալիս Բաքվի «Արեգ» թերթում[74]։

Ապրելով ու գործելով անդրկասպյան երկրում՝ Ջավախեցին մեծ ուշադրություն է դարձրել ցեղասպանության հետևանքով հայրենազրկված և տարագիր հայրենակիցներին օգնելու խնդրին։ «Արև» թերթին հղած բազմաթիվ նամակներում հրապարակում է իր կազմակերպած հանգանակությունների արդյունքները՝ «հօգուտ հայ տարագիրների ազատագրության – «Մի հայ - մի ոսկի»» կամ «հօգուտ տաճկահայ որբերի»[75][76]։

Վահան Տերյանի մահը խմբագրել

1917 թվականի սկզբներին Ջավախեցին ստանում է եղբոր՝ Վահան Տերյանի՝ թոքախտով հիվանդանալու լուրը[Ն 5]: Անմիջապես 300 ռուբլի է փոխանցում նրան՝ կից նամակով, ուր խորհուրդ է տալիս այնքան էլ լուրջ չվերաբերվել բժիշկների ասածներին, որոնք «լուն ուղտ են շինում».

  ․․․Օրերը տաքացան թե չէ, կթռչես Գանձա՝ մեր հայրենի «սանատորիան»։ Կնստես մեր չայիրի (մեր ծաղկառատ մարգագետինն է գետի ափին, ուր Վանիկը փոքր ժամանակ շատ էր սիրում ձուկ որսալ ու ողջ օրը ջրերի մեջ խաղալ) ծաղկունյանց մեջ, մատղաշ գառը մորթել կտաս, կարմրախայտը ինքդ կբռնես, ինչպես փոքր ժամանակդ, խորովածն ու ձուկը կուտես, կարմիր գինի կխմես ու էն ծաղկունյաց խալու վրա կքնես նո՜ւշ ու անո՜ւշ․․․ Թոքախտ չէ, չումա լինի կսատկի․․․ կդիմանա՞ մեր Գանձայի օդ ու ջրին․․․ Ամառս ես էլ կգամ, կընկերանամ։ Բայց տե՛ս, ասածներս ճի՛շտ կատարես, որ մինչև իմ գալս իմ առաջվան գունդ ու կծիկ Վանիկս դարձած լինես[8]։  

Ջավախեցու խորհուրդներն իսկապես արդյունք են տալիս․ Վահան Տերյանն աշխուժանում է, մասնակցում թիֆլիսյան մտավորականության հավաքներին, միջոցառումներին, այնուհետև մեկնում է Ղրիմ՝ առողջարան, որտեղից էլ՝ հայրենի Գանձա։

1917 թվականի ամռանը Ջավախեցին գալիս է Ախալքալաք, ուր գտնվում էր Տերյանը[Ն 6]: Իրար անսահման սիրող երկու եղբայրների՝ հայրենի հողում այս հանդիպումը, կարճատև լինելուց զատ, վերջինն էր։ Ջավախեցին Ախալքալաք է հասնում այն ժամանակ, երբ հեղափոխության թոհուբոհով ապրող Տերյանն արդեն պատրաստվում էր մեկնել Պետրոգրադ, քանի որ, ինչպես նշել է, «պետք է հեղափոխությունը հասցնել իր վախճանին․․․»[79]: Ջավախեցին երկար հորդորում ու խնդրում է եղբորը, որ չմեկնի, մնա հայրենի օջախում և շարունակի հետևել իր առողջությանը, սակայն Տերյանն իր որոշման մեջ հաստատակամ էր։

Առողջական ծանր վիճակում գտնվող Վահան Տերյանը 1919 թվականի վերջին մեկնում է Մոսկվայից և Ռուսաստանի Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ հանձնարարականով ուղևորվում է Թուրքեստան (այժմ՝ Ուզբեկստան)՝ ցանկանալով կյանքի վերջին օրերն անցկացնել իր ավագ եղբոր՝ Ջավախեցու մոտ՝ Անդիժանում։ Սակայն քաղաքացիական կռիվների թեժացման պատճառով գնացքը կանգ է առնում Օրենբուրգում, որտեղ էլ 1920 թվականի հունվարի 7-ին վախճանվում է։ Եղբոր մահվան լուրը Ջավախեցին ստանում է բավական ուշացումով՝ 1921 թվականի մարտին, Տաշքենդի «Կուլտուրական-կրթական միությունից» ստացած նամակով։

Վերջին տարիներ խմբագրել

1918 թվականին Հայ հեղափոխական դաշնակցության կողմից Թիֆլիսում հրատարակվող ռուսալեզու «Молотъ» թերթում Ջավախեցին տպագրում է Միջին Ասիայից ուղարկած մի քանի հեռագրեր, որոնցից երկուսում տեղեկացվում են ՀՅԴ Աշխաբադի մարզային ժողովի և անդրկասպյան քաղաքներում ՀՅԴ-ի ծավալած գործունեության մասին։ Հեռագրերից երրորդը ներկայացնում է ՀՅԴ թիֆլիսյան կառույցի համագումարը, քննարկված հարցերն ու ընդունված որոշումները[80][81][Ն 7]:

Թիֆլիսյան մամուլում մինչև 1921 թվականը Ջավախեցին հանդես է եկել նաև «Ես – եմ» և « Ջավ․» ծածկանուններով[82]։

1920-ական թվականներին Ջավախեցին որոշ ժամանակ ապրել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում[Ն 8], որտեղից թղթակցել է Թիֆլիսում հրատարակվող «Մարտակոչ» օրաթերթին։ Դրանցում հիմնականում արծարծվել են Ուզբեկստանում բնակություն հաստատած գաղթական հայերի համայնքի խնդիրները[84][85][86]։

«Պրոլետար» թերթի «Գրական շաբաթ» հավելվածում 1930 թվականի հունվարի 12-ին լույս է տեսնում Ջավախեցու «Հուշեր Վահան Տերյանի կյանքից» հուշագրությունը։ Համարը նվիրված է Վահան Տերյանի մահվան տասնամյակին։ Հետագայում Վ․ Տերյանին նվիրված Ջավախեցու հուշագրությունները տեղ են գտնում մեծ բանաստեղծին նվիրված հուշերի ժողովածուում[87]։

Հստակ հայտնի չէ, թե երբ է Ջավախեցին Միջին Ասիայից վերադարձել Երևան։ Հայտնի է, որ 1933 թվականից նա Երևանում որպես սրբագրիչ աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի խմբագրությունում[88]։ Իսկ մինչ այդ՝ 1930 թվականին, Երևանում, Ա․ Տերտերյանի առաջաբանով հրատարակվել է Ջավախեցու «Պատկերներ (Բանտարկյալի հուշատետրից)» գիրքը, որտեղ հիմնականում ներկայացվում են ռուսաստանյան առաջին հեղափոխության (1905-1907 թթ․) նախօրյակին հեղինակի ձերբակալությունը, հարցաքննությունները, բանտային կյանքին առնչվող պատմություններ, մարդկային խեղված ճակատագրեր և այլն։

1936 թվականին անանուն առաջաբանով լույս է ընծայվում Ջավախեցու նոր գիրքը՝ կրկին «Պատկերներ» խորագրով, որում զետեղվում են 1905 և 1930 թվականների հրատարակություններում տեղ գտած գործերը։ Դա Ջավախեցու վերջին գիրքն էր․ հաջորդ տարի՝ 1937 թվականին, նա վախճանվում է[Ն 9]:

1950 թվականին Երևանում լույս է տեսնում «Հայ գյուղագիրներ» վերնագրով ստվարածավալ մի ժողովածու, որում զետեղված են նաև Ջավախեցու լավագույն պատմվածքներից հինգը՝ որոշ կրճատումներով կամ խմբագրումներով։

Տարիների ընթացքում Ջավախեցին կատարել է նաև բազմաթիվ թարգմանություններ, որոնցից յոթը հրատարակվել են առանձին գրքույկներով[Ն 10]:

Ջավախեցու երկերի մատենագրություն խմբագրել

  • Ջավախքի աղետը, Թիֆլիս, տպարան Մ. Մարտիրոսյանի, 1900, 32 էջ։
  • Կրակը, Թիֆլիս, տպարան Մ. Վարդանյանի, 1903, 16 էջ։
  • Պատկերներ, գրքույկ առաջին, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1905, 168 էջ։
  • Պատկերներ, Երևան, 1930, 126 էջ։
  • Պատկերներ, Երևան, 1936, 156 էջ։
  • Հայ գյուղագիրներ (ժողովածուում տպագրված են Ջավախեցու լուսանկարը, համառոտ կենսագրությունը և «Ուրյադնիկ Գյումովը», «Կապույտ քեռին», «Կրակը», «Ազնիվ վաճառականն ու գող-ավազակը», «Վերն աստված կա...» պատմվածքները), Երևան, Հայպետհրատ, 1950, 578 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  • Ս․ Բըկով «Գարնանացանը և սոցիալիստական մրցումը», Երևան, 1930, 62 էջ
  • Բ․ Մենշով «Զոոտեխնիկական ձեռնարկումների կազմակերպումը կոլխոզներում», Երևան, 1931, 76 էջ
  • Ս․ Էդելման «Կոոպերացիան և բանվորական ընտանիքի կենցաղը», Երևան, 1931, 110 էջ
  • Ե․ Գրիգորովիչ «Հաց, աշխատանք և իշխանություն», Երևան, 1931, 94 էջ
  • Դ․ Մամին-Սիբիրյակ «Կաթի, վարսակի շիլայի և գորշ կատվի՝ Մուրկայի մասին», Երևան, 1934, 18 էջ
  • Չ․ Դիկկենս «Բաստիլի կալանավորը», Երևան, 1935, 24 էջ
  • Մ․ Տվեն «Սպիտակ փղի հափշտակումը», Բաքու, 1936, 63 էջ
  • Ե․ Չիրիկով «Կյանքի շեմին», Երևան, 1917[Ն 11]

Նշումներ խմբագրել

  1. Միջնեկ եղբայրներից Արամ Տեր-Գրիգորյանն իր հուշերում այսպես է նկարագրում Ղազարոսին. «Ղազարոսը, որ հետո հայ մամուլի մեջ հայտնի դարձավ «Ջավախեցի» անունով, մի քանի ընդհանուր գծեր ունի Վահանի հետ։ Նա, որպես ծնողներիս մեծ որդին, մի քիչ երես առած և քնքշությունների սովորած էր։ Սիրում էր գեղեցիկ հագնվել, փայլուն իրեր ձեռք բերել, մատներին մատանի կրել, ձի նստել, սիրահարվել, ատրճանակ արձակել, թուր կախել, գյուղի երիտասարդների հետ քեֆեր անել, հարսանիք ու պար գնալ, քավոր ու խաչեղբայր դառնալ, երգել, հասակավոր երևալու ձգտումով գինի ու օղի խմել, գյուղի աղջիկներին ընծաներ տալ ու ստանալ, ոտանավորներ ու նամակներ գրել, ճառ ասել, բայց սիստեմատիկ ու տևական աշխատանքի բոլորովին սեր չուներ»[8]։ Մի հատված էլ Ներսես եղբոր ծավալուն հուշագրությունից. «Մեծ եղբայրս՝ Ղազարոսը սովորում էր Ներսիսյան դպրոցում և ամեն ամառ տուն գալով մեզ բոլորիս զարմացնում էր իր ճռճռան կոշիկներով, «քաղքցու» (աշակերտական) շորերով և Թիֆլիսից հետը բերած հազար ու մի զիզի-պիզի իրերով, ինչպես գույն-գույն գրչակոթեր, գունավոր մատիտներ, գունավոր արծաթազօծ և ոսկեզօծ թղթեր և այլն։ Միայն ամառվա ամիսներին էր գյուղում լինում, այն էլ մեծ մասը դուրսն էր ժամանակ անցկացնում։ Ինքը, Ղազարոսը, որ այդ ժամանակ արդեն 17–18 տարեկան երիտասարդ էր, բարձր դասարանի աշակերտ, շատ էր սիրում գույնզգույն փայլուն իրեր, որով և մեծ անախորժություն պատճառում հորս, որի կարծիքով «դասերը թողած՝ ծրտի-պրտի բաների է տվել խելքը»»[9]։
  2. Ախալքալաքից Օլգա Թումանյանին ուղղված 1901 թ. օգոստոսի 21-ով թվագրված նամակում Հովհաննես Թումանյանը գրում է. «Նամակս հենց վերջացրի, ուզեցի փակել, մի գյուղից մարդիկ եկան հրավիրելու իրենց գյուղը. չկարողացա ոչ մի կերպ մերժել. վաղը գնալու ենք»[14]։ Իր մեկ այլ նամակում բանաստեղծը նշում է, որ Գանձայում մնացել է 3 օր[15]։
  3. Հեքիաթի այս և տասնյակ այլ տարբերակների հիման վրա Հովհաննես Թումանյանը մտադիր էր գրել ընդարձակ պոեմ. ծրագիր, որն այդպես էլ չիրականացավ։ Մեզ են հասել պոեմի առանձին հատվածներ։
  4. Գրքույկը մաշված և քայքայված վիճակում գտնվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրադարանում։
  5. Այդ մասին Վ․ Տերյանը 1917 թվականի հունվարին Պետրոգրադից նամակ է գրել եղբորը[77]։
  6. Տերյանագետ, ծնունդով ախալքալաքցի Սաքո Սուքիասյանի՝ Վահան Տերյանին նվիրված հուշերում տեղ են գտել 1917 թվականի ամռան մասին պատմող դրվագները, որտեղ հիշատակվում է նաև Ջավախեցին. «Չգիտեմ ինչպես եղավ, որ մի արեգակ օր, երեկոյան դեմ, Վահանը, Ղազարոսը, որ ընտանիքով նոր էր եկել Անդիժանից, մեր քաղաքացի Կոպելենց Եղիշը և դերասան Մկրտիչ Նալբանդյանը (Քցեն) եկան մեզ տեսության։ Սրտագին ուրախ հանդիպումից հետո, կարծեմ Ղազարոսի առաջարկով մի քանի շիշ Կախեթի սև գինի բերել տվինք Մոսեսովների հով մառանից, քիչ մրգեղեն և հենց այդտեղ, արհեստանոցում քեֆն սկսվեց[78]։ Ս․ Սուքիասյանն այնուհետև նկարագրում է երեկույթը, երկու եղբայրների՝ Ղազարոսի ու Վահան Տերյանի՝ տարիների բաժանումից հետո անցկացրած անմոռանալի ժամերը։
  7. Ջավախեցին հանդես է եկել որպես թերթի սեփական թղթակից։ Հեռագրերից դժվար է պարզել, թե Ջավախեցին թիֆլիսյան կուսակցական ժողովին անձամբ է մասնակցել, թե՞ ժողովի վերաբերյալ տեղեկությունը ստացել է մեկ ուրիշից։
  8. Ջավախեցին Միջին Ասիայում ապրել է մերթ Անդիժան, մերթ Տաշքենդ, մերթ Կոկանդ քաղաքներում[83]։
  9. Մահվանից առաջ՝ նույն թվականի ամռանը, Ջավախեցին մեկնում է Մոսկվա և գնացքով Երևան բերում իր եղբոր՝ Վահան Տերյանի մինուճար աղջկան՝ 17-ամյա Նվարդին[89]։ Նվարդ Տերյանը ծնվել է Տերյանի երկրորդ կնոջից՝ Անահիտ Շահիջանյանից, Տերյանի մահվանից մի քանի ամիս անց՝ 1920 թվականի ապրիլի 28-ին, Մոսկվայում, մահացել է 1978 թվականի հոկտեմբերի 12-ին։ Աճյունասափորն ամփոփված է Ջավախքում՝ հայրենի Գանձայում
  10. «Գործ» ամսագրի հիմնադիր-հրատարակիչներից մեկը՝ խմբագրակազմի անդամ, հասարակական-քաղաքական, գրական-մշակութային հայտնի գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության արդարադատության նախարար, Ախալքալաքից սերված Ռուբեն Դարբինյանը (Արտաշես Չիլինգարյան) իր հիմնադրած և 1922 թվականից ի վեր Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» ամսագրում տպագրած հուշագրության մեջ՝ Վահան Տերյանին նվիրված հատվածներից մեկում հիշատակել է նաև Ջավախեցուն. «Վահան Տերյանի ընտանիքը կճանչնայի իր հայրենի Գանձա գյուղեն, ուր պտույտի գացած էի Հարություն եղբորս հետ 1902-ի ամառը։ Հոն իջևանած էինք գյուղի քահանային մոտ, որ Վահանի հայրն էր։ ․․․Հոն էր այն ատեն Վահանի մեծ եղբայրը, որ ուսուցիչ էր և գյուղական պատմվածքներ կգրեր «Մշակի» համար Ջավախեցի ստորագրությամբ և որ վերջեն քահանա ձեռնադրվեցավ»[90]։
  11. Այս պատմվածքի թարգմանությունը հրատարակվել է Բաքվի «Գործ» ամսագրում (1917, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 86-113)։ Նույն պատմվածքն առանձին գրքույկով հրատարակվել է նաև Հ․ Խաչատրյանի թարգմանությամբ (Ե․ Չիրիկով «Կյանքի շեմին», Բաթում, 1909, 42 էջ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 380.
  2. Վիկտոր Համբարձումյան (1983). Ջավախեցի. Երևան: Հայկական Սովետական Հանրագիտարան. էջ 479.
  3. Սմբատ Ավագյան, Գեորգ Փերիխանյան (1975). Ներսիսյանցիներ (1824-1924). Երևան. էջեր 165, 174.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Հ․ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու (1934-1986). Երևան. էջեր 464–465.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Հայկական Համառոտ Հանրագիտարան, հատոր 4. Երևան. 2003. էջ 246.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Ով ով է։ Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր 2. Երևան. 2007. էջ 357.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Վ․ Մաղալյան (2012). Հայ տեղական մամուլը և գրատպությունը Վրաստանում (1885-1900 թթ․). Երևան. էջեր 92–94.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. 8,0 8,1 Վ. Պարտիզունի (1964). Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում. Երևան. էջ 98.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Վ. Պարտիզունի (1964). Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում. Երևան. էջ 114.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Ջավախեցի (1969). Հովհաննես Թումանյանը ժամանակակիցների հուշերում, «Փարվանայի ափին». Երևան. էջ 428.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Ս․ Հովհաննիսյան (2008). Թումանյանի ճանապարհորդությունները 1901 թվականին. Երևան: Պատմա-բանասիրական հանդես. էջեր 61–68.
  12. 12,0 12,1 Վ․ Շահպարոնյան (1969). Հովհաննես Թումանյանը ժամանակակիցների հուշերում, «Անմոռանալի օրեր». Երևան. էջ 417.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Հովհաննես Թումանյան (1997). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 9. Երևան. էջ 271.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Հովհաննես Թումանյան (1997). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 9. Երևան. էջ 275.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Հովհաննես Թումանյան (1997). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 9. Երևան. էջ 277.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. Ջավախեցի (1969). Հովհաննես Թումանյանը ժամանակակիցների հուշերում, «Փարվանայի ափին». Երևան. էջ 429.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  17. Մշակ. 1899 թ․ սեպտեմբերի 30. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. Մշակ. 1899 թ․ նոյեմբերի 26. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. Մշակ. 1901 թ․ մարտի 4. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. Մշակ. 1901 թ․ մարտի 13. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  21. Մշակ. 1901 թ․ մարտի 14. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. Մշակ. 1901 թ․ մարտի 24. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. Մշակ. 1901 թ․ մարտի 29. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  24. Մշակ. 1901 թ․ մայիսի 4. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  25. Մշակ. 1901 թ․ հուլիսի 25. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  26. Մշակ. 1900 թ․ հունվարի 19. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  27. Մշակ. 1900 թ․ հունվարի 28. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  28. Մշակ. 1900 թ․ փետրվարի 17. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  29. Մշակ. 1900 թ․ մարտի 2. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  30. Մշակ. 1902 թ․ հունիսի 11. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  31. 31,0 31,1 Մշակ. 1908 թ․ փետրվարի 28. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  32. 32,0 32,1 Մշակ. 1908 թ․ ապրիլի 1. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  33. Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում. էջ 251.
  34. Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5. Երևան. 1979. էջեր 824–827.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  35. 35,0 35,1 Աշխատանք. 1906 թ․ փետրվարի 5. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  36. Աշխատանք. 1906 թ․ ապրիլի 16. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  37. Աշխատանք. 1906 թ․ դեկտեմբերի 12. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  38. Հառաջ. 1906 թ․ հունվարի 28. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  39. Հառաջ. 1906 թ․ փետրվարի 9. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  40. Ժամանակ. 1907 թ․ մարտի 29. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  41. Անկախ մամուլ. 1907 թ․ դեկտեմբերի 28. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  42. Հասկեր. օգոստոս, 1908. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  43. Հասկեր. 1910 թ․ հունվարի 8. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  44. Հասկեր. 1910 թ․ մայիսի 1. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  45. Հասկեր. 1910 թ․ դեկտեմբերի 5. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  46. Աղբյուր. հունվար, 1910. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  47. Հորիզոն. 1910 թ․ հունվարի 16. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  48. Հորիզոն. 1910 թ․ մայիսի 19. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  49. Հորիզոն. 1910 թ․ հոկտեմբերի 9. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  50. Հորիզոն. 1910 թ․ սեպտեմբերի 29. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  51. Հորիզոն. 1911 թ․ ապրիլի 2. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  52. 52,0 52,1 Հորիզոն. 1911 թ․ ապրիլի 6. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  53. Հորիզոն. 1911 թ․ ապրիլի 10. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  54. Հորիզոն. 1911 թ․ մայիսի 13. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  55. Հորիզոն. 1911 թ․ մայիսի 14. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  56. Հորիզոն. 1911 թ․ հունիսի 23. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  57. Հորիզոն. 1911 թ․ հունիսի 25. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  58. Հորիզոն. 1912 թ․ հուլիսի 7. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  59. Հորիզոն. 1912 թ․ սեպտեմբերի 23. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  60. Սուրհանդակ. 1911 թ․ հունիսի 10. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  61. Սուրհանդակ. 1910 թ․ հունիսի 14. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  62. Սուրհանդակ. 1911 թ․ հունիսի 18. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  63. Սուրհանդակ. 1911 թ․ հունիսի 23. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  64. Սուրհանդակ. 1911 թ․ հունիսի 25. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  65. Սուրհանդակ. 1911 թ․ հուլիսի 2. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  66. Սուրհանդակ. 1911 թ․ հուլիսի 3. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  67. Սուրհանդակ. 1911 թ․ մարտի 17. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  68. Հորիզոն. 1912 թ․ դեկտեմբերի 9. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  69. Հորիզոն. 1912 թ․ դեկտեմբերի 13. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  70. Հորիզոն. 1917 թ․ հուլիսի 27. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  71. Ջավախք. 1913 թ․ մարտի 3. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  72. Արեգ. 1917 թ․ փետրվարի 17. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  73. Արեգ. 1917 թ․ հուլիսի 30. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  74. Արեգ. 1915 թ․ մարտի 27. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  75. Արև. 1916 թ․ սեպտեմբերի 7. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  76. Արև. 1916 թ․ սեպտեմբերի 8. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  77. Վ․ Տերյան (1989). Երկեր. Երևան. էջ 565.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  78. Ս․ Սուքիասյան. Վահան Տերյանը Ժամանակակիցների հուշերում «Վահան Տերյանը հայրենի Ջավախքում». էջեր 415–416.
  79. Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում. էջ 262.
  80. Молотъ. 1918 թ․ հունվարի 3. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  81. Молотъ. 1918 թ․ փետրվարի 18. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  82. Հ․ Բ․ Հովակիմյան (2005). Հայոց ծածկանունների բառարան. Երևան. էջեր 148, 734.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  83. Ս․ Սուքիասյան (1959). Էջեր Վահան Տերյանի կյանքից. Երևան. էջ 134.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  84. Մարտակոչ. 1924 թ․ ապրիլի 29. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  85. Մարտակոչ. 1924 թ․ մայիսի 18. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  86. Մարտակոչ. 1925 թ․ նոյեմբերի 21. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  87. Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում. էջեր 225–265.
  88. Ա․ Իսոյան (2008). Սամցխե-Ջավախքի նշանավոր հայորդիները, գիրք 2. Երևան. էջ 427.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  89. Ն․ Հարությունյան (2005). Կանայք Տերյանի կյանքում. Երևան. էջ 49.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  90. Հայրենիք. 7: 8. հուլիս, 1958. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)

Աղբյուրներ խմբագրել

  • Վահե Սարգսյան (2014). «Ջավախեցի․ կյանքն ու ստեղծագործական ուղին (ծննդյան 140-ամյակի առթիվ)». Պատմա-բանասիրական հանդես. № 2: 55–69., ISSN 0135-0536
  • Ջավախեցի։ Երկերի ժողովածու, Վահե Սարգսյան, 2016 ISBN 978-99941-0-756-8. Ջավախեցի։ Երկերի ժողովածու

Արտաքին հղումներ խմբագրել