Կովկասի հայոց բարեգործական ընկերություն

Կովկասի հայոց բարեգործական ընկերություն, լուսավորամշակութային կազմակերպություն, որը հիմնվել է 1881 թվականի նոյեմբերի 15-ին Թիֆլիսում՝ բժիշկ, հասարակական գործիչ Բագրատ Նավասարդյանի նախաձեռնությամբ, գրող Գաբրիել Սունդուկյանի գործուն մասնակցությամբ։ Նպատակն էր նյութապես օգնել 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Հարավային Կովկաս՝ մասնավորապես Թիֆլիս, գաղթած հայերին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայությանը, լուսավորական աշխատանք տանել նրանց շրջանում։

Կովկասի հայոց բարեգործական ընկերություն
Տեսակբարեգործական կազմակերպություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրվածնոյեմբերի 15, 1881
Գլխադասային գրասենյակԹբիլիսի, Վրաստան
Գլխավոր քարտուղարՍամսոն Հարությունյան և Alexander Ananov?
ՀիմնադիրԳաբրիել Սունդուկյան և Բագրատ Նավասարդյան

1899 թվականին ունեցել է 21 մասնաճյուղ Երևանում, Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Ախալքալաքում, Շուշիում, Նախիջևանում, Քութայիսում և այլուր։

Պատմական ակնարկ

խմբագրել

Ընկերությունը, որի մեջ ընդգրկված էին հայ նշանավոր մտավորականներ, նյութապես օգնել է հայ գրողներին, արվեստագետներին, ուսուցիչներին, որբերին, այրիներին, բնական աղետներից տուժածներին, գաղթականներին, թոշակներ տրամադրել Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի համալսարանների, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի կարիքավոր սովորողներին, կազմակերպել հրապարակային բժշկական դասախոսություններ, համաճարակների դեմ պայքարող խմբեր, դեղորայքով օգնել է հիվանդներին և այլն։

Ընկերությունը Գորիում բացել է (1885) աշակերտական հանրակացարան, Ալեքսանդրապոլում (1898) և Կաղզվանում (1899)՝ կարուձևի արհեստանոցներ, մինչև XIX դ. վերջը իր հաշվին պահել է ավելի քան 100 դպրոց, գրադարան-ընթերցարաններ, 1893– 1899 թվականներին Թիֆլիսում, Ախալցխայում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Շուշիում բացել ուսուցչական դասընթացներ։

1898 թվականին Սմբատ Շահազիզի օժանդակությամբ ընկերությանը կից հիմնվել է Աբովյան-Նազարյան գրական ֆոնդը։ 1899 թվականին հրապարակված կանոնադրությամբ ընկերությունը զրկվել է մասնաճյուղեր ունենալու իրավունքից և վերածվել սոսկ Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության. մինչև 1908 թվականը զբաղվել է հիմնականում աղքատախնամ գործունեությամբ, 1902 թվականին բացել է որբանոց, ծերանոց, անվճար և էժանագին ճաշարաններ։ 1908-ի հունվարին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով–Դաշկովը հաստատել է ընկերության նոր կանոնադրություն, որով նորից վերականգնվել են Կովկասի հայոց բարեգործական ընկերության նախկին իրավունքները։ 1911-ին ընկերությունը ուներ 45 տեղական բաժանմունք՝ 236 800 ռ. նյութական կարողությամբ։ Ընկերությունը պահում էր 140 դպրոց, հրատարակում հայերեն գրքեր (այդ թվում՝ անվճար դասագրքեր)։ 1910-ին կազմակերպել է Արևմտյան Հայաստանից փախած հայերի վերադարձը հայրենի բնակավայրեր, որտեղ կազմակերպել է արհեստների դասընթացներ, ջուլհականոցներ, փոքրիկ դեղատներ ևն։ Անբերրի և երաշտ տարիներին նյութապես օգնել է Անդրկովկասի հայ գյուղացիներին։ Ընկերության տպարանի հրատարակած գրքերը (այդ թվում՝ անվճար դասագրքերը) նպաստել են հայերի ազգային զարթոնքին, մշակույթի զարգացմանը։ 1911-ին հանդիսավոր պայմաններում նշվել է ընկերության 30-ամյակը։

Արևմտյան Հայաստանում նպաստել է ռուս. բանակի հաջողությանը, նյութական օգնություն ցույց տվել նրան, հավաքագրել կամավորներ։ 1915-ի Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին օգնելու համար ընկերությանը կից ստեղծվել է կոմիտե, որը նրանց ապաստան է տվել, ապահովել սննդով, բացել դպրոցներ, 11 հիվանդանոց, որբանոց մանկատներ, սանիտարական կետեր, դեղատներ, զբաղվել պարենամթերքի հայթայթմամբ, հայ գերիների փրկագնմամբ։

1916-ին ընկերությունը հրատարակել է «Համբավաբեր» շաբաթաթերթը։ Ընկերությունն իր միջոցներով օգնել է մյուս բարեգործական միություններին, Թիֆլիսի բարեկարգմանը և որոշ չափով՝ վրացի ու ադրբեջանցի կարիքավորներին։ Վրաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, 1921-ի մարտի 2-ին ընկերության վարչության որոշմամբ ընկերության ամբողջ գույքը դրվել է Հայկական ՍՍՀ–ի իրավասության տակ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 631