Դիվիզիա (լատին․՝  divisio - բաժանում, տրոհում), ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի տակտիկական զորամիավորում։ Լինում են հետևակային (հրաձգային, մոտոհրաձգային, մոտորացված, մոտոհետևակային), մեքենայացված, հեծելազորային, հրետանային, զենիթային, տանկային (զրահա–տանկային), ավիացիոն, օդադեսանտային, աէրոմոբիլային, ՏՕՊ-ի և այլն։ Դիվիզիաները ռուսական և ֆրանսիական բանակներում երևան են եկել 18-րդ դարի սկզբներին։ 19-րդ դարում վերջնականապես հաստատվել են նաև այլ բանակներում։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) նախօրեին հետևակային Դիվիզիաներ ուներ 15-16 հազար մարդ։ Պատերազմի ժամանակ դիվիզիան վերածվեց համազորային միավորման՝ հետևակի, հեծելազորի, հրետանու, ինժեներական և կապի զորամասերով հանդերձ։ 1930-ական թվականներին որոշ պետությունների զինված ուժերում ստեղծվեցին տանկային (զրահատանկային) և ավիացիոն դիվիզիաներ։ Առանձին բանակներում (օրինակ, ֆրանսիական) տանկեր կային նաև հետևակային դիվիզիաներում։ ԽՍՀՄ-ում 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին դիվիզիաները բազմիցս կառուցվածքային փոփոխություններ են կրել, կազմակերպչորեն կատարելագործվել շնորհիվ նոր ռազմ, տեխնիկայի համալրման և կառավարման բարելավման։ Ետպատերազմյան շրջանում, երբ ավարտվեց ցամաքային զորքերի մոտորացումը, հրաձգային դիվիզիաներն սկսեցին կոչվել մոտոհրաձգային, իսկ հեծելազորային դիվիզիաները վերացվեցին։ ժամանակակից զինված ուժերում, կազմակերպչորեն բաղկացած է գնդերից, բրիգադներից կամ բրիգադային խմբերից։ Նրա մեջ մտնում են տարբեր զորատեսակների և հատուկ զորքերի զորամասեր, ինչպես նաև զանազան ծառայություններ։ Դիվիզիաների թվական կազմը տարբեր է։ ԱՄՆ-ում, օրինակ, մեքենայացված դիվիզիան ունի ավելի քան 18 հազար անձնակազմ, մոտ 190 տանկ, 2,8 հազար ավտոմեքենա, 850 զրահատրանսպորտյոր, 57 ուղղաթիռ, 234 միավոր հրետանային, ականանետային և հրթիռային սպառազինություն։

Զինվորական կազմավորում
Տիպային ստորաբաժանումներ Տիպային քանակ Տիպային հրամանատար
ջոկ 8–12 սերժանտ
դասակ 15–30 լեյտենանտ
վաշտ 80–150 կապիտան/մայոր
գումարտակ 300–800 փոխգնդապետ
զորագունդ/
բրիգադ
3,000–5,000 գնդապետ/
բրիգադի գեներալ
դիվիզիա 10,000–30,000 գեներալ-մայոր
կորպուս 30,000–50,000 գեներալ-լեյտենանտ
դաշտային բանակ 100,000–300,000 գեներալ
բանակային խումբ 2+ դաշտային բանակներ ֆելդմարշալ/
բանակի ղեկավար
Մարզ/
ռազմաբեմ
4+ բանակային խմբեր գերագույն գլխավոր հրամանատար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 408