Ժողովուրդների տեղահանություն Խորհրդային Միությունում

Ժողովուրդների տեղահանություն (ռուս.՝ Депортация народов), Խորհրդային Միությունում ծավալված քաղաքական բռնաճնշումների ձևերից մեկը[1]։ Տեղահանությունների՝ որպես բռնաճնշումների հիմնական առանձնահատկությունները եղել են դրանց՝ արտադատարանային կարգով անցկացման բնույթը, կոնտինգենտային լինելը[2] և մարդկանց մեծ զանգվածների տեղափոխումը աշխարհագրական տեսանկյունից մեկուսացված, նրանց համար անսովոր և հաճախ վտանգավոր բնակության վայր[3]։

Ըստ Պավել Պոլյանի՝ Խորհրդային Միությունում համընդհանուր տեղահանության են ենթարկվել տասնյակ ժողովուրդներ՝ կորեացիներ, գերմանացիներ, ֆիններ-ինգերմանլանդներ, կարաչայներ, կալմիկներ, չեչեններ, ինգուշներ, բալկարցիներ, Ղրիմի թաթարներ և թուրք-մեսխեթինցիներ։ Նրանցից յոթը՝ գերմանացիները, կարաչայները, կալմիկները, ինգուշները, չեչենները, բալկարցիներն ու Ղրիմի թաթարները, դրա հետ միաժամանակ զրկվել են ազգային ինքնավարությունից։

ԽՍՀՄ-ում տեղահանության են ենթարկվել նաև խորհրդային քաղաքացիների բազմաթիվ էթնիկական, ազգային-կրոնական և սոցիալական կատեգորիաներ՝ կազակներ, կուլակներ, ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ թաթարներ, լեհեր, բելառուսներ, ադրբեջանցիներ, քրդեր, ասորիներ, չինացիներ, ռուսներ, իրանցիներ, իրանցի հրեաներ, ուկրաինացիներ, մոլդովացիներ, լիտվացիներ, լատիշներ, էստոնացիներ, հույներ, իտալացիներ, բուլղարներ, հայեր, համշենցիներ, դաշնակցական հայեր, թուրքեր, տաջիկներ, յակուտներ, աբխազներ և այլն[4]։

Ստալինյան ժամանակաշրջանում տեղահանությունները պաշտոնապես կոչվել են «կամավոր վերաբնակեցում», որովհետև դրանց նախապատրաստմանը մասնակցել են աքսորվող ազգությունների կուսակցական ներկայացուցիչներ[5]։ Հետագայում տեղահանություններն ստացել են այլ գնահատական և հետխորհրդային ժամանակաշրջանում Եվրոպական խորհրդարանի կողմից որակավորվել են որպես ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Խորհրդային Միությունում, համաձայն «Բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման մասին» օրենքի, որն ընդւնվել է 1991 թվականի ապրիլի 26-ին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից, բռնաճնշումների ենթարկված են ճանաչվել այն ժողովուրդները (ազգեր, ազգություններ կամ էթնիկական խմբեր և պատմականորեն ձևավորված մշակութային-ազգային այլ մարդկանց համայնքներ, օրինակ՝ կազակները), որոնց նկատմամբ ազգային կամ այլ պատկանելության պատճառով պետական մակարդակով իրականացվել է զրպարտության և ցեղասպանության քաղաքականություն, որն ուղեկցվել է նրանց բռնի վերաբնակեցմամբ, ազգային-պետական կազմավորումների լուծարմամբ, ազգային-տարածքային սահմանների վերափոխմամբ, հատուկ բնակավայրերում ահաբեկչության ու բռնությունների ռեժիմի սահմանմանբ[6]։

2010-ական թվականներին մի շարք գիտնական-պատմաբաններ (Նիկոլայ Բուգայ և այլք) քննադատության են ենթարկել «տեղահանություն» (ռուս.՝ «депортация») եզրույթի օգտագործումը Խորհրդային Միության ժողովուրդների՝ ԽՍՀՄ սահմանների ներսում ստիպողական վերաբնակեցման վերաբերյալ։ «Տեղահանություն» հասկացության փոխարեն Նիկոլայ Բուգայն ու մյուսներն առաջարկել են օգտագործել «հարկադրական վերաբնակեցում» տերմինը։

Հասկացություն խմբագրել

Խորհրդային ժամանակաշրջանում տեղի ունեցած հարկադրական միգրացիաների վերաբերյալ օգտագործվում են տարբեր տերմիններ։ Օրինակ՝ պատմաբան Լ․ Դյաչենկոն 2013 թվականին Կիրգիզական ԽՍՀ կատարված հարկադրական տեղափոխություններին նվիրված իր դոկտորական ատենախոսության մեջ օգտագործել է հետևյալ տերմինները[7].

  • համընդհանուր տեղահանություն (ռուս.՝ «тотальные депортации»),
  • բռնաճնշումային տեղահանություն (ռուս.՝ «репрессивная депортация»),
  • հարկադրական տեղահանություն (ռուս.՝ «принудительная депортация»),
  • տեղահանություն «ազգային հատկանիշով» (ռուս.՝ депортации «по национальному признаку»),
  • գեպոլիտիկական տեղահանություն (ռուս.՝ «геополитические депортации»

Այդ տերմինների օգտագործումը քննադատվել է Խորհրդային Միությունում կատարված հարկադրական միգրացիաների հայտնի ուսումնասիրող Նիկոլայ Բուգայը։ Վերջինիս կարծիքով՝ նման հասկացություններ հազիվ թե արժի օգտագործել[7]։ Բուգայն ինքը այդ միգրացիաների վերաբերյալ օգտագործում է «հարկադրական վերաբնակեցում» տերմինը[8]։

Բուգայը միակը չէ, որ քննադատել է «տեղահանություն» տերմինի օգտագործումը խորհրդային հարկադրական վերաբնակեցումների վերաբերյալ։ «1937 թվական։ Ռուսալեզու կորեացիներ․ անցյալը, ներկան ու ապագան» (ռուս.՝ «1937 год: Русскоязычные корейцы — прошлое, настоящее и будущее», Վլադիվոստոկ, 2017 թվական) միջազգային գիտաժողովի մասնակիցներն ընդունել են հատուկ բանաձև, որում նշվել է, որ «տեղահանություն» տերմինը կիրառելի չէ ԽՍՀՄ ժողովուրդների հարկադրական վերաբնակեցումների վերաբերյալ[9]։

Ռուս կազակների տեղահանություն 1920-ական թվականներին խմբագրել

Խորհրդային տեղահանությունների քաղաքականությունն սկսվել է 1918-1925 թվականներին սպիտակգվարդիական կազակների և խոշոր հողատերերի արտաքսմամբ[10]։

Խորհրդային տեղահանությունների առաջին զոհերը դարձել են Թերեքի մարզի կազակները (Սունժայի կազակական գծի կազակներ), որոնք 1920 թվականին բռնի արտաքսվել են իրենց տներից և աքսորվել Հյուսիսային Կովկասի այլ տարածքներ, Դոնբաս, ինչպես նաև Հեռավոր Հյուսիս։ Նրանք հողերը հանձնվել են չեչեններին ու ինգուշներին, իսկ բնակավայրերը՝ վերանվանվել։ 1921 թվականին խորհրդային ազգային քաղաքականության զոհ են դարձել Սեմերիչեի ռուսները և ուկրաինացիները, որոնք արտաքսվել են Թուրքեստանի երկրամասից[11][12]։

Խորհրդային ազգային քաղաքականությունը 1930-ական թվականներին խմբագրել

Մինչ 1933 թվականը երկրում եղել է 5300 ազգային գյուղսովետներ և 250 ազգային շրջաններ։ Միայն Լենինգրադի մարզում եղել են 57 ազգային գյուղսովետներ և 3 ագզային շրջաններ (Կարելական, Ֆիննական և Վեպսական)։ Գործել են դպրոցներ, որոնցում ուսուցումը կատարվել է ազգային լեզուներով։ Լենինգրադում 1930-ական թվականների սկզբին հրատարակվել են թերթեր 40 լեզուներով, այդ թվում նաև չինարեն։ Ռադիոհաղորդումներ են վարել ֆիններենով (Լենինգրադում և Լենինգրադի մարզում այդ ժամանակ ապրել է շուրջ 130 հազար ֆինն)։

1930-ական թվականների կեսերին սկսել են հրաժարվել նախկին ազգային քաղաքականությունից, ինչն արտահայտվել է առանձին ժողովուրդների ու էթնիկական խմբերի մշակութային (մի շարք դեպքերում՝ նաև քաղաքական) ինքնավարության վերացմամբ։ Ընդհանուր առմամբ դա տեղի է ունեցել երկրում իշխանության կենտրոնացման՝ տարածքայինից անցում կատարելով ճյուղային կառավարման, իրական ու հնարավոր ընդդիմության դեմ բռնաճնշումների ֆոնին։

1930-ական թվականների կեսերին Լենինգրադում նախ ձերբակալվել են մեծ թվով էստոնացիներ, լատիշներ, լիտվացիներ, լեհեր, ֆիններ ու գերմանացիներ։ 1935 թվականի գարնանից հյուսիս-արևմուտքի սահմանամերձ շրջաններում հարկադրական վերաբնակեցման են ենթարկվել տեղի բնակիչները, որոնց մեծ մասը եղել են ֆիններ-ինգերմանլանդներ։

Լեհերի և գերմանացիների տեղահանություն խմբագրել

Մեծաթիվներից մեկը եղել է լեհերի 15 հազար ընտանիքների, ինչպես նաև գերմանացիների (շուրջ 65 հազար մարդ) տեղահանությունը Խորհրդային Ուկրաինայի՝ Լեհաստանի հետ սահմանին հարող տարածքներից (օրինակ՝ Կամենեց-Պոդոլսկի մարզից[13]), որոնք տեղափոխվել են Հյուսիսային Ղազախստանի և Կարագանդայի մարզեր 1936 թվականին։

Համաձան ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիինսկու տվյալների՝ 1939 թվականի նոյեմբերից մինչև 1941 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում տեղահանվել է 389 382 մարդ։ Նրանց 52 %-ը (202,5 հազար) կազմել են կանայք, 12 %-ը (46,7 հազար)՝ երեխաները։ Ճանապարհին և վերաբնակեցման վայրերում առաջին տարվա ընթացքում մահացել է տեղահանվածների ընդհանուր թվաքականի մոտավորապես 10 %-ը (շուրջ 39 հազար մարդ)[14]։ Ըստ լեհական ուսումնասիրությունների տվյալների, որոնք հիմնվում են կողմնակի տվյալների վրա, այդ էտապների արդյունքում ընդհանուր առմամբ տեղահանվել է մոտավորապես մեկ միլիոն մարդ[14] (ըստ այլ տվյալների՝ շուրջ 1 200 000[15]

Կորեացիների տեղահանություն խմբագրել

1937 թվականի սեպտեմբերին Ժողկոմխորհի և ՀամԿ(բ)Կ Կենտկոմի № 1428-326 «Հեռավորարևելյան երկրամասի սահմանամերձ շրջաններից կորեական բնակչության արտաբնակեցման մասին» համատեղ որոշման հիման վրա[16], որն ստորագրել են Ստալինը և Մոլոտովը, 172 հազար էթնիկ կորեացիներ Հեռավոր Արևելքի շրջաններից տեղափոխվել են Միջին Ասիայի չբնակեցված խոպան տարածքներ (հիմնականում Ուզբեկստանում և Ղազախստանում)։ 1937 թվականի վերջից աստիճանաբար լուծարվել են բոլոր ազգային շրջաններն ու գյուղսովետները միջինասիական հանրապետությունների և մարզերի սահմաններից դուրս։ Ինքնավարություններից դուրս դադարեցվել է նաև կորեերենով դասավանդումն ու գրքերի հրատարակությունը։

1993 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի որոշմամբ անօրինական են ճանաչվել այն գործողությունները, որ 1937 թվականից սկսած կիրառվել են խորհրդային կորեացիների նկատմամբ, և կորեացիները, ըստ էության, ռեաբիլիտացվել են որպես քաղաքական բռնաճնշումների զոհեր[17]։

Տեղահանություններ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խմբագրել

1943-1944 թվականներին իրականացվել են կալմիկների, ինգուշների, չեչենների, կարաչայների, բալկարների, Ղրիմի թաթարների, նոգայների, թուրք-մեսխեթինցիների, պոնտացի հույների, բուլղարների, Ղրիմի գնչուների, քրդերի զանգվածային տեղահանություններ հիմնականում կոլաբորացիոնիզմի մեղադրանքով, որը տարածվել է ամբողջ ժողովրդի վրա։ Լուծարվել են (եթե գոյություն են ունեցել) այդ ժողովուրդների ինքնավարությունները։

Ընդհանուր առմամբ Հայրենական մեծ պատերազմի տարիներին վերաբնակեցվել են 61 ազգությունների ժողովուրդների ու բնակիչների խմբեր[18]։ Տեղահանության իրական պատճառները, ըստ պատմաբան Ալեքսանդր Ստատիևի, բազմաթիվ դեպքերում եղել են կոնֆլիկտները տեղահանող ազգերի ներկայացուցիչների և տվյալ պետության միջև նախապատերազմյան տարիներին, գեոպոլիտիկական պատկերացումները, տեղական կուսակցական մարմինների բանսարկությունները, Ստալինի անձնական քմահաճույքները, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց էթնիկական նախապաշարմունքներն ու միայն հետո՝ նրանց հակախորհրդային գործունեությունը պատերազմի տարիներին (այսպես, նույնիսկ իշխանության մարմինների ներքին նամակագրության մեջ չի հաջողվել գտնել որևէ փաստաթուղթ, որը կփաստեր, որ խորհրդային իշխանությունները լրջորեն կասկածել են Ղրիմի հույներին, թուրք-մեսխեթինցիներին, քրդերին ու համշենցիներին պետական դավաճանության մեջ, մյուս կողմից՝ տեղահանության չեն ենթարկվել կուսակցական մարմինների կողմից կոլաբորացիոնիզմի մեջ մեղադրվող կաբարդացիներն ու կարելները)[19]։

Գերմանացիների տեղահանություն խմբագրել

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1941 թվականի օգոստոսի 28-ի հրահանգի համաձայն[20]՝ 367 000 գերմանացիներ տեղահանվել են արևելք (նախապատսրաստվելու համար հատկացվել է երկու օր)՝ Կոմի հանրապետություն, Ուրալ, Ղազախստան, Սիբիր և Ալթայ։ Գերմանացիների մի մասը հետ է կանչվել գործող բանակից։ 1942 թվականին 17 տարեկանից բարձր խորհրդային գերմանացիներն սկսել են զորակոչվել աշխատանքային զորասյուներ։ Զորակոչված գերմանացիները կառուցել են գործարաններ, աշխատել են փայտամթերումներում և հանքերում։

Տեղահանվել են նաև այն ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց երկրներն ընդգրկված էին հիտլերյան կոալիցիայի կազմում (հունգարացիներ, բուլղարներ, բազմաթիվ ֆիններ)։

Լենինգրադյան ռազմաճակատի ռազմական խորհրդի՝ 1942 թվականի մարտի 20-ի որոշման հիման վրա 1942 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մերձռազմաճակատային գոտուց տեղահանվել են շուրջ 40 հազար գերմանացիներ և ֆիններ։ Նրանցից պատերազմից հետո տուն վերադարձածները երկրորդ անգամ են տեղահանվել 1947-1948 թվականներին։

Կարաչայների տեղահանություն խմբագրել

1939 թվականի մարդահամարի ժամանակ Կարաչաևյան ինքնավար մարզի տարածում բնակվել է 70 301 կարաչայ[21]։ 1942 թվականի օգոստոսի սկզբից մինչև 1943 թվականի հունվարի վերջը նրանք գտնվել են գերմանական օկուպացիայի ներքո։

1943 թվականի հոկտեմբերի 12-ին հրապարակվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշումը կարաչայներին Կարաչաևյան ինքնավար մարզից տեղահանելու և Ղազախղտանի ու Կիրգիցիայի ԽՍՀ-ներում վերաբնակեցնելու մասին[18]։ Այդ փաստաթղթերում տեղահանության պատճառները բացատրվել են հետևյալ կերպ.

Կապված նրա հետ, որ օկուպացիայի ժամանակաշրջանում շատ կարաչայներ իրենց պահել են դավաճանաբար, ընդգրկվել են գերմանացիների կողմից կազմված ջոկատներ՝ խորհրդային իշխանության դեմ պայքարի համար, գերմանացիներին մատնել են խորհրդային ազնիվ քաղաքացիներին, ուղեկցել են և ճանապարհ ցույց տվել գերմանական զորքերին, որ լեռնանցքներով անցել են Անդրկովկաս, իսկ բռնազավթողների վտարումից հետո հակազդում են խորհրդային իշխանության անցկացրած միջոցառումներին, իշխանական մարմիններից թաքցնում են ավազակներին և գերմանացիների ուղարկած գործակալներին՝ նրանց ակտիվ օգնություն ցուցաբերելով։

Կարաչայների տեղահանության ուժային ապահովման համար ներգրավվել են զորամիավորումներ 53 327 մարդ ընդհանուր թվաքանակով, և նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել կարաչայների տեղահանությունը, որի արդյունքում Ղազախստան ու Կիրգիզիա են տեղափոխվել 69 267 կարաչայներ[22]։ Նրանցից ճանապարհին զոհվել է 653 մարդ։ Տեղահանվածների շուրջ 50 %-ը եղել են երեխաներ ու մինչև 16 տարեկան դեռահասներ, 30 %-ը՝ կանայք, 15 %-ը՝ տղամարդիկ։ Կարմիր բանակ զորակոչված կարաչայները զորացրվել են և տեղահանվել 1944 թվականի մարտի 3-ին[23]։

Կալմիկների տեղահանություն խմբագրել

 
«Ելք և Վերադարձ» հուշարձանի հատված, Էլիստա, Կալմիկիա

1942 թվականի օգոստոսի սկզբին Կալմիկիայի ուսուլսների մեծ մասը հայտնվել է օկուպացիայի ներքո և ազատագրվել միայն 1943 թվականի սկզբին։

1943 թվականի դեկտեմբերի 27-ին հրապարակվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանը, իսկ դեկտեմբերի 28-ին՝ Ժողկոմխորհի որոշումը Մոլոտովի ստորագրությամբ, որը վերաբերում էր Կալմիկական ԻԽՍՀ լուծարման և կալմիկներին Ալթայի ու Կրասնոյարսկի երկրամասեր, Օմսկի ու Նովոսիբիրսկի մարզեր տեղափոխելուն[18]։ Կալմիկ ժողովրդի տեղահանության գործողությանը, որն ստացել է «Ուլուսներ» անվանումը, մասակցել են ՆԳԺԿ 2975 սպաներ, ինչպես նաև ՆԳԺԿ 3-րդ մոտոհրաձգային գունդը, իսկ գործողության ընթացքի ղեկավարությունը իրականացրել է Իվանովոյի մարզի ՆԳԺԿ պետ գեներալ-մայոր Մսրկեևը[22]։

Չեչենների ու ինգուշների տեղահանություն խմբագրել

1944 թվականի հունվարի 29-ին ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Լավրենտի Բերիան հաստատել է «Հրահանգը չեչենների և ինգուշների արտաբնակեցման անցկացման կարգի մասին»[24], իսկ հունվարի 31-ին հրապարակվել է Պաշտպանության պետական կոմիտեի որոշումը չեչեններին ու ինգուշներին Ղազախստանի ու Կիրգիզիայի ԽՍՀ-ներում վերաբնակեցնելու վերաբերյալ[18]։ Փետրվարի 20-ին Իվան Սերովի, Բոգդան Քոբուլովի և Ստեփան Մամուլովի հետ Բերիան ժամանել է Գրոզնի և անձամբ ղեկավարել գործողությունը, որին մասնակցել է ՆԳԺԿ, Պետանվտանգության ժողկոմի և «ՍՄԵՐՇ»-ի մինչև 19 հազար օպերատիվ աշխատողներ, ինչպես նաև շուրջ 100 հազար սպաներ և ՆԳԺԿ զորքերի մարտիկներ, որոնք այդտեղ են հավաքվել ամբողջ երկրից՝ մասնակցելու «զինավարժությունների լեռնային տեղանքում»[22]. 21 февраля он издал приказ по НКВД о депортации чечено-ингушского населения[24]։ Հաջորդ օրը նա հանդիպել է հանրապետության ղեկավարության և բարձրաստիճան հոգևորականների հետ, զգուշացրել նրանց գործողության մասին և առաջարկել համապատասխան աշխատանք անցկացնել բնակչության շրջանում[22], իսկ արդեն հաջորդ օրվա առավոտյան սկսվել է տեղահանման գործողությունը։

Տեղահանությունն ու էշելոնների ուղարկումն սկսվել է 1944 թվականի փետրվարի 23-ին՝ տեղական ժամանակով 02:00 և ավարտվել 1944 թվականի մարտի 9-ին։ Գործողությունն սկսվել է «Պանտերա» կոդային բառով,, որը հաղորդվել է ռադիոյով[25][26]։ Տեղահանությունն ուղեկցվել է դեպի լեռները փախչելու բազմաթիվ փորձերով և անհնազանդություններով տեղական բնակչության կողմից[27]։

Պատերազմի սկզբից մինչև 1944 թվականի հունվար հանրապետությունում լուծարվել է 55 ավազակային խմբավորում, սպանվել նրանց 973 մասնակիցներ, ձերբակալվել 1901 մարդ։ ՆԳԺԿ հաշվառմամբ Չեչենա-Ինգուշեթիայում եղել է 150-200 ավազակային խմբավորում՝ 2-3 հազար մարդկանցով (բնակչության մոտավորապես 0,5 %-ը)[24]։

Ըստ պաշտոնական տվյալների՝ գործողության ընթացքում սպանվել է 780 մարդ, ձերբակալվել 2016 հակախորհրդային տարրեր, բռնագրավվել է ավելի քան 20 հազար միավոր հրազեն, այդ թվում՝ 4868 հրացան, 479 գնդացիր և ինքնաձիգ։ Լեռներում թաքնվել կարողացելլ է 6544 մարդ[28]։

Բալկարցիների տեղահանություն խմբագրել

1944 թվականի փետրվարի 24-ին Բերիան Ստալինին առաջարկել է արտաբնակեցնել բալկարցիներին, իսկ փետրվարի 26-ին նա հրապարակել է հրաման ՆԳԺԿ-ին «ԿԲ ԻԽՍՀ-ից բալկարյան բնակչության արտաբնակեցման միջոցառումների մասին»[22]։ Դրանից մեկ օր առաջ Բերիան, Իվան Սերովը և Բոգդան Քոբուլովը հանդիպում են ունեցել կուսակցության Կաբարդինո-Բալկարիայի մարզկոմի քարտուղար Զուբեր Կումեխովի հետ, որի ընթացքում նշվել է, որ մարտի սկզբին պետք է այցելել Մերձէլբրուս[18]։ Մարտի 2-ին Բերիան Քոբուլովի և Ստեփան Մամուլովի ուղեկցությամբ մեկնել է Մերձէլբրուս՝ Կումեխովին հայտնելով բալկարցիներին արտաբնակեցնելու, իսկ նրանց հողերը Վրաստանին տալու մտադրության մասին, որպեսզի նրանք կարողանան ունենալ պաշտպանական գոտի Մեծ Կովկասի հյուսիսային լանջերին[22]։ Մարտի 5-ին հրապարակվել է պաշտպանության պետական կոմիտեի որոշումը ԿԲ ԻԽՍՀ-ից արտաբնակեցման, իսկ մարտի 8-9-ին սկսվել է գործողությունը։ Մարտի 11-ին Բերիան Ստալինին զեկուցել է, որ «բալկարցիներից արտաբնակեցվել է 37 103 մարդ»[18]։

Ղրիմի թաթարների տեղահանություն խմբագրել

 
Ամբողջապես դատարկված Ուսքութ գյուղը բնիկ ղրիմի թաթարների տեղահանությունից հետո (1945 թվականի լուսանկար)
 
Ղրիմի թաթարների տեղահանությանը նվիրված հուշարձան

1944 թվականի մայիսի 10-ին Լավրենտի Բերիան դիմել է Ստալինին Ղրիմի թաթարների տեղահանության վերաբերյալ գրավոր առաջարկով։ Որպես պաշտոնական պատճառ նշվել է «Ղրիմի թաթարների դավաճանական գործողություններն ընդդեմ խորհրդային ժողովրդի»։ Պաշտպանության պետական կոմիտեի՝ Ղրիմի տարածքից թաթարական բնակչության արտաբնակեցման մասին որոշումն ընդունվել է 1944 թվականի ապրիլի 2-ին, մայիսի 11-ին և 21-ին։ Կրասնոդարի երկրամասից և Ռոստովի մարզից Ղրիմի թաթարների և հույների արտաբնակեցման վերաբերյալ նմանատիպ որոշումը թվագրված է 1944 թվականի մայիսի 29-ով։

Ընդհանուր առմամբ Ղրիմից արտաբնակեցվել է 228 543 մարդ, որոնցից 191 014 եղել են Ղրիմի թաթարներ (ավելի քան 47 հազար ընտանիք)[29]։ Ղրիմի թաթարներից յուրաքանչյուր երրորդ չափահասից վերցվել է ստորագրություն այն մասին, որ նա ծանոթացել է որոշման հետ, և հատուկ բնակության տարածքից փախչելու համար սպառնում է տաժանակիր աշխատանք 20 տարի ժամկետով, ինչպես քրեական հանցագործության դեպքում[30]։

Ադրբեջանցիների տեղահանություն խմբագրել

1944 թվականի գարնանը հարկադրական վերաբնակեցումներ են անցկացվել նաև Վրաստանում։ Մարտի վերջին Թբիլիսիի բնակիչ 608 քրդական և ադրբեջանական ընտանիքներ (3240 մարդ), որոնք «ինքնակամ թողել էին աշխատանքը գյուղական տնտեսությունում և բնակության համար տեղափոխվել Թբիլիսի»[18], վերաբնակեցվել են Վրացական ԽՍՀ խորքում՝ Ծալկայի, Բորչալուի և Ղարայազիի շրջաններ[22]։ Քաղաքում թողնվել են միայն զինծառայողների, պատերազմի հաշմանդամների, մանկավարժների ու բուհերի սովորողների 31 ընտանիքներ[18]։ ՊՊԿ նույն թվականի հուլիսի 31-ի № 6279сс որոշման համաձայն՝ Վրացական ԽՍՀ սահանամերձ շրջաններից արտաբնակեցվել են թուրք-մեսխեթինցիներ, քրդեր, համշենցիներ և այլք, ընդ որում՝ «այլ» նշումով նկատի են առնվել հիմնականում ադրբեջանցիները[31]։ 1949 թվականի մարտին հանրապետությունից արտաբնակեցված ադրբեջանական հատուկ վերաբնակիչների թվաքանակը կազմել է 24 304 մարդ, որոնք 1954-1956 թվականներին փաստացիորեն հանվել են հատուկ բնակավայրերի հաշվառումից[32]։

Հայերի տեղահանություն խմբագրել

Դեռ 1939 թվականին Ադրբեջանից Ղազախստանում վերաբնակեցվել են քրդեր, հայեր և թուրքեր[33]։

1944 թվականի մայիսի 29-ին ՆԳԺԿ ժողկոմ Լավրենտի Բերիան նամակ է գրել Իոսիֆ Ստալինին Ղրիմից բուլղարների, հույների ու հայերի տեղահանության նպատակահարմարության մասին[33]։ Համաձայն ՊՊԿ № 5984сс «Ղրիմի ԻԽՍՀ տարածքից բուլղարների, հույների ու հայերի արտաբնակեցման մասին» որոշման համաձայն՝ արտաբնակեցվել են 20 հազար հայեր[34]։ 1944 թվականի հունիսի 2-ին ՆԳԺԿ ժողկոմի տեղակալ Ի․ Սերովը ՆԳԺԿ ժողկոմ Լավրենտի Բերիային հայտնել է Ղրիմից հույների, բուլղարների ու հայերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների արտաբնակեցման գործողության ավարտի մասին։

1944 թվականի հունիսի 28-ին հրապարակվել է ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարի № 00183 հրամանը «ՎԽՍՀ, ՀԽՍՀ, ԱԽՍՀ և Սևծովյան առափնյա տարածքներից Թուրքիայի քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող թուրքերի, խորհրդային քաղաքացիություն ընդունած Թուրքիայի նախկին քաղաքացիների, Հունաստանի քաղաքացիների, ներկայում քաղաքացիություն չունեցող Հունաստանի նախկին քաղաքացիների և խորհրդային քաղաքացիություն ընդունած Հունաստանի նախկին քաղաքացիների և դաշնակներին ընտանիքների հետ արտաբնակեցնելու մասին» (ռուս․՝ «О выселении турецких граждан, турок, не имеющих гражданства, бывших турецких граждан, принятых в советское гражданство, греческих подданных, бывших греческих подданных, не имеющих в настоящее время гражданства, и бывших греческих подданных, принятых в советское гражданство, и дашнаков с семьями с территории ГССР, АрмССР, АзССР и Черноморского побережья»)[33]։

1945-1947 թվականներին Արևմտյան Ուկրաինայից Լեհաստան են տեղահանվել 5,5 հազար էթնիկ հայեր, որոնք հիմնականում եղել են կաթոլիկներ[35]։

1948-1949 թվականներին տաղահանության են ենթարկվել տասնյակ հազարավոր հայրենադարձ հայեր, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի բնակիչներ[34]։

1949 թվականին Ալթայի երկրամաս է տեղափոխվել Խորհրդային Միության հարավային շրջանների հայ բնակչությունը[36]։

Հույների տեղահանություն խմբագրել

1942, 1944 և 1949 թվականներին խորհրդային Սևծովյան առափնյա շրջանների (Կրասնոդարի երկրամաս և Աբխազիա, որտեղ ապրում էր նրանց մեծ մասը), Կովկասի ու Անդրկովկասի, ինչպես նաև Ղրիմի հույները վերաբնակեցվել են Սիբիրում և Ղազախստանի տախաստաններում։ 1956 թվականին նրանցից շատերը վերադարձել են։

Թուրք-մեսխեթինցիների տեղահանություններ խմբագրել

1944 թվականի հուլիսի 24-ին Լավրենտի Բերիան նամակով (№ 7896) դիմել է Իոսիֆ Ստալինին՝ գրելով.

 

Մի շարք տարիների ընթացքում այդ բնակչության զգալի մասը, որը կապված է Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչների հետ ազգակցական կապերով, հարաբերություններով, ցուցաբերում է էմիգրացիոն տրամադրություններ, զբաղվում է մաքսանենգությամբ և թուրքական հետախույզների համար ծառայում որպես աղբյուր լրտեսական տարրերի հավաքագրման և ավազակային խմբերի համալրման համար։

 

Նա նշել է, որ «ԽՍՀՄ ՆԳԺԿ նպատակահարմար է համարում Ախալցխայի, Ախալքալաքի, Ադիգենի, Ասպինձայի, Բոգդանովյան շրջաններից, Աջարական ԻԽՍՀ մի շարք գյուղսովետներից վերաբնակեցնել թուրքերի, քրդերի, համշենցիների 16 700 տնտեսություններ»։ Հուլիսի 31-ին Պաշտպանության պետական կոմիտեն ընդունել է որոշում (№ 6279, «խիստ գաղտնի», ռուս.՝ «совершенно секретно») Վրացական ԽՍՀ-ից Ղազախական, Կիրգիզական ու Ուզբեկական ԽՍՀ, ինչպես նշվել է ԽՍՀՄ ՆԳԺԿ հատուկ բնակավայրրեի բաժնի փաստաթղթերում, 45 516 թուրք-մեսխեթինցիների արտաբնակեցման մասին[38]։ Լավրենտի Բերիայի հրամանով՝ ամբողջ գործողությունը ղեկավարել են Ա․ Քոբուլովը և Վրաստանի պետանվտանգության ժողկոմ Ավկսենտի Ռապավան ու ներքին գործերի ժողկոմ Գրիգորի Կարանաձեն, իսկ նրա իրականացման համար հատկացվել է ՆԳԺԿ-ի ընդամենը 4 հազար օպերատիվ աշխատակից[22]։

Մերձբալթյան երկրների քաղաքացիների տեղահանություն խմբագրել

Խորհրդային Միության իշխանությունները 1941, 1948 և 1949 թվականներին զանգվածային տեղահանություններ են կատարել Լատվիայի, Էստոնիայի ու Լիտվայի տարածքներից։

Պսկովի մարզի արևմտյան շրջանների բնակիչների տեղահանություն խմբագրել

1950 թվականի մայիս-հունիս ամիսներին Պսկովի մարզի ռուսալեզու Պեչորսկի, Պիտալովսկի և Կաչանովսկի շրջաններից Կրասնոյարսկի երկրամաս է տեղափոխվել շուրջ 1,5 հազար մարդ՝ կուլակներ, «ավազակային խմբավորումների» անդամներ և նրանց ընտանիքի անդամներ։ Այդ երեք շրջանները մարզի կազմում ներառվել էին 1945 թվականին, իսկ նախքան պատերազմը ընդգրկված էին Լատվիայի ու Էստոնիայի կազմում։ 1940-ական թվականների երկրորդ կեսին այդ շրջանների տարածքում շարունակվել է հակախորհրդային զինված պայքար, որն ուղեկցվել է կոլեկտիվացման դեմ դիմադրությամբ և խորհրդային իշխանության՝ խուտորային համակարգը լուծարելու փորձերով։ Միջպատերազմյան ժամանակաշրջանում այդ շրջանների տարածքում Էստոնիայի ու Լատվիայի իշխանություններն իրականացրել են հողային բարեփոխումներ, որի արդյունքում գյուղերի փոխարեն ստեղծվել է խուտորային համակարգ։ Խորհրդային Պսկվչշինայում խուտորների մեծ մասը լուծարվել է 1930-ական թվականներին, իսկ բնակչությունը բռնի տեղահանվել է կոլտնտեսային գյուղեր։ Արևմտյան շրջանները Պսկովի մարզին միացնելուց հետո պարզվել է, որ արևտյան շրջանների խուտորային տնտեսությունների եկամտի մակարդակը գերազանցում է կոլտնտեսությունների եկամտի մակարդակը մարզի մնացած տարածքում։

Տեղահանված ժողովուրդների կարգավիճակ խմբագրել

1948 թվականին ընդունվել է որոշում, որով արգելվել է գերմանացիներին, ինչպես նաև տեղահանված այլ ժողովուրդների (կալմիկներ, ինգուշներ, չեչեններ, ֆիններ, բալկարներ և այլն) հեռանալ վերաբնակեցման վայրերից և վերադառնալ հայրենիք։ Այդ հրամանին չենթարկվողները դատապարտվել են ճամբարային աշխատանքների 20 տարով։

Այնուամենայնիվ, տեղահանված ժողովուրդների ներկայացուցիչները չեն հեռացվել ՀամԿ(բ)Կ և ՀԼԿԵՄ-ից, չեն զրկվել ընտրելու իրավունքից։

ԽՍՀՄ բարձրաստիճան ղեկավարների դերը տեղահանությունների կազմակերպման գործում խմբագրել

Տեղահանությունների մասին որոշումները կայացվել են կուսակցության և կառավարության ղեկավարության մակարդակում ՄՊՔՎ-ՆԳԺԿ մարմինների նախաձեռնությամբ, ինչի պատճառով տեղահանությունները դուրս են մնում խորհրդային դատարանի իրավասությունից, իսկ հատուկ բնակավայրերը խիստ տարբերվում են ուղղիչ-աշխատանքային ճամբարներից և գաղութներից[39]։ Ըստ պատմաբանների՝ տեղահանությունների մեծ մասի նախաձեռնողը եղել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիան։

Իրավունքների վերականգնում խմբագրել

Խորհրդային Միությունում խմբագրել

1956 թվականի հունվարի 17-ին հրապարակվել է Գերագույն խորհրդի նախագահության հրամանը՝ վերացնելու 1936 թվականին արտաբնակեցված լեհերին, 1956 թվականի մարտի 17-ին՝ կալմիկներին, մարտի 27-ին՝ հույներին, բուլղարներին ու հայերին, 1956 թվականի ապրիլի 18-ին՝ Ղրիմի թաթարներին, բալկարցիներին, թուրք-մեսխեթինցիներին, քրդերին ու համշենցիներին վերաբերող սահմանափակումները, իսկ 1956 թվականի հուլիսի 16-ին հանվել են չեչենների, ինգուշների ու կարաչայների իրավական սահմանափակումները (բոլորը՝ առանց հայրենիք վերադառնալու իրավունքի)։

1957-1958 թվականներին վերականգնվել են կալմիկների, չեչենների, ինգուշների, կարաչայների ու բալկարցիներին ազգային ինքնավարությունները, և այդ ժողովուրդներին թույլատրվել է վերադառնալ իրենց պատմական տարածքներ։ Տեղահանված ժողովուրդների վերադարձը տեղի է ունեցել ոչ առանց դժվարությունների, որոնք և այդ ժամանակ, և հետագայում հանգեցրել են ազգային կոնֆլիկտների (սկիզբ են առել բախումներ չեչենների և նրանց բացակայության ընթացքում Գրոզնիի մարզում բնակություն հաստատած ռուսների, Պրիգորոդնի շրջանի ինգուշների և այնտեղ բնակություն հաստատած օսերի միջև)։

Սակայն բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների նշանակալի մասին (Պովոլժիեի գերմանացիներ, Ղրիմի թաթարներ, թուրք-մեսխեթինցիներ, հույներ, կորեացիներ և այլն) այդ ժամանակ էլ չի վերադարձվել ազգային ինքնավարություն, իսկ եթե այդպիսին եղել է, նրանց իրավունք չի տրվել վերադառնալ պատմական հայրենիք։

1964 թվականի օգոստոսի 29-ին, այսինքն՝ տեղահանությունների սկսվելուց 23 տարի անց, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն իր 29.08.1964 № 2820-VI որոշմամբ չեղարյել է Պովոլժիեի շրջանի գերմանական բնակչությանը ներկայացված անհիմն մեղադրանքները, իսկ 1972 թվականին ընդունվել է որոշում, որով հանվել են գերմանացիների ազատ տեղաշարժման սահմանափակումերը և հաստատել նրանց՝ այն բնակավայրեր վերադառնալու իրավունքը, որտեղից տեղահանվել էին։

1960-ական թվականների կեսերից «պատժված ժողովուրդների» իրավունքների վերականգնման գործընթացը գրեթե դադարեցվել է[39]։

Վերակառուցման տարիներին խմբագրել

Խորհրդային իշխանության տարիներին խորհրդային պետության թշնամիներին աջակցելու մեջ մեղադրանքների ենթարկված և իրենց բնակության պատմական վայրերից տեղահանված ժողովուրդների խնդիրը հասարակական ուշադրության առարկա է դարձել միայն վերակառուցման տարիներին։ Բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների նկատմամբ պատմական արդարության վերականգնման քայլերից մեկը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 14-ի հայտարարությունը «Բռնի վերաբնակեցման ենթարկված ժողովուրդների դեմ կատարված բռնաճնշումային գործողություններն անօրինական և հանցագործ ճանաչելու և նրանց իրավունքներն ապահովելու մասին» (ռուս.՝ «О признании незаконными и преступными репрессивных актов против народов, подвергшихся насильственному переселению, и обеспечении их прав»), որի համաձայն վերականգնվել են բռնաճնշումների ենթարկված բոլոր ժողովուրդների իրավունքները, անօրինական են ճանաչվել պետական մակարդակով նրանց դեմ կատարված բռնաճնշումային գործողությունները՝ որպես զրպարտության, ցեղասպանության, բռնի տեղահանության, ազգային-պետական կազմավորումների լուծարման, հատուկ բնակավայրերում ահաբեկչության և բռնության ռեժիմի հաստատման քաղաքականություն։

Ժամանակակից Ռուսաստանում խմբագրել

1991 թվականի ապրիլի 26-ին ընդւնվել է ՌԽՖՍՀ № 1107-I օրենքը «Բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման մասին» (ռուս.՝ «О реабилитации репрессированных народов»), որը ժողովուրդների տեղահանությունը ճանաչել է «զրպարտության և ցեղասպանության քաղաքականություն» (հոդված 2)։ Ի թիվս այլ իրավունքների, օրենքը բռնաճնշումների ենթարկված ժողովուրդներին թույլ է տվել վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը, որը գոյություն է ունեցել սահմանների բռնի վերափոխման հակասահմանադրական քաղաքականությունից առաջ, վերականգնել ազգային-պետական կազմավորումները, որ եղել էին դրանց լուծարումից առաջ, ինչպես նաև նախատեսվել է պետության պատճառած վնասների փոխհատուցման իրավունք[40]։

Մուխարբեկ Դիդիգովը նշված օրենքը կոչել է պատմական արդարության հաղթանակ։ Նրա կարծիքով՝ պետության կողմից բռնաճնշումներն անմեղ մարդկանց դեմ ուղղված անօրինական, հակամարդասիրական գործղություններ ճանաչելու փաստը դեմոկրատական ինստիտուտների զարգացման ապացույց է, որոնք հատուկ բարոյահոգեբանական նշանակություն ունեն տեղահանված ժողովուրդների համար։ Նրա խոսքով՝ օրենքը վստահություն է ներշնչում, որ նման երևույթ այլևս չի կրկնվի[41]։

«Բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման մասին» օրենքից բացի ընդունվել են մի շարք օրենսդրական ակտեր, որոնց թվում են ՌԴ ԳԽ 1992 թվականի հուլիսի 16-ի որոշումը «Կազակության իրավունքների վերականգնման մասին», ՌԴ ԳԽ 1993 թվականի ապրիլի 1-ի որոշումը «Ռուսաստանաբնակ կորեացիների իրավունքների վերականգնման մասին», ՌԴ կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի որոշումը «Դաղստանի ԻԽՍՀ բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների օրինական իրավունքների գործնական վերականգնման ուղղությամբ առաջնահերթ միջոցառումերի մասին», ՌԴ ԳԽ 1993 թվականի հունիսի 29-ի որոշումը «Ռուսաստանաբնակ ֆինների իրավունքների վերականգնման մասին» և այլն։

ԽՍՀՄ-ում ճանաչվելուց 15 տարի անց՝ 2004 թվականի փետրվարին Եվրախորհրդարանը նույնպես 1944 թվականին չեչենների ու ինգուշների տեղահանության փաստը ճանաչել է որպես ցեղասպանություն[42]։

2012 թվականի սեպտեմբերի 24-ին «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորները Պետդումա են ներկայացրել բռնաճնշումների ենթարկված ժողովուրդներին լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծը։ Օրինագծի հեղինակներն առաջարկել են դաշնային բյուջեից հատկացնել 23 մլրդ ռուբլի՝ քաղբանտարկյալներին օգնություն տրամադրելու համար։ Ըստ հեղինակների՝ այդ գումարը պետք է հատկացվեր որպես ամենամսյա վճարումներ և կորցրած գույքի համար փոխհատուցում մինչև 35 հազար ռուբլու չափով[43]։

Գիտական գնահատական խմբագրել

Որոշ ուսումնասիրողներ ԽՍՀՄ ժողովուրդների տեղահանության մեջ տեսնում են ռասիզմի և/կամ էթնիկական զտումների քաղաքականության արտահայտություն[44][45][46]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Записка Комиссии Политбюро ЦК КПСС по дополнительному изучению материалов, связанных с репрессиями, имевшими место в период 30-40-х — начала 50-х гг. Արխիվացված 2007-12-12 Wayback Machine // Вестник Архива Президента Российской Федерации. 1995, № 1. — С. 123—130; Хрестоматия по отечественной истории (1946—1995): Учебное пособие / Под ред. А. Ф. Киселёва, Э. М. Щагина. — М.: ВЛАДОС, 1996. — С. 310—323.
  2. Ուղղվածությունը ոչ թե որոշակի անձի, այլ լայն խմբերի դեմ, որոնք համապատասխանում էին սահմանված չափանիշներին։
  3. Полян П. М. Депортации и этничность // Сталинские депортации. 1928-1953. — М.: МФД, Материк, 2005. — С. 5. — 904 с. — (Россия. XX век. Документы). — ISBN 5-85646-143-6
  4. Депортация народов в СССР. Справка // РИА Новости. — 14 ноября 2009 года.
  5. Росси Ж. Справочник по ГУЛАГу: в двух частях, Часть 1. — М.: Просвет, 1991. — С. 204.
  6. «Закон «О реабилитации репрессированных народов» (1991). Справка» (ռուսերեն). РИА Новости — 26 апреля 2011 года исполняется 20 лет со дня принятия в РСФСР Закона «О реабилитации репрессированных народов». 2011 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  7. 7,0 7,1 Бугай Н. Ф. Защита состоялась, проблемы остаются… // Приволжский научный вестник. — 2014. — № 7 (35). — С. 123.
  8. Бугай Н. Ф. Защита состоялась, проблемы остаются… // Приволжский научный вестник. — 2014. — № 7 (35). — С. 118—135.
  9. Резолюция международного симпозиума «1937 год: Русскоязычные корейцы — прошлое, настоящее и будущее», приуроченный 80-летию принудительного переселения корейцев с Дальнего Востока в Центральную Азию
  10. У истоков советской депортационной политики: выселения белых казаков и крупных землевладельцев (1918—1925)
  11. У истоков советской депортационной политики: выселения белых казаков и крупных землевладельцев (1918—1925)
  12. «Кавказская депортация». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  13. http://www.reabit.org.ua (2013). «Национальный банк репрессированных». www.reabit.org.ua. Сайт. {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  14. 14,0 14,1 secret
  15. AFP / Expatica (30 August 2009), Polish experts lower nation’s WWII death toll, Expatica Communications BV
  16. «Постановление № 1428—326 «О выселении корейского населения из пограничных районов Дальневосточного края»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  17. «Постановление «О реабилитации советских корейцев»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 18,8 Николай Бугай. «Депортация народов». Научно-просветительский журнал «Скепсис».
  19. Alexander Statiev. The Nature of Anti-Soviet Armed Resistance, 1942-44: The North Caucasus, the Kalmyk Autonomous Republic, and Crimea // Kritika: Explorations in Russian and Eurasian History. — Volume 6. — Number 2 (Spring 2005, New Series). — PP. 317—318.
  20. «Указ Президиума ВС СССР от 28.08.1941». www.libussr.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  21. «Всесоюзная перепись населения 1939 года. Национальный состав населения по регионам России». «Демоскоп».
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 22,8 Павел Полян. «Принудительные миграции в годы второй мировой войны и после её окончания (1939—1953)». memo.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  23. Walter Comins-Richmond The deportation of the Karachays(անգլ.) // Journal of Genocide Research. — 2002. — Т. 4. — № 3. — С. 431—439. — ISSN 1462-3528. — doi:10.1080/14623520220151998
  24. 24,0 24,1 24,2 «Наказанный народ. Как депортировали чеченцев и ингушей». РИА Новости. 22.02.2008.
  25. «Операция "Чечевица". 23 февраля 1944 года». bessmertnybarak.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  26. «Депортация чеченцев и ингушей». Кавказский узел. 2018 թ․ փետրվարի 21. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. {{cite web}}: More than one of |work= and |website= specified (օգնություն)
  27. Мендкович
  28. Артём Кречетников. Операция «Чечевица»: 65 лет депортации вайнахов // BBC, 23 февраля 2009.
  29. Бердинских В. А. Спецпоселенцы: Политическая ссылка народов Советской России. — М., 2005. — С. 650.
  30. Зарифов Э. Записки коменданта. — М., 1990. — С. 194.
  31. В. Н. Земсков. Спецпоселенцы в СССР 1930-1960. — Наука, 2003. — С. 108.
  32. В. Н. Земсков. (1991 г.). «Массовое освобождение спецпоселенцев и ссыльных (1954—1960)» (PDF). ecsocman.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  33. 33,0 33,1 33,2 Сталинские депортации. 1928—1953
  34. 34,0 34,1 Г. П. Хомизури. Социальные потрясения в судьбах народов (на примере Армении). — М.: Интеллект, 1997. — с. 161. — ISBN 5-87047-036-6
  35. C. Л. Азизян.
  36. Н. Н. Аблажей. Депортация армян в Алтайский край в 1949 г. // Гуманитарные науки в Сибири, 2011, № 1.
  37. Бугай Н. Ф., Мамаев М. И. Турки-месхетинцы: Грузия, Узбекистан, Россия, США. — М.: МСНК-пресс, 2009. — С. 102. — ISBN 978-5-8125-1210-1
  38. Бугай Н. Ф., Мамаев М. И. Турки-месхетинцы: Грузия, Узбекистан, Россия, США. — М.: МСНК-пресс, 2009. — С. 104. — ISBN 978-5-8125-1210-1
  39. 39,0 39,1 Репрессии народов СССР: последствия трагедии / Ястребов А. В.. — Самара: ГУСО ДДН, 2007. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  40. Закон РСФСР от 26.04.1991 № 1107-I «О реабилитации репрессированных народов»
  41. Мухарбек Дидигов. (2012 թ․ մայիսի 2). «Закон «О реабилитации репрессированных народов» — торжество исторической справедливости» (ռուսերեն). ingnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  42. О признании Европарламентом депортации чеченцев и ингушей в 1944 году актом геноцида (P5_TA(2004)0121 26Feb2004 European Parliament recommendation to the Council on EU-Russia relations (2003/2230(INI)) п.15)
  43. «В Госдуму внесён законопроект о дополнительной помощи репрессированным народам». Взгляд.ru. 2012 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  44. Eric D. Weitz. Racial Politics without the Concept of Race: Reevaluating Soviet Ethnic and National Purges // Slavic Review. — Vol. 61. — No. 1 (Spring 2002). — PP. 1—29.
  45. J. Otto Pohl. Soviet Apartheid: Stalin’s Ethnic Deportations, Special Settlement Restrictions, and the Labor Army: The Case of the Ethnic Germans in the USSR // Human Rights Review. — Volume 13. — Issue 2 (June 2012). — PP. 205—224.
  46. Norman M. Naimark. Soviet Deportation of Chechens—Ingush and Crimean Tatars // Ibidem. Fires of Hatred: Ethnic Cleansing in Twentieth-century Europe. — Cambridge, Mass.: Harvard University Press, 2001. — PP. 85—107.

Արտաքին հղումներ խմբագրել