Տեղահանություն

մարդկանց տեղահանումը մի վայրից կամ երկրից

Տեղահանություն (լատին․՝ deportatio, արտաքսում, աքսոր)։ Իրավունքի մեջ «Տեղահանություն» եզրով են կոչել աքսորի առանձին տեսակները, որ 18 - 19 դարերում ֆրանսիական քրեական իրավունքը կիրառել է տարբեր ժամկետներով, այդ թվում՝ Ֆրանսիայից ցմահ արտաքսվող հանցագործների նկատմամբ։ 19-րդ դարի վերջից ի վեր տեղահանությունը որպես պատժամիջոց չի կիրառվել։

1915 - 1916 թվականներին երիտթուրք կառավարության որոշմամբ իրականացվեց Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայ բնակչության բռնի տեղահանություն, որը հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության բաղկացուցիչ մասն էր։

Խորհրդային Միությունում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո ամբողջատիրական վարչակարգի պայմաններում ֆաշիստ զավթիչների հետ համագործակցության կեղծ մեղադրանքով իրականացվեց որոշ ժողովուրդների (Ղրիմի թաթարներ, Պովոլժիեի գերմանացիներ, չեչեններ, ինգուշներ և այլն) տեղահանություն։ Հետագայում ԽՍՀՄ պետական իշխանության բարձրագույն մարմինները դատապարտեցին այդ գործողությունները՝ որակելով դրանք անօրինական, և տեղահանված ժողովուրդները «արդարացվեցին»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։