Բացել գլխավոր ցանկը

Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանական համալսարան), Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ Կաթողիկոսի կողմից 1874 թվականին:

Գևորգյան հոգևոր ճեմարան
Etchmiadzin Seminary.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակճեմարան և համալսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ Վաղարշապատ
Ճարտարապետական նկարագրություն
ՀիմնադիրԳևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի
Հիմնադրված1874 թվական
Կոորդինատներ: 40°9′42.85800009999″ հս․ լ. 44°17′37.190400099999″ ավ. ե. / 40.1619050000277724° հս․. լ. 44.29366400002777482° ավ. ե. / 40.1619050000277724; 44.29366400002777482
gevorgianseminary.am

19-րդ դարի վերջից սկսյալ արևելահայ կրթական մշակույթը, մանկավարժությունն ու դպրոցը, գիտությունն ու հասարակական-քաղաքական կյանքը, ազատագրական պայքարը, եկեղեցին ու հոգևոր կյանքը մեծապես պայմանավորված են Հայ դպրոցի և մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրաված Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի գործունեությամբ: Գևորգյան Հոգևոր ճեմարանը թողել է իր գործունեության հետքերը գրեթե բոլոր բնագավառներում՝բարձրացնելով Հայ ժողովրդի մտավոր մակարդակը բարձրագույն եվրոպական չափանիշների:  

Մինչև ճեմարանի շրջանավարտները կհիմնադրեին Երևանի պետական համալսարանը, Գևորգյան ճեմարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր Հայ կյանքի բոլոր հանգուցակետերում՝ Հեռավոր Հնդկաստանից մինչև եվրոպական ոստանները, Ռուսաստանից մինչև սիրիական անապատները:

ՊատմությունԽմբագրել

1866 թվականին Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։

Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869 թվականի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն։

1882 թվականին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան։ Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան։

Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել։ Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին։ Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին։ Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին։ Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ։ Նրա ջանքերով 1888 թվականին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական։

Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն։ Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Սուրբ Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն։

Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն։

 
Գևորգյան Հոգևոր Ճեմարանի գլխավոր մասնաշենք։

Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք։ Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին։

Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։ Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով։

1917 թվականի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը։

 
Գևորգյան Հոգևոր Ճեմարանը 1910 թվականին

1919–1920 թվականներին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն։

Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում։ Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից։

20-րդ դարի սկզբին Ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ։ Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով։ Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուս. խորհրդի և տեսչի միջոցով։

Ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպս. Գալֆայանը, Գաբրիել եպս. Այվազովսկին, Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք։

1945 թվականի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները։

1995 թվականին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–1997 թվականներին հիմնովին վերանորոգվել։

1997–1998 թվականների ուսումնական տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը։

1999 թվականից սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին։

Ավելացվեց նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։

Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ։

2001-2002 թվականների ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։

Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։

2016 թվականի հոկտեմբերին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին իրավունք շնորհեց ասպիրանտական կրթություն իրականացնելու համար:

Ճեմարանի նշանավոր շրջանավարտներԽմբագրել

Ճեմարանի տեսուչներԽմբագրել

ԴասախոսներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Նշանավոր Ճեմարանականները, Պրակ Ա, Էջմիածին, 2005