Գալուստ Տեր-Մկրտչյան
Գալուստ Մկրտչի Տեր-Մկրտչյան (Տեր-Սարգսյան) (ապրիլի 9, 1860, Ծուղրութ, Վրաստան - հուլիսի 3, 1918, Վաղարշապատ, Հայաստան), Մայր աթոռի միաբան, հայագետ, պատմաբան, բնագրագետ-աղբյուրագետ, թարգմանիչ։ 1887 թվականին Սբ․ Էջմիածնի միաբան դառնալուց հետո հայտնի է նաև Հայր Միաբան անունով։
Գալուստ Տեր-Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1860 |
Ծննդավայր | Ծուղրութ, Վրաստան |
Մահացել է | հուլիսի 3, 1918 (58 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1878), Ներսիսյան դպրոց և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանիչ, քահանա, հայագետ, աղբյուրագետ և բնագրաբան |
Աշխատատու | Մեղու Հայաստանի |
Կենսագրություն
խմբագրելԳալուստ Տեր-Մկրտչյանը ծնվել է ներկայիս Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում։ Տաղասաց և մանկավարժ Հովհաննես Կարնեցու ծոռն է։
Սկզբնական կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան դպրոցում, 1874-1878 թվականներին սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1878-1881 թվականներին դասավանդել է Շամախու և Ախալցխայի դպրոցներում։ 1881 թվականին ավարտական քննություններ է հանձնել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1884 թվականին ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցի հասարակագիտության բաժանմունքը։ Դասախոսություններ է ունկնդրել Մյունխենի համալսարանում։ Ուսանողական տարիներին Փարիզից տարբեր բնույթի հոդվածներով աշխատակցել է «Մեղու Հայաստանի» լրագրին, 1885 թվականին վերադառնալով հայրենիք՝ պաշտոնավարել է Ախալցխայի երկսեռ դպրոցում, 1887 թվականին՝ դարձել Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության անդամ (դպիրի աստիճանով), նվիրվել գիտական գործունեությանը։
Հիվանդությունից հետո
խմբագրել1888 թվականին, հիվանդության պատճառով (հավանաբար գետում լողանալուց հետո մրսելու հետևանքով), ընդմիշտ զրկվել է քայլելու ունակությունից։ 1892-1894 թվականներին և 1902 թվականին եղել է «Արարատ» ամսագրի խմբագիրը, որտեղ «Միաբան» ստորագրությամբ տպագրել է բազմաթիվ հայագիտական ուսումնասիրություններ՝ արժանանալով լայն ճանաչման։ Երկար տարիներ գործակցել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերությանը և հայագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար 1894 թվականին ընտրվել այդ ընկերության թղթակից, իսկ 1900 թվականից՝ իսկական անդամ։ Եղել է հայ գրերի 1500 և հայ տպագրության 400-ամյակի տոնակատարության կենտրոնական հոբելյանական հանձնաժողովի նախագահը, «Շողակաթ» գիտական ժողովածուի (1913) խմբագիրը։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալուստ Տեր-Մկրտչյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 679)։ |