Արշակ Մադոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Գևորգի Մադոյան (հուլիսի 1, 1938 կամ 1938[1], Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 22, 2021[2], Երևան, Հայաստան), հայ հայագետ, թարգմանիչ, խմբագիր, բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1994)։
Արշակ Մադոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1938 կամ 1938[1] Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 22, 2021[2] Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Բանբեր Երևանի համալսարանի, Գրականության ինստիտուտ և Էջմիածին |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | Ղազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոց (1955) և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1961) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1985) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և գրաբար |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Գևորգ Մադոյան |
Հայր | Գևորգ Արշակի Մադոյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1938 թ. հուլիսի 1-ին Ախալքալաք քաղաքում, մտավորականի ընտանիքում (գրող Սեյլանի թոռն է, ուսուցիչ Գևորգ Մադոյանի որդին)։ 1945-1953 թթ. սովորել է ծննդավայրի՝ Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում, ապա շարունակել է Երևանում՝ 1954-1955 ուսումնական տարում ավարտելով Ղազարոս Աղայանի անվան դպրոցը։
Ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որն ավարտել է 1961 թվականին։ Այնուհետև աշխատանքի է անցել նույն համալսարանում, պաշտոնավարել իբրև ԵՊՀ հրատարակչության խմբագիր, բանասիրական ֆակուլտետի մեթոդիստ, «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական պարբերականի խմբագրության գրական աշխատող, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ։ 1971 թվականից տեղափոխվել է Համալսարանի հայագիտական կենտրոն, նախ աշխատելով որպես ավագ գիտաշխատող, իսկ 1986 թվականից՝ լաբորատորիայի վարիչ, 2001 թվականից առաջատար գիտաշխատող։ 2007-2009 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում։ 2009-2015 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝«Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրն է եղել։
1970 թ. «Առաքել Սյունեցի» ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1985 թվականին պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ «Միջնադարյան հայկական պոեմը (ԺԱ-ԺԶ դարեր)» թեմայով։ Այդ թվականից բանասիրական ֆակուլտետում կատարել է նաև դասախոսական աշխատանք, 1994 թ. մրցույթով ընտրվել է ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել «Հայ գրքի պատմություն» առարկան։ Հայ մատենագրության պատմություն է դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։
1962 թվականից հայոց հին գրականության պատմությանը նվիրված հոդվածներով, հրապարակումներով, գրախոսություններով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի գիտական և գրական-հասարակական պարբերականներում՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հին գրականության ժանրային համակարգի ուսումնասիրությանը։ Հրատարակել է մենագրություններ, կազմել, առաջաբաններով ու ծանոթագրություններով օժտել է տարբեր բնույթի ժողովածուներ, թարգմանել (գրաբարից և ռուսերենից), խմբագրել բազմաթիվ գրքեր։
Հայաստանի գրողների միության անդամ է։
Պարգևներ
խմբագրել2009 թ. Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»[3] շքանշանով։
Երկեր
խմբագրել- Միջնադարյան հայկական պոեմը, Եր., 1985
- Հայ-ռուսական գրական փոխառնչություններ, Եր., 1985
- Առաքել Սյունեցի բանաստեղծը, Եր., 1987
- Խորհուրդ մեծ և սքանչելի. Ներածութիւն հայ մատենագրութեան, Երուսաղէմ, 1995
- Հայ միջնադարյան քնարերգություն (Լ. Մկրտչյանի աշխատակցությամբ), Եր., 1996
- Ոսկեփորիկ (Վ. Ներսիսյանի աշխատակցությամբ), Եր., 1997
- Երուսաղեմ, Երուսաղեմ..., Եր., 1999
- Ուղեգրություններ (հայերեն - իսպաներեն), Եր., 2001
- Զավակներ լույսի, առաքինության, Եր., 2001
- Գրիգոր Լուսավորիչը ներբողներում (Գ. Մադոյանի աշխատակցությամբ), Եր., 2002
- Խորհուրդ մեծ և սքանչելի (ռուսերեն), Եր., 2004
Թարգմանություններ (գրաբարից)
խմբագրել- Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Եր., 1988
- Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափանցոց, Եր., 1992
- Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն, Եր., 1997
- Հայկական վարքեր և վկայաբանություններ, Եր., 1998,
- Կարդալով Նարեկացուն, Եր., 1999
- Շարական (Գ. Մադոյանի աշխատակցությամբ), Եր., 2001
- Թովմա Մեծոփեցի, Պատմագրական երկեր, Եր., 2003
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Մադոյան» հոդվածին։ |