Երվանդ Տեր-Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Գալուստի Տեր֊Մինասյան (նոյեմբերի 19, 1879, Հառիճ, Հայաստան - հուլիսի 12, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, լեզվաբան, բառարանագետ, գիտության վաստակավոր գործիչ (1959), բանասիրական գիտությունների դոկտոր֊ պրոֆեսոր։
Երվանդ Տեր-Մինասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1879 |
Ծննդավայր | Հառիճ, Հայաստան |
Մահացել է | հուլիսի 12, 1974 (94 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1900), Լայպցիգի համալսարան և HU Berlin |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան և լեզվաբան |
Աշխատավայր | Գևորգյան հոգևոր ճեմարան, Երևանի պետական համալսարան և Լեզվի ինստիտուտ |
Երեխաներ | Լիլիա Տեր-Մինասյան |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունն ստացել է Հառիճի վանքի դպրոցում (1892), ապա ավարտել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1900)։ 1900-1904 թվականներին սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում, ի թիվս այլ գիտությունների ուսումնասիրել աստվածաբանություն, հին և նոր լեզուներ, աշակերտել գերմանացի հայտնի աստվածաբան Ադոլֆ Հառնակին։ Վերադառնալով Էջմիածին՝ ձեռնադրվել է վարդապետ (1905), դասավանդել Գևորգյան ճեմարանում, եղել Էջմիածնի տպարանի տնօրեն։ 1910 թվականին հրաժարվել է հոգևոր կոչումից, նվիրվել գիտական, մանկավարժական գործունեության, դասավանդել Էջմիածնի, Երևանի, Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի դպրոցներում։ 1921 թվականին նշանակվել է Էջմիածնի գիտական ինստիտուտի (հետագայում՝ Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտ) գիտական քարտուղար, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» տարեգրքի խմբագիր։
1943–1949 թվականներին՝ ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ, 1956-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում բառարանագրության բաժնի վարիչ։
Երվանդ Տեր-Մինասյանի աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ-ասորական եկեղեցական հարաբերություններին, Ընդհանրական եկեղեցու պատմությանը, Արևելքում և հայոց մեջ տարածված քրիստոնեական աղանդների ծագմանը, 5-7րդ դարերում Հայ եկեղեցու դավանաբանական դիրքորոշմանը, քրիստոնյա աշխարհն ալեկոծած դավանաբանական պայքարին հայերի մասնակցության չլուսաբանված հարցերին, եկեղեցական ժողովներին, եկեղեցական մատենագիրների, հայ, հույն և ասորի աստվածաբանների դավանաբանական գործերի քննությանը ևն։
Երվանդ Տեր-Մինասյանը շոշափելի ավանդ ունի նաև երկլեզվյան բառարանների ստեղծման գործում։
Երվանդ Տեր-Մինասյանը եղել է հայ-ասորական եկեղեցական կապերի ուսումնասիրման բնագավառի հիմնադիրը և լավագույն հետազոտողը։ Այդ թեմային են նվիրված նրա «Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ» (գերմ. 1904, հայերեն հրատարակություն՝ 1908) և «Նեստորականությունը Հայաստանում» (1946) աշխատությունները։ Հեղինակը հայ-ասորական եկեղեցա–դավանաբանական հարաբերությունների մի շարք մասնակի խնդիրներ է քննել նաև հետևյալ հոդվածներում. «Այսպես կոչված Պարսից ժողովը» (1907), «Մանազկերտի 726 թվականի ժողովի վեց ասորի եպիսկոպոսները և Խոսրովիկ Թարգմանչի հիշած երկու ասորական վանքերը» (1907), «Բաբգեն կաթողիկոսի ժողովի թվականը և տեղը» (1908), «Կնիք հաւատոյ» ժողովածուն և «Հայոց եկեղեցու դավանաբանական դիրքը Զ և Է դարերում» (1921-1922) և «Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդոնի» երկի թարգմանության ժամանակը» (1960)։
Երվանդ Տեր-Մինասյանը արծարծել է հայ-ասորական գրական առնչությունները իր «Աբրահամ Խոստովանողի «Վկայք Արևելից»-ը և նրա ասորական սկզբնատիպը» (1921) գրախոսությունում և «Զգօն» կոչված գրքի հեղինակի հարցը» հոդվածում (1964)։ Իր հետազոտություններում ճշտել է մի շարք եկեղեցական ժողովների (Դվինի 506 թվականի և 554 թվականի, 613 թվականի Պարսից ժողովի, 726 թվականի Մանազկերտի ժողովի) ժամանակը, բացահայտել դրանց գումարման շարժառիթները և կայացրած վճիռները։
Երվանդ Տեր-Մինասյանը մեծ ներդրում ունի Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու բռնած դիրքի, քաղկեդոնական խնդիրներին Հայ եկեղեցու մասնակցության ժամանակի և դրանց հետ առնչված, հայագիտության մեջ մեծ կարևորություն ունեցող Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» երկի թարգմանության ժամանակի պարզաբանման գործում։
Երվանդ Տեր-Մինասյանը իր մի շարք գործերում քննել է հայ գրավոր մշակույթի, լեզվի պատմության հարցեր, ճշտել հայոց այբուբենի ստեղծման թվականը, անդրադարձել Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի լուսավորչական, թարգմանչական գործունեությանը («Ոսկեդարի հայ գրականությունը», 1946, «Հայոց գրերի գյուտի թվականի և այլ հարակից խնդիրների մասին», ԲՄ, 1967, դ 7)։ «Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից» (1968) ուսումնասիրության մեջ քննության է ենթարկել սինկրետիզմը, միթրայականությունը, գնոստիկականությունը և գնոստիկյան դպրոցները, բորբորիտների աղանդն ու մծղնեությունը, մազդակյան կրոնը, մանիքեությունը, բոգոմիլների, կաթարների աղանդը, Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումները։
Երվանդ Տեր-Մինասյանի հրատարակած աղբյուրագիտական գործերից են 1904 թվականին Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցում նրա հայտնաբերած Իրենիոս Լուգդոնացու «Ցոյցք առաքելական քարոզութեանն» (հրտ. 1907, Կ. Տեր-Մկրտչյանի հետ), Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն...» (1908, Կ. Տեր-Մկրտչյանի հետ) և «Ընդդէմ հերձուածոց» (Դ և Ե գրքեր, 1910, Կ. Տեր-Մկրտչյանի հետ) երկերը, որոնց հունական բնագրերը կորել են։ 1957 թվականին պատրաստել է Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկի քննական բնագրերը և հրատարակել աշխարհաբար զուգահեռ թարգմանությամբ։
Աշխատություններ
խմբագրել- Երուանդ Վարդապետ Տէր-Մինասեանց, Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ (հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն), Սբ. Էջմիածին, 1908։
- Երուանդ Վարդապետ Տէր-Մինասեանց, Հայոց Եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ (հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն), Բ. հրատարակութիւն. Հրատարակութեան պատրաստեցին` Գէորգ աբեղա Սարոյեան, Յասմիկ Մելքոնեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, Ս. Էջմիածին, 2009։
- Երվանդ Տեր-Մինասյան, Հուշեր իմ կյանքից, պրոֆ. Պարույր Մուրադյանի խմբագրությամբ և առաջաբանով, Երևան, 2005։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |