Լևոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյան (մականուն՝ Բրսեի Լևոն) (1887 - 1937), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ։

Լևոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1887 թվականի Բաշգյառնի գյուղում (այժմ Գառնի)։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հայոց Հոգևոր ճեմարանում։ Անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ 1909-1911 թվականններին Պարսկական հեղափոխության ժամանակ Նիկոլ Դումանի խմբում մասնակցել է Թավրիզի պաշտպանությանը։ Թավրիզից անցել է Սալմաստ, ապա Վան և հետո Բայազետ։ 1914 թվականին մասնակցել է Դրոյի կողմից կամավորական գումարտակ կազմակերպելու գործին, նրա կազմում հանդիսացել է վաշտի հրամանատար, հետագայում դարձել խմբապետ Յապոնի օգնականը, անցել Արևմտյան Հայաստան և կռվել մեր դարավոր թշնամու դեմ։ Ունենալով առաջադեմ հայացքներ, զբաղվել է հասարակական քաղաքական գործունեությամբ, եղել է գլավա, հեծյալ հարյուրակի հրամանատար (հարյուրապետ)։ Որպես հեծյալ զորախմբի հրամանատար տարբեր տարիների մարտնչել է թուրքերի դեմ, մասնակցել 1916-1917 թվականների հայերի ինքնապաշտպանական գործողություններին, 1918 թվականի Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Լինելով ազգային ազատագրական պայքարի նվիրյալ՝ աչքի է ընկել առանձնահատուկ խիզախությամբ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենիքի Փրկության Կոմիտեի ստեղծմանը, 1921 թվականի Փետրվարյան հակախորհրդային ապստամբությանը։ 1921 թվականի փետրվարի 18-ին նա իր հարյուրակով հարձակվել Երևանի բերդի վրա և ազատել զինակիցներին։ Ապստամբության պարտությունից հետո նահանջել է Զանգեզուր, այնուհետև անցել Իրան, որտեղ նրան ձերբակալում են։ 1922 թվականին փախչում է բանտից, վերադառնում Հայաստան։ 1922 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի ՉԿ-ի կոլեգիայի կողմից, հակասովետական գործունեություն ծավալելու համար, ազատազրկվել է հինգ տարով և ուղարկվել համակենտրոնացման ճամբար, որտեղ անցկացրել է երեք տարի։ Հետագայում՝ ԳՔՎ (ГПУ)-ի կողմից 1930 թվականին ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի բանտում, որը սովետական ժամանակաշրջանում ծառայել է որպես քաղաքական բանտ։ ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի 1937 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ, որպես «ընդհատակյա հակահեղափոխական դաշնակցական կազմակերպության անդամ», դատապարտվել է բարձրագույն պատժի՝ գնդակահարության։ Կնոջը՝ Արփենիկ Մելիքսեթյանին, իր երեխաների՝ Հերիքնազի, Մաքսիմի, Հռիփսիկի, Կալիպսեի հետ միասին ԽՍՀՄ ՊԱՄ-ին կից հատուկ խորհրդակցության 1949 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ, որպես դաշնակի ընտանիքի անդամների, արտաքսել են Ալթայի երկրամաս։

Վրեժ լուծելու և մեր պապերի նվիրական երկրին տեր դառնալու մղումով Լևոն  Տեր-Մելիքսեթյանը  իր  կյանքը  նվիրել  է հայրենիքի  ազատագրական պայքարին,  որը  լի  է  եղել  հերոսական  դրվագներով, բայց  և  անմոռանալի  ու խիստ  ցավալի  դեպքերով։ Ափսոսանքով  պետք  է  նշել,  որ նրա  հայրենանվեր գործը  անհրաժեշտ  ուշադրության  չի  արժանացել մեր  տարեգիրների  կողմից։