Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քառասնից Մանկաց (այլ կիրառումներ)

Քառասնից Մանկանց վանք, 13-րդ դարի հայկական առաքելական վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ Դեբետի կիրճի աջակողմյան զառիթափ լանջի «Տախտեր» կոչվող վայրում։ Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1241-1256 թվականներին։

Քառասնից Մանկանց վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Լոռու մարզ, Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ներկա վիճակԿիսավեր
Կազմված էԱղբյուր նավաքարով, Գավիթ-ժամատուն, Գերեզմանոց, Գերեզմանոց, Եկեղեցի և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1256
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Քառասնից Մանկանց վանքը կոչվել է ի հիշատակ 4-րդ դարում նահատակված քառասուն հայ պատանիների (Քառասուն մանկունք կապակցության մեջ մանուկ բառն օգտագործված է պատանի, զինվոր իմաստներով), որոնք Լիկիանոս կայսեր օրոք ծառայել են Սեբաստիայի կայսերական գնդում[2]։ Հրաժարվելով ուրանալ իրենց քրիստոնեական հավատը՝ նրանք ձմռանը նետվել են սառած լիճը և նահատակվել՝ չգայթակղվելով մոտակա տաք բաղնիք գնալու մտքով[3][4]։ Հետագայում սրբերի մասունքների վրա Սեբաստիայում կառուցվել է Քառասնից մանկանց վանքը, որը կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը[5], իսկ Սահակ Պարթև կաթողիկոսը հայոց առաջին տոնացույցում՝ «Կանոնք ընթերցվածոց»-ում, ընդգրկել է «Յիշատակ Քառասնիցն» տոնը մարտի 9-ին[6]։ 470-ական թվականների վերջին կամ 480-ական թվականների սկզբներին Հովհան Մանդակունի կաթողիկոսը տոնացույցի խմբագրման ժամանակ Մեծ պասի կիրակիներից առաջ սահմանել է սրբերի հիշատակի օրեր՝ Քառասնից մանկանց տոնը տեղադրելով հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ այն վերածելով շարժականի[7][2]։

Քառասնից Մանկանց անունով մի շարք եկեղեցիներ ու վանքեր են եղել Արևմտյան Հայաստանում, այդ թվում՝ Սեբաստիա քաղաքում, Խարբերդի, Դերսիմի գավառներում, Կարինում և այլն[8], իսկ Արևելյան Հայաստանում, բացի Դսեղ գյուղի հարևանությամբ եղած եկեղեցին, նույն անունը կրող եկեղեցի կա նաև Օշականի մոտ, որն առավել հայտնի է որպես Մանկանոց Սբ. Սիոն[9][2]։

Ճարտարապետություն խմբագրել

Բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություններից, որոնցից պահպանվել են չնչին մնացորդներ։ Հիմնական կառույցը ուղղանկյուն հատակագծով (11x8 մ) գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին է, որի գմբեթը և կիսագլանաձև թաղածածկի մեծ մասը չեն պահպանվել։ Խարխլված և կիսաքանդ վիճակում են պատերը, թաղերը, գմբեթակիր կամարները։ Վերջիններս խաչաձև հատվում են միմյանց հետ, ինչով եկեղեցին նման է Սանահինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն[10]։ Ավանդատները կրկնահարկ են, երկայնական ձգվածությամբ, և արևելյան կողմում ավարտում են կիսաշրջանաձև խորշերով։ Առաջին հարկի մուտքերը բացվում են աղոթասրահից, իսկ երկրորդ հաարկինը` բեմից։ Որմնամույթերը 1,5 մ դուրս են գալիս երկայնական պատերից և ավարտվում են կիսասյուներով։ Միակ մուտքը եղել է արևմուտքից, ունեցել է հարուստ զարդաքանդակներով եզրակալ։ Պատերը հարուստ են արձանարություններով, խաչապատկերներով։ Հարավային և արևելյան կողմերում ան հետաքրքիր քանդակներով խաչքարեր։ Տարածքում թափված են պատերի շատ բազմաթիվ բեկորներ, քանդակազարդ քարեր։ Հարավային ավանդատան մուտքի արձանագրությունից պարզվում է, որ ավանդատունը կառուցել է ոմն Դավիթ` 1241 թվականին[10] (ինչպես երևում է եկեղեցու առանձին մասեր կառուցվել են առանձին նվիրատվություններով)։ Բայց կեղեցու մուտքի ճակատակալ քարի արձանագրությունն ասում է, որ 1256 թվականին եկեղեցին օրհնել է Հաղպատի վանահայր Համազասպը։

Ունեցել է ժամատուն, որը չի պահպանվել, սակայն պահպանվել է արձանագրություն ժամատան կառուցողի մասին` այն կառուցել է ոմն Խաչատուր «Ողորմութեամբն Ատուծոյ ես Խաչատուր ծառայ Աստուծոյ շինեցի զժամատունս և սալեցի զեկեղեցիս...»[11]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Հասմիկ Աբրահամյան, Միջինքի և Սեբաստիայի Քառասնից Մանկանց տոները հայոց եկեղեցական և ժողովրդական տոնացույցերում
  3. Մ. Աւգերեան. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, հ. Բ, Վենետիկ, 1811, էջ 482–510։
  4. Հ. Յովհաննիսեան. Սեբաստիոյ Քառասուն մանկանաց կտակը.– «Բազմավէպ» (Վենետիկ), 1928, թիւ 4, էջ 99–108:
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, կազմեցին՝ Թ. Հակոբյան և ուրիշներ, Երևան, 2001, էջ 305։
  6. Ռ. Վարդանյան. Հայոց տոնացույցը (4–18-րդ դդ.), Երևան, 1999, էջ 41։
  7. Ռ. Վարդանյան. Հայոց տոնացույցը (4–18-րդ դդ.), Երևան, 1999, էջ 104–106:
  8. Ղևոնդ Ալիշան. Նշմարք հայկականք, պր. Ա, Վենետիկ, 1910, էջ 11, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 305–306:
  9. Դիվան հայ վիմագրության, պր. IX, էջ 360, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 305։
  10. 10,0 10,1 Գուգարքի վանքերը / Գրեց Հ. Հ. Ոսկեան. - Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1960։
  11. Շախկյան Գառնիկ (Երևան Հայաստան)։ Լոռի, պատմության քարակերտ էջերը։ 1986 

Արտաքին հղումներ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/40