Հնչերանգ, մարդկային ձայնի հիմնական տոնի, տևողության, ուժգնության, դադարի, տեմբրի և այլ բաղադրիչների դրսևորումների ամբողջությունն է։ Ըստ ամերիկյան և եվրոպական լեզվաբանների՝ հնչերանգը միայն մեղեդիի (հիմնական տոնի)փոփոխությունն է։ Առանց հնչերանգի բացառվում է անմիջական լեզվական ամեն մի հաղորդակցում։ Յուրաքանչյուր լեզվի հնչերանգի համակարգը սերտորեն կապված է այդ լեզվի շարահյուսական առանձնահատկությունների հետ։ Քանի որ առանց հնչերանգի չկա հնչադասություն (ֆրազ), ուստի հնչերանգիի առաջին և հիմնական շարահյուսական գործառությունը հնչադասակազմությունն է, երբ լեզվական տարբեր միավորներ կապակցվում են հնչյունական, իմաստային և հաղորդակցայիև մեկ ավարտված միավորի մեջ. երկրորդը շարահյուսական իմաստատարբերակիչ գործառությունն է, երբ միևնույն շարահյուսական կառուցվածքի դեպքում, հնչերանգի որևէ բաղադրիչի (կամ մի քանի բաղադրիչների) փոփոխությամբ, հնարավոր է արտահայտել հաղորդակցային տարբեր իմաստներ՝ հարցում, հաստատում, բացականչում (ինչպես՝ «Ցո՞ւրտ եղանակ է», «Ցուրտ եղանակ է», «Ցո՜ւրտ եղանակ է»)։ Հնչերանգի ամենաէական բաղադրիչը հիմնական տոնն է, մեղեդին, նրա զանազան դիապազոնները (ձայնատիրույթները)։


Ընթերցե՛ք «հնչերանգ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 496