Հնդեվրոպական նախալեզու, այն հիմք լեզուն, որից սերում են հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուները։

Նախահայրենիք

խմբագրել

Հնդեվրոպական լեզուն կրողների հայրենիքի հարցի քննարկումն սկսել է հնդեվրոպական լեզվաբանության առաջացման հետ միաժամանակ, սակայն դեռևս հստակ չէ նախահայրենիքի տեղադրությունը։ Դրա վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Լեզվաբան Ուիլյամ Ջոնսը ենթադրում էր, որ նախահայրենիքը գտնվել է Իրանում։ XIX դարի սկզբներին մի շարք գիտնականներ կարծիք հայտնեցին, թե նախահայրենիքը գտնվել է Հիմալայներում[1]։

1851 թվականին անգլիացի գիտնական Ռոջեր Լատեմը քննադատեց նախահայրենիքն Ասիայում տեղադրելու վարկածն՝ պատճառաբանելով, թե հնդկաիրանական ժողովուրդներն իրենց ներկայիս հայրենիք են հասել գաղթի արդյունքում, և հնդեվրոպական լեզուն կրողների նախահայրենիքը պիտի փնտրել Եվրոպայում[2]։

Հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության վերաբերյալ կա նաև, այսպես կոչված, հայկական վարկածը, ըստ որի՝ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այս վարկածն առաջ են քաշել ու փաստերով հիմնավորել Թամազ Գամկրելաձեն ու Վյաչեսլավ Իվանովը։

Լեզվաբանական բնութագիրը

խմբագրել

Հնչյունաբանություն

խմբագրել

Հնդեվրոպական նախալեզվի ձայնավորական համակարգը բնութագրվել է երկար ու կարճ ձայնավորների առկայությամբ, այսինքն՝ ձայնավորների երկարությունն ու կարճությունը հնչույթային արժեք է ունեցել։

  • Կարճ ձայնավորներ՝ a, e, i, o, u,
  • Երկար ձայնավորներ՝ ā, ē, ō, ī, ū։
  • Երկբարբառներ՝ ai, au, āi, āu, ei, eu, ēi, ēu, oi, ou, ōi, ōu։

Հնդեվրոպական նախալեզվի ձայնորդները միջին տեղ են գրավել ձայնավորների ու բաղաձայնների միջև։ Դրանք կարող էին հանդես գալ և՛ որպես ձայնավոր (վանկարար տարր), և՛ որպես բաղաձայն (ոչ վանկարար տարր). u, i հնչյունները հանդես են եկել ոչ թե որպես ինքնուրույն ձայնավորներ, այլ որպես համապատասխան ձայնորդների դիրքային տարբերակներ՝ վանկարար ձայնորդներ։

  • Ոչ վանկարար ձայնորդներ՝ i (y), ṷ (w, v), r, l, m, n։
  • Վանկարար ձայնորդներ՝ u, i, r̥, l̥, m̥, n̥։

Հնդեվրոպական նախալեզուն հարուստ է եղել պայթական բաղաձայններով, իսկ կիսաշփականներ ընդհանրապես չի ունեցել։ Հավաստիորեն վերականգնվող միակ շփականը *s հնչյունն է, որը ձայնեղ բաղաձայններից առաջ ընկած դիրքում հանդես է եկել որպես *z։

Խուլեր Շնչեղ խուլեր Ձայնեղներ Շնչեղ ձայնեղներ
Շրթնայիններ p ph b bh
Ատամնայիններ t th d dh
Քմային ետնալեզվայիններ k’ k’h g’ g’h
Պարզ ետնալեզվայիններ k kh g gh
Շրթնաետնալեզվայիններ kw kwh gw gwh

Հնդեվրոպական նախալեզվում շեշտն ազատ էր, այսինքն՝ կարող էր ընկնել բառի ցանկացած վանկի վրա։

Բառապաշարը

խմբագրել

Հնդեվրոպական նախալեզվի բառապաշարի ուսումնասիրությունը թույլ է տալիս պարզել հնդեվրոպացիների վարած կենսակերպի վերաբերյալ։

  • Հնդեվրապական նախալեզուն ունեցել է ընտանեկան ու ազգակցական կապերի անունների զարգացած համակարգ։ Մասնավորապես առկա էին հետևյալ բառերը՝ պապ, հայր (*átta), մայր (*méh₂tēr), ծնող, որդի (*suHnús), եղբայր (*bhréh₂tēr), թոռ, զարմիկ, դուստր (*dhugh₂tḗr), քույր (*swésōr), հարս, սկեսուր (*sweḱuros), սկեսրայր, հորեղբայր, քեռի (*h₂ewh₂yos), փեսա և այլն։
  • Ուտելիքների անուներ՝ միս (*mē(m)s)[3], աղ (*séha-(e)l-)[4], կաթ (*hamelǵ-)[5], մեղր (*melit) և մեղրից պատրաստված խմիչք (*medhu)[6], թուրմ, խնձոր (*haébl̥, *haebōl)[7] և այլն։
  • Ընտանի կենդանիների անուններ՝ խոզ (*sūs)[8], ոչխար (*h2ówis)[9], այծ (*díks)[10], ձի (*h1éḱwos)[11], սագ (*ǵhans)[12], շուն (*ḱ(u)wṓn)[13]։
  • Նրանք աճեցրել են ցորեն, գարի, աշորա և ոլոռ։
  • Վայրի կենդանիների անուններ՝ գայլ (*wĺ̥kʷos)[14], արջ (*h2ŕ̥tḱos)[15], կուղբ (*bhébhrus)[16], ջրասամույր (*udros)[17], եղջերու և որմզդեղն (*h1elh1ḗn[18], *hxólk̑is[19]), լուսան (*luḱ-)[20]։
  • Ծառերի անուներ՝ կաղնի, կեչի, սոճի, եղևնի, կաղամախի, բարդի և այլն։

Ձևաբանական առանձնահատկությունները

խմբագրել

Հնդեվրոպական նախալեզուն ունեցել է որոշակի թեքական–համադրական կառուցվածք. մեկ վերջավորությունն ի վիճակի է եղել արտահայտելու մեկից ավելի քերականական իմաստներ։ Եզակին, երկակին և հոգնակին միևնույն իմաստների արտահայտության համար ունեցել են տարբեր վերջավորություններ, հաճախակի տեղի է ունեցել հիմքի և վերջավորության սահմանային տարրերի ձուլում։ Սակայն քերականական զանազան մասնիկների գործածությունը առաջացրել է կցականության և վերլուծականության տարրեր, որոնք հետագայում զգալի զարգացում են ապրել առանձին հնդեվրոպական լեզուներում։ Հնդեվրոպական նախալեզվի ձևաբանական հիշյալ առանձնահատկության հետ միասին և հաճախ նրա հետ կապված՝ կարելի է նշել մի շարք այլ առանձնահատկություններ ևս՝ վերջնամասնիկների առատությունը և նախամասնիկավորման գրեթե բացակայությունը, բայի կազմում միջմասնիկավորման առկայությունը, վերջավորությունների հետ միասին հերթագայությունների և տոնային (բարձրության) տարբերությունների խաղացած կարևոր դերը, այսպես կոչված բնավոր (թեմատիկ՝ e/o- ով վերջացող) և անբուն (աթեմատիկ՝ բաղաձայնով, ձայնորդով և e/o – ից տարբեր ձայնավորով վերջացող) հիմքերի հակադրությունը, անվանական և բայական հիմքերի ձևաբանական ուժեղ և ընդհակառակն, անվանական խոսքի մասերի՝ գոյականների, ածականների և թվականների թույլ տարբերակվածությունը, դերանունների՝ անուններից տարբեր թեքումը, քերականական կարգերի բազմազանությունն ու հարստությունը, երկակի թվի առկայությունը, անվան սեռային տարբերակումը և բազմահոլովայնությունը, բայի սեռի տարբերակման անհստակությունը, կերպի արտահայտման կարևորությունը և ժամանակային տարբերակման աղքատությունն ու անհստակությունը, անորոշ ձևի բացակայությունը և այլն։

Հնդեվրոպական նախալեզվում անունն ունեցել է 3 սեռ` արական, իգական և չեզոք, ընդ որում` արականն ու իգականը տարբերակվել են նախկին ընդհանուր – շնչավոր դասի ներսում, որ հակադրվել է հետագայում չեզոքի փոխված անշնչին, 3 թիվ` եզակի, երկակի և հոգնակի, 8 հոլով` ուղղական, կոչական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական և ներգոյական։

Ածականն ունեցել է համեմատության երեք աստիճան։ Ամենից ավելի տարածված են եղել բաղդատականի es/ os – ով ու tero – ով և գերադրականի - es – to – ով ու tmmo – ով ձևերը։ Համեմատության աստիճաններ ունեցել են նաև մակբայները։

Հնդեվրոպական նախալեզվի դերանուններն աչքի են ընկնում թեքման յուրահատկությամբ (դերանվանական հոլովում), տարածված է ուղիղ և թեք հոլովների եզակի, երկակի և հոգնակի թվերի տարահիմքությունը։ Անձնական դերանունները տարբերակված են ըստ դեմքի, թվի և հոլովի (անձնական դերանուններ են առաջին և երկրորդ դեմքերի դերանունները, երրորդ դեմքի համար գործածվում են ցուցական և, որոշ առումով նաև անդրադարձ դերանունները)։ Անձնական դերանունների թեք հիմքերից կազմվում են համապատասխան ստացական դերանուններ։ Ցուցական դերանունները տարբերակված են ըստ դիրքի (այսպես է կոչվում այն քերակարգը, որ բնորոշում է խոսողի նկատմամբ առարկայի մերձավորությունը կամ հեռավորությունը, խոսքում նախապես հիշված լինել կամ չլինելը), թվի, սեռի և հոլովի։ Սրանցից բացի եղել են նաև անդրադարձ, հարաբերական և հարցական դերանուններ։

Բայական հիմքերը ևս լինում են բնավոր և անբուն, ինչպես անվանականը։ Անվանական քերակարգերից բային հատուկ է միայն թիվը իր երեք դրսևորումներով՝ եզակի, երկակի և հոգնակի։ Ի տարբերություն սեմականի` հնդեվրոպական նախալեզվում բայը չունի սեռային տարբերակիչներ։ Դերանվանական կարգերից բային հատուկ է դեմքը։ Բուն բայական քերակարգերից են եղանակը, բայասեռը, կերպը և ժամանակը։ Սրանցից եղանակն արտահայտվում է` ա) հատուկ կազմիչ տարրերով, որոնք անմիջապես նախորդում են դիմային վերջավորություններին, բ) զրո նիշով, գ) երբեմն էլ հատուկ վերջավորություններով։ Կերպը և ժամանակը հստակորեն չեն տարբերվում, կերպային հիմնաձևերը փաստորեն արտահայտում են նաև ժամանակային իմաստներ, ընդ որում՝ հնդեվրոպական նախալեզուն ժամանակներով հարուստ չէ։ Հնդեվրոպական նախալեզվի համար տարբերում են կերպաժամանակային երեք հիմնական ձևախումբ-կաղապար՝ ներկա, աորիստ և կատարյալ (հնդեվրոպական նախալեզվի կատարյալը համապատասխանում է հայերենի վաղակատար–հարակատարին)։

Ներկայի համար վերականգնում են հետևյալ վերջավորությունները.

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք mi mes/mos
Երկրորդ դեմք si te
Երրորդ դեմք ti nti

Աորիստ վերջավորությունները, ի տարբերություն ներկայի, վերջում չունեն –i նիշը, որ խոսում է ներկայի վերջավորությունների երկրորդայնության մասին.

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք m me
Երկրորդ դեմք s te
Երրորդ դեմք t nt

Կատարյալի վերջավորություններն են՝

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք a mes/mos
Երկրորդ դեմք tha te
Երրորդ դեմք e r

Սրանք սահմանական եղանակի ձևեր են, իսկ հնդեվրոպական նախալեզուն ունեցել է նաև հրամայական, ստորադասական և ըղձական եղանակներ։ Հրամայականի եզակի երկրորդ դեմքը հավասար է ներկայի երկրորդ դեմքին՝ առանց սրա վերջավորության, հոգնակին՝ հոգնակի երկրորդ դեմքին՝ վերջավորությամբ հանդերձ։

Ստորադասականը հավանաբար արտահայտել է ենթադրվող, սպասվող գործողություն՝ տարբեր լեզուներում ստանալով ըղձականի, երբեմն էլ պարզապես ապառնիի իմաստ։ Ըղձականն արտահայտել է ըղձական կամ հնարավոր գործողություն։

Շարահյուսական առանձնահատկությունները

խմբագրել

Շարահյուսական առումով հնդեվրոպական նախալեզուն բնութագրվել է նախադասության անդամների հարաբերական ինքնուրույնությամբ և սրա հետ կապված՝ ձևական խնդրառության բացակայությամբ։ Բառերն ստացել են այս կամ այն ձևը ըստ նախադասության ընդհանուր իմաստի։ Բառերի քերականական հատուկ ձևավորման և զարգացած համաձայնության պայմաններում շարադասությունը քերականական դեր գրեթե չի կատարել, այսինքն՝ ազատ է եղել։ Նախադասության սկզբում դրվել է գլխավոր (ընդգծվող, տրամաբանական շեշտ կրող) բառը։ Որոշիչը համաձայնել է որոշյալի հետ սեռով, թվով և հոլովով, անուն ենթական՝ միայն թվով, այն էլ ոչ թե ձևականորեն, այլ ըստ իմաստի։ Դիմավոր բայ – ստորոգյալի մոտ անձնական դերանունները որպես ենթակա գործածվել են միայն ընդգծվելու դեպքում։ Նախդիրը դեռևս ազատ բնույթ է ունեցել. չի հարել ոչ անվանը և ոչ բային։

Հնդեվրոպական նախալեզուն չունի երկրորդական նախադասությունների և, հետևաբար, ստորադասական շաղկապների զարգացած համակարգ. բառիս բուն իմաստով կարելի է խոսել միայն հարաբերական երկրորդական նախադասությունների և հարաբերական բառերի մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. D. W. Anthony, The Horse, the Wheel and the Language, Princeton — Oxford, «Princeton University Press», ISBN 978-0-691-05887-0։
  2. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», ISBN 9781884964985։
  3. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 374-375, ISBN 9781884964985։
  4. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 498, ISBN 9781884964985։
  5. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 381-383, ISBN 9781884964985։
  6. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 271, ISBN 9781884964985։
  7. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 25-26, ISBN 9781884964985։
  8. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 425-428, ISBN 9781884964985։
  9. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 510-512, ISBN 9781884964985։
  10. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 229-230, ISBN 9781884964985։
  11. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 273-278, ISBN 9781884964985։
  12. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 235, ISBN 9781884964985։
  13. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 168, ISBN 9781884964985։
  14. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 646-648, ISBN 9781884964985։
  15. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 55-56, ISBN 9781884964985։
  16. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 57, ISBN 9781884964985։
  17. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 411, ISBN 9781884964985։
  18. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 154-155, ISBN 9781884964985։
  19. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 177-178, ISBN 9781884964985։
  20. J. P. Mallory,Douglas Q. Adams., Encyclopedia of Indo-European culture, London, «Fitzroy Dearborn Publishers», էջ 359-360, ISBN 9781884964985։