Ստանդարտացման միջազգային կազմակերպություն
Ստանդարտացման միջազգային կազմակերպություն (անգլ.՝ International Organization for Standardization, ֆր.՝ Organisation internationale de normalisation, ISO կամ ԻՍՕ), ստանդարտացման ազգային մարմիններից բաղկացած միջազգային կազմակերպություն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1947 թ. փետրվարի 23-ին։ Գրասենյակը գտնվում է Ժնևում, Շվեյցարիա։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության անդամ է 164 երկիր։ Կազմակերպությունն ունի անդամակցության երեք կատեգորիա՝
- լիիրավ անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում պետական կառուցվածքի մաս կազմող կամ պետության կողմից լիազորված ստանդարտացման ոլորտում լիարժեք գործունեություն իրականացնող մարմիններն են և Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ունեն քվեարկելու իրավունք;
- թղթակից անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում դեռևս չեն իրականացում ստանդարտացման լիարժեք գործունեություն։ Այս անդամները ստանում են տեղեկատվություն ԻՍՕ-ի աշխատանքների վերաբերյալ, սակայն չեն մասնակցում ստանդարտների մշակման աշխատանքներին;
- բաժանորդ անդամ- փոքր տնտեսություն ունեցող երկրներն են, որոնք վճարում են քիչ անդամավճար և չեն կարող մասնակցել միջազգային ստանդարտացման աշխատանքներին։
Ստանդարտացման միջազգային կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | ստանդարտավորման կազմակերպություն և միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
Հապավում | ISO |
Հիմնադրված | փետրվարի 23, 1947[1] |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա[2] |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն[3], ֆրանսերեն[3] և ռուսերեն[3] |
Կամավորներ | 165 երկիր[4] |
Կայք | iso.org(անգլ.), iso.org/fr/(ֆր.) և iso.org/ru/(ռուս.) |
Համարվում է աշխարհում ստանդարտներ մշակող ամենամեծ կազմակերպությունը։ Կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անվանումը բոլոր լեզուներով հնչի նույնը։ Այդ իսկ պատճառով օգտագործվել է հունարեն,,isos,, բառը, որը թարգմանաբար նշանակում է հավասար և Ստանդարտացման միջազգային կազմակերպության անվանումը բոլոր լեզուներով հնչում է ISO (ԻՍՕ)։ Ստանդարտացման միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։ Գործունեությունը տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բացառությամբ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, որոնք Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC) իրավասության ոլորտում են։ Ստանդարտացման միջազգային կազմակերպության կառուցվածքը կազմված է ղեկավար և աշխատանքային մարմիններից։ Ղեկավար մարմիններն են Գլխավոր Վեհաժողովը, Խորհուրդը (որի կազմում գործում է քաղաքականության մշակման երեք կոմիտե՝ ԿԱՍԿՈ, ԴԵՎԿՈ, ԿՈՊՈԼԿՈ), տեխնիկական ղեկավար բյուրոն։ Աշխատաքային մարմիններն են տեխնիկական կոմիտեները (ՏԿ), ենթակոմիտեները (ԵԿ), տեխնիկական խորհրդատվական խմբերը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- պաշտոնական կայք (անգլերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպություն կատեգորիայում։ |