Արծաթափայլ որոր

թռչունների տեսակ

Արծաթափայլ որոր (լատին․՝ Larus argentatus), խոշորամարմին թռչուն որորների ընտանիքից։ Առավելապես տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուժեղ և ագրեսիվ վարք ցուցաբերող թռչունը հանդիպում է խոշոր քաղաքների շրջակայքում, որտեղ իրեն ապահով է զգում և սնունդ գտնելը հեշտ։

Արծաթափայլ որոր
Larus argentatus
Արծաթափայլ որոր
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավոր
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Eumetazoa
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Որորներ
Տեսակ Արծաթափայլ որոր
Լատիներեն անվանում
Larus argentatus
Erik Pontoppidan, 1763
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Կենդանու տարածվածության քարտեզ

     Բնադրման վայրեր      Վայրեր, որտեղ բնակվում են ողջ տարին      Ձմեռելու վայրեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 35669
NCBI 35669
EOL 1049581

Դասակարգում խմբագրել

Արծաթափայլ որորի էվոլյուցիայի և դասակարգման վերաբերյալ տվյալները մինչև հիմա դեռ պարզաբանված չեն և ներկայումս գտնվում են օրնիտոլոգների ուշադրության կենտրոնում։ Տարբերակում են այսպես կոչված «արծաթափայլ որորների խումբ»՝ ընդհանուր ֆենոտիպային հատկանիշներով և առանձնահատկություններով (օրինակ՝ հասուն թռչունների մոտ գլխի սպիտակ գունավորում, կարմիր բիծ ներքևի կտուցի վրա)։ Տարբեր գրականություններում նշվում է այս խմբի 2-8 առանձին խմբեր։ Թեորիաներից մեկում, որն ավելի հայտնի է դարձել 20-րդ դարում՝ 1970-ական թվականներին, արծաթափայլ որորը կապ ունի «օղակաձև տեսակի» (անգլ.՝ Ring species) հետ։ Ըստ այս թեորիայի, այս խմբի թռչունների հիմնական նախնիները երբեք չեն բնակվել Կենտրոնական Ասիայում և Սառցե դարաշրջանում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, սկսել են տարածվել սկզբում դեպի հյուսիս, ապա՝ արևելք՝ այդ ընթացքում անցնելով էվոլյուցիա և ձեռք բերելով նոր տեսք։ Յուրաքանչյուր նոր ձևում կենդանու մարմնի վերին հատվածների փետուրներն ավելի վառ սպիտակ գույն են ստացել։

Այս թեմայով վերջին հոդվածների, այդ թվում նաև գենետիկ հետազոտությունների վրա հենվելով, կարելի է ասել, որ «արծաթափայլ որորների խումբը» ներառում է առնվազն 8 առանձին տեսակ, այդ թվում՝ արծաթագույն որորը, Larus fuscus, Larus heuglini, Larus vegae, Միջերկրածովյան որոր (Larus michahellis), Larus cachinnans, Ամերիկյան արծաթափայլ որոր (Larus smithsonianus), Հայկական որոր (Larus armenicus)։

Արտաքին տեսք խմբագրել

 
Արծթափայլ որորը թռիչքի ժամանակ

Խոշորամարմին, սպիտակ գլխով արծաթափայլ որորն ունի 54-60 սմ երկարություն, թևերի բացվածքը 123-148 սմ է[1], իսկ քաշը՝ 720-1500 գրամ[2]։ Բազմացման շրջանում գլխի և վզի փետուրները վառ սպիտակ են։ Մարմնի որովայնային մասը և պոչը նույնպես սպիտակ են։ Մարմնի վերին մասը և թևերի վերին հատվածները կապտամոխրագույն են, մի փոքր ավելի բաց են այն թռչունների մոտ, որոնք բնադրում են Արևմտյան Եվրոպայում և Իսլանդիայում։ Ուսագլուխների փետուրները սպիտակ են։ Կտուցն ուղիղ է, կողերից սեղմված և վերջավորության հատվածում փոքր-ինչ թեքված է դեպի ներքև։ Ունի կանաչավուն և դեղնավուն երանգ։ Կտուցի վրա կա կարմիր բիծ։ Աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է կամ արծաթամոխրագույն։ Ոտքերը կարմրավարդագույն են։ Արտաքին սեռական օրգանները գունային տարբերությամբ աչքի չեն ընկնում։

Երիտասարդ թռչուններն ակնհայտորեն տարբերվում են տարեցներից, իսկ բաց գունավորում ստանում են միայն կյանքի չորրորդ տարում։ Փետուրները բազմերանգ են։ Ճակատի, ծնոտի, գլխի և կողքի փետուրները կեղտոտ սպիտակ գույն ունեն՝ բազմաթիվ ուղղահայաց մուգ գծերով և պուտերով։ Գլխի հետին մասը, վզի կողային հատվածները սպիտակ են։ Մեջքի փետուրները մուգ գույն ունեն։ Կյանքի երկրորդ և երրորդ տարիներին մարմնի գույնը աստիճանաբար բացվում է և ստանում է առավել միագույն երանգ։ Կյանքի երկրորդ տարում մեջքին հայտնվում է բաց մոխրագույն ծածկույթ, իսկ երրորդ տարում դրանք արդեն գերակշռում են մարմնի վերին հատվածներում։ Հասունացման շրջանում ծիածանաթաղանթը գունափոխվում է՝ դառնալով շագանակագույնից մինչև դեղին։ Իսկ կտուցը դառնում է մուգ գորշագույնից մինչև դեղին՝ կարմիր բծով[3]։

Տարբերակումը նմանատիպ տեսակներից խմբագրել

 
Արծաթափայլ որորի արտաքին հատկանիշները, որոնցով տարբերվում է այլ տեսակներից

Ի տարբերություն սեռականորեն չհասունացած թռչունների, հասուն առանձնյակները համեմատաբար հեշությամբ են տարբերակվում այլ որորներից։ Այլ ցեղակիցնեի հետ համեմատության, արծաթափայլ որորները մարմնով ակնհայտորեն առավել մեծ են, նաև բնութագրվում են յուրահատուկ մորֆոլոգիական հատկանիշներով։ Միջերկրածովյան որորների ոտքերը վառ դեղին են, ի հակադրություն դրա, արծաթափայլ որորներն ունեն կարմրավարդագույն են։ Օդուենի որորը (Larus audouinii) ավելի նրբամարմին է և ունի մուգ կարմիր կտուց և մոխրագույն ոտքեր։ Ծովային որորների վերին հատվածների փետուրները շատ ավելի մուգ են՝ կապարամոխրագույն կամ սև։ Հայկական որորի (Larus armenicus) թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցը կարճ է։ Larus ichthyaetus տեսակի որորների գլուխը մուգ գույն ունի, ոչ թե բաց, ինչպես արծաթափայլ որորինը։ Մոխրագույնաթև որորների (Larus glaucescens) և Larus hyperboreus որորների մոտ թևերի վերջավորությունները ավելի սպիտակ են, այլ ոչ թե՝ սև։

Տարածում խմբագրել

 
     Տարածքներ, որտեղ ողջ տարին բնակվում են      Ձմեռելու վայրեր      Վայրեր, որտեղ ամռանն են բնակվում

Արեալ խմբագրել

Արծաթափայլ որորը լայն տարածում ունի հյուսիսային կիսագնդում՝ հանդիպելով ինչպես բարձրադիր լայնություններում, այնպես էլ արկտիկական լայնություններում և տաք տրոպիկական կլիմայի երկրներում։ Բնադրման արեալի հյուսիսային շրջանը գտնվում է հյուսիսային լայնության 70-80° ում Եվրոպայում, որը Սկանդինավյան երկրների հյուսիսային երկրներն են, Ասիայում՝ ծովափնյա տարածքներն ու Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կղզինեերը՝ Թայմիրից արևելք։ Ամերիկայում՝ Բաֆինի երկրի և Կանադայի ու Ալյասկայի մարգագետնային շրջանները։ Հարավում թռչունները բնադրում են հյուսիսային լայնության մինչև 30°-40°-ը։ Եվրոպայում մինչև ատլանտյան օվկիանոսի ափը՝ Ֆրանսիայի սահմանում, Ամերիկայում՝ Վերին ծովի հարավային շրջաններում։ Վերջին տարիներին նկատվում են այս թռչունների պատահական առանձին խմբեր և բներ բնական արեալի սահմաններից դուրս, ինչպես օրինակ՝ Ուկրաինայում, Բելառուսում, Վոլգա գետի տարածքում (ռուս.՝ Рыбинское водохранилище)[3]:

Բնակավայրեր խմբագրել

Բնակավայրերի ընտրությունը կապված է տվյալ տարածքում առկա ներքին և արտաքին ջրային պաշարների հետ։ Բնակեցնում են խոշոր լճերի, գետերի, ջրամբարների մոտակա արեալներում։ Հիմնականում բնակվում են կղզիներում։ Նրանց համար կարևոր է այն տարածքների բնակեցումը, որտեղ զերծ են մնում գիշատիչ այլ թռչունների հարձակումներից։ 20-րդ դարի վերջին բնակեցրել են խոշոր քաղաքներ, բները կառուցել են շենքերի տանիքներին։ Ձմռանը, որպես կանոն, բնակվում են ծովափնյա տարածքներում։

Հայաստանի տարածքում խմբագրել

Տարածված է Հայաստանի բոլոր ջրավազաններում և գետերում։ Առավել հաճախ հանդիպում է Սևանա և Արփա լճերի կղզիներում։ Մեր հանրապետության տարածքում համարվում է նստակյաց, մասամբ քոչվոր թռչուն։ Բնադրվում է մեծ գաղութներով, որոնք տեղակայված են նրանց բնակավայրերում։ Բները կառուցում են գետնին ճյուղերից, չոր խոտաբույսերից։ Մինչև Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը թռչունները բնադրել են մոտակա ժայռերի ծերպերում։ Սևանա լճի որորների գաղութում յուրաքանչյուր տարի բնադրվում է 1000-1500 զույգ թռչուն։ Նույն ցուցանիշն առկա է նաև Արփա լճի կղզիներում։ Ձվադրում է մայիս-հունիս ամիսներին, դնում է 1-3 գորշականաչավուն կամ ձիթապտղագույն մուգ պուտերով ձվեր։ Սնվում է ամենատարբեր կերերով, առավել հաճախ՝ ձկներով, դաշտային մկներով, միջատներով։ Կերի պակասի դեպքում սնվում է մոտակա աղբանոցների սննդի մնացորդներով։ Հայաստանի համար ունեն կարևոր նշանակություն, համարվում են ինքնատիպ տեսակ և գրանցված է Կարմիր գրքում։ Աշնանը հյուսիսային շրջաններից չվում են հարավ։

Միգրացիա խմբագրել

Հյուսիսի պոպուլացիաները համարվում են չվող, ձմռանը գաղթում են հարավ՝ շարունակելով ապրել որպես քոչվոր կամ նստակյաց թռչուններ։ Արևմտյան Եվրոպայի թռչունների մեծ մասը մնում է այդտեղ ձմեռելու։ Սկանդինավյան երկրների, Ֆինլանդիայի միջին և Ռուսաստանի հյուսիսարևմտյան շրջանների թռչունները, որպես կանոն, տեղափոխվում են Բալթիկ և Հյուսիսային ծովերի մոտակա տարածքներ։ Սիբիրից ու Հեռավոր Արևելքից թռչունները գաղթում են Ճապոնիա, Թայվան կղզի և Հարավչինական ծովի ափեր։

Բազմացում խմբագրել

 

Ինչպես ընտանիքի այլ տեսակներ, արծաթափայլ որորները սովորաբար մոնոգամ են և իրենց զույգին պահում են երկար ժամանակ։ Շատ հազվադեպ դեպքերում, երբ գաղութում բույնը մոտ է այլ բներին, կարող է դրսևորվել բազմացման պոլիգինիայի տարբերակը, երբ մեկ արուն բազմանում է երկու էգի հետ[4]։ Գարնանը բնադրման վայրերում հայտնվում են համեմատաբար վաղ, երբ ջրերի մեծ մասը դեռ պատված են լինում սառույցով։ Օրինաակ, Բարենցի ծովում թռչունների հիմնական զանգվածը հայտնվում է մարտ-ապրիլ ամիսներին, Ենիսեյի միջին հոսանքում՝ մայիսի երրորդ դեկադայում, Կամչատկայի հարավում՝ ապիլի կեսերից մինչ մայիսի վերջ։ Սկզբնական ժամանակահատվածում, երբ ջրի մեծ մասը դեռ պատված է լինում սառույցով, բնակվում են բնակավայրերին մոտ կամ այնտեղ, որտեղ աղբամաններ կան։ Շուտով սկսվում է բազմացման սեզոնը, որի ընթացքում թռչուններն իրենց ագրեսիվ են պահում. բարձր ճչում են, կերակրում են զույգերին։

Ամենից հաճախ բնադրում են գաղութներով, որոնք կազմված են լինում մի քանի տասնյակից մինչև մի քանի հազարյակի հասնող առանձնյակներից։ Երբեմն կարող են բնադրել առանձին։ Թռչունները կամ զբաղեցնում են հին՝ նախորդ տարվա բները կամ կառուցում են նորը, բայց բոլոր դեպքերում նրանք կառուցում են բաց տարածությունների վրա՝ հաճախ հողի վրա՝ ծովափի քարերի արանքներում, քարափներում, ավազաթմբերում։ Գաղութում երկու բների միջև տարածքությունը կազմում է 1-3-ից մինչև 25-30 մ, իսկ միջինում՝ 4,9 մ։ Բնի կառուցմամբ զբաղվում են զույգով։ Դրա համար օգտագործում են տարատեսակ նյութեր, որոնք հայտնաբերում են շրջակայքում, այդ թվում՝ ջրիմուռներ, փետրախոտ, քարաքոսեր, սեզ, մամուռներ։

 
Արծաթափայլ որորի ձվեր

Բնի ներսը կարող է պատված լինել փետուրներով կամ կենդանիների բրդով։ Էգը, որպես կանոն, մեկ սեզոնի ընթացքում ձվադրում է մեկ անգամ՝ ապրիլի սկսզբից մինչ հունիս՝ կախված տարածաշրջանից։ Ձվադրում է 2-3 ձու՝ 65-81 × 41-54 մմ չափսերով։ Ձվի ընդհանուր ֆոնը կարող է տատանվել թույլ շագանակագույնից մինչև կանաչադեղնավունի սահմաններում։ Բացի դա, կա նաև մեկ բնութագրող հատկանիշ. ձվերը պատված են լինում մուգ և բաց գունավորմամբ պուտերով։ Զույգը, ժամանակ առ ժամանակ փոխարինելով միմյանց, նստում են ձվերի վրա։ Ձվերը պարբերաբար շրջում են ոտքերի և մարմնի շարժումներով։ Ինկուբացիայի ժամանակահատվածը տևում է 28-30 օր։ Ձվից նոր դուս եկած ձագերը պատված են լինում մուգ մոխրագույն մազիկներով՝ մուգ բծերով։ Առաջին օրերը նրանք ամբողջությամբ անպաշտպան են, երրորդ օրն արդեն կարողանում են կանգնել ոտքերի վրա և սնունդ են ընդունում, իսկ 3-4 օր հետո լքում են բույնն ու սկսվում շարժվել մոտակայքում։ Վտանգի դեպքում թաքնվում են քարերի արանքում կամ ջրում։ Թռչել սկսում են 38-45 օրից, բայց դեռ կես ամիս կամ ամբողջ մեկ ամիս կախված են լինում ծնողներից, որոնք կերակրում են ձագերին։ Սեռական հասունացման հասնում են կյանքի 5-6-րդ տարում։

Սնունդ խմբագրել

 
Աղբի տոպրակից սնունդ փնտրող արծաթափայլ որոր

Սնունդը բազմազան է, այնուամենայնիվ, թռչունները դժվարությամբ են փոխարինում մի սնունդը մյուսով։ Ծովափերում բնակվողները ձուկ են որսում, խեցգետնակերպեր, փափկամարմիններ, որդեր, կակղամորթեր (լատին․՝ Echinodermata)։ Որս հայթայթելիս ջրում հետևում է զոհին իր տարածքից՝ մարմինն ամբողջությամբ կամ մասամբ սուզած։ Եթե կարծր խեցիով կենդանի է որսում, բարձրությունից նետում է զոհին քարի վրա՝ խեցուց զրկելու համար։ Սնվում է ձկնորսների թողած կամ ծովափերին թափված սնունդով։ Սնվում է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագմամբ սնունդով՝ կրծողներ, մողեսներ, այլ թռչունների ձվեր և ձագեր, կարծրաթևավորներ, հատիկավոր մշակաբույսեր, պտուղներ։ Նրանց կերակրացանկում ներառված է նաև սատկած կենդանիների միսը, սննդային մնացորդներն ու թափոնները։ Բացի սա, նրանց մոտ առկա է կլեպտոպարազիտիզմի երևույթը (հին հունարեն՝ κλέπτω), երբ սնունդը «գողանում են» այլ կենդանիներից, այդ թվում՝ ծովահենաորորներ, բադեր։ Որոշ դեպքերում քանդում են այլ թռչունների, ինչպես նաև իրենց տեսակի թռչունների բները։

Ձայն խմբագրել

Ձայնարկությունները նման են այլ խոշորամարմին որորների ձայնին։ Դա նման է խռպոտ ճչոցի, որոնք վտանգի պահերին ավելի հաճախ են կրկնվում։ Բարձր ձայն հանելիս հաճախ գլուխը ետ է գցում։ Ձայնն ավելի բարձ է, քան Larus fuscus տեսակի մոտ, երբեմն ցածր, քան Larus hyperboreus տեսակի մոտ։

Շարժ խմբագրել

Թռչելիս այն տպավորությունն է կարծես լողում է։ Թռչելիս թևերը հազվադեպ է թափահարում։ Զոհին հետապնդելիս կարող է թռչել շատ արագ և մանյովրելով։ Ջրում սուզված լավ է մնում։ Զոհին բռնելուց հետո ջրից դուրս է հանում կամ գլուխը կամ մարմնի կեսը։ Ցամաքում իրեն լավ է զգում, երբեմն իրագործելով կարճ թռիչքներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Killian Mullarney, Lars Svensson, Dan Zetterström, & Peter J. Grant. «Birds of Europe» 1999 ISBN 978-0-691-05054-6 pp.174
  2. J.A. Jackson, W.J. Bock, D.Olendorf «Grzimek’s Animal Life Encyclopedia» Thomson Gale ISBN 0-7876-5784-0
  3. 3,0 3,1 Е. А. Коблик «Разнообразие птиц», часть 2, Москва, Издательство МГУ, 2001
  4. Shugart, G., & W. Southern. 1977. «Close Nesting, a Result of Polygyny in Herring Gulls» Bird- Banding 48: 276-277 онлайн [1] Արխիվացված 2011-06-15 Wayback Machine

Գրականություն խմբագրել

  • Մ.Ա.Ադամյան -«Հայաստանի թռչունները», «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1985, 232 էջ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծաթափայլ որոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծաթափայլ որոր» հոդվածին։