Կուսանաց անապատ (Ավետարանոց)

Սուրբ Գայանե (հայտնի նաև՝ Կուսանաց անապատ), 1616 թվականին կառուցված հայ առաքելական վանք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում[1]։ Վանքը գտնվում է գյուղի հարավարևելյան կողմում՝ զառիվայր հրվանդանի վրա, Չանախչի նշանավոր ամրոցի ստորին հատվածում[2]։ Անապատը հայտնի է նաև Գայանեի վանք անունով։

Կուսանաց անապատ
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Հիմնական ամսաթվերը1616
Հիմնադրված1616
Քարտեզ
Քարտեզ

Հորինվածք խմբագրել

2020 թվականին ադրբեջանցիների կողմից Ավետարանոց գյուղի օկուպացիայից առաջ Կուսանաց անապատից պահպանված էին եկեղեցին, Շահնազարյանների գավիթ-տապանատունը և հուշարձանի արևմտյան կողմում ձգվող պարիսպը։ Սուրբ Գայանե եկեղեցին հորինվածքով եռանավ բազիլիկ կառույց է, որտեղ կողային նավերը բավական նեղ են, իսկ կենտրոնական, խորանով պսակվող նավը լայն է։ Վանքն ունի 9 մետր լայնություն և 11 մետր երկարություն։ Աղոթասրահի դուռն արևմտյան կողմից է, որի պատին կա նաև երկու պատուհան։ Հարավային կողմն ունի երկու փոքրիկ, իսկ արևելյանը՝ խորանի մեջ բացվող պատուհաններ։ Սրահի կամարները հենվում են խաչաձև հիմք ունեցող սյուների վրա, տանիքը թաղածածկ է։ Կամարներից երկուսը աղոթասրահի ներսում ազատ «կանգնած» են, իսկ մյուս երկուսը ծառայում են նաև որպես խորանի կիսաշրջանի անկյունային հատվածներ։ Եկեղեցին ունի զույգ ավանդատներ։ Խորանի և ավանդատների պատերում կան խորշ-պատրհաններ։ Եկեղեցու հարավային ճակատապատին ագուցված են 15-16-րդ դարերի երեք տապանաքարեր, որոնք ունեն խաչային հորինվածքներ և պատկերաքանդակներ։ Խաչքարեր և տապանաքարեր են օգտագործված նաև այլ պատերում։ Սյուների և կամարների վրա փորագրված են խաչանշաններ։

Գավիթը կցված է եկեղեցու արևմտյան կողմից և ունի քառակուսի հատակաձև (6,4 x 6,4 մետր), բայց ավելի փոքր է։ Այն նույնպես թաղածածկ է։ Գավիթը նախասրահ լինելուց բացի, նաև Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունն է։ Այստեղ են գտնվում Մանվել Վարդապետի, մելիք Միրզայի, մելիք Հուսեինի, մելիք Հովսեփի և նրանց կանանց գերեզմանները և տապանաքարերը։

Պատմություն խմբագրել

Կուսանաց անապատի եկեղեցին Տեր Առաքելի աջակցությամբ կառուցել են Գայանե և Հռիփսիմե կույսերը։ Այդ մասին փաստում է Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցն իր գրքում (Ջալալեանց 1858, 243)։ Եկեղեցու մուտքի բարավորին պահպանվել է կառուցելու թվականը։ Շինարարական արձանագրությունը վերաբերում է 1616 թվականին ՝«զԵկ[ե]ղ[ե]ցիս թվ․ :ՌԿԵ։ (1616)» (ԴՀՎ 5, 148, նկ․ 2): Եկեղեցու գավիթ-տապանատունն ավելացվել է Վարանդայի մելիքության սկզբնական շրջանում։ Այստեղ է գտնվում նաև Մելիք-Շահնազարյանների տոհմական դամբարանը։

Ներկայիս եկեղեցին կառուցվել է 5-7-րդ դարերի հնագույն վանքի տեղում, որի հետքերը պահպանվել են[3]։

Վիճակ խմբագրել

Կուսանաց անապատի տարածքում վերականգնման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Արցախյան առաջին պատերազմից հետո։ Տանիքները պատվել են կղմինդրով, տարածքը բարեկարգվել է։ Եկեղեցու տարածքում 2013 թվականին կանգնեցվել է արցախյան առաջին ազատամարտում նահատակված Ավետարանոցի քաջորդիների հիշատակին նվիրված հուշարձան։

2020 թվականի հոկտեմբերի 27-ին ադրբեջանցիները օկուպացրին Ավետարանոց գյուղը։ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին տեսանյութեր տարածվեցին, որտեղ ադրբեջանցի զինվորականները անարգում են վանքը, թշնամական և վանդալիզմի գործողություններ կատարում տապանաքարերի և եկեղեցու կահ-կարասիի հանդեպ։ Տեսանյութում երևում է նաև, որ ջարդված են տապանաքարերը, աղտոտված է ողջ տարածքը, կոտրել և ոտնատակ են արել հուշարձանը ներկայացնող՝ պետության կողմից տեղադրված տախտակը։

Ավանդություններ խմբագրել

Կուսանաց անապատի վերաբերյալ կան տարբեր ավանդություններ։ Ավանդություններից մեկի համաձայն անապատում պահվել է Կենաց փայտի նմուշը, որը պարսիկները գողացել են, բայց այն նորից թռչունի տեսք ընդունած վերադարձել է Ավետարանոց։ Մեկ այլ ավանդություն ասում է, որ գյուղն ավերվում է Աղա Մուհամադ խանի արշավանքների ժամանակ։ Կույսերը փախչում են անտառ, սակայն վանքի թանկարժեք իրերը տանելու համար նրանցից մեկը վերադառնալիս իր գլխավերևում տեսնում է պարսիկ սարբազի (զինվորի) սուրը և թևեր է առնում և թռչում է։

Մյուս ավանդությունը պատմում է, որ ամեն տարի անտառ էր գալիս մի եղնիկ, որը, որպես մատաղացու, իր վիզն էր մեկնում, որպեսզի մատաղ անեն, բայց երբ ժողովուրդը սկսում է շատ մեղքեր գործել, Աստված այլևս նման բարեհաճություններ գյուղացիների նկատմամբ չի անում[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ավետարանոցի Կուսանաց անապատ». Monument Watch. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. Հայրապետյան, Արմինե. «Կուսանաց անապատ / Գայանեի վանք». artsakhradio.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Կուսանաց անապատ». ՀԱՍԵ Արցախի թեմ. 2022 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Ավետարանոց գյուղի հուշարձանները». Hetq.am. 2021 թ․ հուլիսի 19. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.