Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները (գիրք)
«Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» (անգլ.՝ Princely palaces in Artsakh and Siunik, ռուս.՝ Дворцы меликов Арцаха и Сюника), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2001 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 4-րդ գիրքը (Գիրք Դ)։ Այն հեղինակել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի արևելյան մարզերի՝ Արցախի և Սյունիքի 15-18-րդ դարերի մելիքական պալատ-ամրոցները, ապարանքները։ Ուշ միջնադարյան պալատական ճարտարապետության այս ինքնատիպ հուշարձանները ներկայացվում են դարաշրջանի պատմաքաղաքական միջավայրի հենքի վրա, արժևորվում նրանց տեղն ու դերը հայկական միջնադարյան ճարտարապետության պատմական ընդհանրության մեջ։ Գիրքը հարուստ է պատկերագրական նյութերով՝ չափագրություններով, վերակազմություններով, համեմատական աղյուսակներով, պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներով[1]։
Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Արտակ Ղուլյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 188 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» |
Հաջորդ | «Թիֆլիսի քաղաքագլուխները» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2001 թվական |
ԳՄՍՀ | ISBN 5-8080-0469-1 |
ՀՏԴ | 941(479.25) |
ԳՄԴ | 63.3 (2Հ) 43 |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/64.pdf |
«Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Աշխատության հրատարակման աշխատանքները հովանավորել են լոսանջելեսաբնակ Շահեն և Մարթա Հարությունյանները։ Հեղինակը գիրքը նվիրում է իր ծնողներին՝ Գյուլիստանի դպրոցի ուսուցիչներ Բենիկ Ասատուրի Ղուլանյանին և Թերեզա Արսենի Ծատրյանին[1]։