Ամորի I (Երուսաղեմի արքա)

(Վերահղված է Ամալրիկ I (Կիպրոսի արքա)ից)

Ամորի I (Ամորի Երուսաղեմցի (ֆր.՝ Amaury Ier de Jérusalem), 1136 թվական - 1174 թվական հուլիսի 11), Յաֆֆայի և Ասկալոնի կոմս, Երուսաղեմի արքա 1162 թվականից։ Ֆուլկի և Մելիսենդայի՝ Երուսաղեմի արքայի և թագուհու կրտսեր որդին, իր ավագ եղբայր Բալդուին III-ի ժառանգորդը։ Նրա իշխանության օրոք Բյուզանդիայի հետ Երուսաղեմի կապերը դառնում են ավելի ամուր, և երկու պետություններն էլ սկսում են համատեղ ներխուժումը Եգիպտոս, որն ավարտվում է անհաջողությամբ։ Մինչ այդ իսլամական պետությունների տարածքները, որոնք շրջապատում էին Երուսաղեմը, սկսում են միավորվել Նուր ալ-Դինի իշխանության տակ, ով Զանգիների ամիրայության ղեկավարն էր։ Ավելի ուշ Մերձավոր Արևելքի տարածքների մի մասը միավորվում է Սալահ ալ-Դինի դրոշի ներքո, ով ստեղծում է Այյուբյան սուլթանությունը։ Ամորին Երուսաղեմի երեք ապագա ղեկավարների հայրն էր՝ Սիբիլ, Բալդուին IV և Իզաբել։

Ամորի I
Amaury Ier de Jérusalem
Ամորի I
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի արքա
1163 - 1174 թվական
Նախորդող Բալդուին III
Հաջորդող Բալդուին IV
Յաֆֆայի և Ասկալոնի կոմս
1152 - 1163
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Կոթոլիկություն
Ծննդյան օր մոտ 1136
Ծննդավայր Երուսաղեմ
Վախճանի օր մոտ 1174 թվականի հուլիսի 11
Վախճանի վայր Երուսաղեմ
Դինաստիա Անժուացիներ
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Ֆուլկ
Մայր Մելիսենդա
Ամուսին Ագնես դը Կուրտենե
Մարիա Կոմնենե
Զավակներ 1-ին ամուսնությունից՝ Սիբիլ, Բալդուին IV, Ալիքս
2-րդ ամուսնությունից՝ Իզաբել

Երիտասարդություն խմբագրել

Ամորին ծնվել է 1136 թվականին՝ Ֆուլկ արքայի և Մելիսենդա թագուհու ընտանիքում։ Նրա մայրը Բալդուին II-ի դուստրն էր։ 1143 թվականին Ֆուլկի մահից հետո գահը անցնում է Մելիսենդային և ամորիի ավագ եղբայր 13-ամյա Բալդուին III-ին։ Մելիսենդան իշխանությունը չի զիջում Բալդուինին, երբ նա չափահաս է դառնում և 1150 թվականին մոտ նրանց հարաբերությունները դառնում են թշնամական։ 1152 թվականին սկսվում է քաղաքացիական պատերազմ, որի արդյունքում Մելիսենդան պահպանում է Երուսաղեմը, իսկ Բալդուինը ստանում է թագավորության հյուսիսային մասը։

Ամորին, ով ստանում է Յաֆֆայի կառավարումը, 1151 թվականին չափահաս է դառնում և մնում է հավատարիմ Մելիսենդային։ Բալդուինի կողմից Երուսաղեմի պաշարման ընթացքում նա մոր հետ թաքնվում է Դավիթի աշտարակում։ Մելիսանդան այդ պատերազմում պարտություն է կրում, և Բալդուինը դառնում է Երուսաղեմի լիիրավ արքան։ 1153 թվականին նա գրավում է եգիպտական Ասկալոնի ամրոցը, որը միավորում է Ամորիի տարածքներին։

1157 թվականին Ամորին ամուսնանում է Ագնես դը Կուրտենեի հետ։ Ագնեսը Ժոսլեն II Եդեսացու դուստրն էր, ով ապրում էր Երուսաղեմում՝ 1150 թվականին Զանգիների ամիրայության կողմից Եդեսիան գրավելուց հետո։ Պատրիարք Ֆուլկը ընդիմանում էր ամուսնությանը՝ փեսացուի և հարսնացուի արյունակցական կապի հիման վրա (նրանք ունեին ընդհանուր նախապապ), և Ամորին ու Ագնեսը կարողանում են ամուսնանալ միայն պատրիարքի մահից հետո։ Նրանք ունենում են երեք երեխա՝ Սիբիլ, ապագա արքա Բալդուին IV-ը և Ալիքսը, ով մահանում է նորածին տարիքում։

Թագադրում խմբագրել

 
Ամորի I-ի թագադրումը

Բալդուին III-ը մահանում է անզավակ, 1163 թվականի փետրվարի 10-ին, և գահը ժառանգում է Ամորին։ Սակայն ազնվականությունը և հոգևորականությունը՝ պատրիարք Ամորի դը Նելեմի գլխավորությամբ, ընդիմանում են՝ պահանջելով, որ Ամորին բաժանվի Ագնեսից։ Վիլհելմ Տյուրոսցին պնդում էր, որ նա «չպետք է լինի այնպիսի սուրբ քաղաքի թագուհի, ինչպիսին Երուսաղեմն է»։ Այնուամենայնիվ, արյունակցական ազգակցությունը բավարար պատճառ էր ազնվականության և հոգևորականության վրդովմունքի համար։ Ամորին համաձայնվում է և գահ է բարձրանում առանց կնոջ, չնայած Ագնեսը շարունակում էր պահպանել Յաֆֆայի և Ասկալոնի կոմսուհու տիտղոսը և թոշակ էր ստանում այդ տարածքների եկամուտներից։ Դրանից քիչ անց Ագնեսը ամուսնանում է Գուգո դ’Իբելինի հետ, ում հետ նշանադրված էր Ամորիի հետ ամուսնանալուց առաջ։ Եկեղեցին Ամորիի և Ագնեսի զավակներին ճանաչում է օրինական և պահպանում է նրանց տեղերը գահաժառանգման կարգում։ Իր երեխաների միջոցով, հետագա 20 տարիների ընթացքում, Ագնեսը մեծ ազդեցություն կունենա Երուսաղեմի վրա։

Ընդհարումներ իսլամադավան պետությունների հետ խմբագրել

Բալդուին III-ի իշխանության օրոք Եդեսիայի կոմսությունը, որը Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ ստեղծված առաջին պետությունն էր, գրավվում է Հալեպի իշխան Իմադ ալ-Դին Զանգիի կողմից։ Վերջինս միավորում է Հալեպը, Մոսուլը և Սիրիայի հյուսիսային մասի այլ քաղաքներ ու ստեղծում Զանգիների ամիրայությունը։ Նա պատրաստվում էր վերհսկողություն սահմանել նաև Արաբական խալիֆայության նախկին մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ։ Խաչակիրները 1148 թվականին չեն կարողանում գրավել Դամասկոսը, սակայն դա շուտով հաջողվում է Զանգիի որդի Նուր ալ-Դինին։ Երուսաղեմի թագավորությունը նույնպես կորցնում է իր ազդեցությունը հյուսիսային Սիրիայում, որտեղ Բյուզանդական կայսրությունը սահմանում է իր ավատիշխանությունը Անտիոքի նկատմամբ։ Այդ պատճառով Երուսաղեմը իր ուշադրությունը ուղղում է Եգիպտոսի վրա, որտեղ Ֆաթիմյանների դինաստիան թուլացել էր և իրենից ներկայացնում էր հեշտ որս։ Խաչակիրները ցանկանում էին գրավել Եգիպտոսը դեռևս Բալդուին I-ի ժամանակներից, ով մահանում է եգիպտական արշավանքի ժամանակ։ Երբ Բալդուին III-ը գրավում է Ասկալոնը, Եգիպտոսի նվաճման հույսերն ավելի են մեծանում։

Ներխուժում Եգիպտոս խմբագրել

Ամորին Եգիպտոս իր առաջին արշավանքը իրականացնում է 1163 թվականին, պնդելով, որ Ֆաթիմյանները չեն վճարել ամենամյա տուրքը, որը նրանք վճարում էին Բալդուին III-ի իշխանության օրոք։ Վեզիր Դիրհամը, ով դրանից քիչ առաջ տապալել էր վեզիր Շավարին, շարժվում է Ամորիին ընդառաջ, սակայն պարտություն է կրում Պելուզիի մոտ և ստիպված էր նահանջել դեպի Բիլբես։ Եգիպտացիները բացում են Նեղոս գետի ջրանցքները և հեղեղում են գետի դելտան` հուսալով կանգնեցնել խաչակիրների հետագա առաջխաղացումը։ Ամորին վերադառնում է Երուսաղեմ, իսկ Շավարը ուղղություն է վերցնում դեպի Նուր ալ-Դինի պալատ, ով իր գեներալ Շիրքուհին ուղարկում է կարգավորելու խալիֆի պալատում տիրող վեճը։ Դրան ի պատասխան` Դիրհամը օգնության է դիմում Ամորին, սակայն Շիրքուհը և Շավարը Կահիրե են ժամանում ավելի շուտ, և Դիրհամը սպանվում է։ Շավարը, երկյուղ կրելով, որ Շիրքուհը կգրավի իշխանությունը, աջակցության համար նույնպես դիմում է Ամորին։ Ամորին վերադառնում է Եգիպտոս 1164 թվականին և պաշարում է Շիրքուհի զորքերը Բիլբեյսում՝ արդյունքում ստիպելով նրան նահանջել Սիրիա։

Ամորին չի կարողանում ամրապնդել իր հաջողությունը Եգիպիոսում, Սիրիայում Նուր ալ-Դինի ակտիվության պատճառով։ Վերջինս Հարիմի ճակատամարտում գերեվարում է Անտիոքի դուքս Բոեմունդ III-ին և Տրիպոլիի կոմս Ռայմունդ III-ին։ Ամորին իր վրա է վերցնում Անտիոքի և Տրիպոլիի խնամակալությունը, մինչ նրանց իշխանների ազատագրումը։ 1166 թվականը համեմատաբար հանգիստ էր, ինչը Ամորիին թույլ է տալիս զբաղվել դիվանագիտությամբ։ Նա դեսպաններ է ուղարկում բյուզանդացիների մոտ՝ դաշնակիցներ փնտրելու նպատակով։

1167 թվականին Նուր ալ-Դինը Շիրքուհին հետ է ուղարկում Եգիպտոս և Ամորին հետևում է նրան, ճամբար խփելով Կահիրեի մոտ։ Շավարը նորից դաշնության մեջ է մտնում խաչակիրների հետ։ Շիրքուհը տեղակայվում է Նեղոսի հակառակ կողմում։ Անվճռական ճակատամարտից հետո Ամորին նահանջում է Կահիրե, իսկ Շիրքուհը ուղևորվում է հյուսիս, որպեսզի գրավի Ալեքսանդրիան։ Խաչակիրները, հիմնվելով պիզայական նավատորմի վրա, պաշարում են Շիրքուհի բանակը։ Հաշտության բանակցությունների արդյունքում Ալեքսանդրիան հանձնվում է Ամորիին, սակայն նա չի կարողանում մնալ քաղաքում և վերադառնում է Երուսաղեմ։

Դաշինք Բյուզանդիայի հետ խմբագրել

 
Ամորի I-ի և Մարիա Կոմնենեի ամուսնությունը

1167 թվականին վերադառնալով Երուսաղեմ Ամորին ամուսնանում է Մանուիլ I Կոմնենոս կայսեր ազգականուհու՝ Մարիա Կոմնենեի հետ։ Նրանք ունենում են մեկ դուստր՝ Իզաբելը։ Ամուսնության բանակցությունները զբաղեցնում են երկու տարի, հիմնականում այն պատճառով, որ Ամորին պնդում էր, որպեսզի Մանուիլը Անտիոքը վերադարձնի Երուսաղեմին։ Նրանից հետո, երբ Ամորին հանում է իր պահանջները, կարողանում է ամուսնանալ Մարիայի հետ Տյուրոսում՝ 1167 թվականի օգոստոսի 29-ին։ Այդ ժամանակ Բալդուին III-ի այրի Թեոդորա Կոմնենե թագուհին, իր ազգական Անդրոնիկի հետ փախչում է Դամասկոս և Աքքան, որը մինչ այդ նրա տիրույթն էր, վերադառնում է Երուսաղեմի արքայական տիրույթների մեջ։ Բացի այդ, նույն ժամանակ Վիլհելմ Տյուրոսցին առաջ է քաշվում մինչև Տյուրոսի ավագ սարկավագ և արքայից հանձնարարություն է ստանում գրելու թագավորության պատմությունը։

1171 թվականին ստեղծվում է բարոնների խորհուրդ, որի առջև հարց էր դրված այն մասին, թե արևմուտքում ում կարելի է դիմել ռազմական օգնության համար, արքան խորհուրդ է հարցնում իր վասալներից, սակայն երբ քննարկումը երկարաձգվում է, արքան հրավիրում է իր անձնական խորհուրդը, իսկ այնուհետև բարոններին հայտնում է նրանց ընդունած որոշումը՝ դեսպաններ ուղարկել Կոստանդնուպոլիս, կայսր Մանուիլի մոտ, խնդրելով աջակցություն Եգիպտոմսի գրավման հարցում, և կայսրը տալիս է իր համաձայնությունը։ Վիլհելմ Տյուրոսցին դեսպանների շարքում էր, ովքեր ուղևորվել էին Կոստանդնուպոլիս, որպեսզի ձևակերպեին պայմանագիրը։ Այդ գործողությունների հետևանքն է հանդիսանում Եգիպտոսի և Սիրիայի մուսուլմանների միջև ռազմական միության կնքումը, որը հետագայում հանգեցնում է Սալահ ալ-Դինի դրոշի ներքո նրանց միավորմանը։

Դեռևս շարունակում էր գործել Ամորիի և Շավարի միջև հաշտության պայմանագիրը, սակայն Շավարը մեղադրվում է Նուր ալ-Դինի հետ դաշինքի մեջ մտնելու փորձի համար և Ամորին զորքով ներխուժում է Եգիպտոս։ Ասպետ-հիվանդախնամները պաշտպանում են այդ ներխուժումը, այն դեպքում, երբ տաճարականները հրաժարվում են մասնակցություն ունենալ նրանում։ Հոկտեմբերին, չսպասելով բյուզանդական օգնության ժամանելուն (առավել ևս, նույնիսկ չսպասելով դեսպանների վերադառնալուն), Ամորին գրավում է Բիլբեյսը, որը տեղակայված Նեղոսի աջ ափին։ Նա հրամայում է ոչնչացնել քաղաքի ամբողջ բնակչությունը։ Ամորին շարժվում է դեպի Կահիրե, որտեղ Շավարը նրան առաջարկում է երկու միլիոն ոսկեդրամ։ Ամբողջ մեկ ամիս բանակցություններից հետո, սակայն, ոչինչ չի ստանում իրեն խոստացված գանձերից։ Այդ ընթացքում Նուր ալ-Դինը Շիրքուհին զորքով ուղարկում է Եգիպտոս։ Ամորին ստիպված է լինում նահանջել և վերադառնալ Երուսաղեմ։

Սալահ ալ-Դին խմբագրել

1169 թվականի հունվարին Շիրքուհը դառնում է վեզիր, սակայն մահանում է մարտին և նրան հաջորդում է նրա ազգական Սալահ ալ-Դինը։ Ամորին անհանգստանում է և Ֆրեդերիկ դը լա Ռոշին՝ Տյուրոսի արքեպիսկոպոսին, օգնության համար ուղարկում է Եվրոպայի ազնվականների և արքաների մոտ, սակայն նրանցից ոչ մի օգնություն չի ստանում։ Ավելի ուշ, նույն թվականին, ժամանում է բյուզանդական նավատորմը, իսկ հոկտեմբերին Ամորին սկսում է ևս մեկ ներխուժում Եգիպտոս և պաշարում է Դամասկոսը ծովից և ցամաքից։ Պաշարումը երկարատև էր և քրիստոնեական բանակում սով է սկսվում։ Բյուզանդացիները և խաչակիրները պաշարման ձախողման համար մեղադրում են միմյանց և շուտով հաշտություն է ստորագրվում Սալահ ալ-Դինի հետ։ Ամորին կրկին անփառունակ վերադառնում է Երուսաղեմ։

Այսուհետև Երուսաղեմը շրջապատված էր թշնամական տիրույթներով։ 1170 թվականին Սալահ ալ-Դինը ներխուժում է Երուսաղեմի թագավորություն և գրավում է Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ քաղաքը։ 1171 թվականին Սալահ ալ-Դինը հայտարարվում է Եգիպտոսի սուլթան՝ հիմնելով Այյուբյան սուլթանությունը։ Նրա վեհացումը Երուսաղեմին շունչ քաշելու ժամանակ է տալիս, քանի որ Նուր ալ-Դինը այժմ զբաղված էր հզորություն հավաքող իր վասալի սանձումով։ 1171 թվականին Ամորին այցելում է Կոստանդնուպոլիս, իսկ դեսպանները կրկին ուղարկվում են Եվրոպայի արքաների մոտ, սակայն կրկին օգնություն չի հետևում։ Հետագա մի քանի տարիների ընթացքում թավավորությունը հայտնվում է Սալահ ալ-Դինի և Նուր ալ-Դինի ճնշման տակ։ Խաչակիրների թշնամիներ են դառնում նաև ասասինները, նրանից հետո, երբ տաճարականները սպանում են նրանց մի քանի դեսպաններին։ Գոտյե դյու Մենիլի հրամանատարությամբ տամպլիերների ջոկատը կոտորում է ասասինների առաջնորդի պատվիրակներին, ովքեր պատգամավորությունից հետո վերադառնում էին Ջաբել Նոզայրի։ Ամորին տամպլիերների մագիստրից պահանջում է հանձնել հանցագործին, սակայն մագիստրը պատասխանում է մերժումով, ի պատասխան արքան գրոհում է օրդենի կոմանդորությունը Սիդոնում, գերևարում է Գոտյեի եղբորը և նրան փակում Տյուրոսի բանտում։

Մահ խմբագրել

 
Ամորի I-ի մահը

Նուր ալ-Դին մահանում է 1174 թվականին, որից հետո Ամորին սրընթացորեն պաշարում է Բանիյասը։ Հետադարձ ճանապարհին, այդպես էլ չգրավելով քաղաքը, նա հիվանդանում է դիզենտերիայով (ըստ այլ վարկածի՝ որովայնային տիֆով), որը բժիշկների ջանքերի շնորհիվ թուլանում է, սակայն Երուսաղեմում այն վերափոխվում է տենդի։ Վիլհելմ Տյուրոսցին պատմում է, որ «նրանից հետո, երբ արքան մի քանի օրվա ընթացքում տառապում էր տենդով, նա հրամայում է հունական, սիրիական և այլ ազգությունների բժիշկներին կազմել իրենց հայտնի հիվանդությունների ցանկ և համառում էր նրանում, որ նրանք իրեն տան մի քիչ թուլացնող միջոցներ»։ Սակայն ոչ նրանք, ոչ լատինական բժիշկները չեն կարողանում օգնել նրան և Ամորին մահանում է 1174 թվականի հուլիսի 11-ին։

Ընտանիք խմբագրել

Առաջին կին Ագնես Կուրտենեն Ամորիից ունեցել է երեք երեխա.

Երկրորդ կին Մարիա Կոմնենեն Ամորիից ունեցել է երկու դուստր.

  • Իզաբել
  • անհայտ աղջիկ, ով ծնվել է մահացած

Մահվան մահիճում Ամորին Նաբլուսը ժառանգում է Մարիային և Իզաբելին։ Բորոտությամբ հիվանդ Բալդուին IV-ը դառնում է իր հոր ժառանգորդը և դաստիարակվում էր մոր՝ Ագնես Կուրտենեի կողմից արքունիքում։

Բնավորություն խմբագրել

Տարեգիրները նշում են, որ Ամորին ժլատ էր, հպարտ, պատվախնդիր և դժվարությամբ է հասել նրան, որ իրեն ճանաչեն որպես արքա, ընդ որում նա լռակյաց էր, հեշտությամբ էր ենթարկվում իր շրջապատի ազդեցությանը և թեթևակի կակազում էր։ Երուսաղեմի գահին տեղական մի քանի ազնվականների գաղտնի հավակնությունները ավելացնում էր ժառանգորդ Բալդուին IV-ի արատները։

Վիլհելմ Տյուրոսցին Ամորիի լավ ընկերներից էր և նրա տվյալները նկարագրում է ամենայն մանրամասնությամբ։ «Նա ուներ մի փոքրիկ թերություն արտասանությունում, ոչ այնքան լուրջ, որպեսզի դիտարկվի որպես արատ, սակայն բավարար, որպեսզի դարձնի նրան անկարող ճարտասանության»։ Ինչպես և նրա եղբայր Բալդուին III-ը, նա ավելի շատ տեսաբան էր, քան ռազմիկ, սակայն ազատ ժամանակ ուսումնասիրում էր իրավունք և լեզուներ. «Նա լավ մասնագետ էր սովորական իրավունքի բնագավառում»։ Ամորին չափազանց հետաքրքրասեր էր, սիրում էր կարդալ կամ երբ իր համար կարդում էին, երկար ժամեր անցկացնելով Վիլհելմի սևագրությունների հետ ծանոթություններում։ Նա չէր սիրում զառ քաղալ, սակայն սիրում էր որսորդությունը։

Ամորին բարձրահասակ էր և բավականին գեղեցիկ. «նա ուներ միջին չափերի աչքեր, քիթը, ինչպես և նրա եղբորինն էր, արծվային, նրա մազերը թուխ էին։ Ծավալուն մորուքը պատում էր նրա այտերը և կզակը։ Նա ունակ էր անսհման ծիծաղել, այնպես, որ նրա ամբողջ մարմինը թափահարվում էր»։ Ամորին առատորեն չէր ուտում և խմում, սակայն կյանքի վերջին տարիներին բավականին չաղացել էր, ինչը փոքրացնում էր նրա հետաքրքրությունը ռազմական գործողությունների հանդեպ։ Ըստ Վիլհելմի խոսքերի, նա «շատ գեր էր, կուրծքերով, ինչպես կին, որոնք կախված էին մինչ գոտկատեղը»։ Ամորին աստվածավախ էր և ամեն օր ներկա էր գտնվում պատարագին, չնայած, ինչպես ասում էին, «իրեն չէր սահմանափակում ցանկասիրությունում և գայթակղել է ոչ քիչ քանակի ամուսնացած կանանց»։ Չնայած իր աստվածավախութանը, նա տուրք էր դրել հոգևորականության վրա։

Ինչպես գրում էր Վիլհելմ Տյուրոսցին, «նա եղել է իմաստության և խելամտության մարդ, ամբողջովին բանիմաց, որպեսզի թագավորության կառավարման լծակները պահի իր ձեռքում»։ Նա համարվում է վերջինը Երուսաղեմի «վաղ» արքաներից, ովքեր այդպես էլ չեն կարողանում փրկել թագավորությունը կործանումից։ Մի քանի տարի անց մահանում է կազսր Մանուիլը և Սալահ ալ-Դինը մնում է միակ ուժեղ ղեկավարը արևելքում։

Սերնդաբանություն խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bernard Hamilton, «Women in the Crusader States: The Queens of Jerusalem», in Medieval Women, edited by Derek Baker. Ecclesiastical History Society, 1978
  • Steven Runciman, A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952
  • William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea, trans. E.A. Babcock and A.C. Krey. Columbia University Press, 1943

Արտաքին հղումներ խմբագրել