Մորֆիա (Երուսաղեմի թագուհի)

Մորֆիա կամ Մորֆիա Մալաթիացի (ֆր.՝ Morfia de Malatya, , Մալաթիա, Թուրքիա - 1126 կամ 1227), Բալդուին II-ի կինը, Եդեսիայի կոմսուհի, ապա՝ Երուսաղեմի թագավորության թագուհին։

Մորֆիա
Morfia
Երուսաղեմի թագուհի
 
Ազգություն հայ
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդավայր Մալաթիա, Թուրքիա
Վախճանի օր 1126 կամ 1127 թվական հոկտեմբերի 1
Վախճանի վայր Երուսաղեմ
Հայր Գաբրիել Մալաթիացի
Ամուսին Բալդուին II
Զավակներ Մելիսենդա
Ալիսա
Հոդերնա
Յովետա

Մալաթիայի հայկական իշխանության կառավարիչ, իշխան Գաբրիելի դուստրը[1]։

Կենսագրություն խմբագրել

Մալաթիա քաղաքը գտնվում էր Եդեսիայի կոմսության՝ խաչակիրների կողմից Արևելքում խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ հիմնադրված առաջին պետության, սահմաններից ոչ հեռու և այն պատճառով, որպեսզի ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, Բալդուինը մոտ 1101 թվականին կնության է առնում Մորֆիային, որի համար Գաբրիելը հարուստ օժիտ է տալիս՝ 50 000 ոսկե սոլիդուս։

1118 թվականին Բալդուինը ժառանգում է Երուսաղեմի գահը, սակայն Մորֆիան չորս դուստրերի հետ մնում է Եդեսիայում։ 1119 թվականին, Արյունոտ դաշտի ճակատամարտում քրիստոնյաների պարտությունից հետո, Բալդուինը ուղևորվում է հյուսիս, որպեսզի վերականգնի իր պետության սահմանների անվտանգությունը, իսկ այնուհետև, 1120 թվականին, ընտանիքը տեղափոխում է Երուսաղեմ, որտեղ տեղի է ունենում Մորֆիայի թագադրման արարողությունը։ 1123 թվականին, երբ Բալդուինը գերի է ընկնում մուսուլմաններին, Մորֆիան վերադառնում է Եդեսիա և մասնակցություն է ունենում ամուսնուն գերությունից ազատագրելու բանակցություններին՝ որպես պատանդ առաջարկելով կրտսեր դուստր Յովետային։

Համաձայն Մելիսենդայի Սաղմոսագրքի՝ Մորֆիան մահացել է 1126 կամ 1127 թվականի հոկտեմբերի 1-ին և թաղվել է Սուրբ Մարիամ աբբայությունում՝ հիմնադրված խաչակիրների կողմից Յոսաֆատի հովտում։ Քանի որ Մորֆիան ամուսնու համար չի կարողանում տղա ունենալ, Բալդուինը իր ժառանգորդուհի և ժառանգ է նշանակում դուստրերից ավագին՝ Մելիսենդային և նրան կնության է տալիս Ֆուլկ Անժուացուն։ Մյուս երկու դուստրերը՝ Ալիսան և Հոդերնան, նույնպես կնության են տրվում ազդեցիկ խաչակիրներին։ Առաջինը դառնում է Բոհեմունդ II-ի, Անտիոքի դուքսի կինը, իսկ երկրորդը՝ Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ի կինը։ Բալդուինի կրտսեր դուստր Յովետան կուսակրոն է ձեռնադրվում մենաստանում։

Գրականություն խմբագրել

  • René Grousset, L'Empire du Levant: Histoire de la Question d'Orient, (in francese) Parigi, Payot, 1949. ISBN 2-228-12530-X
  • Steven Runciman: Geschichte der Kreuzzüge. C. H. Beck, München 1995, ISBN 3-406-39960-6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во "Бородино" стр. 25 (161) 2009 г. - ISBN 599011295