Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը Միացյալ Նահանգների գերագույն օրենքն է[1]։ ԱՄՆ սահմանադրությունը ընդունվել է 1787 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆիլադելֆիայում։ ԱՄՆ սահմանադրությունը աշխարհում համարվում է առաջինը՝ ժամանակակից հասկացողության մեջ։ Այն կազմված է յոթ հոդվածներից։ Նրա ընդունման պահից քսանյոթ փոփոխություն է մտցվել, որոնք նրա անբաժան մասն են կազմում[2]։ Համարվում է աշխարհում գործող ամենափոքր սահմանադրությունը[3]։

Սահմանադրության բնօրինակի առաջին էջը

Պատմություն խմբագրել

Դեռ 1777 թվականին, երբ պատերազմը նոր թափ էր ստացել, Մայրցամաքային երկրորդ Կոնգրեսն ընդունեց Կոնֆեդերացիայի հոդվածները, որն ունի սահմանադրական բնույթ և բնորոշեց ԱՄՆ- ն որպես կոնֆեդերացիա և ամրապնդեց կենտրոնական մարմինների լիազորությունները։ 1781 թ.-ին Հոդվածները հավանության արժանացան վերջին՝ 13- րդ նահանգի կողմից և օրինական ուժի մեջ մտան։ Շատերը նշեցին մի շարք բացասական կողմեր. նախ՝ Կոնֆեդերացիայի հոդվածները կենտրոնական մարմիններին վերապահեցին նվազ լիազորություններ, երկրորդ՝ Կոնգրեսում յուրաքանչյուր նախաձեռնության շուրջ քվեարկության ժամանակ պահանջվում էր նահանգների միաձայն որոշում։ Այնպես որ մեկ նահանգը ցանկության դեպքում կարող էր խափանել օրենսդրական նախաձեռնությունը։ Ջորջ Վաշինգտոնը Կոնֆեդերացիայի հոդվածները անվանում էր «ավազից պարան»[4]։ Դրա համար էլ շուտով առաջացավ Հոդվածներում ուղղումներ կատարելու անհրաժեշտությունը։

1786 թ. սեպտեմբերին 5 նահանգների (Նյու Ջերսի, Նյու Յորք, Փենսիլվանիա, Դելավեր, Վիրջինիա) ներկայացուցիչները հավաքվեցին Աննապոլիսում՝ քննարկելու Կոնֆեդերացիայի հոդվածներում ուղղումները, որոնք վերաբերում էին նահանգների միջև սահմանային խոչընդոտների վերացմանը։ Քանի որ մի շարք նահանգների ներկայացուցիչներ չկարողացան հասնել Աննապոլիս, ինչը այս կան այն ձևով բացառեց դրա ներկայացուցչական բնույթը, ուստի պատվիրակները դիմեցին Կոնգրեսին՝ խնդրելով հաջորդ տարվա (1787) մայիսին կազմել կոնվենտ Ֆիլադելֆիայում, որին պետք է մասնակցեին բոլոր նահանգների ներկայացուցիչները, որոնք օժտված են Կոնֆեդերացիայի հոդվածներում ուղղումներ կատարելու իրավասությամբ։

Ֆիլադելֆիայի կոնվենտը խմբագրել

 
Ֆիլադելֆիայի կոնվենտը

1787 թ. փետրվարի 21- ին Կոնգրեսն ընդունեց բանաձև Կոնվենտի հրավիրման մասին։ 12 նահանգներից ներկայացվեցին 70 պատվիրակներ, որոնք պետք է մասնակցեին Կոնվենտին։ Թեկուզ Կոնվենտի հրավիրման հիմնական նպատակը Հոդվածներում ուղղումներ կատարելն էր, սակայն աստիճանանաբար զարգացավ նոր սահմանադրություն ընդունելու միտումը, որը կլուծեր նահանգների միջև սահմանային հարցը, կհաստատեր իշխանական մարմինների համակարգը։ Օրինագծի քննարկումն արդեն ավարտվում էր, երբ Ջեյմս Մեդիսոնը՝ սահմանադրության հեղինակներից մեկը, Կոնվենտի ընթացքում կատարել էր գրառումներ, որոնց շնորհիվ հասկանալի եղան նիստի մի շարք մանրամասներ և քննարկման մասնակիցների տեսակետները[5]։

 
«Վիրջինիայի պլան»- ի հեղինակ Ջեյմս Մեդիսոնը

Կոնվենտում հիմնական տարաձայնությունները կապված էին սահմանդարական երկու մոդելների առկայության հետ, որոնք կոչվեցին «Վիրջինիայի պլան» և «Նյու Ջերսիի պլան»։ «Վիրջինիայի պլան»- ի հեղինակը Մեդիսոնն էր։ Այստեղ հիմնականում պաշտպանվում էր դաշնային մարմինների համակարգի ստեղծման գաղափարը։ Այդ մարմինները պետք է օժտված լինեին օրենսդրական լիազորություններով։ Ըստ «Նյու Ջերսիի պլան»- ի՝ կառավարությունը կազմավորվում է օրենսդրի կողմից՝ 7 տարի ժամկետով, իսկ դատական համակարգը հիմնված է դատավորների անփոփոխելիության սկզբունքի վրա[6]։ Այս պլանը պաշտոնապես ներկայացվեց Վիրջինիայի նահանգապետ Էդմունդոմ Ռենդոլֆոմի կողմից 1787 թ. մայիսի 29- ին։ Այս պլանը ներկայացրեց փոքր նահանգների շահերը։ Ուիլիամ Պետերսոնը առաջարկում էր Կոնֆեդերացիայի հոդվածներում կատարել մի քանի փոփոխություններ, այդ թվում նաև ամրապնդել դաշնային օրենսդրության գերակայությունը՝ չփոխելով փաստաթղթի էությունը։ «Նյու Ջերսիի պլան»- ի վերաբերյալ բանավեճերը ընթացան 1787 թ. հունիսի 13- 16- ը և ավարտվեցին դրա մերժմամբ։ Իր «պլանն» առաջարկեց Ալեքսանդր Համիլտոնը, որը կոչվեց «Համիլտոնի պլան»։ Այն ուներ ընդհանրություններ այդ ժամանակ գործող կառավարման բրիտանական մոդելի հետ։ Սակայն այս պլանը ևս երկար կյանք չունեցավ։

Թեկուզ «Վիրջինիայի պլան»-ը համարվել էր ապագա սահմանադրության հիմք, սակայն երկար ժամանակ չէին լուծվում օրենսդիր մարմնի կազմավորման հակասական սկզբունքները։ Մեծ նահանգների պատվիրակները կողմ էին համամասնական ներկայացուցչությանը՝ կախված նահանգի բնակչության թվից, իսկ փոքր նահանգների պատվիրակները ավելի շատ հակված էին հավասար ներկայացուցչությանը։ Կոնվենտում քննարկվեց նաև ստրկության մասին հարցը։ Արդյունքում ընդունվեց որոշում ստրկությունը 20 տարի պահպանելու մասին, և դրա լուծումը թողնվեց ապագա սերունդներին։

Սահմանադրության վավերացումը խմբագրել

1787 թ. սեպտեմբերի 17- ին սահմանադրության նախագիծն արդեն պատրաստ էր, և առաջացավ այն նահանգների կողմից վավերացնելու խնդիր։ Իր ճառի վերջում Բենջամին Ֆրանկլինը պնդեց, որպեսզի սահմանադրությունը օրինական ուժի մեջ մտնի միայն բոլոր նահանգների կողմից վավերացվելուց հետո։ Այդ մասին դրույթ կար նաև սահմանադրության 13- րդ հոդվածում։ Սակայն միաժամանակ 7-րդ հոդվածով նախատեսված էր, որ սահմանադրությունը օրինական ուժի մեջ է մտնում 9 նահանգի կողմից վավերացվելուց հետո։ Այս դրույթը, փաստորեն, նշանակում է, որ նահանգի կողմից սահմանադրությունը չվավերացնելը նախանշում է նրա դուրս գալը դաշնության կազմից։ Նախագիծը ուղարկվեց Կոնգրես, որը հավանության արժանացրեց այն և ուղարկեց նահանգների կողմից վավերացմանը։

1- ինը վավերացրեց Դելավերը, 2- րդը՝ Փենսլվանիան, 3- րդը՝ Նյու Ջերսին, այնուհետև՝ Ջորջիան, Կոնեկտիկուտը, Մասսաչուսեթսը, Մերիլենդը, Հարավային Կարոլինան, Նյու Հեմփշիրը, Վիրջինիան, Նյու Յորքը, Հյուսիսային Կարոլինան, Ռոդ Այլենդը։

Աղբյուրները խմբագրել

 
Շառլ Լուի Մոնտեսքյո

Սահմանադրության հիմքում ընկած էին քաղաքականության նախահայրերի, ինչպես նաև 17- 18- րդ դդ. փիլիսոփաների մի շարք առաջադեմ գաղափարներ, որոնք համապատասխանում էին գործող սահմանադրաիրավական նորմերին։ Սահմանադրության ձևավորմանը մեծ ազդեցություն ունեցավ Շառլ Լուի Մոնտեսքյոյի «Օրենքի ոգին»[7] աշխատաությունը, որտեղ նա արտահայտեց իր տեսակետը իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառման մասին։ Ըստ նրա՝ ամեն ոք, որի ձեռքում լինի կենտրոնացված իշխանությունը, կսկսի չարաշահել այն։ Մոնտեսքյոն հնարավոր էր համարում իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառումը միապետություններում։ Մոնտեսքյոն առաջարկեց հարկերի սահմանման իրավասությունը վերապահել օրենսդրին, որը, գործադրին ֆինանսավորելով, կկարողանար ազդել նրա գործունեությանը, իսկ գործադիր իշխանությանը վերապահել վետոյի իրավունք օրենսդրի կողմից օրենքների ընդունման հարցում։ Դատական համակարգը պետք է անկախ լինի նշված երկու իշխանություններից։ Հենց այս դրույթները ամրագրում գտան ԱՄՆ- ի սահմանադրությունում։ Սակայն իշխանությունների տարանջատման սկզբունքը ամրագրված է ավելի «կոշտ» ձևով, երբ իշխանության մի թևի հնարավորությունը ազդելու մյուսին հասցվում է նվազագույնի. նախագահը իրավունք չուներ արձակել խորհրդարանը կամ նրա մի պալատը, գործադիր իշխանության պաշտոնատար անձինք քաղաքական պատասխանատվություն չէին կրում Կոնգրեսի առաջ։ Սահմանադրության ստեղծմանը մեծապես նպաստեցին նաև Ջոն Լոկի, Ժան Ժակ Ռուսոյի, Թոմաս Հոբսի հայացքները։ Հատկապես Ջոն Լոկին են պատկանում բնական իրավունքների մասին տեսությունը, ըստ որի՝ այդ իրավունքները տրված են ի վերուստ։ Դրանցից են կյանքի, ազատության, առողջության իրավունքները[8]։ Նա է առաջ քաշել այսպես կոչված հասարակական պայմանագրի գաղափարը, համաձայն որի՝ եթե ժողովուրդը կապել է պայմանագիր կառավարության հետ, իրավունք ունի այն չեղյալ հայտարարել, եթե կառավարությունը խախտել է պայմանագրի պայմանները և իշխանությունը օգտագործել է իր շահերի համար[8]։

Ֆեդերալիզմը հայտնի էր դեռևս վաղուց՝ մինչև ԱՄՆ- ի կազմավորումը[9]։ Այն ծագել է ԱՄՆ- ում, քանի որ մինչև միասնական պետության ստեղծումը նահանգները գոյություն ունեին որպես առանձին գաղութներ՝ իրենց իշխանություններով և ինքնուրույնությամբ հանդերձ։ Դաշնության ստեղծման գաղափարը առաջ քաշեցին Մեդիսոնը, Համիլտոնը, Ջեյը սահմանադրության վավերացման ժամանակ։ Եվ Մեդիսոնը գրել է.

«Դաշնային կառավարության գործունեությունը կլինի ավելի լայնածավալ և կարևոր պատերազմների և վտանգի առկայության, իսկ նահանգների կառավարության գործունեությունը՝ խաղաղության և վտանգի բացակայության ժամանակ»[10]։

Սահմանադրության մեջ մտցվեցին նաև «Հաբեաս կորպուսը» (1679 թ.) և «Իրավունքի մասին բիլլը» (1689 թ.), որոնք նախատեսում էին իրավունքների պաշտպանության լայն երաշխիքներ։

Սահմանադրության կառուցվածքը խմբագրել

Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան), 7 հոդվածից, 27 ուղղումներից (այդ թվում՝ «Իրավունքի բիլլը» կազմող 10 ուղղումներից)։

Պրեամբուլա խմբագրել

Այն կազմված է մեկ նախադասությունից։ Այն է ՝

Մենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդս, նպատակ ունենալով ապահովելու առավել կատարյալ միության ստեղծումը, ամրապնդելու արդարությունը, ապահովելու ներքին անվտանգությունը, միասնական պաշտպանության կազմակերպումը, խթանելու մեր և մեր սերունդների ընդհանուր բարեկեցությանը, անվտանգությանը և ազատությանը՝ սահմանում և ընդունում ենք այս սահամանադրությունը։

Այսպիսով, սահմանադրությունը նախատեսում է 5 հիմնական նպատակ.

  • Նահանգների միջև համագործակցության ստեղծումը,
  • Արդարության և հասարակական անվտանգության երաշխիքների սահմանումը,
  • Ներքին պաշտպանությունը,
  • Բնակչության բարգավաճման ապահովումը,
  • Իրավունքների պաշտպանությունը ներկայում և ապագայում։

Օրենսդիր իշխանությունը խմբագրել

 
Կոնգրեսը ԱՄՆ- ում

Հոդված 1- ինը նվիրված է օրենսդիր իշխանությանը, որն իրականացնում է Կոնգրեսը՝ ի դեմս նրա 2 պալատի՝ Սենատի (վերին) և Ներկայացուցիչների պալատի (ստորին)։ Հոդվածում նախատեսված են դրույթներ պալատի ընտրությունների, թեկնածուներին ներկայացվող պահանջների, Կոնգրեսի իրավասությունների, օրենսդրական գործընթացի վերաբերյալ։ Հոդվածը նաև նախատեսում է սենատորների անձեռմխելիությունը, խոսքի ազատության հնարավորությունը և վարձատրության անհրաժեշտությունը։ 1819 թ. -ին ԱՄՆ- ի Գերագույն դատարանը Ջոն Մարշալի գլխավորությամբ, քննելով Մակալոխն ընդդեմ Մերիլենդի գործը[11], սահմանեց, որ Կոնգրեսն իրավասու է ընդունել օրենքներ այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք սահմանված չեն Հոդված 1- ով, սակայն դա անհրաժեշտ է սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների իրականացման համար։ 1913 թ. -ին կատարված 17- րդ լրացումով հոդվածում կարևոր փոփոխություն մտցվեց սենատորի ուղղակի ընտրության մասին։ Մինչ այդ սենատորները ընտրվում էին նահանգների օրենսդիր մարմինների կողմից։ 17- րդ ուղղումը նախատեսում էր նաև, որ օրենքները պետք է ընդունվեն պալատում անդամաների պահանջվող կազմի ապահովման դեպքում։ Առանց դրա կարող էին ընդունել միայն ընդմիջման կամ պահանջվող կազմի ապահովման համար գործողությունների կատարման մասին որոշումներ։ Պալատի 1/5- ը իրավունք ուներ պահանջելու ինքնուրույն սահմանել իր գործունեության կարգի սահմանումը։ Հոդված 1- ինի կարևոր առանձնահատկություն էր այն, որ պատգամավորի կամ սենատորի մանդատի վերաբերյալ վեճը լուծում է այն պալատը, որի անդամն է նա համարվում։

Գործադիր իշխանությունը խմբագրել

 
Սպիտակ տունը, ԱՄՆ- ի նախագահի նստավայրը

Հոդված 2- րդը սահմանում է, որ ԱՄՆ- ում գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին։ ԱՄՆ- ի նախագահ կարող է ընտրվել այն անձը, ով ծնվել է ԱՄՆ- ում (կամ սահմանադրության ընդունման ժամանակ եղել է ԱՄՆ- ի քաղաքացի), հասել է 35 տարեկան հասակի, վերջին 14 տարին հանդիսացել է ԱՄՆ- ի մշտական բնակիչ։ Նախագահն ընտրվում է ընտրիչների կոլեգիայի միջոցով, որը ներկայումս կազմված է 538 ընտրիչներից (435 անդամ ներկայացուցիչների պալատից + 100 սենատոր + 3 ընտրիչ Կոլումբիա դաշնային օկրուգից)[12]։ Եվ յուքանչյուր նահանգում առավել ձայներ ստացած թեկնածուին է անցնում տվյալ նահանգի ընտրիչների քանակին հավասար ձայներ, ու չի բացառվում, որ ընտրողների առավել շատ թվով ձայներ ստացած թեկնածուն չընտրվի, այլ նա, ով ստացել է ընտրիչների առավել շատ ձայներ։ Այդպիսի իրավիճակ էր ստեղծվել 2000 թ. նախագահական ընտությունների ժամանակ։ Նախագահի պաշտոնանկության կամ նրա մահվան կամ լիազորությունների դադարման կամ լիազորությունների կատարման անհնարինության դեպքում նրա փոխարեն հանդես է գալիս փոխնախագահը[13]։ Հոդվածը սահմանում է ընտրության հաջորդականությունը, թեկնածուին ներկայացվող պահանջները, պաշտոնին անցնելիս իրականացվող երդման արարողությունը։ Փոխնախագահն ու նախագահն ընտրվում են միաժամանակ։ 1951 թ. -ին կատարված 22-րդ ուղղումը սահմանեց, որ երկուսից ավելի անգամ անընդմեջ ոչ ոք չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը։

Դատական իշխանությունը խմբագրել

 
Գերագույն դատարանը ԱՄՆ- ում

Հոդված 3- րդը նվիրված է ԱՄՆ- ի դատական համակարգին, որը կազմված է Գերագույն դատարանից և ստորադաս ատյաններից, որոնց կազմը հաստատում է Կոնգրեսը։ Գերագույն դատարանը համարվում է առաջին ատյանի դատարան մի շարք գործերի համար, բայց շատ գործերի քննման դեպքում էլ կարող է հանդես գալ որպես վերաքննիչ ատյան։ Բոլոր դատարանների դատավորները անփոփոխելի են։ Այս հոդվածով նախատեսված են նաև բոլոր քրեական գործերի քննումը ատենակալների մասնակցությամբ և պետական դավաճանության հասկացությունը։

Նահանգների հավասարությունը խմբագրել

Հոդված 4- րդը վերաբերում է նահանգների և դաշնության հավասարությանը։ Այն սահմանում է նահանգների պաշտոնատար անձանց պարտականությունը ցուցաբերել հարգանք և վստահություն նահանգների ակտերի նկատմամբ և արգելում է խտրականությունը նահանգների բնակիչների միջև։ Սահմանվեց նահանգի պարտականությունը միջոցներ ձեռնարկել այն հանցագործների մերկացման համար, որոնք հանցանք են կատարել տվյալ նահանգի սահմաններում։ Հոդվածի 3- րդ մասը սահմանում է նահանգի կազմում նոր նահանգի ստեղծումը, որի համար պահանջվում է շահագրգիռ նահանգների օրենսդիր մարմինների համաձայնությունը, իսկ 4- րդ մասը նախատեսում է դաշնության պարտականությունը ապահովել նահանգներում անվտանգությունը ներքին և արտաքին վտանքի առկայության դեպքում։

Ուղղումները սահմանադրությունում խմբագրել

Հոդված 5-րդը նախատեսում է սահմանադրությունում ուղղումներ կատարելու կարգը։ Ուղղումները կարող են ընդունվել Կոնգրեսի (յարաքնչյուր պալատի անդամների 2/3- ի համաձայնությամբ) կամ Կոնվենտի կողմից։ Մինչ օրս ուղղումները կատարվել են Կոնգրեսի կողմից։ Կոնգրեսի կամ Կենվենտի կողմից ուղղումները ընդունելուց հետո դրանք պետք է վավերացվեն նահանգների օրենսդիր մարմինների 3/4- ի կողմից։ Ընդ որում՝ Կոնգրեսն է որոշում դրա կատարման եղանակը. յուրաքանչյուր նահանգի օրենսդիր մարմինների կողմից կամ յուրաքանչյուր նահանգում Կենվենտի հրավիրման միջոցով վավերացում։ Երկրորդ տարբերակն օգտագործվեց միայն նրա համար, որպեսզի ընդունվի 21- րդ ուղղումը, որը բացառեց 18- րդ ուղղումը։ Որպեսզի ընդունվի սենատորների քանակը նվեզեցնելու մասին ուղղում, անհրաժեշտ էր շահագրգիռ նահանգների համաձայնությունը։

Դաշնության և նահանգի օրենսդրության հարաբերակցությունը խմբագրել

Հեդված 6- րդը սահմանում է դաշնության իրավական ակտերի առաջնայնությունը։ Նահանգների սահմանադրությունները պետք է համապատասխանեն դաշնության սահմանադրությանը և միջազգային պայմանագրերին։ Դաշնության և նահանգի օրենսդրության միջև հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է դաշնության ակտերին։ Հոդվածը սահմանում է սենատորների, Ներկայացուցիչների պալատի անդամների, նահանգների օրենսդիր մարմինների անդամների, պաշտոնատար այլ անձանց կողմից իրենց պաշտոնն ստանձնելիս սահմանադրությանը համապատասխան գործելու մասին երդում տալու անհրաժեշտություն։

Վավերացումը խմբագրել

Հոդված 7- րդը հավաստում է, որ սահմանադրության ուժի մեջ մտնելու համար բավական է 9 նահանգների կողմից վավերացումը։ Նման պարագայում նույնիսկ սահմանադրության ընդունումից նահանգների կեսի հրաժարվելու դեպքում այն կարող է ընդունված համարվել։ Առաջին նահանգը, որը վավերացրեց սահմանադրությունը, Դելավերն էր (դեկ. 7, 1787 թ.), 9- րդը՝ Նյու Հեմփշիրը (հունիսի 21, 1788 թ.)։

Սահամադրության ուղղումները խմբագրել

Սահամանադրության ընդունումից ցայսօր կատարվել են ընդամենը 27 ուղղումներ։

Համարը Ուղղման անվանումը Որոշման ուժի մեջ մտնելը
1 Խոսքի, խղճի ազատության, մամուլի, ցույցեր կազմակերպելու իրավունք 1791 թ. դեկտեմբերի 5
2 Զենք կրելու և պահելու իրավունք 1791 թ. դեկտեմբերի 5
3 Առանց տան սեփականատիրոջ համաձայնության զինվորներիՆ այդտեղ պահելը 1791 թ. դեկտեմբերի 5
4 Կամայական որոնումների և կալանքի արգելքը 1791 թ. դեկտեմբերի 5
5 Պատշաճ քրեական դատավարության իրականացնելու, կրկնակի ձերբակալվելու, իր իսկ դեմ ցուցմունք տալու անթույլատրելության ապահովումը 1791 թ. դեկտեմբերի 5
6 Մեղադրյալի իրավունքների, ատենակալների ներկայության ապահովումը 1791 թ. դեկտեմբերի 5
7 Ատենակալների ներկայության ապահովումը քաղաքացիական գործերով 1791 թ. դեկտեմբերի 5
8 Ավելորդ տուգանք չվերցնելու, դաժան պատիժներ չկիրառելու սահմանումը 1791 թ. դեկտեմբերի 5
9 Անձի կողմից իր իրավունքների իրականացումը այլ անձանց իրավունքների իրականացմանը չխոչընդոտելու անհրաժեշտությունը 1791 թ. դեկտեմբերի 5
10 Նահանգների իրավասությունների հստակեցումը 1791 թ. դեկտեմբերի 5
11 Նահանգների դատական անձեռմխելիության սահմանումը 1795 թ. փետրվարի 7
12 Նախագահական ընտրությունների ժամանակ ընտրիչների քվեարկության փոփոխության կարգ 1804 թ. հունիսի 15
13 Ստրկության վերացումը 1865 թ. դեկտեմբերի 6
14 Քաղաքացիների իրավահավասարության երաշխավորումը և նահանգի կողմից խտրական օրենքների ընդունման արգելքը 1868 թ. հուլիսի 9
15 Սևամորթների և նախկին ստրուկների ակտիվ ընտրական իրավունքի սահմանումը 1870 թ. փետրվարի 3
16 Եկամտահարկի ներդնումը, որը անցնում է դաշնության բյուջե 1913 թ. փետրվարի 3
17 Սենատի ընտրությունների ուղղակի լինելը 1913 թ. ապրիլի 8
18 Չոր օրենքների ներդնումը (վերացվեց 21- րդ ուղղմամբ) 1920 թ. հունվարի 20
19 Կանանց ակտիվ ընտրական իրավունքի սահմանումը 1920 թ. օգոստոսի 18
20 Նախագահի և Կոնգրեսի լիազորությունների ժամկետների սահմանումը 1933 թ. հունվարի 23
21 18-րդ ուղղման վերացումը, ալկոհոլի սահմանափակ օգտագործման թույլատրելիությունը նահանգներում 1933 թ. դեկտեմբերի 5
22 Նախագահի՝ 2- ից ավելի անգամ անընդմեջ ընտրվելու անթույլատրելիությունը 1951 թ. փետրվարի 27
23 Նախագահական ընտրությունների ժամանակ Վաշինգտոնը որպես ընտիչների կոլեգիայի անդամ ներկայացնելը 1961 թ. մարտի 29
24 Հարկերը չմուծելու համար ընտրական իրավունքը չսահմանափակելը 1964 թ. հունվարի 23
25 Նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նրան փոխարինում է երկրի փոխնախագահը 1967 թ. ֆետրվարի 23
26 Ակտիվ ընտրական իրավունքի սահմանումը 18 տարերկանը լրանալուց հետո 1971 թ. հուլիսի 1
27 Օրենքը, որով սահմանվում են սենատորների և ներկայացուցիչների պալատի անդամի առարկությունները, ուժի մեջ է մտնում ներկայացուցիչների պալատի վերընտման դեպքում 1992 թ. մայիսի 5

Հետաքրքիր փաստեր սահմանադրության մասին խմբագրել

  • ԱՄՆ- ի 1787 թ. սահմանադրությունը պատմության մեջ առաջին գրված սահմանադրությունն է։
  • ԱՄՆ-ի սահմանադրությունը գրվել է երեք տասնյակ անձանց կողմից հարյուր աշխատանքային օրվա ընթացքում[14]։
  • Այն համարվում է ամենակարևոր իրավական ակտերից մեկը, հիմք է հանդիսացել 165 երկրների սահմանադրության ստեղծման համար։
  • Կազմված է 4400 բառից, սակայն ոչ մի տեղ չի նշվում «ժողովրդավարություն» հասկացությունը, բայց նրա՝ ժողովրդավարական լինելու վերաբերյալ որևէ կասկած չկա։
  • Նրանում 11000 փոփոխություն կատարելու փորձեր են կատարվել, Կոնգրեսն ընդունել է միայն 33-ը, իսկ նահանգների կողմից վավերացվել՝ 27-ը։ 1-10- րդ ուղղումները կոչվում են «Իրավունքի բիլլ», որի հիմքը Անգլիայի 1689 թ. «Իրավունքի բիլլն» է, վերջին փոփոխությունը կատարվել է 1992 թ.-ին, որը առաջարկվել էր 200 տարի առաջ՝ 1792 թ.-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Maier, Pauline (2010). Ratification: The People Debate the Constitution, 1787–1788. New York: Simon & Schuster. էջ 35. ISBN 978-0-684-86854-7.
  2. United States Senate (1992). «Amendments to the Constitution of the United States of America». The Constitution of the United States of America: Analysis and Interpretation (PDF). U.S. Government Printing Office. էջ 25 n.2. ISBN 9780160632686.
  3. «National Constitution Center». Independence Hall Association. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  4. John R. Alden George Washington: A Biography. — LSU Press, 1996. — P. 221. — 326 p. — ISBN 9780807121269
  5. National Archives: Delegates to the Constitutional Convention — Virginia#Madison
  6. «Текст «Плана Виргиния»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Baron de Montesquieu, Charles-Louis de Secondat — статья в Стэнфордской энциклопедии философии». Стэнфордский университет, plato.stanford.edu. 2003 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.
  8. 8,0 8,1 «Johne Locke — статья в Стэнфордской энциклопедии философии». Стэнфордский университет, plato.stanford.edu. 2001 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Федерализм — статья в Стэнфордской энциклопедии философии». Стэнфордский университет, plato.stanford.edu. 2001 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  10. Мэдисон, Джеймс, Alleged Danger From the Powers of the Union to the State Governments Considered, The Federalist Papers, #45 (26 января 1788 года)
  11. «McCulloch v. Maryland, 17 U.S. 316 (1819)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. Новая история в документах и материалах. — II. — М, 1934. — С. 179-180.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Անգլերեն Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
ԱՄՆ Սահմանադրություն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Սահմանադրություն» հոդվածին։