Տուգանք (գերմ.՝ die Strafe), իրավախախտման համար օրինականացված պատիժ։ Սովորաբար այն լինում է դրամական բռնագանձման տեսքով, որպես կանոն` հօգուտ պետության, որը նշանակվում է զանցանք կատարելու համար։ Տարբեր պետությունների օրենսդրության մեջ «տուգանք» տերմինին զուգահեռ օգտագործվում է նաև «դրամական բռնագանձում» տերմինը։ Տուգանքը որպես պատժի տեսակ բնորոշ է իրավունքի մի քանի ոլորտների։

Տուգանքը որպես քրեական պատիժ

խմբագրել

Տուգանքը լայնորեն կիրառվում է աշխարհի շատ երկրների քրեական իրավունքում։ Սա տարածվածությամբ քրեական առաջին պատիժն է Անգլիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Այն առաջին տեղում է գտնվում նաև գույքային պատիժների շարքում։ Գերմանիայի օրենսդրությունը տուգանքն ընդունում է որպես երկրորդ հիմնական պատժատեսակ։ Տուգանք պատժատեսակը այլ երկրներում նույնպես կիրառվում է[1]։

Որպես քրեական պատժի տեսակ՝ տուգանքը ունի բազմաթիվ առավելություններ։ Դրանցից են օրինակ բանտարկվածների թվի նվազեցումը, թեթև հանցագործություններ կատարած անձանց և պրոֆեսիոնալ ու լուրջ հանցագործների հետ շփման բացառումը։ Պատժի այս տեսակի իրականացման համար չեն պահանջվում խոշոր ծախսեր (հատուկ գործադիր մարմիններ ստեղծելու անհրաժեշտություն չկա), պետական բյուջեն ստանում է մեծ եկամուտներ։ Նշանակված պատիժը տալիս է անհատականացնելու հնարավորություն՝ կախված հանցագործություն կատարած անձի հնարավորությունից, ինչպես նաև տալիս է օրինապահ վարքը խթանող միջոցների կիրառման հնարավորություն (օրինապահ վարքագծի դեպքում անձը ստանում է վճարումը հետաձգելու և այն տարաժամկետ կատարելու հնարավորություն, նաև որոշ դեպքերում տուգանքի չափը նվազեցվում է)[1]։

Տուգանքը կարող է կիրառվել որպես ինքնուրույն պատժատեսակ։ Արարքների ցանկը, որոնք կարող են պատժվել մեկ տուգանքով՝ առանց այլ միջոցների կիրառման, որպես կանոն բավականին տարածված  են։ Ֆրանսիայում նման արարքներ են համարվում անզգուշությամբ մահ պատճառելը, դիտավորյալ բռնի գործողությունները, որոնք հանգեցրել են տուժողի խեղմանը կամ քրոնիկ հիվանդությանը, բռնաբարությանը չվերաբերող սեռական ագրեսիան, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, մարդուն վտանգի մեջ թողնելը և այլն[1]։

Բացի այդ՝ տուգանքը կարող է սահմանվել ավելի քիչ խստությամբ պատիժը փոխարինելու կարգով կամ պատժի այլ տեսակների հետ միաժամանակ փոխարինելու կարգով։ Այսպես, ԱՄՆ-ում տուգանքը մեծ մասամբ զուգակցվում է ազատազրկման կամ պրոբացիայի տեսքով պատժի նշանակման հետ[1]։

Վերջին ժամանակներս իրավակիրառ մարմինների պրակտիկայում կիրառվում են տուգանքի նոր տեսակներ, օրինակ՝ շատ երկրներում սահմանվում են տուգանային օրեր (որոշ ժամանակահատվածում պետական բյուջե որոշակի դրամական գումարների կանոնավոր մուտքագրում)[1]։

Գերմանիայում գործում է գույքային տուգանքներ նշանակելու պրակտիկա, որը տեղի է ունենում պետության եկամուտների միանվագ վճարմամբ, որի չափը որոշվում է հանցագործի գույքային ունեցվածքի ընդհանուր արժեքի որոշակի բաժնեմասին համապատասխան[1]։ Նշվում է, որ նման տուգանքներն ըստ էության իրենցից ներկայացնում են առգրավման գործառույթ, որը ենթադրաբար ստացվել է հանցավոր ճանապարհով, ինչն էլ նրանց ավելի է մոտեցնում գույքի բռնագրավմանը[2]։

Տուգանքի չափը որոշում է դատարանը՝ հաշվի առնելով դատապարտյալի գույքային վիճակը և ըստ դրա պարտավորվում է հանցագործին չենթարկել ֆինանսական ծանրաբեռնվածության։ Օրենսդրությունը բավականին հաճախ նախատեսում է տուգանքների վճարման հետ կապված արտոնությունների տրամադրման հնարավորություն, օրինակ՝ վճարումների տարաժամկետ վճարում, տուգանքների մի մասի վճարումից ազատում, որն էլ կապված է անձի բարյացակամ վարքագծի հետ և այլն[1]։

Այն դեպքում, երբ տուգանքը չի վճարվում հանցագործություն կատարած անձի կողմից, որպես կանոն, այն փոխարինվում է պատժով, որը կապված է ազատազրկման հետ[1]։

Տուգանքը հայկական իրավունքում

խմբագրել

Տուգանքը ՀՀ Քրեական օրենսգրքում

խմբագրել
  1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով։

2. Տուգանքի չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը և դատապարտվողի գույքային դրությունը։

3. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Այդ դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց, և որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը։ Նշված արտոնությունը դատարանի որոշմամբ ուժը կորցնում է, եթե դատապարտյալը խախտում է տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը։ Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով։

4. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց։ Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ[3]։

(51-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն)

 

Ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման

խմբագրել

Անաշխատունակ ճանաչված անձանց նկատմամբ դատարանը կարող է ուղղիչ աշխատանքները փոխարինել տուգանքով` հաշվելով մեկ ամսվա ուղղիչ աշխատանքների դիմաց հարյուր դրամ տուգանք, ոչ շահադիտական հանցագործությունների համար ևս կատարվում է նույն հաշվարկը, սակայն այս դեպքում հինգ հարյուր դրամից ոչ ավելի գումարով կամ պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելով[4]։

Վարչական տուգանք

խմբագրել

Հարկային մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ հարուցված գործերով, որպես պատասխանատվության միջոց, կիրավում է տուգանք։ Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում։ Հնարավոր է նաև բողոքարկել տուգանք վճարելու մասին որոշումը։

Վարչական տուգանքը նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումն իրականացվում է քաղաքացիական դատավարության նախատեսված կարգով[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Архипенко, Т. В. Уголовное наказание в виде штрафа в законодательстве зарубежных стран // Российский следователь. — 2008. — № 21.
  2. Липатов, Д. В. Штраф как вид уголовного наказания в законодательстве зарубежных стран // Международное публичное и частное право. — 2006. — № 2.
  3. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=69646
  4. https://www.arlis.am/documentview.aspx?docid=5
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուգանք» հոդվածին։