Զբոսաշրջությունը Եգիպտոսում

(Վերահղված է Տուրիզմը Եգիպտոսումից)

Զբոսաշրջությունը Եգիպտոսում երկրի տնտեսության հիմնական ճյուղերից է։ 2010 թվականին այն եղել է իր գագաթնակետին՝ ապահովելով Եգիպտոսի աշխատուժի 12%-ը[1]։ Եգիպտոսն ընդունել են մոտ 14,7 միլիոն զբոսաշրջիկների՝ ստանալով $12,5 միլիարդ եկամուտ[2]։ Դա երկրի ՀՆԱ-ի 11%-ից ավելին է, արտաքին կապիտալի դրամաշրջանառության 14,4%-ը[3]։

Զբոսաշրջության բիզնեսի աճը Եգիպտոսում պայմանավորված է նրա՝ զարգացող երկիր լինելու հանգամանքով։ Եգիպտոսն ունի նպաստավոր պայմաններ զբոսաշրջիկներին գրավելու համար։ Հնագույն քաղաքակրթության և մշակութային պատմական հուշարձանների թվով Եգիպտոսը երրորդն է աշխարհի երկրների ցանկում։ Դրանց թվին են պատկանում ինչպես հին եգիպտական (փարավոնական), հին հռոմեական ու հին հունական հուշարձանները, այնպես էլ կրոնական տեսարժան վայրերը՝ կապված իսլամական, քրիստոնեական և հուդայական կրոնների հետ։ Պատմագիտական օբյեկտների դիտումն ու հետազոտումը Եգիպտոսում զբոսաշրջիկների մնալու ժամանակի ընդամենը 18-20%-ն են զբաղեցնում։ Նրանք իրենց ժամանցի հիմնական մասն անցկացնում են Միջերկրական ու Կարմիր ծովերի ափերին տեղակայված առողջարաններում ու հյուրանոցներում, կատարում դեպի անապատ ճամփորդություններ, մասնակցում սպորտային և այլ միջոցառումների։

Պատմություն խմբագրել

 
Հատշեպսուտի տաճարը Լուքսորում

Դեռ երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին Եգիպտոսը հայտնի զբողաշրջության կենտրոն էր։ 1951 թվականի դրությամբ՝ զբոսաշրջիկների քանակը հասնում էր 100 000-ի։ 1975 թվականին Եգիպտոսը հեշտացրեց վիզային համակարգը, ինչը նպաստեց տուրիզմի զարգացմանը։ Դա արվեց մասնավորապես Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրների համար։ Եգիպտոսում դեսպանատներ բացեցին Ավստրիան, Նիդերլանդները, Դանիան և Ֆինլանդիան։ 1976 թվականին զբոսաշրջության զարգացումը դրվեց հնգամյա պլանի հիմքում, և պետության բյուջեի 12%-ն ուղղվեց հյուրանոցների և ենթակառուցվածքների (օդանավակայաններ, երկաթուղի, ավտոխճուղի) ստեղծմանը։ 1979 թվականին Եգիպտոս են բերվում տուրիզմի մասնագետներ բազմաթիվ երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից։ 1981 թվականին Եգիպտոս էր այցելել արդեն 1,8 միլիոն, իսկ 2000 թվականին՝ 5,5 միլիոն զբոսաշրջիկ։

Զբոսաշրջության դանդաղ աճը մեծապես տուժում էր նրանց անվտանգության ոչ ամբողջական ապահովման պատճառով։ Մասնավորապես՝ 1997 թվականին տեղի էր ունեցել Լուքսորի զանգվածային սպանությունը, որի հետևանքով զոհվել էր 58 զբոսաշրջիկ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումներ տեղի ունեցան ԱՄՆ-ում, որոնք ամբողջ Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Եգիպտոսի զբոսաշրջության վրա խիստ բացասաբար ազդեցին։ Եգիպտոսում անհանգիստ իրավիճակները շարունակվեցին նաև հետագայում. Սինայի ռմբակոծում (2004), Կահիրեի ահաբեկչական հարձակումներ (2005), Շարմ էլ-Շեյխի ահաբեկչական հարձակումներ (2005) և այլն։ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կարողանում էր վերադարձնել երկիրը խաղաղ կարգավիճակին, սակայն այդ իրադարձություններն իրենց բացասական կնիքն էին թողնում երկրի զբոսաշրջության զարգացման վրա։ Մասնավորապես ակտիվ էին իսլամիստները։

2010 թվականին Եգիպոս էր ժամանել 14,7 միլիոն այցելու[2][4]։ Զբոսաշրջության եկամուտները նույնպես մեծացան. դրանք հասել էին $12,5 միլիարդի[2]։ 2013 թվականին զբոսաշրջիկների թիվը 9,5 միլիոն էր, ովքեր Եգիպտոսին կարողացել էին բերել $5,9 միլիարդ եկամուտ[2]։ Զբոսաշրջության անկումը պայմանավորված էր քաղաքական խառնաշփոթով ու արաբական գարնան հեղափոխություններով։

 
Նեղոս գետը Ասուանի մոտ

2011 թվականի եգիպտական հեղափոխության ընթացքում տեղի էին ունեցել հարձակումներ նաև օտարերկրյա լրագրողների վրա, մասնավորապես՝ բրիտանացի Նատաշա Սմիթի[5], ՀԱՀ քաղաքացի Լառա Լոգանի, և այլոց։ Վայրագությունները տեղի են ունեցել մայրաքաղաք Կահիրեի Ազատության հրապարակում (արաբ․՝ ميدان التحرير‎‎՝ մեյդան ալ-թահրիր)։ Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել նաև 2012-13 թվականներին։ Եգիպտոսի նոր կառավարությունը հարկադրված էր մեծ ջանքեր գործադրել տնտեսության վերականգնման համար[6]։

2011 թվականի Եգիպտական հեղափոխության ընթացքում այցելուների թիվը պակասել էր 37%-ով՝ 14 միլիոնից հասնելով 9 միլիոնի[7]։ 2014 թվականի առաջին կեսին զբոսաշրջիկների թիվը 25%-ով պակաս էր՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ[8][9][10]։ 2013 թվականին Եգիպտոսը 85-րդ երկիրն էր աշխարհում՝ զբոսաշրջության տեսանկյունից. 2011 թվականի դրությամբ այն իջել էր տասը հորիզոնականով։ 2015 թվականին այն շարունակում էր գտնվել 83-րդ հորիզոնականում[11][12]։

Զբոսաշրջությունը Եգիպտոսում 2010-2013 թվականներին[2][3]
Տարի Զբոսաշրջիկներ,
միլիոն
Տուրիստական գիշերներ,
միլիոն
Եկամուտ,
միլիարդ ԱՄՆ դոլար
2010 14,7 147,4 12,5
2011 9,8 114,2 8,7
2012 11,5 137,8 10,0
2013 9,5 94,4 5,9

Պայմաններ խմբագրել

 
Թեբեի տաճար

Եգիպտոսը գտնվում է Աֆրիկա մայրցամաքի հյուսիս-արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է Լիբիային, հարավում՝ Սուդանին։ Սինայի թերակղզին, որը գտնվում է Ասիա աշխարհամասում, նույնպես պատկանում է Եգիպտոսին։ Վերջինիս շնորհիվ այն սահմանակցում է Իսրայելին ու Պաղեստինին։ Եգիպտոսի ամբողջ հյուսիսային սահմանը ձգվում է Միջերկրական, իսկ արևելյանը՝ Կարմիր ծովի երկայնքով։ Դրանք կապվում են Սուեզի ջրանցքով, որն ունի հսկայական նշանակություն միջազգային առևտրում։ Այս ամենը մեծ հնարավորություններ է ստեղծում ծովային հանգստի կազմակերպման համար։

Եգիպտոսն ամբողջությամբ գտնվում է արևադարձային կլիմայական գոտում, ունի չոր և շոգ կլիմա ամբողջ տարին։ Եգիպտոսի տարածքում է գտնվում Սահարա (արաբ․՝ الصحراء‎‎, բառացի՝ անապատ) անապատը, որի ավազուտային լանդշաֆտը պայմաններ է ստեղծում սաֆարի զբոսաշրջության զարգացման համար։ Տեղումները խիստ սակավաթիվ են, ջրային հիմնական պաշարը երկրի արևելյան հատվածով հոսող Նեղոս գետն է։ Նեղոսով լողացող հյուրանոցները և զբոսաշրջային նավերը նույնպես հանրամատչելի են։ Նեղոսի և Ասուանի ջրամբարների վրա հաշվվում են 245 հյուրանոց՝ 132 000 սենյակով, ինչը կազմում է Եգիպտոսի ամբողջ հյուրանոցային հզորության 14%-ը։

Նեղոսի ափերին է հիմնադրվել աշխարհի առաջին պետությունը՝ Հին Եգիպտոսի թագավորությունը (մ.թ.ա. 4-1 հազարամյակներ), որը կառավարվում էր փարավոնների կողմից։ Այժմ այդտեղ է գտնվում երկրի բնակավայրերի մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք Կահիրեն, նավահանգիստ Ալեքսանդրիան և այլն։ Այդ է պատճառը, որ Եգիպտոսում զարգացած է պատմամշակութային վայրերի այցելությունը։

Վիճակագրություն խմբագրել

 
Կահիրեի միջնաբերդ

Օտարերկրյա զբոսաշրջիկների տարեկան այցելությունը Եգիպտոս 1998-1999 թվականներին 1,97 միլիոնից աճեց 5,3 միլիոն մարդու։ Զբոսաշրջիկների մնալու ընդհանուր տևողությունը զբոսաշրջական գիշերներով նույնպես կրկնապատկվեց և այդ նույն ժամանակահատվածում 16,5 միլիոնից աճեց 34 միլիոնի։ Դրա շնորհիվ զբոսաշրջությունից եկող արժութային եկամուտը $ 900 միլիոնից հասավ $ 4,3 միլիարդի՝ մեծանալով գրեթե հինգ անգամ։

Միջին կարողությունների տեր հյուրը արտասահմանից Եգիպտոսում ավելի ու ավելի շատ գումար է ծախսում. 813 դոլար 20-րդ դարի վերջում, այն դեպքում, երբ մեկ տասնամյակ առաջ 467 դոլար էր ծախսում։ Այս հաջողությունը մեծապես կապված էր զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման հետ։ 1990-1999 թվականները Եգիպտոսի զբոսաշրջության նախարարության տվյալներով հյուրանոցների թիվը 632-ից աճեց 914-ի, նրանցում սենյակների և մահճակալների թիվը աճեց գրեթե 85%-ով։ 2000 թվականին սենյակների թիվը հասավ 107 000-ի։ Միևնույն ժամանակ Թունիսում հյուրանոցներում սենյակի թիվը 2000 թվականին հասավ 200 000-ի և Թուրքիայում 500 000-ի։ 2000 թվականին Եգիպտոսում հյուրանոցի միջին զբաղվածությունը 73% էր, ինչը լավ ցուցանիշ է համարվում, քանի որ հյուրանոցի ծախսերը փակելու համար անհրաժեշտ է նրա 30-35%-ը։

1990-1991 1998-1999
Եվրոպա 30,8% 53,5%
Մերձավոր Արևելք 48,4% 32,5%
Հյուսիսային և Հարավային Ամերիկա 12,5% > 3,5%
Աֆրիկա 5,7% 5,7%
Հարավարևելյան Ասիա 4,6% 4,7%
 
Ալ-Ազհար մզկիթ-համալսարան

Եգիպտոսում անհանգստություն է առաջացնում արաբ զբոսաշրջիկների հոսքի նվազումը, ովքեր դեռևս ոչ վաղ անցյալում դիտարկում էին Եգիպտոսը որպես հանգստի և բուժման լավագույն վայր։ Եգիպտոս ժամանող արաբ զբոսաշրջիկների քանակը զբոսաշրջիկների ընդհանուր հոսքում 48,9%-ից 1990-91 թվականներին իջավ 18,1%-ի 2000թվականին, իսկ նրանց զբոսաշրջական գիշերներինը՝ 56,2%-ից 17%-ի։ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի տվյալներով 1999 թվականին աշխարհի հետևյալ տասը երկրներին էր բաժին ընկնում Եգիպտոսում զբոսաշրջային գիշերների 72,9%-ը։ Դրանք էին՝ Իտալիան (17,4%), Գերմանիան (14,9%), Ֆրանսիան (8,2%), Միացյալ Թագավորությունը (6,0%), Սաուդյան Արաբիա (5,9%) Բենելյուքս՝ Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ (5,5%), Իսրայել (5,3%), ԱՄՆ (4,2%), Ռուսաստանի Դաշնություն (3,1%), Իսպանիա (2,4%)։ Այսինքն՝ արաբական երկրներից միայն Սաուդյան Արաբիան է հայտնվել տասնյակում։

Եգիպտոսի շրջանները տարբերվում են իրենց զբաղվածության տեսանկյունից. Հարավային Սինայում (Շարմ էլ Շեյխ) այն հասնում է 81%-ի, մայրաքաղաք Կահիրեում՝ 76%-ի, Գիզայում՝ 71%-ի, Կարմիր ծովի ափին (Հուրգադա) 63%, Ալեքսանդրիայում՝ 61%-ի, Լուքսորում՝ 49%-ի և Ասուանում՝ 46%-ի։ Երկրի հարավային շրջանում՝ Վերին Եգիպտոսում, հյուրանոցների զբաղվածության ցածր մակարդակը պայմանավորված է զբոսաշրջային ենթակառուցվածքի թույլ զարգացվածությամբ։

Տեսարժան վայրերից են Նեղոսի ձախ ափին գտնվող Թագավորների հովիտը, Լուքսոր քաղաքի դիմաց Փարավոնների և հին եգիպտոսի այլ ականավոր գործիչների բազմաթիվ դամբարաններով, Սինայի թերակղզում Վադի-Արաբին կամ «դինոզավրների հովիտը» Էլ-Ֆայում օազիսում։ Զբոսաշրջության դերը Եգիպտոսի տնտեսության մեջ համեմատած տնտեսական գործունեության մյուս ճյուղերի անընդհատ աճում է ոչ միայն բացարձակորեն, այլև հարաբերականորեն. 1990-91 թվականներին այն 12% էր, իսկ 1999-2000 թվականներին՝ 37,7%։

 
Մուհամմադ Ալի փաշայի մզկիթը

Զբոսաշրջիկներն այստեղ գալիս են նաև կրքոտ ժամանց անցկացնելու։ Ամեն տարի զբոսաշրջության թեժ շրջանում ծովածոցի տղամարդիկ վերակենդանացնում են մարմնավաճառության բիզնեսը քաղաքում։ Չնայած դա պաշտոնապես անօրինական է, եգիպտական հեղինակություններն աչք են փակում դրա վրա քաղաքական հնարավոր սկանդալներից խուսափելու համար, և այս եկամուտները տեղ չեն գտնում որևէ պետական վիճակագրության մեջ։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու յուրօրինակ ձևերից է Պարսից ծոցի տղամարդկանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորումը, օրինակ՝ խանութի ցուցափեղկերում «Մենք չենք համագործակցում սաուդցիների հետ» ցուցանակները։

Չնայած 1990-ականների բերած հաջողություններին՝ 2000 թվականին նկատվեց Եգիպտոս եկող օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի և մնալու ժամկետի կրճատում։ Սա ամենից առաջ վերաբերում է Եվրոպայի երկրների զբոսաշրջիկներին, որտեղ դիտվում էր տեղական արժույթների կուրսի անկում դոլարի համեմատ, ինչը բերել էր ծառայությունների գնի աճի։

Զբոսաշրջիկների հոսքի վրա բացասաբար ազդեց պաղեստինյան կոնֆլիկտի սրումը, իսկ 2001 թվականի նոյեմբերից դրան ավելացան Նյու-Յորքի և Վաշինգտոնի իրադարձությունների հետևանքները։ 2001-2002 թվականներին ֆինանսական տարվա ընթացքում զբոսաշրջությունից կորուստներից խուսափելու համար Եգիպտոսի կառավարությունը փորձում էր օգնություն ստանալ դրսից։



Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Egypt tourism numbers to fall less than feared" Արխիվացված 2011-11-14 Wayback Machine, Reuters Africa, հոկտեմբերի 21, 2009
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Adla Ragab (January 14-15, 2014). Recent development of TSA in Egypt (PDF). Fourteenth Meeting of the Committee of Statistics and Tourism Satellite Account (TSA). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 Matt Smith (2014 թ․ սեպտեմբերի 11). «Egypt tourist numbers to rise 5-10 pct in 2014 - minister». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Egypt - international tourism». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. British Journalist Natasha Smith
  6. Egypt hit by 95% decline in tourism revenue with western travel warnings and social unrest to blame
  7. «Travel and Tourism in Egypt,Travel and Tourism». Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  8. Matt Smith (2014 թ․ սեպտեմբերի 11). «Egypt tourist numbers to rise 5-10 pct in 2014 - minister». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. Dalia Farouk (2014 թ․ հուլիսի 16). «Egypt tourist numbers decline 20.5 pct in June year-on-year». Ahram Online. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. Matt Smith (2014 թ․ օգոստոսի 30). «www.dailymail.co.uk/travel/travel_news/article-2738446/Egypt-hit-95-decline-tourism-revenue-western-travel-warnings-social-unrest-blame.html - minister». Daily Mail. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. «Table 1: The Travel & Tourism Competitiveness Index 2013 and 2011 comparison» (PDF). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  12. «Table 1: The Travel & Tourism Competitiveness Index 2015». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.