Հարթման Շեդել

գերմանացի բժիշկ, հումանիստ և պատմաբան
(Վերահղված է Շեդել Հարթմանից)

Հարթման Շեդել (գերմ.՝ Hartmann Schedel, լատին․՝ Hartmannus Schedelius, փետրվարի 13, 1440[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա - նոյեմբերի 28, 1514[2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[3][4][5]), գերմանացի հումանիստ-գիտնական, բժիշկ, պատմաբան և մատենագիր։ Հեղինակ է առաջին հրատարակված համաշխարհային տարեգրության[6]։ Առաջին քարտեզագիրներից մեկն է, ով կիրառել է մեքենայական տպագրությունը։

Հարթման Շեդել
գերմ.՝ Hartmann Schedel
Ծնվել էփետրվարի 13, 1440[1][2]
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա
Մահացել էնոյեմբերի 28, 1514[2] (74 տարեկան)
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա
Քաղաքացիություն Նյուրնբերգ
Ուղղությունգերմանական Վերածնունդ և Հումանիզմ
Մասնագիտությունքարտեզագիր, պատմաբան, բժիշկ, գծանկարիչ, փորագրիչ և հավաքորդ
Ալմա մատերԼայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
 Hartmann Schedel Վիքիպահեստում

Կյանք և գործեր խմբագրել

Ծնվել է 1440 թվականի փետրվարի 13-ին ազատ կայսերական Նյուրնբերգ քաղաքում (Բավարիա)[7], բուրգերական ընտանիքում։ 1456 թվականին իր ավագ զարմիկ Հերման Շեդելի աջակցությամբ ընդունվել է Լայպցիգի համալսարան[6]՝ 1457 թվականին ստանալով բակալավրի, 1460 թվականին՝ արվեստի մագիստրոսի կոչում, որից հետո սովորել է կանոնական իրավունք[4]։

1462 թվականից Լայպցիգում ունկնդրել է հումանիստ բժիշկ Պետեր Լյուդերի դասախոսությունները[8]։ 1463 թվականին ընդունվել է տեղի համալսարան[3], որտեղ մասնակցել է փիլիսոփա և բժիշկ Մաթիոլո Պերուջինոյի դասախոսություններին, իսկ 1466 թվականին ստացել բժշկագիտության դոկտորի աստիճան[9]։ Ուսումնասիրել է նաև աշխարհագրություն, արվեստ և լեզուներ[10]։

1468 թվականին Շեդելը ուխտագնացության է մեկնել Աախեն` սուրբ մասունքների մոտ[11]։ Այնուհետև նա այցելել է Բրաբանտ և Ֆլանդրիա և 1468 թվականի հուլիսին մասնակցել Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի և Մարգարեթ Յորքցու հարսանիքին Դամմեում[12]։ 1470 թվականից ապրել և աշխատել է Բավարիայում՝ որպես քաղաքային բժիշկ նախ Բավարիայում, 1472 թվականից՝ Նյորդլինգենում, այնուհետև 1477 թվականից՝ Ամբերգում[8][13]։

1481 թվականի նոյեմբերին Շեդելը վերջնականապես հաստատվել է հայրենի Նյուրնբերգում՝ այնտեղ ստանալով բժշկական պրակտիկա, իսկ հաջորդ տարի քաղաքային խորհրդի կողմից հաստատվել է որպես տեղի բժիշկ։ 1485 թվականից, ամուր ժառանգության շնորհիվ բարելավելով իր դիրքը, նա նաև զբաղվել է պատմական գործերով՝ մտերմանալով արվեստագետների, հրատարակիչների, բարերարների, ինչպես նաև հումանիստ գիտնականների, այդ թվում՝ Կոնրադ Ցելտիսի (1459-1508), Սիգիզմունդ Մայստերլինի (143-1497), Հիերոնիմ Մյունցերի (1437-1508), Յոհան Տրիտեմիի (1462-1516) և Դիտրիխ Ուլսենի (1486-1507) հետ[14]։

Կարճ ճանապարհորդություններ է կատարել Բամբերգ, Ռեգենսբուրգ, Վյուրցբուրգ, ինչպես նաև ուխտագնացություններ է կատարել վանքեր։

Մահացել է Նյուրնբերգի իր տանը 1514 թվականի նոյեմբերի 28-ին[15]։

Ունեցել է երկու կին՝ Աննան (մահ. 1485) և Մագդալենան (մահ. 1505) և մեկ որդի՝ Սեբաստիանը (1494–1541)[15]։

Հարթման Շեդելն առավելապես հայտնի է դարձել որպես Նյուրնբերգյան տարեգրության (1493) ստեղծող՝ քաղաքներն ու երկրները նկարագրող եզակի ստեղծագործություն, որը հարուստ էր փայտե նկարազարդումներով և քարտեզներով[16]։

Արևմտաեվրոպական ընթերցողին առաջին անգամ ներկայացվել են բազմաթիվ քաղաքներ ու երկրներ, որոնք գոյություն են ունեցել տարեգրության ստեղծման ժամանակ և նրանք, որոնք անհետացել են մինչ այդ[11]։ Սկզբնապես կազմված էր լատիներեն և վերնագրված Liber Chroniarum cum fìguris et ymaginibus ab inicio mundi[17], այն թարգմանվել էր գերմաներեն 1494 թվականին Գեորգ Ալտի կողմից։ Որպես շքեղ հրատարակության պատվիրատուներ, որը պարունակում էր մոտ 1800 գունավոր փորագրություններ, հանդես են եկել Նյուրնբերգի պատվավոր քաղաքացիներ՝ խորհրդական Զեբալդ Շրեյերը, ով ապրում էր հեղինակի և հրատարակչի հետ նույն փողոցում[18] և նրա եղբոր որդին՝ Սեբաստիան Կամերմեյստերը։

Շեդելը իր գործերից շատերը կարողացել է ստեղծել միայն գերմանական երկրներում տպագրության զարգացման շնորհիվ, որը հայտնագործել է Յոհան Գուտենբերգը։ Նյուրնբերգյան տարեգրությունը, մասնավորապես, հրատարակել է նկարիչ Ալբրեխտ Դյուրերի կնքահայր Անտոն Կոբերգերը[19]։

Շեդելը հայտնի էր նաև որպես գրքերի, արվեստի, ձեռագրերի և ինկունաբուլների կոլեկցիոներ։ Նրան է պատկանում այդ ժամանակների ամենածավալուն գրադարանը, որտեղ ըստ 1498 թվականին կազմված և 1507 թվականին թարմացված կատալոգի՝ հաշվառված են 667 հատոր[20], ներառյալ պատմության վերաբերյալ ավելի քան 100 գիրք, որոնք կազմել են «Հունաստանի պատմաբաններ», «Հռոմեացի պատմաբաններ», «Նոր ժամանակների պատմիչներ», «Տիեզերագիտություն և աշխարհագրություն» բաժինները[21]։ 1552 թվականին այն ձեռք է բերել բանկիր Հանս Յակոբ Ֆուգերը, որից 1571 թվականին անցել է դուքս Ալբրեխտ V-ին, որի հավաքածուն հետագայում դարձել է Մյունխենի Բավարիական պետական գրադարանի մի մասը[8]։

Իտալիայում հավաքված և 1504 թվականին նկարագրված նրա հնագիտական հավաքածուն բարձր է գնահատվել իր ժամանակակիցների կողմից։ Պատմական արժեք է ներկայացնում նաև նրա կազմած երգարանը (մոտ․ 1460 թվական, 69 պիես)։

Պատկերասրահ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Wattenbach Wilhelm. Schedel, Hartmann // Allgemeine Deutsche Biographie. — Band 30. — Leipzig: Duncker & Humblot,1890. — S. 661–662.
  • Löffler Klemens. Hartmann Schedel // Catholic Encyclopedia. — Volume 13. — New York: Robert Appleton Company, 1913.
  • Wendehorst Alfred. Schedel S., Hartmann // Lexikon des Mittelalters. — Band 7. — Stuttgart; Weimar: Metzler, 1999. — Sp. 1444–1445. — ISBN 3-476-01742-7.
  • Fuchs Franz. Schedel, Hartmann // Neue Deutsche Biographie. — Band 22. — Berlin: Duncker & Humblot, 2005. — S. 600–602.
  • Gößner Andreas. Schedel, Hartmann // Religion Past and Present, ed. by Hans Dieter Betz, Don S. Browning, Bernd Janowski and Eberhard Jüngel. — Leiden; Boston: Brill, 2011.
  • Klingner Jacob. Schedel, Hartmann // Deutsches Literatur-Lexikon. Das Mittelalter. — Band 3: Reiseberichte und Geschichtsdichtung, hrsg. von Wolfgang Achnitz. — Berlin; Boston: de Gruyter, 2012. — Sp. 940–951. — ISBN 978-3-598-44141-7.
  • Green Jonathan. Hartmann Schedel // Christian-Muslim Relations 1500—1900, ed. by David Thomas. — Leiden; Boston: Brill, 2015.
  • Henkel Nikolaus. Schedel, Hartmann // Encyclopedia of the Medieval Chronicle, ed. by Graeme Dunphy and Cristian Bratu. — Leiden; Boston: Brill, 2016.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.geschichtsquellen.de/repPers_118754211.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Wendehorst A. Schedel S., Hartmann // Lexikon des Mittelalters. — Bd. 7. — Stuttgart; Weimar, 1999. — Sp. 1444.
  4. 4,0 4,1 Klingner J. Schedel, Hartmann // Deutsches Literatur-Lexikon. Das Mittelalter. — Bd. 3. — Berlin; Boston, 2012. — Sp. 940.
  5. Record #29681141 // VIAF — 2012.
  6. 6,0 6,1 Henkel N. Schedel, Hartmann // Encyclopedia of the Medieval Chronicle. — Leiden; Boston, 2016.
  7. Schedel, Hartmann // Repertorium «Geschichtsquellen des deutschen Mittelalters». — Bayerische Staats Bibliothek, 2012.
  8. 8,0 8,1 8,2 Löffler K. Hartmann Schedel // Catholic Encyclopedia. — Vol. 13. — New York, 1913.
  9. Wattenbach W. Schedel, Hartmann // Allgemeine Deutsche Biographie. — Bd. 30. — Leipzig, 1890. — S. 661.
  10. Schedel, Hartmann // Treccani. Enciclopedia online.
  11. 11,0 11,1 Wendehorst A. Schedel S., Hartmann // Lexikon des Mittelalters. — Sp. 1445.
  12. Fuchs F. Schedel, Hartmann // Neue Deutsche Biographie. — Bd. 22. — Berlin, 2005. — S. 600.
  13. Green J. Hartmann Schedel // Christian-Muslim Relations 1500-1900. — Leiden; Boston, 2015.
  14. Fuchs F. Schedel, Hartmann // Neue Deutsche Biographie. — S. 601.
  15. 15,0 15,1 Wattenbach W. Schedel, Hartmann // Allgemeine Deutsche Biographie. — S. 662.
  16. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118754211 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  17. Liber chronicarum cum fìguris et ymaginibus ab inicio mundi // Repertorium «Geschichtsquellen des deutschen Mittelalters».
  18. Гене Бернар. История и историческая культура Средневекового Запада. — М.: Языки славянской культуры, 2002. — С. 335.
  19. Gößner A. Schedel, Hartmann // Religion Past and Present. — Leiden; Boston, 2011.
  20. Klingner J. Schedel, Hartmann // Deutsches Literatur-Lexikon. Das Mittelalter. — Sp. 941.
  21. Гене Бернар. История и историческая культура… — С. 42, 82.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթման Շեդել» հոդվածին։